Տեղի է ունեցել Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի բացումը
Ֆրանսիայի Լազուրե ափում բացվել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, Կրուազետ ծովափում հյուրերի մուտքը Փառատոնների պալատ ուղեկցվում էր անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Կաննում երկշաբաթյա փառատոնի շրջանակներում հերթապահություն իրականացնող ոստիկանների թվաքանակը գաղտնի է պահվում: Մինչդեռ քաղաքում 550 վերահսկման տեսախցիկներ են տեղադրվել:
Կինոփառատոնը հանդիսավոր կերպով բացել են ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը և իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Վերջինս այս տարի գլխավորում է կինոփառատոնի ժյուրիի կազմը:
Փառատոնի հանձնախումբն այս տարի գլխավոր մրցույթի համար 19 ֆիլմ է ընտրել ներկայացված շուրջ 2000 ֆիլմից: Պաշտոնական ծրագրում, ընդհանուր առմամբ, ներառվել է 49 կինոնկար:
Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, Ուիլ Սմիթը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն, ֆրանսիացի կոմպոզիտորև Գաբրիել Յարեդը: Միջոցառումը վարելու է Մոնիկա Բելուչին:
Կաննի առաջին կինոփառատոնի բացումը տեղի է ունեցել 1946 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ամենամյա կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու» ճյուղն է (Palme d’Or), որը շնորհվում է ժյուրիի ընտրած տարվա լավագույն ֆիլմին:
Tert.am