Հայաստանը սատարում է Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/world-i6568-Հայաստանը_սատարում_է_Իրաքի_իշխանություններին_ահաբեկչության_դեմ_պայքարում
Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 1-ին հանդիպել է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2016 05:56 Asia/Tehran
  • Հայաստանը սատարում է Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում

Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը մարտի 1-ին հանդիպել է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Գրիգորյանը նախագահ Մասումին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և ՀՀ Նախագահի անունից ցավակցություն հայտնել փետրվարի 28-ին Բաղդադի Մադինաթ Սադր արվարձանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի արդյունքում զոհվեցին շուրջ 80 և վիրավորվեցին ավելի քան 100 մարդ։

ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ ցանկացած ոտնձգություն և սատարում Իրաքի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում։

Նախագահ Մասումը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար և խնդրել իր ողջույնները փոխանցել եղբայրական Հայաստանի Նախագահին։ Նա հայտնել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի դարավոր պատմության ողբերգական էջին և անձնապես հասկանում է հայ ժողովրդի դեմ կատարված ոճիրների ծանրությունը՝ միաժամանակ հիշատակելով քրդերի դեմ իրականացված բռնությունները և զանգվածային ոչնչացումները, մասնավորապես՝ Հալաբջայի հայտնի դեպքերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին ու Բաղդադում կայացած նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։