Էրդողանի տասնյակ հազարավոր ընդդիմադիրների բողոքի քայլերթը՝ Անկարայից Ստամբուլ
Թուրքիայում հազարավոր քաղաքացիներ Անկարայից Ստամբուլ բողոքի քայլերթ են սկսել` այդ երկրի կառավարության տարածամոլական քաղաքականությունների դեմ: Այս մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
«Արդարության քայլերթ»-ն ուղղված էր Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցության անդամ, պատգամավոր Էնիս Բերբերօղլուի ձերբակալության դեմ, իսկ այժմ վերածվել է Թուրքիայի կառավարության դեմ աննախադեպ զանգվածային բողոքի ակցիայի:
Անկարայից Ստամբուլ «Արդարության քայլերթի» մասնակիցները Էրդողանի կառավարությանը մեղադրում են Թուրքիայում ժողովրդավարության հիմքերը թուլացնելու մեջ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ այդ քայլերթը բողոքի նշան է լրտեսության մեջ մեղադրվող պատգամավոր Էնիս Բերբերօղլուի դատավճռի դեմ:
Նշենք, որ հունիսի 14-ին Բերբերօղլուն 25 տարվա ազատազրկման է դատապարտվել Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պատկանող և Սիրիա ուղևորվող բեռնատարների խուզարկության մասին մանրամասները մամուլին հայտնելու համար: Նա դատարանի դահլիճում կալանավորվել է դատավճռի ընթերցումից անմիջապես հետո և ուղարկվել է Ստամբուլի դատարան: