Վաշինգտոնը պետք է շարունակի ընդգրկված մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներում. վերլուծաբան
https://parstoday.ir/hy/news/world-i66770-Վաշինգտոնը_պետք_է_շարունակի_ընդգրկված_մնալ_Հարավային_Կովկասի_տարածաշրջանային_գործընթացներում._վերլուծաբան
Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է անցումային փուլում, եւ ԱՄՆ-ն պետք է շարունակի ընդգրկված մնալ տարածաշրջանային գործընթացներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2017 04:53 Asia/Tehran
  • Վաշինգտոնը պետք է շարունակի ընդգրկված մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներում. վերլուծաբան

Հարավային Կովկասի տարածաշրջանը գտնվում է անցումային փուլում, եւ ԱՄՆ-ն պետք է շարունակի ընդգրկված մնալ տարածաշրջանային գործընթացներում:

Այս մասին նշել է Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին՝ անդրադառնալով վերջերս Քարնեգիի հրապարակած «ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում» զեկույցին:

Զեկույցը եզրակացնում է, որ ԱՄՆ-ն կարեւոր շահեր ունի Հարավկովկասյան տարածաշրջանում, սակայն դրանք չեն կրում առաջնային բնույթ:

«Անհրաժեշտ է վերհանել եւ հասկանալ, թե որոնք են ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում, թե որոնք են իրատեսական՝ դրանց հետեւելու համար»,- նշում է Սթրոնսկին:

Զեկույցն անդրադառնում է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը՝ հետխորհրդային ժամանակներից ի վեր: «Պետք է ընդունենք, որ տարածաշրջանը փոփոխության է ենթարկվում: Նախկինում ԱՄՆ-ի կենտրոնացումն էներգետիկ ռեսուրսների վրա արդեն այդքան էլ արդիական չէ, որքան կարեւոր էր 10 տարի առաջ: Այն չի լուծում եվրոպական էներգետիկ խնդիրները, ուստի մենք պետք է հետեւենք, թե ինչպես է փոփոխվում տարածաշրջանն ու աշխարհաքաղաքական միջավայրն այստեղ»,- նշել է Սթրոնսկին:

Ըստ նրա՝ տարածաշրջանում ամերիկյան առաջնային շահերից է կայունության պահպանումն ու այս երեք հանրապետությունների անկախության եւ ինքնիշխանության պահպանումը: Ներսում եղած հակամարտությունների հետ մեկտեղ՝ տարածաշրջանը շրջապատված է անկայունության գոտիներով, ներառյալ Հյուսիսային Կովկասը, Մերձավոր Արեւելքն ու հատկապես Սիրիան:

Այս համատեքստում ռուս-ամերիկյան շահերը, ըստ նրա, համընկնում են մասամբ, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված է որոշ անկայունության մեջ՝ իր ազդեցությունը երկրների վրա պահպանելու համար: Սակայն նա առանձնացնում է ղարաբաղյան հակամարտությունը, ուր ռուս-ամերիկյան համատեղ ջանքերն արդյունավետ են:

«Մենք Լեռնային Ղարաբաղի հարցում բավական լավ աշխատանք ենք տարել Ռուսաստանի հետ: Չենք հասել խնդրի կարգավորմանը, սակայն միասնաբար կարողացել ենք կառավարել հակամարտությունը»,- ասել է Սթրոնսկին:

Բացի Ռուսաստանից՝ տարածաշրջանում իրենց շահերն ունեն Թուրքիան, Իրանն ու Չինաստանը: Վերջինի աճող ներգրավվածությունն առեւտրային եւ տնտեսական հարաբերություններում վերլուծաբանը դրական է գնահատում: Նոր խոշոր տերության ի հայտ գալը կօգնի նվազեցնել Ռուսաստանի գերիշխող դիրքերն այստեղ:

Սթրոնսկու կարծիքով՝ ԱՄՆ-ն իր քաղաքական նպատակներին հասնելու համար պետք է խրախուսի Եվրոպայի հետ հարավկովկասյան երկրների կապերի խորացումը: Այդ համատեքստում նա կարեւորում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների վերսկսումը:

News.am