Աթենքում տեղի է ունեցել Հայաստան - Հունաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i6859-Աթենքում_տեղի_է_ունեցել_Հայաստան_Հունաստան_միջկառավարական_հանձնաժողովի_նիստը
Մարտի 3-4-ին Աթենքում կայացել է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 5-րդ նիստը: ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2016 13:44 Asia/Tehran
  • Աթենքում տեղի է ունեցել Հայաստան - Հունաստան միջկառավարական հանձնաժողովի նիստը

Մարտի 3-4-ին Աթենքում կայացել է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 5-րդ նիստը: ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ներառված էին առեւտրատնտեսական համագործակցության, սեկտորալ՝ մասնավորապես, տրասպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման, գիտության, տեխնոլոգիաների եւ հարկային բնագավառներին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության, զարգացման աջակցության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկու երկրների միջեւ առկա գործընկերության հետագա խթանմանն ու զարգացման հեռանկարներին:

Հանձնաժողովի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում երկուստեք կարեւորվեց ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում` գործարար շրջանակների միջեւ կապերի ակտիվացումը՝ միտված առեւտրատնտեսական կապերի համապատասխանեցմանն առկա քաղաքական օրինակելի հարաբերություններին:

Աթենքում գտնվելու ընթացքում փոխնախարար Կարեն Նազարյանն առանձին հանդիպումներ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոձիասի եւ նախարարի՝ տնտեսական համագործակցության հարցերով տեղակալ Դիմիտրիոս Մարդասի հետ:

news.am

5/3/2016