Չինաստանը եւ Հնդկաստանը մոտ են Հիմալայներում ռազմական հակամարտություն սկսելուն
«Միջուկային սպառնալիքները, որոնք փոխանակում են Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ն, իրենց վրա են հրավիրել ամբողջ աշխարհի ուշադրությունը, եւ քիչ է նկատելի հակամարտությունը, որը զարգանում է Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ Հիմալայներում, եւ որի վրա խաղադրույքներ կան դրված»,-գրում է The Washington Post-ը:
«Վերջին երկու ամիսների ընթացքում հնդկական եւ չինական զորքերը կանգնած են դեմ առ դեմ Հիմալայան լեռներում՝ հակամարտության շրջանակներում, որն առաջացել է չինական բանակի կողմից Հնդկաստանի դաշնակից Բութանի տարածքում ճանապարհ կառուցելու փորձերի պատճառով»,- հայտնում են հոդվածի հեղինակներ Էննի Գոուենը եւ Սայմոն Դենայերը:
«Վեճեր երկու երկրների միջեւ միշտ տեղի են ունեցել Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին մոտ՝ 2220 մղոն երկարությամբ, որի մեծ մասը վիճելի տարածք է համարվում, թեեւ երկու երկրների բանակներն արդեն կես դար միմյանց վրա չեն կրակել»,- ասվում է հոդվածում:
Վերլուծաբանների խոսքերով՝ այս վերջին հակամարտությունն անհանգստություն է պատճառում, քանի որ առաջացել է միջուկային զենք ունեցող երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացման ֆոնին, մինչդեռ Չինաստանն այդ խնդիրը ձեւակերպում է որպես իր տարածքային ամբողջականությանն ուղղակի սպառնալիք:
«Չափազանց անհեռատես կլիներ բացառել հակամարտության սրացումը,- կարծում է Royal United Services Institute-ի վերլուծաբան Շաշանկ Ջոշին: -30 տարվա ընթացքում սա ամենալուրջ ճգնաժամն է Չինաստանի եւ Հնդկաստանի հարաբերություններում»:
«Այս հակամարտությունը նաեւ արտացոլում է Ասիայի ամենախիտ բնակեցված երկրների աշխարհաքաղաքական մրցակցության աճը: Այն ֆոնին, թե ինչպես է Չինաստանն ամրացնում թերակղզին Հարավ-չինական ծովում եւ ազդեցություն է գործում հավակնոտ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով, նրա ազդեցությունն ասիական գործերում ավելանում է, այնքան, որքան նրա մրցակիցների չհանդուրժելու ցանկությունը»,- ասվում է հոդվածում:
«Այդ իրադարձությունը սկսվել է հունիսի կեսերին, երբ Չինաստանի բանակը հորատման մեքենաներով եւ այլ սարքավորումներով մուտք գործեց հեռավոր հարթավայր, որը հիմնականում բնակեցված է Բութանի հովիվների կողմից, եւ փորձ արեց կառուցել ճանապարհ»,- ասվում է Հնդկաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում:
«Նրանց ընդդիմացել են Բութանի թագավորական բանակի պարեկային զինվորները, դրանից երկու օր անց հնդիկ զինվորականներն այնտեղ վրաններ են տեղադրել: Բութանը՝ 800 հազարից քիչ բնակչություն ունեցող երկիրը, արդեն վաղուց Հնդկաստանի հետ սերտ հարաբերություններ ունի, որը ներառում է նաեւ ռազմական աջակցություն եւ 578 մլն դոլարի օգնություն»,-նշում են հեղինակները:
«Հնդկաստանը պնդում է, որ ճանապարհը չինական բանակին մոտեցնելու է ռազմավարական առումով կարեւոր նշանակություն ունեցող Սիլիգուրյան միջանցքին՝ նեղ ճանապարհին, որը Հնդկաստանի հյուսիս-արեւելքը բաժանում է երկրի մյուս մասից: Չինական վարկածով, հնդկական սահմանապահ զորքի ավելի քան 270 զինվոր՝ զենքերով եւ մեքենաներով, «կոպիտ խախտել են սահմանը» եւ 100 յարդ առաջ շարժվել դեպի Չինաստանի տարածք»:
Galatv.am