Օգոստոս 29, 2017 10:05 Asia/Tehran
  • Հս. Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ, որն անցել է 2700 կմ. Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան անհանգստացած են

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի հյուսիսի ուղղությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:

Հաղորդվում է, որ հրթիռն անցել է ճապոնական Հոկայդո կղզու տարածքով: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այն անցել է 2700 կիլոմետր, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 550 կիլոմետր:

Ինչպես հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հրթիռն ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր արևելք ընկած հատվածում:

Երեք օր առաջ՝ շաբաթ օրը, ԿԺԴՀ-ն երեք փոքր հեռահարության հրթիռ է արձակել, որոնք մոտ 250 կիլոմետր են անցել:

Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան հրթիռի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստի անցկացում են պահանջել: Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստն անցկացնելու է երեքշաբթի երեկոյան:

Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում: Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:

Այնուհանդերձ՝ վերջին շրջանում 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը:

Tert.am

 

Պիտակ