Կանադայի խոշորագույն մասնավոր միությունը միացել է հակաիսրայելական շարժմանը
Կանադայի խոշորագույն մասնավոր միությունը համարվող Unifor-ը միացել է «Բոյկոտ, ներդրման արգելք և պատժամիջոցներ» (BDS) հակաիսրայելական միջազգային շարժմանը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Կանադայի Unifor միությունը հայտարարել է.«Քանի որ Իսրայելի ռեժիմը օգուտ է քաղում պաղեստինցիների տարածքների օկուպացումից, Unifor-ը աջակցելու է «Բոյկոտ, ներդրման արգելք և պատժամիջոցներ» միջազգային շարժման այն կոչին, որի համաձայն՝ հարկավոր է ճնշումներ բանեցնել Իսրայելի վրա՝ ստիպելու դադարեցնել պաղեստինյան տարածքների օկուպացումը: Քանի դեռ այդ տարածքներում Սիոնիստական ռեժիմը չի դադարեցրել քաղաքատիպ ավանների կառուցումը և բանակցություններ չի սկսել պաղեստինցիների հետ, Unifor-ը աջակցելու է այդ շարժմանը»:
Կանադական միությունը հակաիսրայելական շարժմանը միանալու մասին որոշումը կայացրել է Վինիպեգ քաղաքում կայացած լիագումար նիստում:
«Բոյկոտ, ներդրման արգելք և պատժամիջոցներ» միջազգային շարժումը կոչ է անում Իսրայելի ռեժիմի նկատմամբ ճնշումներ գործադրել ստիպելու վերջ դնել Պաղեստինի օկուպացմանը, պաշտոնապես ճանաչել այդ տարածքում բնակվող արաբ քաղաքացիների հավասար իրավունքները և միլիոնավոր պաղեստինցի փախստականների հայրենիք վերադառնալու իրավունքը: