Ռուսաստան. «Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի զեկույցն անհիմն է»
Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ ՄԱԿ-ի և Քիմիական սպառազինության տարածումն արգելող կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեի զեկույցն անհիմն է:
Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման՝ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ուրբաթ օրը հայտարարել է, որ զեկույցին հպանցիկ հայացք նետելով անգամ լիովին պարզ է դառնում, որ այդտեղ բազմաթիվ հակասական ու իրականությանը չհամապատասխանող կետեր կան:
«Այս զեկույցում որպես ապացույց են ներկայացված մի քանի ականատեսների վկայությունները, որոնց խոսքերի ճշմարտացիությունը կասկածելի է»,-հայտարարել է Ռյաբկովը:
Ռուսաստանն անցած երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո դրեց Սիրիայում քիմիական դեպքերի մասին փաստահավաք կոմիտեի առաքելության ժամկետի երկարացումը պահանջող բանաձևի վրա:
ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպության փաստահավաք համատեղ կոմիտեն հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարեց, որ Խան Շեյխունի դեպքի հեղինակը Սիրիայի կառավարությունն է:
Այս կասկածելի դեպքը տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլի 4-ին, որից հետո արևմտյան ԶԼՄ-ներն ու պաշտոնատարներն առանց ժամանակ կորցնելու և ապացույցներ ներկայացնելու, Սիրիայի կառավարությանը մեղադրեցին հարձակման մեջ: Դամասկոսը մերժեց այդ կապակցությամբ բոլոր մեղադրանքները