ԼՂ-ի անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է. Արամ Ա
https://parstoday.ir/hy/news/world-i8152-ԼՂ_ի_անվտանգության_ապահովումը_համայն_հայության_առաջնահերթություններից_է._Արամ_Ա
ԼՂ-ի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2016 10:29 Asia/Tehran
  • ԼՂ-ի  անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է. Արամ Ա

ԼՂ-ի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂ-ի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ, նրանց հետ քննարկել ԼՂ ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռք բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ:

«Արցախ Րութս Ինվեսթմընթս» ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է ընկերության ծրագրերը, դրանց իրագործման ընթացքը և հետագա ուղղությունները: Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ընկերության ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման և բնակիչների բարեկեցության մակարդակի բարելավման գործում՝ համոզմունք հայտնելով, որ կառավարության և ընկերության միջև սերտ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա և կընդլայնվի:

Մարտի 13-ին ԼՂ-ի պատվիրակությունը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ մատուցված սուրբ պատարագին, այնուհետև Անթիլիասի կաթողիկոսարանում հանդիպում է ունեցել Արամ Առաջինի հետ: Վարչապետն իր խոսքում կարևորել է լիբանանահայ համայնքի ակտիվ մասնակցությունն ԼՂ-ի գոյապայքարի և զարգացման գործում՝ ԼՂ-ի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով համայնքին՝ շարունակաբար ցուցաբերվող բարոյական և նյութական աջակցության համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ողջունել է Արայիկ Հարությունյանին` հավաստիացնելով, որ ԼՂ-ի զարգացման ու անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է, և Անթիլիասի կաթողիկոսությունը ևս ծառայում է այդ առաքելությանը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանան շարունակվելու է մինչև մարտի 15-ը՝ ներառելով տնտեսական, քաղաքական և մշակութային բնույթի հանդիպումներ ու միջոցառումներ: