Նիդերլանդների խորհրդարանի նախագահը քննադատել է թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները
Նիդերլանդների խորհրդարանի նախագահն անընդունելի է համարել այդ երկրի խորհրդարանի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին ուղղված թուրքական ԶԼՄ-ների քննադատությունները:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Նիդերլանդների խորհրդարանի նախագահ Խադիջա Արիբը երկուշաբթի օրը անընդունելի է համարել ու քննադատել է թուրքական ԶԼՄ-ների կողմից Նիդերլանդների խորհրդարանի թուրքական ծագումով հինգ պատգամավորներին ուղղված դավաճանության մեղադրանքները:
«Անընդունելի է երբ տեսակետի արտահայտմանը հակազդելով սպառնալիքներ են հնչեցվում»,-հավելել է Նիդերլանդների խորհրդարանի նախագահը:
Վերոնշյալ հինգ պատգամավորները կողմ են քվեարկել Օսմանյան կայսրության շրջանում Հայոց ցեղասպանության մասին Նիդելանդների խորհրդարանում ընդունված զույգ բանաձևերին:
Թուրքիայի «Սաբահ» պետական պարբերականը շաբաթ օրը Նիդերլանդների խորհրդարանի վերոնշյալ հինգ պատգամավորներին մեղադրեց դավաճանության մեջ: