ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է
(last modified Sat, 03 Mar 2018 06:35:16 GMT )
Մարտ 03, 2018 10:05 Asia/Tehran
  • ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները մարտի 2-ին անդրադարձել են Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելուն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերմանական Deutsche Welle-ն գրում է, որ Հայաստանի խորհրդարանը նախագահի պաշտոնում ընտրել է պատգամավորների կողմից առաջադրված միակ թեկնածուին` Արմեն Սարգսյանին, ով իր լիազորությունները կստանձնի երկրի գործող Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո: Գերմանական լրատվամիջոցը նկատում է, որ Արմեն Սարգսյանը և երկրի գործող նախագահը նույն ազգանունն ունեն, սակայն հավելում, որ նրանք բարեկամական կապեր չունեն:  Լրատվամիջոցը մեջբերել է նաև ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանի խոսքն այն մասին, որ իր ողջ գիտելիքներն ու կյանքի մեծ փորձն օգտագործելու է հայ ժողովրդին ծառայելու գործում:

Արմեն Սարգսյանի ընտրությանն անդրադարձել է նաև իսպանական EFE գործակալությունը: Իսպանական լրատվամիջոցը գրում է, որ Հայաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին` նշելով, որ նորընտիր նախագահը 64 տարեկան է: «Արմեն Սարգսյանն ընդունել էր երկրի գործող Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ դառնալ իշխող կուսակցության թեկնածուն Սահմանադրական բարեփոխումներից հետո անցկացվող առաջին նախագահական ընտրություններում»,- գրում է գործակալությունը:

Չինական «Սինհուա» գործակալությունը գրում է, որ Արմեն Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ 4-րդ նախագահ: «Խորհրդարանի 90 պատգամավոր քվեարկել է Արմեն Սարգսյանի թեկնածության օգտին, 10-ը` դեմ է քվեարկել: Արմեն Սարգսյանը նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով և իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ից»,- գրում է չինական գործակալությունը` հիշեցնելով, որ նախկինում Արմեն Սարգսյանը զբաղեցրել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնը:

«Ինտերֆաքս» գործակալության ուկրաինական ծառայությունը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ և Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում` շեշտելով, որ նա եղել է միակ թեկնածուն: Նշվել է, որ առաջին փուլով ընտրվելու համար Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր հավաքել 79 ձայն:

Ռուսական «Կոմերսանտ» թերթն էլ նշում է, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանել է ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ նաև ընդդիմության մեծ մասը: Թերթը գրում է, որ առաջին անգամ Հայաստանի նախագահին ընտրել է երկրի Խորհրդարանը, քանի որ Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական համակարգի:

ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրությանն անդրադարձել են նաև ղազախական «Կազինֆորմ» գործակալությունը, «Սպունիկ»-ի վրացական ծառայությունը և մի շարք այլ միջազգային լրատվամիջոցներ:

Հայաստանի խորհրդարանը մարտի 2-ին ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրել է Արմեն Սարգսյանին: ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ` 10 պատգամավոր: Արմեն Սարգսյանը լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին, երբ կավարտվեն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները:

Armenpress.am