Ֆինլանդիան կհյուրընկալի Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի ոչ-պաշտոնական բանակցությունները
Հարավային Կորեայի ու Ֆինլանդիայի պաշտոնատարները տեղեկացրել են, որ երկու Կորեաների և ԱՄՆ-ի մասնակցությամբ ոչ-պաշտոնական բանակցությունները տեղի կունենան Ֆինլանդիայում:
Համաձայն «Սի Էն Էն»-ի հաղորդման, Հարավային Կորեայի ու Ֆինլանդիայի պաշտոնատարները կիրակի օրը հայտարարել են, որ Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի ներկայացուցչական պատվիրակությունները հանդիպելու են Ֆինլանդիայում, սակայն բանակցություններին մասնակցողները իրենց երկրների պատասխանատու պաշտոնատարներ չեն լինելու:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարության մի պաշտոնատար հայտարարել է, որ իր երկիրը միայն հյուրընկալելու է Հյուսիսային Կորեայի ատոմային ապազինման թեմայով կայանալիք բանակցությունները և բանակցային գործընթացին որևէ մասնակցություն չի ունենալու:
Ֆինլանդիայի պաշտոնատարները բանակցությունների թվականի մասին որևէ հիշատակում չեն կատարել:
Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունն էլ հայտարարել է, որ Ֆինլանդիայում կայանալիք նիստին մասնակցելու են այդ երկրի նախկին պաշտոնատարներն ու փորձագետներ: