Ո՞ւր մնաց Էրդողանի տնտեսական հրաշքը
48 ժամից քիչ ժամանակ է մնացել Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ նախորդ շրջանում, Էրդողանը ձայներ շահեց ՝ Թուրքիայի անմխիթար տնտեսությունը վերականգնելու խոստումների հաշվին և նույնիսկ առաջին տարիներին հաջող գործունեություն ունեցավ : Սակայն որոշ հանգամանքներից ելնելով, նրան չհաջողվեց ինչպես խոստացել էր իրականացնել «տնտեսական հրաշքը»:
Middle East Eye վերլուծական կայքում հրապարակած հոդվածում, միջազգային տնտեսության մասնագետ Աբիդ Ալին գրել է.«Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը որպես քաղաքական հենակետ, կենտրոնացել էր տնտեսական զարգացման վրա, սակայն լիրայի արժեզրկումը հօդս ցնդեցրեց նրա ծրագրերը»:
«2016 թվականի հուլիսին, երբ ընդդիմադիր բանակայինները փորձեցին կառավարության դեմ հեղաշրջում կատարել, փոխվեց ամեն ինչ: Վերջին 18 ամիսներին լիրայի շարունակական արժեզրկումը վատ հետևանքներ է թողել ՝ արտասահմանյան ներդրողներին Թուրքիայի տնտեսական ծանր վիճակի մասին հիշեցնելով».-գրել է Աբիդ Ալին:
Չնայած Էրդողանի հակառակություններին, Թուրքիայի Կենտրոնական բանկը միայն վերջին ամսում հարկադրաբար երեք տոկոսով բարձրացրել է բանկային տոկոսադրույքները: Այնուամենայնիվ, Թուրքիայի ազգային դրամական միավորը կորցրել է արժեքի մեկ քառորդը:
Հունիսի 24-ին սպասվող ընտրություններից առաջ իրականացված հարցումները պարզել են, որ Էրդողանն իր թիկունքում ունի բավարար հանրային պաշտպանություն ՝ իշխանության ղեկին մնալու և իր ծրագրերը շարունակելու համար: