ԻԻՀ-ի քառասնամյա արտաքին քաղաքականությունը(Մաս երրորդ՝ Իրանի իսլամական հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքները)
Իրանի իսլամական հեղափոխության 40-ամյակի առիթով մի քանի հաղորդումների ընթացքում քննարկելու ենք վերջին չորս տասնամյակներում ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունը: Այս հաղորդման ժամանակ քննարկելու ենք Իրանի իսլամական հեղափոխության արտաքին քաղաքականության սկզբունքները:
Արժանապատվության սկզբունք
ԻԻՀ արտաքին քաղաքականության գլխավոր ու տարրական սկզբունքներից մեկը արժանապատվության սկզբունքն է: Ելնելով իսլամական ուսուցումներից ու հավատքից ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականության մեջ պիտի հրաժարվի տիրակալության վրա հիմնված հարաբերություններից ու կապերից այնպես որ միջազգային ասպարեզում պիտի պահպանվի և ամրագրվի երկրի ու ժողովրդի արժանապատվությունը: Տիրակալությունը չհանդուրժելը պայմանավորված է տիրակալ համակարգից կախված չլինելով և տիրակալ ուժերի հանդեպ որևէ պարտավորություն չունենալով: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Գլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ մուսուլմանները անհավատների տիրակալության ներքո չգտնվեն: Բարեգութ ու բարձրյալն Աստված անհավատների համար մուսուլմանների վրա տիրակալություն չի սահմանել և մուսուլմանները չպիտի հանդուրժեն անհավատների տիրակալությունը»: Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն էլ արտաքին քաղաքականության մեջ արժանապատվության սկզբունքի պահպանման կապակցությամբ ասում է. «Արժանապատվությունը պիտի սկզբունք լինի և արժանապատվության հարցում որևէ զիջում ոչնչացնում է իմաստնության ու արժանավորության արժեքը»:
Այս սկզբունքի հիմունքներն ու փաստարկները կարելի է որոնել սուրբ գրքում ու ավանդույթներում: «Նաֆյե Սաբիլ»-ի կանոնը, որ մուսուլմանների վրա անհավատների ուղղակի և անուղղակի տիրակալության ճանապարհները փակելու իմաստով է, համարվում է այս սկզբունքի Ղուրանից առնված առաջին փաստարկը: «Նեսա» սուրայի 141-րդ այաում կարդում ենք. «Աստված որևէ ժամանակ և որևէ դեպքում բաց չի թողել հավատացյալների վրա անհավատների տիրակալության ուղիները»: Այս այաի համաձայն մուսուլմանների վրա անհավատների տիրակալությունը մշտապես ու հավերժական կերպով մերժվել է և դա որևէ ժամանակաշրջանով չի սահմանափակվում:
Իսլամական հասարակություններում անհավատների տիրակալության մշտական մերժման գլխավոր նպատակը մուսուլմանների արժանապատվության ու հարգանքի պահպանումն է: Իսլամը, մուսուլմաններն ու իսլամական հասարակությունն ամենամեծ հարգանքն են վայելում Աստծո մոտ, որը մուսուլմանները չպիտի իրենց հասարակական հարաբերություններում խաթարեն: Այնպես որ Ղուրանում բարձրյալն Աստված մուսուլմանների ու հավատացյալների արժանապատվությունը համազոր է համարել իր և մարգարեի արժանապատվությանը:
Միջին Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունների հետ հակառակությունը և Վաշինգտոնի հետ հարաբերությունների խզման շարունակելն ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության մեջ որդեգրված ձևաչափերից են, որոնք համապատասխանում են արժանապատվության կարևոր սկզբունքին:
Բռնության և մեծապետականության դեմ պայքարը
ԻԻՀ արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքներից մեկն էլ բռնության ու մեծապետականության դեմ պայքարն է: Համալսարանի դասախոս Սեյեդ Ջալալ Դեհղանի Ֆիրուզաբադին այս կապակցությամբ ասում է. «Ոչ-իսլամական երկրների հետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններում, համաձայնագրերում ու պայմանագրերում ԻԻՀ-ի միակ պարտականությունն այն չէ, որ փակի ցանկացած տեսակի տիրակալության ու ներազդեցության ուղիները, այլև դրանից վեր պարտավորված է պայքարել մեծապետականության, տիրակալ համակարգի, բռնության ու անարդարության դեմ, քանի որ իսլամի գլոբալ լինելն ու նաև իսլամական հեղափոխության վերազգային էությունը գրոհային արտաքին քաղաքականության շրջանակներում պարտադրում է այս սկզբունքի գործադրումը»:
ԻԻՀ սահմանադրության 2-րդ և 3-րդ հոդվածներում հստակ կերպով ընդգծված է ամեն տեսակ բռնակալության, տիրակալ համակարգի ու մեծապետականության մերժումն ու նաև արդարության ու հավասարության պահպանումը: Լուսահոգի Իմամ Խոմեյնին ասում է. «Մեր պարտականությունն է պայքարել բռնության դեմ»: Մեկ այլ տեղ ասում է. «Մենք մեր իսլամական արտաքին ու միջազգային քաղաքականության մեջ անգամներ հայտարարել ենք այն իրողությունն ու ճշմարտությունը, որ ձգտել ենք ու շարունակում են ձգտել աշխարհում իսլամի ներազդեցության տարածման ու աշխարհակուլների տիրակալության կրճատմանը»:
Հենց այս սկզբունքի համաձայն Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը 2015 թվականին ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո ընդգծելով ներթափանցման վտանգը հայտարարեց. «Չպիտի արևմուտքին թույլատրել ներթափանցել Իրան, քանի որ ներթափանցումը հակասում է տիրակալության մերժմանը»:
Ընչազուրկների և ազատագրական շարժումների պաշտպանությունը
ԻԻՀ արտաքին քաղաքականության գլխավոր մյուս սկզբունքը ընչազուրկների և ազատագրական շարժումների պաշտպանությունն է: Այս սկզբունքը լրացնում է մեծապետականության ու բռնության դեմ պայքարի սկզբունքը, այնպես որ մեծապետականության դեմ պայքարի և ընչազուրկների պաշտպանության միջև տրամաբանական կապ գոյություն ունի: Այլ խոսքով մեծապետականության դեմ պայքարի երկու միջոց կա: Առաջինը՝ մեծապետականների և այն տիրակալների դեմ պայքարն է, որոնք համարվում են ժողովուրդների ընչազրկության գլխավոր ազդակը: Երկրորդ՝ այն ընչազուրկ ժողովուրդների պաշտպանությունն ու նրանց աջակցելը, որոնք տիրակալ համակարգի և մեծապետական համակարգի կառուցվածքային բռնության հետևանքն են համարվում: Հետևաբար ԻԻՀ-ն մեծապետականության ու գաղութարարության դեմ պայքարին զուգահեռ իրեն պարտավորված է զգում պաշտպանել աշխարհի ընչազուրկներին և ազատագրական շարժումները, որոնք պայքարում են մեծապետականության ու գաղութարարության դեմ: ԻԻՀ սահմանադրության 154-րդ հոդվածը հստակեցնում է. «ԻԻՀ-ն իր իդեալն է համարում մարդկային հասարակության մեջ մարդու երջանկությունը և անկախությունը, ազատությունը և արդարության իշխանությունը համարում է աշխարհի բոլոր ժողովուրդների իրավունքը: Հետևաբար հրաժարվելով այլ ժողովուրդների ներքին հարցերին ցանկացած տեսակի միջամտությունից աշխարհի ցանկացած կետում պաշտպանում է մեծապետականների դիմաց ընչազուրկների արդարատենչական պայքարը»: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Մենք բռնահարվածի պաշտպանն ենք: Ով ցանկացած բևեռում բռնահարված լինի մենք նրա պաշտպանն ենք»:
Լիբանանի Հեզբոլլահի, Եմենի Անսար Ալլահի հանդեպ ԻԻՀ-ի ցուցաբերած աջակցությունը տեղավորվում է արտաքին քաղաքականության մեջ ազատագրական շարժումների պաշտպանության սկզբունքի, իսկ 2011 թվականից ի վեր ներքին պատերազմում Սիրիայի համակարգին ցուցաբերված աջակցությունը՝ բռնության դեմ պայքարի և զոռբա ուժերի դիմաց բռնահարված ու ընչազուրկ ժողովուրդներին պաշտպանելու սկզբունքի շրջանակներում:
Երկրների ներքին հարցերին չմիջամտելն ու փոխադարձ հարգանքը
Այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելն ու փոխադարձ հարգանքն ԻԻՀ արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքներից է: Այլ երկրների ներքին հարցերին չմիջամտելը նաև ընդգծված է սահմանադրության 154-րդ հոդվածում: Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասում է. «Հուսով ենք, որ ժողովուրդների անկախության և միմյանց ներքին հարցերին չմիջամտելու հիման վրա համաշխարհային խաղաղություն կհաստատվի»: Նա նաև ասում է. «Մենք հարգանքով ենք վերաբերվելու բոլոր այն ժողովուրդների նկատմամբ, որոնք չեն միջամտի մեր ներքին հարցերին և մեր հանդեպ փոխադարձ հարգանք կդրսևորեն»:
Մինչ ընդդիմադիրներն Իրանին մեղադրում են արաբական այլ երկրների ներքին հարցերին միջամտելու մեջ, ԻԻՀ-ն այլ և մասնավորապես հարևան երկրների հետ փոխադարձ հարգանքը նկատի առնելով մշտապես կայունության ու անվտանգության ամրագրման հարցում սատարել է այդ երկրներին: Իրաքում ահաբեկչության դեմ, իսկ Սիրիայում ահաբեկչական խմբերի դեմ պայքարը նույն ուղղությամբ է եղել:
Միջազգային պայմանագրերի ու օրենքների հանդեպ պարտավորություն
ԻԻՀ արտաքին քաղաքականության մյուս սկզբունքը միջազգային պայմանագրերի ու օրենքների հանդեպ պարտավորությունն է: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ ԻԻՀ-ն վերջին չորս տասնամյակների ընթացքում շարունակ ապացուցել է միջազգային օրենքների, պայմանագրերի ու համաձայնագրերի հանդեպ իր հավատարմությունը: ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է. «Լինելով իսլամի հետևորդ մենք հարգում ենք ստորագրված պայմանագրերը»: ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ այս սկզբունքի տեսական հիմնավորումը իսլամում «խոստումը կատարելու սկզբունք»-ն է: Իսլամը անհատական, հասարակական ու քաղաքական հարաբերություններում պարտադիր է համարում խոստումի իրագործումը, այնպես որ խոստումի հանդեպ հավատարմությունը հավատքի անհրաժեշտ պայմաններից է:
Խոստումն իրագործելու և միջազգային պայմանագրերի ու համաձայնությունների հանդեպ հավատարմության սկզբունքն այնքան կարևոր է ԻԻՀ-ի տեսակետից, որ չնայած 2018 թվականի մայիսին 5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման, հարգելով միջուկային համաձայնության մյուս կողմերին ԻԻՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ միջազգային այդ համաձայնությանը և գործադրել դրա կետերը: