Հուլիս 22, 2023 12:41 Asia/Tehran

Իրանահայ երաժիշտ և արվեստի հանրահայտ գործիչ Լիդա Բերբերյան

Արվեստը մարդկային կյանքի այն երևույթն է, որ գեղեցկությունից ու գեղեցիկի մասին խոսելուց բացի ունի նաև մարդու էությունը մաքրելու և վեհացնելու հատկություն: Արվեստը իրենով զբաղվող անհատներին հնարավորություն է տալիս մարդկային կյանքում իրականացնել այդ առաքելությունը, եթե իհարկե նրանք չեն շեղվել արվեստի մաքրամաքուր ակունքներից: Արվեստի բնագավառում ազդեցիկ ներդրում ունենալու համար այս կամ այն բնագավառում հմտություն ունենալու կողքին արվեստագետին անհրաժեշտ է լինել անկեղծ, աստվածասեր ու մարդասեր, որովհետև արվեստի հիմքը հենց անկեղծությունն ու սերն է: Աշխարհում շատերն են գործունեություն ծավալել արվեստի այս կամ այն բնագավառում, որ այսօր նրանց անունն անգամ չի հիշվում: Մարդկության հիշողության մեջ մնացել են նրանք, ովքեր փորձել են այդ առաքելության ծանրությունը սիրով կրել իրենց ուսերին ու տանել մինչև վերջ: Եվ ահա նրանք են, որ նոր սահման են գծում արվեստի դաշտում և իրենց կնիքն են թողնում այդ բնագավառում: Նրանց գործը մնում է ու դառնում ուղեցույց այդ ճանապարհով քայլել ցանկացողների համար:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այս հաղորդումը նվիրված է երաժիշտ ու արվեստի վաստակավոր գործիչ օրիորդ Լիդա Բերբերյանին:

---

Արվեստաբան, երաժիշտ և արվեստի բազմավաստակ գործիչ Լիդա Բերբերյանը ծնվել է 1939թ. Երևանում, մշակութասեր ընտանիքում: Այդ նույն տարում Բերբերյանի ընտանիքը գաղթում է Իրան և այդ պատճառով էլ ծննդյան վկայականի մեջ նրա ծննդավայրը գրված է Թավրիզ: Լիդա Բերբերյանը նախնական կրթությունն ստանում է Թավրիզում և Թեհրանում: Նա Հաճախել է Թամարյան, Քուշեշ Դավթյան և Մարիամյան դպրոցները: Լիդա Բերբերյանը 7 տարի սովորել է Թեհրանի ազատ կոնսերվատորիայի դաշնամուրի կատարման բաժնում: Բերբերյանը 1970թ. ավարտել է Թեհրանի գեղարվեստի համալսարանի երաժշտության բաժինը բակալավրի գիտական աստիճանով:

Ուսանողության տարիներին նա աշակերտել է պրոֆեսոր Թովմաս Քրիստիան Դավիդին: Լիդա Բերբերյանի երաժշտական ուղղության ընտրության մեջ կարևոր ազդեցություն է թողել երաժշտական բաժնի ղեկավար դոկտոր Բարքշլին, ով շատ հետաքրքրված է եղել հայ երաժշտությամբ և Բերբերյանին մղել է դեպի այդ ուղղությունը, ինչի արդյունքում էլ երաժիշտ արվեստաբանը բազում ուսումնասիրություններ է կատարել այդ կապակցությամբ ու ներկայացրել է տարբեր լսարաններում:

Օրիորդ Լիդա Բերբերյանը Հեղինակն է ավելի քան 300 հոդվածների: Նա հեղինակն է «Մելիք-Ասլանեան Դաշնակահար կոմպոզիտոր» գրքի, որը հրատարակվել է Թեհրանում: Լիդա Բերբերյանը մասնակցել է Իրանում ու արտերկրում անցկացված բազմաթիվ համաժողովների, որոնցից կարող ենք հիշել 1973թ. Թեհրանում և Շիրազում անցկացված իրանական հետազոտությունների երրորդ և չորրորդ կոնգրեսը և 1980թ. Ֆրանսիայի Էքս ան Պրովանսում կայացած ICOM-ի երրորդ կոնգրեսը:

Լիդա Բերբերյանը ակտիվ դերակատարություն է ունեցել կրոնական երաժշտության ուսուցման ասպարեզում և ավելի քան 25 տարի գործունեություն է ծավալել այս ոլորտում: Լիդա Բերբերյանը նաև գործունեություն է ծավալել դաշնամուրի կատարողական արվեստի ուսուցման ոլորտում ու մինչ այժմ դաստիարակել է բազում աշակերտներ: Լիդա Բերբերյանը նաև աշխատել է ֆիլմերի երաժշտական ձևավորման ոլորտում ու մինչ այժմ կատարել է 8 թատերական բեմադրությունների 2 կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմերի երաժշտական ձևավորումը, որոնց մեծ մասը եղել են Արամայիս Աղամալյանի ու Արբի Հովհաննիսյանի ստեղծագործությունները:

Արվեստի ոլորտում ծավալած գործունեության համար արժանացել է բազում մրցանակների տարբեր կառույցների ու հաստատությունների կողմից, որոնցից կարող ենք հիշել հետևյալ գնահատագրերն ու հուշանվերները:

1986թ. պարգևատրվել է «Ս. Ներսես Շնորհալի մշակութային» ֆոնդի կողմից:

1986թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից պարգևատրվել է «Armenia» մակագրությամբ ոսկյա ժամացույցով:

1992թ. արժանացել է Իրանի ֆիլմարվեստի ու հեռուստատեսության ոլորտում աշխատող անձանց մեծարման հանձնախմբի հուշանվերին:

1998թ. «Հայ ակումբի» կողմից պարգևատրվել է հուշանվերով:

2000թ. «Իսլամական Ազատ համալսարանի» կողմից արժանացել է դոկտոր Սեյեդ Ֆազլոլլահ Ղոդսի գնահատագրին:

2005թ. պարսկերենով գրած հոդվածների համար պարգևատրվել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության կողմից:

2007թ. Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարությանը կից ընդհանուր մշակութային կազմակերպությունների տնօրեն՝ Մոհամմեդ Ռեզա Վասֆիի կողմից պարգևատրվել է գնահատագրով ու բարձրարժեք գրքերով:

2008թ. «Հայ կին» միության կողմից պարգևատրվել է հուշանվերով:

2009թ. Հ. Մ. «Արարատ» կազմակերպության կողմից պարգևատրվել է հուշանվերով:

2009թ. Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության կողմից կազմակերպված «Գրքի շաբաթ» հանդիսության ընթացքում ժամանակի նախարարի տեղակալ Մոհսեն Փարվիզի կողմից պարգևատրվել է քարե-Վահանակ պատվոգրով:

Իր գործունեության ընթացքում Լիդա Բերբերյանը դասախոսություններ է կարդացել 1986թ. Հայաստանում: Հայաստանի Արվեստի ինստիտուտում, Մատենադարանում, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հրավերով բազմաթիվ դասախոսություններ է կարդացել Ս. Էջմիածնի վեհարանում ու բազմաթիվ դասախոսություններ ու ելույթներ է ունեցել Իրանի միություններում:

Իրանի երաժշտության  ոլորտում հայերի թողած ազդեցության մասին Լիդա Բերբերյանը այսպես է ասում է․․․․

Լիդա Բերբերյանը տարիներ շարունակ «Հայ երաժշտության պատմական զարգացում» առարկան դասավանդել է Թ.Հ.Թ. հայերենագիտական երեկոյան դասընթացներում: Նա հինգ տարի անդամակցել է Թ.Հ.Թ. «Եղիա Բաբումյան» գրական հրատարակչական ֆոնդին:Բերբերյանը կազմակերպել է համերգներ հետևյալ թեմաներով: 1984թ. «Կրոնական երաժշտական երեկո, շարականներ և տաղեր Ե-ից Ժ դար», 1986թ. «Ս. Ներսես Շնորհալի շարականների երեկո», 1986թ. «Կարոս խաչ», «Առավոտ լուսո»:Համերգները հագեցված են եղել մեկնաբանությամբ, որոնցից պատրաստվել են ձայնագրություններ:

 

Լիդա Բերբերյանը տարիներ շարունակ կազմակերպել է աշակերտական-ուսանողական նվագահանդեսներ:

Ներկայումս Լիդա Բերբերյանը ապրում և իր գործունեությունն է շարունակում ԻԻՀ-ի մայրաքաղաք Թեհրանում:Չնայած երաժշտության բնագավառում ստացած մասնագիտական կրթության, Լիդա Բերբերյանը նաև հետաքրքրված է կերպարվեստով ու գեղանկարչությամբ: Դրա պատճառների մասին նա ասում է.․․․

Լիդա Բերբերյանը ասում է.«Երբ կարդացի իրանահայ գրող Հակոբ Կարապենցի գրվածքները իսկապես այդտեղ տեսա երաժշտական ձևերը և մի հոդված գրեցի ու մանրամասնորեն և փաստերով անդրադարձա այդ թեմային»:

Շատ չի ուշանում, որ Հակոբ Կարապենցը կարդում է այդ հոդվածը և մի նամակով դիմում է Լիդա Բերբերյանին: Այդ նամակում նա այսպես է գրում.«Այսքան տարվա մեջ այս առաջին անգամն է, որ վերջապես գտնվեց մի հոգի, որը մատնանշեց իմ գործերի մեջ շարունակ առկա երաժշտական տարրը: Այս հանգամանքը ուրախություն պատճառեց ինձ: ..... Ես զարմանում էի, թե ինչո՞ւ մինչև հիմա որևէ մեկը չի նկատել երաժշտական ենթախավը գրական իմ կառույցների մեջ: Եվ ահա Ձեր հոդվածը, որը  մեկ առ մեկ լուսարձակի տակ է դնում իմ որոշ գործերի երաժշտական հիմքը....»

 

Պիտակ