Իրանահայ հանրահայտ գործիչներ (16.Ազատ Մաթյան)
Իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ և համալսարանի դասախոս Ազատ Մաթյան:
Հետաքրքրությունից կամ էլ գուցե անգործությունից ելնելով ինքներս մեզ հաճախ հարցնում ենք.«Ո՞վ է բանաստեղծը, ո՞վ է արվեստագետը կամ էլ հարցն այսպես ենք ձևակերպում թե ո՞ւմ կարելի է ասել բանաստեղծ, արձակագիր, արվեստագետ կամ արվեստի ոլորտի գործիչ»: Կարծում եմ, որ մեր մտային մաքառումներում երբեք էլ չենք կարողանում հստակ կերպով ճշտել այս սահմանները: Չենք կարողանում ճշտել, քանի որ այնպես ինչպես աշխարհում չկան միմյանց կրկնօրինակը համարվող մարդիկ, նույնպես էլ արվեստի ոլորտում չկան այդ կարգի գործիչներ: Կա միայն ընդհանուր գծերի հասկացություն ու դա արտաքին երևույթն է: Արվեստի անդաստանում գործող մշակներից յուրաքանչյուրը մի յուրօրինակ աշխարհ է, որին պիտի բացահայտել:
Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդումը նվիրված է բանասեր, բանաստեղծ ու թարգմանիչ և Սպահանի պետական համալսարանի հայերենագիտական ամբիոնի ժամանակի դասախոս Ազատ Մաթյանին:
---
Ազատ Մաթյանը ծնվել է 1942 թ. Թեհրանում, որտեղ, երկար թափառումներից հետո, հաստատվել էր Իրանի Չարմահալ գավառից ելած նրա ընտանիքը:
1946-ին Հայաստան ներգաղթելու ձախողված փորձից հետո Մաթյան ընտանիքը ուղևորվում է դեպի Իրանի հարավի նավթային շրջանները, և կրկին երկար թափառումից հետո, հաստատվում է Աբադանում, որտեղ Ազատը ստանում է իր նախնական կրթությունը Աբադանի հայոց «Ադաբ», իսկ միջնակարգը պետական դպրոցներում` ստանալով մաթեմատիկական թեքումով դիպլոմ, սակայն նույն միջնակարգի տարիներին նա տարվում է բանաստեղծությամբ:
Ազատ Մաթյանը 1981թ. հրատարակել է «Անապատի ծաղիկներ» բանաստեղծությունների ժողովածուն: Այնուհետև 1995թ. «Չընդհատվող եղանակ»-ը և 2012թ. «Աշխարհի գերբը» ժողովածուները:
1963-1967 թթ․-ին Ա. Մաթյանը Սպահանի Պետ. Համալսարանի գրականության ֆակուլտետում եղել է հայոց լեզվի և գրականության ուսանող, որտեղ նա ուսումնասիրում է նաև պարսից դասական և ժամանակակից բանաստեղծություն և սկսում է կատարել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքի թարգմանությունը:
Ազատ Մաթյանը նաև հայերենի է թարգմանել Պարսից գրականության մեծերիից Հաֆեզի գազելները և Օմար Խայամի քառյակները:
1968 թ. մեկնում է Փարիզ` երջանկահիշատակ Անդրանիկ Հովհաննիսյանի նորահիմն կրթական հիմնադրամի հովանավորությամբ, որտեղ ուսումնասիրում է ֆրանսերերեն լեզու, ավարտում է Փարիզի Արևելյան Կենդանի Լեզուների Ինստիտուտի հայոց լեզվի բաժինը:
1971 թ. ընդունվում է Սորբոնի համալսարանի համեմատական գրականության ամբիոն, պատրաստելով դիսերտացիա «Եղիշե Չարենցը և իր ժամանակը» թեմայով, որը մնում է անավարտ: Իր ուսումնասիրությունները հետագային հրատարակում է «Ո՞վ է Չարենցը» խորագրի տակ:
1972-ին հրավիրվում է Սպահանի Պետ. Համալսարանում աշխատելու, որպես հայոց լեզվի և գրականության դասախոս, որտեղ աշխատում է շուրջ 40 տարի:
1974-2004 եղել է Նոր Ջուղայի Ներկայացուցչական և Պատգամավորական Ժողովների անդամ:
1983-2000 Իրանահայ Ազգային և Մշակութային Միության (ԻԱՄՄ) վարչության նախագահ:
2004-2009 «Հանդես» գրական-գեղարվեստական եռամսյայի խմբագրության անդամ:
2010 թվականներին՝ «Ջուչի» խորագրով փայտյա քանդակների ցուցահանդես է ունեցել Սպահանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ազատ Մաթյանը քանդակների մասին այսպես է ասել.« Ասված է, որ արվեստը ընդհանրապես խաղ է և դրանով իսկ այն հակադրվում է աշխատանքին: Խաղը հաճելի է և անօգտակար, աշխատանքը տհաճ է և օգտակար: Ես այս գործով զբաղվելիս անդրադարձա մի հետաքրքիր իրողության, որ բանաստեղծության մեջ հնարավոր չէ լիովին տրվել խաղին՝ ձերբազատվել մտքից, գաղափարից, բովանդակությունից, ինչը երազում էին, ասենք գերիրապաշտները, կամ ֆորմալիստները, որովհետև բառերը, որպես բանաստեղծական խոսքի հումք, համենայն դեպս կրում են իրենց պատմական հիշողությունը: Փայտի կամ քարի բեկորը իրապես հումք են, բնական, անմշակ, նախնական. Այնինչ ցանկացած բառ արդեն իսկ մշակված է, ունի իր իմաստը կամ իմաստները և անհնար է այն ընկալել որպես զուտ հնչյունների համակցում: Մի խոսքով, այս զբաղմունքով ես ինձ համար կրկին հայտնաբերում եմ արվեստի փիլիսոփայության շատ լուրջ խնդիրներ»:
2014-ի հունիսից հաստատվել է ԱՄՆ ում:
Ազատ Մաթյանը 2001 թ․ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե շքանշանով և մրցանակակիրն է Սբ. Էջմիածնի և Հայաստանի գրողների միության «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
Բարեկամներ երաժշտական կարճ դադարից հետո կներկայացնենք Ազատ Մաթյանի գրչին պատկանող «Վտարանդին» բանաստեղծությունից մի հատված և նրա թարգմանությամբ՝ Իրանցի անվանի բանաստեղծ Օմար Խայամի քառյակներից երեքը։
---
Վտարանդին
«....Հասցե չունեմ:
Յոթը պորտով տարագիր եմ:
Տունս կրիայի պես կրում եմ մեջքիս:
Չէ՛, տունս բանաստեղծի պես կրում եմ իմ մեջ
և հաճախ եմ կորցնում ճամփան:
Գլխատված արմավենիների, դառնահամ օվազիսների,
վհատ ավանների վտարանդին եմ ես:
Կպրապատ փակուղիների,նավթատար խողովակների,
փողկապավոր ճիվաղների,
թերաճ ձիրքերի, թերավարտ
գրքերի, կռտած կարոտների,
անվախճան վեճերի, ճենճոտ ափսեների, լցված մոխրամանների,
փարոսի, փառքի, փրփուրի վտարանդին եմ ես:
Շատ եմ ապրել:
Անկապ ու կցկտուր պատկերներ եմ միայն մտաբերում:
Երբեմն խաղում եմ այդ պատկերների հետ:
Հանում, գումարում, բազմապատկում եմ:
Շոյում, հոտոտում, համտեսում եմ:
Ջնջում, պատռում, ջարդոտում եմ...
Բոլոր ժամանակները ներխուժում են իմ մեջ:
Բոլոր գույները բաղադրվում են խելահեղ
հողմապտույտի մեջ և դառնում են ճերմակ, ճերմակ, ճերմակ:
Ես հմայված մասնակիցն եմ համատարած մարսողության
սպիտակ ծեսի:
Միշտ այստեղ, միշտ հիմա, միշտ երբեք ....»։
---
Օմար Խայամի քառյակներ ՝ Ազատ Մաթյանի թարգմանությամբ
Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ
Մեզնից առաջ նոր ու հին է եղել էլի,
Տիեզերքը իր բանին է եղել էլի,
Այնտեղ, ուր դու ոտք ես կոխում, իմ սևահո՜ն,
Մի գեղուհու աչքի բիբն է եղել էլի
Ո՜չ խորհուրդներն սկզբանի դու կիմանաս, ո՜չ էլ ես,
Ո՜չ գաղտնիքն այս բառ ու բանի դու կբանաս, ոչ էլ ես,
Վարագույրի ետքում հիմա, տես, խոսում են մեր մասին,
Իսկ վարագույրն երբ իջնի, ոչ դու կմնաս, ոչ էլ ես:
---
Բարեկամներ հայերեն ռադիոժամը պատիվ է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել բանաստեղծ, թարգմանիչ Ազատ Մաթյանին: Այժմ ներկայացնում ենք Հայերեն ռադիոժամին նրա տված հարցազրույցից մի հատված։