Հունվար 31, 2024 11:26 Asia/Tehran

Իրանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի տունն է: Եվ Իրանով աշխարհի հմայվածությունը նորություն չէ: Դարեր շարունակ աշխարհը հմայված է մի երկրով, որը տարբերվում է մյուս բոլոր երկրներից:

Բարև Ձեզ: Այսօր ներկայացնելու եմ «Իրանցիների շրջանում» փոդքասթի հերթական թողարկումը:

Նախորդ թողարկման ընթացքում խոսեցի իրանական տների, դրանց բակերի ու բակում տեղակայված փոքրիկ ջրավազանների մասին:

Այս  էպիզոդում կխոսեմ այն մասին, թե ինչպես են իրանցիները կառուցում սենյակներն ու տանտեր դառնում: Հետևեք մեր հաղորդմանը և եկեք ծանոթանանք իրանցիների մշակույթին:

****

Արևմտյան ու եվրոպական երկրների մեծ թվով քաղաքացիներ չեն սիրում բնակարան գնել և նախընտրում են վարձակալել այն: Սակայն իրանցիները սիրում են ունենալ իրենց սեփական տունը և նրանց համար հաճելի չէ վարձակալությամբ ապրել: Դա ունի տարբեր պատճառներ:

Դրանցից մեկն ընտանիքի կարևորությունն է: Իրանցիներն ապրում են ընտանիքներով: Տան երիտասարդները շարունակում են ապրել ծնողների հետ, քանի դեռ չեն կազմել սեփական ընտանիքը: Սակայն եվրոպական երկրներում 18 տարին լրացած անձինք շատ հաճախ հեռանում են ընտանիքից ու ապրում վարձակալված բնակարաններում: Հարկ է նշել, որ ի տարբերություն Եվրոպայի, որտեղ բնակարանը վարձակալության է հանձնվում կահավորված, Իրանում այն հանձնվում է դատարկ: Այնտեղ լինում են ջահեր, իսկ վարագույր՝ շատ հազվադեպ: Կահավորված հանձնվում են միայն այն բնակարանները, որոնք վարձակալում են եվրոպացիները: Այսինքն վարձակալն ինքը պետք է կահավորի բնակարանը: Եվ կարող է պատահել այնպես, որ վարձակալված բնակարանը վարձակալի համար փոքր լինի և նա իր ապրանքների մի մասը տեղափոխի խորթանոց: Կամ կարող է պատահել նաև հակառակը՝  վարձակալված բնակարանը կարող է շատ մեծ լինել և վարձակալի գորգերը կարող են չծածկել ամբողջ հատակը: Ուրեմն նա պետք է գնի նոր գորգեր և անհրաժեշտ այլ իրեր: Տեղափոխության ժամանակ, վարձակալի գույքը կարող է վնասվել: Ու թեև Իրանում վարձատուի ու վարձակալի հարաբերությունները շատ ջերմ են, վերջիններս շատ զգույշ են, որպեսզի չվնասեն տանտիրոջ գույքը: Եվ նույնիսկ եթե տանտերն այնքան էլ ջերմ վերաբերմունք չունի վարձակալի նկատմամբ, իրանցիներն այդ հանգամանքին դրական են նայում, ասելով. «Վատ վարձատուն վարձակալին տանտեր է դարձնում»: Եվ նրանք այդ հանգամանքն օգտագործում են ավելի շուտ իրենց սեփական տունը կամ բնակարանը ձեռք բերելու համար: Դա է պատճառը, որ իրանցիների մեծ մասը նախընտրում է ապրել փոքրիկ տան մեջ, բայց գործ չունենալ վարձատուի հետ: Այդպիսով, նրանք նաև ավելի են ամրապնդում իրենց ընտանիքը:

Տուն ունենալն իրանցիների համար շատ կարևոր է: Ինձ համար դա ավելի պարզ դարձավ, երբ ամուսնուս բարեկամներից մեկի հարսանիքի ժամանակ հարսի հայրն ասաց, որ դեմ է, որպեսզի նորապսակներն ապրեն վարձակալված տանը: Ու քանի որ փեսայի մայրն ուներ մեկ սենյականոց փոքրիկ բնակարան, նորապսակները տեղափոխվեցին ապրելու այնտեղ:

Ամուսնուս մյուս բարեկամն ուներ եռահարկ առանձնատուն: Նա ապրում էր առաջին հարկում: Երկրորդ հարկը տվել էր վարձակալության, իսկ նրա չորս որդիները հերթականույթամբ իրենց նոր կյանքը սկսում էին երրորդ հարկում: Նրա առաջին որդին, երեք տարի այդ տանն ապրելուց հետո, գնեց իր տունն ու տեղափոխվեց այնտեղ: Այնուհետև այդ տանն ապրեց երկրորդ որդին, որը նույնպես, որոշ ժամանակ անց, տեղափոխվեց իր անձնական բնակարան: Եվ հիմա, նրանց մյուս որդին, իր կնոջ հետ, ապրում է այդ տանը, մինչև ձեռք բերի իր բնակարանն ու տեղափոխվի այնտեղ:

Սակայն նոր կյանքն առանձին բանակարանում սկսելու հնարավորություն ունեն ոչ բոլոր երիտասարդները: Ուստի նրանք ամուսնանալուց հետո բնակարան են վարձում, որպեսզի ավելի ուշ, խնայված գումարով, վարկով, կամ պետական աջակցության ծրագրից օգտվելով, ձեռք բերեն բնակարան:

****

Ավանդական իրանական տների բոլոր սենյակները միանման են: Որպես օրինակ՝ հյուրասենյակը և ննջասենյակը չեն տարբերվում միմյանցից: Այդ սենյակները կահավորված չէին լինում, քանի որ եթե սենյակը կահավորվեր, այն պետք է ծառայեր օրինակ միայն որպես հյուրասենյակ: Իսկ հնում իրանցիներն այնքան մտերիմ էին միմյանց հետ, որ իրենց բոլոր տնային գործերն անում էին միասին, իսկ սենյակները փոխում էին ըստ կարիքի, կամ եղանակային պայմաններից ելնելով: Նրանք միասին իրենց ավելի հանգիստ ու ապահով էին զգում: Հազվադեպ էր պատահում նաև, որ ինչ որ մեկը տանը մենակ մնար, կամ նույնիսկ մենակ քներ: Ինձ համար շատ հետաքրքիր էր իմանալ, որ Հոսեյնի 95 ամյա տատիկը երբեք մենակ չէր քնել:

Սակայն այսօրվա տները տարբերվում են: Թեհրանում քայլելիս այլևս չկան հին ու գեղեցիկ տները, որոնց մասին պատմում էին ամուսնուս հարազատները: Մի քանի հին տուն պահպանվել է Թեհրանի կենտրոնական շուկայի տարածքում: Այսօր հին տներին փոխարինել են բազմահարկ տները կամ բնակելի համալիրները: Այսօրվա Թեհրանի շենքերից ամեն մեկն ունի իր դիզայնը: Դրանք տարբերվում են նաև ճարտարապետական ոճով, պատուհանների ձևով: Տներն ունեն հյուսիսային կամ հարավային դիրք: Առաջին դեպքում բակը գտնվում է տան դիմաց, երկրորդ դեպքում՝ դրա հետևում: Հարավային դիրք ունեցող տներն ավելի արևկող են, ինչը համարվում է առավելություն: Թեհրանի հին տների սեփականատերերն այսօր դրանք վերածում են բազմահարկ շենքերի, որոնց ամեն հարկում կա մի քանի բնակելի միավոր: Սովորաբար այս դեպքում տանտերն ապրում է առաջին հարկում, իսկ մյուս հարկերի բնակարանները տալիս է վարձակալության: Այնուհետև ընտրվում է  տան կառավարիչ, որն իրականացնում է տարբեր աշխատանքներ: Հարկերից յուրաքանչյուրի բնակիչներն իրենք են պատասխանատու այդ տարածքը մաքուր պահելու համար: Հաճախ նրանք բոլորը միասին վարձում են աշխատողի և վճարում նրան:

Իրանում վարձակալության պայմանները մի փոքր տարբեր են: Առաջին դեպքում, ինչպես մյուս երկրներում, վարձակալն ամեն ամիս վճարում է վարձակալության գումարը: Մյուս դեպքում, վարձակալը վարձատուին տալիս է բնակարանի արժեքի մեկ հինգերորդը և ամսական վճար չի տալիս: Վարձակալության ժամկետի ավարտին տանտերը վարձակալին վերադարձնում է այդ գումարը: Վարձակալության նման համակարգի հետ ես ծանոթացա Իրանում: Վարձակալության այս տեսակը հարմար է այն տանտերերի համար, ովքեր ունեն սեփական բիզնես, վարկ են վերցրել բանկից՝ բնակարան կամ հողատարածք ձեռք բերելու համար, կամ ներդրում են անում որևէ գործի մեջ:

Իրանում գործող վարձակալության մյուս տարբերակի դեպքում, վարձակալը սկզբում վճարում է դեպոզիտ և ամեն ամիս՝ սահմանված վարձը: 

 

*****

 

Իսկ հիմա ուզում եմ մի քիչ խոսել իրանցիների միջև շփման մասին:

1989թ ես տասն օր անցկացրի Իրանում և այդ օրերը նման էին իրանցիների մշակույթի ուսումնասիրության ինտենսիվ դասընթացի: Ես պարսկերեն քիչ էի հասկանում և իրանցիների մշակույթը նույնպես ինձ համար հասկանալի չէր: Հունաստանի ու Բրիտանիայի իմ իրանցի ընկերներն ինձ մի շարք խորհուրդներ էին տվել այն մասին, թե ինչպես ինձ պահեմ Իրանում: Սակայն դրանք ինձ որևէ կերպ չօգնեցին և միայն պատճառ դարձան, որ ես իմ շփումներում շատ զգուշավոր լինեմ: Յուրաքանչյուր մարդու համար դժվար է կողքից նայել իր մշակույթին, քանի որ մենք դրա մեջ խորասուզված ենք, այն մեզ համար բնական է ու դժվար է դրան նայել այլ  դիտանկյունից: Մշակույթների միջև եղած տարբերությունները սկզբում կարող են շոկ առաջացնել: Սակայն որոշ ժամանակ անց, դուք սկսում եք նորովի նայել ձեր մշակույթին և ճանաչել մյուս մշակույթը: Նման բան պատահեց ինձ հետ ու դրան ավելացավ նաև անգլիական մշակույթը: Հիմա, տարիներ անց, ես արդեն բավականաչափ ծանոթ եմ իրանական մշակույթին ու այն ինչ տեսնում եմ, ինձ համար հասկանալի է:

Այս տարիների ընթացքում ես նաև հասկացա, որ մի անձի կամ մշակույթի թույլ կետը կարող է դրական կետ լինել մեկ այլ մշակույթի կամ անձի համար:

Օրինակ, մի անգամ Աթենքի բազմամարդ փողոցներից մեկում քայլելիս, Հոսեյնն ինձանից առաջ էր անցել: Եվ այդ պահին ես լսեցի, թե ինչպես էր հետևից եկող հույն տղամարդն ասում իր կնոջը. «Տես, թե ինչպես են արաբ տղամարդիկ քայլում իրենց կանանցից առաջ, դա ցույց է տալիս, որ նրանք այնքան էլ չեն հարգում իրենց կանանց»: Դեպքը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, և ես հիմա ինքս ինձ ասում եմ, որ իմ հայրենակիցներն ավելի քիչ նախապաշարմունք ունեն, կամ գուցե ես եմ ցանկանում, որ այդպես լինի:

«Ուրիշների» մասին մեր դատողությունների հիմքում սովորաբար նրանց վարքագիծը մեր մշակութային կանոնների մեջ ներառելու սովորությունն է: Այն ժամանակ Հունաստանում ընդունված էր, որ տղամարդիկ մուտքի դուռը բացեին կանանց համար ու քայլերին նրանց հետևից: Եվ հույն տղամարդը պնդում էր, որ այդպես չվարվող արաբը չի հարգում իր կնոջը: Իսկ իրականում, Հոսեյնն ինձանից առաջ էր քայլում, որպեսզի ամբոխի մեջ ինձ համար ճանապարհ բացեր: Անկախ նրանից, կին եք, թե՝ տղամարդ, երբ որևէ մեկի հետ քայլելիս հասնում եք մի տեղ, որտեղով կարող է անցնել ձեզանից միայն մեկը, ձեր ուղեկիցն ի նշան հարգանքի, կանգ է առնում և առաջարկում, որ դուք առաջինն անցնեք:

Նման իրավիճակում իրանցիները վարվում են հետևյալ կերպ.

Ա անձը կանգնում է և Բ անձին խնդրում ներս մտնել կամ անցնել ճանապարհով: Երկրորդն անում է  նույնը: Եթե Ա անձը տղամարդ է, իսկ Բ անձը՝ կին, ապա առաջինը, ներողություն խնդրելուց հետո, ներս է մտնում: Եթե երկուսն էլ նույն սեռի մարդիկ են, սովորաբար նրանց դիրքն է որոշում , թե ով առաջինը ներս կմտնի, անպայման՝ ներողություն խնդրելուց հետո: Սակայն ավելի բարձր դիրք ունեցող անձը, ի նշան հարգանքի, կարող է  իր ուղեկցին ձեռքի շարժումով առաջնորդել դեպի դուռը: Եթե դուք արտասահմանցի եք, իրանցիների համար հյուր եք, ուստի նման դեպքում ձեզ կարող են զիջել նաև տարիքով ավելի մեծերը: Եթե ցանկանում եք ձեզ պահել այնպես ինչպես իրանցիները, կարող եք նրանց առաջարկել առաջինը ներս մտնել, սակայն չսպասեք, որ նրանք դա կանեն:

Այս քննարկումն ուրիշ մշակույթը հասկանալու համար է: Մարդկանց վարքագիծն ավելի հեշտ կլինի հասկանալ, եթե այն դիտարկվի մշակութային արեժքների և ընդհանուր ու համաշխարհային տեսանկյունից: Եթե վարքագիծը դիտարկենք տարբեր արժեհամակարգերի սկզբունքների հիման վրա, ընկալումն ու մեկնաբանությունները տարբեր կլինեն, ներառյալ՝ քաղաքավարի և ուշադիր, կամ՝ կոպիտ և սառը: Սակայն տարբեր մարդիկ, անգամ «սառը» որակումը տարբեր կերպ են ընկալում: Որպես օրինակ, երբ ճամփորդում եք գնացքով, ամերիկացի ու բրիտանացի ճանապարհորդները շատ հազվադեպ են զրուցում մեկ ուրիշի հետ: Բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ ասում են. «Կներեք ինձ, կարո՞ղ եմ այստեղ նստել»: Այնուհետև նրանք բացում են թերթը կամ գիրքը,  կամ ականջակալներ դնում ականջներին։ Երբեմն նրանց պարանոցից կարող է կախված լինել «Խնդրում եմ, չխանգարել» գրությունը: Իրանցիների համար օրինակ, անսովոր է երկար ճանապարհ անցնել անծանոթի հետ և գնացքից դուրս գալ, առանց նրան ճանաչելու: Ուստի իրանցիները, որ սիրում են զրուցել անծանոթների հետ, ամերիկացիներին ու բրիտանացիներին սառն ու մեկուսացած են համարում և կարծում են, որ նրանց հետ հնարավոր չէ ընկերանալ: Իսկ պատճառն այս հասարակաություններում տարածված արժեքների ու սոցիալական նորմերի տարբերությունն է:

Ամերիկացիների և բրիտանացիների արժեհամակարգը ենթադրում է ազատություն, մենակություն և մեկուսացում: Մինչդեռ իրանցիների համար շատ կարևոր է լինել շփվող, ընկերասեր:

****

Ավարտվեց «Իրանցիների շրջանում» փոսքասթի հերթական թողարկումը:

Հաջորդ թողարկման ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնամ իրանցիների ընտանեկան ու ընկերական  հավաքներին:

 

Դուք կարող եք հետևել մեզ նաև  սոցցանցերում Ֆեյսբուքում, թվիթերում, թելեգրամում և ինստագրամում, հետևյալ հղումներով՝

facebook.com/parstoday.arm

twitter.com/radio_armenian

t.me/parstoday_arm

instagram.com/parstodayarmenian

Մի քանի օրից փոդքասթի տեքստը կտեղադրվի ռադիոյի կայքում՝ parstoday.ir/hy հասցեով:

 Կարող եք նաև ուղարկել մեզ ձեր կարծիքները էլեկտրոնային փոստով,որի հասցեն է  Armenianradio@ ws.irib.ir 

Եթե ​​այս փոդքաստի բովանդակությունը ձեզ հետաքրքիր էր, այն  տարածեք ձեր սոցիալական ցանցերում:

Շնորհակալություն մեզ հետևելու համար։Մնացեք խաղաղությամբ։  

----------------------------------------------------------------

 

Պիտակ