Ճանաչենք իսլամը (215)
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք ահեղ դատաստանի օրը հանցագործների ողորմություն խնդրելուն:
Երբ վրա հասնի ահեղ դատաստանի ժամը և իրականություն դառնա Աստծո տված խոստումը բարեգործները աննկարագրելի հրճվանք, իսկ մեղավորները հոգեմաշ տառապանք են ապրելու: Այդ օրը Ղուրանի վկայությամբ մարդ նույնիսկ փախչելու է իր ամենամոտիկ հարազատների՝ եղբոր, մոր, հոր, զավակների ու կնոջ մոտից և միայն խորհելու է իրեն փրկելու մասին: Այդ սարսափելի օրը հանցագործը պատրաստ է լինելու փրկության համար զոհաբերել ամեն ինչ ու ամեն մարդու:
Այդ պահին մեղավոր մարդը գոչելու է, թե որտեղ է փրկության ելքը: Նա մտահոգ ու տագնապահար նայելու է իր շուրջը, որպեսզի փրկության մի ելք գտնի: Երբեմն աջ ու երբեմն էլ ձախ է նայելու: Նա նկատելու է, որ նա ով բարի գործ է կատարել դա այդ օրը նրան փրկություն է բերել, սակայն իր ձեռքերն ունայն են և այդ իրավիճակից փրկվելու համար որևէ պաշար չունի: Այդ օրը մեղավորն ինքն իրեն լիարժեք փակուղում է տեսնելու և սկսելու է ողորմություն խնդրել մյուսներից:
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք ահեղ դատաստանի օրը հանցագործների ողորմություն խնդրելուն:
Ղուրանի այաների համաձայն հանցագործներն ահեղ դատաստանի ժամանակ տարբեր խմբերից ու անհատներից օգնություն են խնդրելու: Նրանք մի քանի փուլերում դիմելու են հավատացյալներին:
Ահեղ դատաստանի տեսարաններից մեկում, երբ մութ ու խավար է տիրում հանցագործները հավատացյալներին խնդրում են մտիկ անել իրենց և կամ մի քիչ դանդաղ շարժվել, որպեսզի հասնեն նրանց ու տեղավորվեն նրանց լույսի ներքո: Բայց բացասական պատասխան են ստանում: Նրանց ասվում է, որ վերադարձեք աշխարհ և այնտեղ լույս փնտռեք: Քանի որ լույսի աղբյուրն աշխարհում էր, բայց դուք նրանից շողեր չստացաք: Այլ խոսքով ահեղ դատաստանի այս սարսափելի խավարը հիշյալ անձանց աշխարհում տգիտության ու ունայնության խավարի մեջ հայտնվելու արտացոլանքն է:
Դժոխքի բնակիչները մեկ այլ տեղ դրախտի բնակիչներից օգնություն են խնդրելու: Այս կապակցությամբ «Աարաֆ» սուրայի 50-րդ այայում ասված է. «Եվ դժոխքի բնակիչները դրախտի բնակիչներին կանչելու են, թե Աստծո կողմից ձեզ տրված ջրից ու բարիքներից մեզ էլ բաժին հանեք: Նրանք ասելու են, թե Աստված դա արգելել է հավատուրացներին»:
Նրանից հետո երբ դրախտի ու դժոխքի բնակիչները կտեղավորվեն իրենց հատուկ վայրերում, նրանց միջև տարբեր զրույցներ ու վիճարկումներ են լինելու: Ցավալի վիճակում հայտնված դժոխքի բնակիչները գոչելու են և դրախտի բնակիչներից ջուր ու պաշար են խնդրելու, որպեսզի հագեցնեն այրող ծարավն ու մեղմեն իրենց ցավերը, բայց դրախտի բնակիչները մերժելու են նրանց ասելով, որ Աստված դա արգելել է հավատուրացներին:
Այս պատասխանը վկայում է այն մասին, որ դրախտի բնակիչները պատրաստ են այդ բարիքներից նրանց նվիրել, սակայն դժոխքի բնակիչների վիճակն այնպես է, որ նրանք չեն կարող այդ բարիքները վայելել: Սա մի տեսակ բնական պատիժ է: Նման է նրան, որ հիվանդները զրկվում են համեղ ու գույնզգույն ճաշերից: Գուցե այս պատիժը արձագանքն է նրանց արարքների, ովքեր աշխարհում նեղում էին հավատացյալներին և կամ մենաշնորհներ ստեղծելով նրանց զրկում էին ապրուստից և նրանց ճնշման ու պատժամիջոցների էին ենթարկում:
Իհարկե այս չարաբաստիկ ճակատագիրն իրենք են իրենց համար կերտել: «Աարաֆ» սուրայի 51-րդ այայում կարդում ենք. «Նրանք ովքեր իրենց կրոնը խաղի ու զվարճանքի առարկա դարձրին և աշխարհիկ կյանքը նրանց գոռոզացրեց: Այսօր մենք նրանց մոռանալու ենք, հենց այնպես որ նրանք մոռացան նման օրվա վրա հասնելն ու մերժեցին մեր այաները»:
Իրականության մեջ սրանք այն մարդիկ են, որոնք խաղի առարկա են դարձնում կրոնի ամենավեհ արժեքներն ու սկզբունքները և աշխարհիկ կյանքը նրանց խաբում է: Սա պատճառ է դառնում, որ նրանք մխրճվեն զեխությունների ու կամայականությունների մեջ և մոռանան ամեն ինչ, նույնիսկ մեռելների հարությունը և մերժեն Աստծո այաները:
Ամեն դեպքում բարեգործների բացասական պատասխանը ստանալով մեղավորները հիասթափվում են: Հետևաբար դիմում են հանցագործներին, հույս ունենալով, որ նրանց միջոցով կարելի կլինի փրկության ելք գտնել: «Մոըմեն» սուրայի 47-րդ և 48-րդ այաներում ասված է. «Եվ հիշիր այն պահը, երբ կրակում սկսելու են վիճել միմյանց հետ: Թույլերը բռնակալներին ասելու են. «Մենք ձեր հետևորդն էինք, արդյոք այսօր կարող եք այս կրակի մի մասը հեռացնել մեզանից»: Բռնակալներն ասելու են. «Այժմ մենք բոլորս դրա մեջ ենք, Աստված իր ծառաների հանդեպ արդար է եղել»:
Հանցագործների երկու խումբ վիճում են: Այաներից այնպես է հասկացվում, որ դժոխքում հանցագործների երկու խմբերը ճանաչում են միմյանց և ակնարկում են աշխարհում իրենց ճակատագրերին: Մեղավորներն իրենց առաջնորդներին ասում են, թե մի ամբողջ կյանք ծառայել ենք ձեր դրոշի ներքո և անսակարկ կերպով հանձնվել ենք ձեր հրամանների դիմաց, արդյոք այսօր կարող եք մեր պատիժը մի փոքր մեղմել:
Բռնակալներն իրենց հետևորդներին պատասխանելով ասելու են. «Մենք եւ դուք ընկել ենք դժոխքի կրակի մեջ և ընդհանուր ճակատագիր ունենք: Եթե կարողանայինք որևէ խնդիր լուծել, առաջինը մեր խնդիրը կլուծեինք: Այստեղ մենք անկարող ենք: Չենք կարող մեղմել ոչ ձեր և ոչ էլ մեր պատիժը»:
Ամեն դեպքում մեղավորները փորձելու են իրենց փրկել այդ օրվա բարդություններից ու տանջանքներից և իրենց մեղքը փաթաթել մյուսների, այդ թվում նեխած առաջնորդների կամ վատ ընկերների վզին, բայց չեն հաջողվելու: Դրա պատճառն այն է, որ բոլորը պատասխանատու են իրենց լավ ու վատ արարքների համար: Նա չի կարող միջավայրի նեխածության պատճառով շարունակել իր օրինախախտումները: Մարդը կամքի ու լիազորության տեր է և կարող է ընդդիմանալ ցանկացած նեխած համակարգի: Նա կարող է չհայտնվել միջավայրի ազդեցության ներքո և ընդհակառակը ազդել դրա վրա:
Ղուրանն այս կապակցությամբ օրինակներ է ներկայացնում: Փարավոնի կինը թեև ապրում էր Փարավոնի տանն ու ենթակա էր նրա նեխած համակարգին, այդուհանդերձ իր հավատքի ու կամքի շնորհիվ չհանձնվեց Փարավոնի դիմաց և նրա պալատի փառքն ու շքեղությունը չազդեցին նրա վրա: Հենց նույն այդ բռնահարող իշխանության պայմաններում նա դարձավ ժամանակի մեծ մարգարե Մովսեսի հետևորդը և իր կյանքը զոհաբերեց միակն Աստծո հանդեպ հավատքի ճանապարհին:
Հանցագործներն ու մեղավորները ուր որ դիմեն դռները փակ են գտնելու իրենց դիմաց: Նրանք այս անգամ դժոխքի պահակներից են օգնություն խնդրելու: «Մոըմեն» սուրայի 49-րդ և 50-րդ այաներում ակնարկ է կատարվել այս հարցին:
«Եվ նրանք, ովքեր հայտնվել են կրակում դժոխքի պահակներին ասելու են. «Ձեր արարչին խնդրեք, որ մեր տանջանքը մեղմի»: Նրանք ասելու են, որ արդյոք ձեր մարգարեները ձեզ հստակ ապացույցներ չտվեցին: Ասելու են. «Այո»: Նրանք պատասխանելու են. «Ուրեմն դիմեք Աստծուն»: Բայց հավատուրացների աղոթքը միայն մոլորություն է լինելու»:
Հանցագործներն այնպիսի ծանր վիճակում են հայտնվելու, որ ճարահատյալ նույնիսկ բավարարվելու են մեկ օրվա տանջանքի կրճատմամբ և խնդրելու են, որ նրանց տանջանքը գոնե մեկ օր պակսի, որպեսզի մի պահ հանգիստ առնեն: Բայց դժոխքի պահապաններն ասելու են, որ դուք ինքներդ հաստատում եք, որ Աստծո մարգարեները պարզ ապացույցներով ձեզ մոտ եկան, լսեցիք Աստծո պատգամը, բայց անտեսեցիք և ուրացաք ձեր հավատքը: Ինչո՞ւ այդ օրն այդ մասին չմտածեցիք: Հետևաբար ինչքան էլ որ աղոթեք, ձեզ օգուտ չի բերելու, քանի որ դժոխքում հավատուրացների աղոթքը չի ընդունվելու:
«Մոըմենուն» սուրայի որոշ այաներում ակնարկ է կատարվել այն հարցին, որ բռնակալներն ու բնռահարիչները դժոխքում օգնություն են հայցելու Աստծուց: 105-ից 107-րդ այաներում ասված է. «Նրանց կասվի, որ արդյոք իմ այաները ձեզ չէին փոխանցում, ապա ինչո՞ւ էիք դրանք մերժում: Կասեն. «Տեր արարիչ, դաժանությունը հաղթահարել էր մեզ և մենք մոլորված ժողովուրդ էինք: Տեր արարիչ, մեզ փրկիր այստեղից, եթե կրկին նույնը կատարեցինք անկասկած չարագործներ ենք լինելու և արժանի պատժի»:
Աստված բռնակալներին հանդիմանող ոճով ասելու է, որ արդյոք իմ մարգարեների միջոցով ձեզ չուղարկեցին իմ այաներն ու ապացույցները: Արդյոք ձեզ չազդարարեցի, մինչդեռ դուք շարունակ հերքում ու մերժում էիք:
Նրանք պատասխանելով ասելու են. «Այո, այդպես է տեր արարիչ» և նվաստանալով հաստատելու են, որ իրենք իրենց սեփական ձեռքով իրենց դժբախտացման պատճառ են դարձել և մոլորված ժողովուրդ են: Իհարկե նման խոստովանություն կատարելով հանցագործները փորձելու են արժանանալ Աստծո ողորմությանը, հետևաբար շարունակելով ասելու են. «Մեզ փրկիր այս կրակից, եթե կրկնեցինք մեր անցյալի գործերը, վստահաբար չարագործներ ենք և արժանի ենք դժոխքի»: Նրանք այն պայմաններում են դա ասելու, երբ ասես անտեղյակ են այն իրողության մասին, որ հավիտենականությունը պատիժ կրելու վայրն է, ոչ թե աշխատելու և հնարավոր չէ կրկին աշխարհ վերադառնալ:
Հաջորդ՝ 108-րդ այայում այսպիսի պատասխան է տրվում բռնահարիչներին: «Աստված ասում է հեռացեք ու դժոխք գնացեք և ինձ հետ մի խոսեք»:
Աստծո պատասխանը չափազանց կտրուկ է: Մնացեք դժոխքում, լռեք ու ինձ հետ մի խոսեք: Արդյոք մոռացել եք, որ իմ մի խումբ արժանավոր ծառաներ ինձանից ողորմություն էին խնդրում և ասում էին. «Տեր արարիչ հավատացյալ ենք դարձել, մեզ ներիր: Մեզ ողորմիր: Դու լավագույն ներողն ես»: Բայց դուք նրանց ծաղրում էիք: Ի վերջո հենց նույն այս վիրավորանքներն ու ծաղրանքները պատճառ դարձան, որ դուք մոռանաք ինձ և դա ձեր դժբախտության պատճառ դարձավ:
Իսկ այսօր չարագործ ու հոխորտացող թշնամիների վիրավորանքներին ընդդիմանալու և ճշմարտության ճանապարհին նրանց վճռականության պատճառով նրանց պարգևատրել եմ և մեծ հաղթանակի եմ արժանի դարձրել: