Ապրիլ 11, 2016 14:53 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի երրորդ համարը: Այս զրույցում խոսելու ենք շրջակա միջավայրը կազմող կարևորագույն տարրերից մեկի` ջրի նշանակության մասին: Ընկերակցեք մեզ:

 

Եթե մեկը տիեզերքից երկինքը դիտի, այն ջրով լեցուն կապույտ մոլորակ կտեսնի: Երկիր մոլորակի ջրային պաշարների ամբողջությունը շուրջ 1360 միլիոն խորանարդ կիլոմետր է հաշվարկվել, որը երկրագնդի շուրջ 71 տոկոսն է կազմում: Ջրերի 5.97 տոկոսը կազմում են ծովերի և լճերի աղի ջրերը, քաղցր ջրերը կազմում են միայն 5.2 տոկոսը: Այդ քաղցր ջրերի 3.0  տոկոսը կազմում են գետերի ջրերը, 8.30 տոկոսը ստորերկրյա ջրերը և 9.68 տոկոսը սառցե ջրերն ու լեռների ձյուներն են կազմում: Ուստի նկատի առնելով ջրային պաշարների սահմանափակությունը, օդից հետո, ջուրը երրորդ կարևոր տարրն է համարվում կենդանի օրգանիզմների համար: Ջուրը մեծ դերակատարություն ունի մարդկանց կյանքում և բնակչության թվի նվազման ու ավելացման հարցում: Ջուրը խթանում է տնտեսական, հասարակական և քաղաքական զարգացումը:

 

2015 թվականի հունիսին, Տաջիկստանի մայրաքաղաք` Դուշանբեում կայացած «Ջուրը կյանքի համար» գործողության 10-ամյա ծրագրի եզրափակման միջազգային համագումարում ունեցած ելույթում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Պան Կի Մունը հստակորեն բացատրեց ջրի նշանակությունը մարդկանց կյանքում: Նա ասաց.«Ջուրը կյանք է, ջուրն առողջություն է, ջուրը մարդկային արժանապատվություն է, ջուրը մարդու իրավունքն է: Մեր կյանքի համար ջրից կարևոր ոչինչ չկա»:

 

Դա իրողություն է, որ ջուրն անհրաժեշտ է երկրագնդի գոյության շարունակման համար: ՄԱԿ-ի հայտարարության համաձայն, յուրաքանչյուր մարդ օրական 20-50 լիտր մաքուր ջրի կարիք ունի: Սակայն այսօր մեկ միլիարդ մարդ, այսինքն յուրաքանչյուր 7 հոգուց մեկը հասանելիություն չունի մաքուր և մշտական ջրի: Ամեն օր ապականված և անառողջ ջրի օգտագործման հետևանքով կյանքից զրկվում են հինգ տարին չբոլորած 5000 երեխաներ: Աղտոտվածությունից բացի, միջազգային զգուշացումները վկայում են, որ ավելի քան 2.7 միլիարդ բնակչությամբ 46 երկիր ջրի ճգնաժամ է դիմագրավում, որի գլխավոր պատճառը կենսոլորտային փոփոխություններն են: Աշխարհի որոշ շրջաններում ջրի սակավությունն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ մարդկանց գլխավոր մտահոգությունը մի կաթիլ մաքուր ըմպելի ջուր գտնելն է: Փորձագետների կանխատեսումների համաձայն, կենսոլորտային փոփոխությունների և տեղումների նվազման պատճառով, խորանում է ջրի ճգնաժամը և տարեց տարի մեծանում է ջրի պահանջարկը գյուղատնտեսության և արդյունաբերության համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, մինչև տասը տարի աշխարհի որոշ շրջաններում 1.8 միլիարդ մարդ  ջրի սահմանափակ պաշարներ է ունենալու և նրանց երկու երրորդը ջրի սակավություն է դիմագրավելու:

 

******************

 

Ջրի սակավության հետևանքով աշխարհում նվազելու է սննդի և էներգիայի արտադրությունը և պետությունները բազում մարտահրավերների առջև են կանգնելու:

 

Ջրի հարցերով միջազգային փորձագետ` Ալեքսանդր Կուստովան «Water Politics» պարբերաթերթում անդրադարձել է այդ իրողության և գրել է.«Ապագայում ջրի սակավությունն ազդելու է տնտեսական աճի վրա և քաղաքական անկայունության ու մարտահրավերների պատճառ է դառնալու: Ջուրն այնքան կարևոր է, որ կարող է նավթի տեղն զբաղեցնել: Մինչև 2025 թվականը աշխարհի բնակչության ավելի քան կեսը, իսկ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության ավելի քան 75 տոկոսը ըմպելի ջրի սակավություն է դիմագրավելու: Ոմանք ջուրը 21-րդ դարի նավթ են համարում: Միգուցե այս բնութագրումները ճշգրիտ չլինեն, սակայն բացահայտ իրողություն է, որ ապագայում ջրին հասանելիությունը պետությունների քաղաքականությունների և տնտեսական զարգացման բանալին է լինելու:

 

Ավելի վաղ, «Foreign policy» պարբերաթերթի վերլուծաբան` Շին Հերիսը գրել է, որ կենսոլորտային փոփոխությունները և ջրի սակավությունն ապագայում ազգերի միջև ճգնաժամի են հանգեցնելու: Նա ասել է.«Եկեք մոռանանք ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարցը: Ապագայում գլխավոր ճգնաժամը ջրի սակավությունն է լինելու, որը երկրների միջև պատերազմ է հրահրելու: Կան խնդիրներ, որոնք տարբեր ձևերով երկրների միջև հակամարտության պատճառ են դառնում, սակայն մոտ ապագայում պետությունների միջև լարվածության սրման գլխավոր պատճառն է լինելու ջրի սակավությունը»: Իր հոդվածը շարունակելով Շինն անդրադարձել է Աֆրիկայի արևելքում տիրող ջրի ճգնաժամին և գրել է.«Երաշտի պատճառով և ջուր ձեռք բերելու համար ընդհարումներ են տեղի ունենում Սոմալիայի ցեղախմբերի միջև»: Փաստերը վկայում են, որ ներկայումս ևս տարաձայնություններ և լարվածություններ են ծագել ջրի հարցով: Օրինակ, երկու տարի առաջ, Նեղոսի ջրի հարցով տարաձայնություններ ծագեցին Եգիպտոսի և Եթովպիայի միջև և երկու երկրներն անգամ հայտնվեցին պատերազմի սեմին: Ջրի սակավություն դիմագրավող Հորդանանի պաշտոնատարները զգուշացրել են, որ ջրի պատերազմը կարող է ավելի արյունալի լինել քան արաբական գարունը:

 

Հաղորդումները վկայում են, որ Իսրայելը պաղեստինցիներից երեք անգամ ավելի շատ է օգտվում ջրային պաշարներից: Այդ իսկ պատճառով ջրային պաշարների օգտագործման հարցը Սիոնիստական ռեժիմի և ինքնավար վարչակազմի մշտական վեճերից է եղել: Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի ջրային պաշարների շուրջ ևս տարաձայնություններ կան: Ջրի հարցերով փորձագետների մեծ մասն այն համոզման է, որ Սիրիայի ընդդիմությանն աջակցելու և այդ երկրի իշխանության կործանմանը ձգտելու Թուրքիայի պատճառներից մեկը Տիգրիսի ու Եփրատի հարցով Սիրիայի հետ տարաձայնությունն է: Սիրիան ևս բազմիցս քաղաքական լծակներ է օգտագործել ջրի հարցով Թուրքիային ճնշման տակ դնելու համար:

 

*************

 

Հնդկաստանի և Պակիստանի միջև ևս խնդիրներ կան Ինդոս գետի հարցով: Հիմալայան լեռներից ակունք առնող գետերին տիրանալու համար խիստ տարաձայնություններ կան Չինաստանի, Նեպալի, Հնդկաստանի և Բանգլադեշի ու Հնդկաստանի միջև և բոլորը ձգտում են ավելի մեծ բաժին ունենալ այդ գետերից, որոնք ապահովում են շուրջ 500 միլիոն մարդու ջրի կարիքը: Միջին Ասիայում լարվածություններ կան Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի միջև Արալի ծովից ակունք առնող Ամուդարյա, Սիրդարյա և մի քանի այլ գետերի հարցով: Հարավային Ամերիկայում, Արգենտինան և Ուրուգվան Փլաթ գետի շուրջ հակամարտության թղթածրարը փոխանցել են Հաագայի միջազգային դատարանին: Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և Մեքսիկան այն համոզման են, որ ավելի մեծ բաժին ունեն Ռիոգրանդե և Կոլորադո գետերից և այդ հարցը տարաձայնության թեմա է երկու երկրի միջև:

 

Աֆրիկայի մայրցամաքում Բոտսվանայի, Մոզամբիկի, Զամբիայի և Զիմբաբվեի միջով անցնող գետը լարվածություն է առաջացրել այդ երկրների հարաբերություններում: Երկու երկրի համատեղ ջրային պաշարների վերահսկման հարցով ևս վեճեր են գնում Սենեգալի և Մավրիտանիայի միջև: 2014 թվականին, Նյու-Յորքում, կենսոլորտային փոփոխությունների թեմայով կայացած վեհաժողովում, ԻԻՀ նախագահ` դկտ. Ռոհանին ասել է.«Մարդու համար անհրաժեշտ որևէ նյութի սակավությունը կարող է հակամարտության կամ պատերազմի պատճառ դառնալ և դա անհերքելի իրողություն է»:

 

Ուստի ապագա աշխարհը ջրի աշխարհ է լինելու և ջրի նշանակության պատճառով ընկերությունները ցանկանում են մեծացնել այդ ոլորտում ներդրումները: Օրինակ Բրիտանիան քննարկում է Շոտլանդիայի ջուրը խողովակագծով իր երկիր փոխադրելու նախագիծը: Թուրքիան ևս մտադիր է նման նախագիծ իրականացնել և ջուր վաճառել կենտրոնական Եվրոպային, Կիպրոսին, Հունաստանին, Եգիպտոսին և Մալտային: Ուստի կարելի է ասել, որ համաշխարհային փոխանակումներում երկրները, որոնք անկախություն ունեն ջրի ապահովման հարցում, ավելի լավ պայմաններ են ունենալու մյուս երկրների համեմատությամբ: Գալիք տասնամյակներում երկրները, որոնք կարողանան ջրի առևտրով զբաղվել, մեծ շահ են ունենալու: Իհարկե նման գործընթացի տարածվելը հակազդեցությունների տեղիք է տալու մարդու իրավունքների պաշտպանների կողմից: Նրանք համոզված են, որ ջուրը նման է օդին և չպետք է վճարել դրա դիմաց: Մեծ թվով պետություններ ևս պնդում են, որ ջուրը մարդկային իրավունք է և չի կարելի այն սեփականություն համարել: Որովհետև ջրի իրավունքից զրկել նշանակում է զրկել ապրելու իրավունքից:

 

****************

 

Հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման եթերաժամը մոտենում է ավարտին: Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: Մինչ այդ Ձեզ ցանկանում եմ լավագույնը: