Հունիս 08, 2020 09:27 Asia/Yerevan

«Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ այսօր կխոսենք երեխայի դաստիարակության մեջ գովեստների և քննադատությունների դերի մասին։ Ընկերակցեք մեզ։

Հոգատար ու խելամիտ մայրիկները միշտ գովում են իրենց երեխաներին: Այդ գովասանքը սկսվում է անմիջապես նրանց ծնվելուն պես: Ծնողները հպարտանում ու հիանում են իրենց երեխայի բոլոր, նույնիսկ ամենաչնչին հաջողություններով, պատմում ընկերներին ու հարազաատներին և անում ամեն բան, որ երեխան տեսնի, թե ինչպես են իրենց գովում բոլորի ներկայությամբ: Իսկ եթե նա հասնում է լուրջ հաջողությունների, ապա ընտանիքի ծափահարություններն ու գովասանքի խոսքերը պարտադիր են:

Հարկավոր է սովորել նկատել երեխայի բոլոր դրական հատկանիշներն ու արարքները և խրախուսել նրան: Սա հնարավոր է լիովին փոխի նրանց պահվածքը: Բացի այդ, թույլ տվեք նրան երբեմն «ականջ դնել» այն բանին, թե ինչպես եք նրա հաջողությունների մասին պատմում ձեր ընկերներին:

Եվ այսպես որոշ մարդիկ ասում են, որ ինչքան էլ գովես երեխային, երբեք շատ չի լինի։ Ուրիշներն էլ մտածում են, թե երեխային չափից շատ գովելով՝ ծնողները նրան երես կտան, և նա կսկսի մտածել, թե ինքը առանձնահատուկ իրավունքներ ունի, և բոլորը պարտավոր են անել իր ուզածը։

Այս հարցում կարևոր է ոչ միայն այն, թե որքան եք գովում ձեր երեխային, այլև այն, թե ինչի համար եք գովում։ Ինչպիսի՞ գովեստը կարող է երեխայի համար քաջալերական և օգտակար լինել։ Եվ ինչպիսի՞ գովեստը գուցե կվնասի նրան։ Ինչպե՞ս կարող եք գովել ձեր երեխային, որ դա իսկապես օգտակար լինի նրա համար։

 

Ի՞նչ պետք է իմանալ

Ամեն գովասանք չէ, որ օգտակար է։ Ներկայացնում եմ գովեստի հետ կապված որոշ մտքեր։

Չափից շատ գովելը օգտակար չէ։ Որոշ ծնողներ տեղի-անտեղի գովեստի խոսքեր են շռայլում իրենց երեխաներին՝ մտածելով, որ այդպես ինքնահարգանք կզարգացնեն նրանց մեջ։ Բայց ինչպես նշում են հոգեբանները, երեխաները «բավականին խելացի են ու կարող են հասկանալ, թե ձեր ասածներից ինչն է չափազանցություն։ Հասկանալով, որ արժանի չէին [այդ գովասանքին]՝ նրանք գուցե կորցնեն վստահությունը ձեր նկատմամբ»։

 Ունակությունների համար գովելը կարող է ինչ-որ չափով օգտակար լինել։ Ենթադրենք՝ ձեր դուստրը նկարչական ունակություններ ունի։ Դուք ցանկանում եք դրա համար գովել նրան, քանի որ դա կարող է մղել նրան բարելավելու իր ունակությունները։ Սակայն կա մի վտանգ։ Երբ ձեր երեխային գովում եք միայն իր ունեցած ունակությունների համար, նա կարող է մտածել, որ ինքը պետք է զբաղվի միայն այն բանով, ինչը ավելի հեշտությամբ է կարողանում անել։ Երեխան նույնիսկ գուցե խուսափի ինչ-որ նոր բան անելուց՝ վախենալով, թե իրեն ոչինչ չի հաջողվի։ Նա կարող է մտածել. «Եթե ինչ-որ բան անելու համար պետք է ջանքեր թափեմ, ապա դա նշանակում է, որ դա իմ խելքի բանը չէ, ուրեմն էլ ինչո՞ւ ջանք գործադրեմ»։

Ամենաօգտակարը ջանքերի համար գովելն է։ Երբ երեխաներին գովում են ոչ թե պարզապես նրանց ունակությունների, այլ նրանց թափած ջանքերի և հաստատակամության համար, նրանք հասկանում են մի կարևոր ճշմարտություն. հմտություններ ձեռք բերելու  համար անհրաժեշտ է համբերություն և աշխատասիրություն։ Դա գիտակցելով՝ նրանք «շատ ջանք են թափում, որ լավ արդյունքի հասնեն.... Եվ եթե նույնիսկ մի բան լավ չի ստացվում, նրանք չեն մտածում, թե իրենց այլևս ոչինչ չի հաջողվի, այլ սովորում են իրենց սխալներից»։

Ի՞նչ կարող ենք անել

Գովեք ոչ թե ունակությունների համար, այլ ջանքերի։ Օրինակ՝ ցանկանալով գովել ձեր երեխային նրա նկարած նկարի համար՝ գուցե ասեք նրան. «Ապրես, դու իսկական նկարիչ ես»։ Սակայն ավելի լավ կլինի, որ նրան ասեք. «Գեղեցիկ է ստացվել, երևում է, որ շատ ջանք ես թափել»։ Ինչ խոսք, այս երկու տարբերակներն էլ գովեստի խոսքեր են, սակայն առաջինը գուցե երեխային այն միտքը ներշնչի, թե նա կարող է հաջողությամբ անել միայն այն, ինչն անելու բնատուր ունակություններ ունի։

Իսկ եթե երեխային գովեք ջանքերի համար, դուք նրան կսովորեցնեք, որ ունակությունները կարելի է բարելավել՝ շատ ջանք թափելով և շատ աշխատելով։ Այդ դեպքում ձեր երեխան ավելի մեծ պատրաստակամությամբ ու վստահությամբ նորանոր հանձնարարություններ ու գործեր կկատարի։

Օգնեք ձեր երեխային, որ չհուսահատվի, երբ որևէ բան չի ստացվում։ Սխալներ են անում նույնիսկ լավ մարդիկ, գուցեև շատ անգամ։ Բայց երբ նրանք սայթաքում են, կրկին ոտքի են կանգնում, սովորում են իրենց սխալից և գնում են առաջ։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխային զարգացնելու այսպիսի դրական տրամադրվածություն։

Այս դեպքում ևս անհրաժեշտ է կենտրոնանալ ջանքերի վրա։ Ենթադրենք՝ ձեր դստերը հաճախ ասում եք. «Իմ աղջիկը իսկական մաթեմատիկոս է»։ Բայց պատկերացրեք, որ նա մաթեմատիկայի քննությունը լավ չի հանձնում։ Նա գուցե եզրակացնի, որ ինքը կորցրել է իր տաղանդը, ուստի չարժե այլևս ջանքեր թափել բարելավումներ անելու համար։

Իսկ կենտրոնանալով երեխայի գործադրած ջանքերի վրա՝ կօգնեք նրան զարգացնելու հաստատակամություն։ Նաև այդպես կօգնեք նրան մտածելու, որ եթե այս անգամ ինչ-որ բան չի ստացվել, ապա դա ընդամենը թերացում է, և հնարավոր է ամեն բան շտկել։ Արդյունքում նա չի վհատվի ու չի հանձնվի և գուցե ուրիշ մեթոդներ փորձի կամ պարզապես ավելի շատ ջանք թափի։

 Տվեք օգտակար խորհուրդներ։ Եթե երեխային խորհուրդ տաք ճիշտ ձևով, ապա նա ձեր խորհրդից թևաթափ չի լինի և օգուտներ կքաղի։ Բացի այդ, եթե կանոնավոր կերպով և տեղին գովեք ձեր երեխային, ամենայն հավանականությամբ, նա ավելի պատրաստակամորեն կընդունի ձեր խորհուրդը։ Արդյունքում նա հաջողությունների կհասնի և դա ուրախություն կպատճառի և՛ նրան, և՛ ձեզ։

Եթերում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը․․․Լսենք հոգեբանի շատ օգտակար խորհուրդները..

***

Հոգեբանները մշակել են մանրամասն ցուցումների շարք, թե ինչպես ճիշտ գովել երեխային: Ամփոփ կերպով դրանք կարելի է շարադրել այսպես.

Գովել կարելի է միայն արած գործի համար, բայց միևնույն ժամանակ չի կարելի անտեսել երեխայի ձեռքբերումները:

Գովասանքը պետք է լինի անթերի. չի թույլատրվում համեմատականներ անցկացնել այլ երեխաների հետ, կամ գովասանքից հետո շարունակել այսպես' «բայց…»

Խորհուրդ չի տրվում գովել ամեն մանրուքի համար. դա կկորցնի գովասանքի իմաստը: Երեխան կարող է սովորել նման վերաբերմունքին և յուրաքանչյուր քայլից առաջ սպասել գովասանքի:

Եթե արդեն գովել եք երեխային ինչ-որ հաջողության համար, խորհուրդ չի տրվում որոշ ժամանակ անց բացատրել նրան, թե իրականում իր հաջողությունն այնքան էլ մեծ չէ: