Մի գավաթ անդորր(251․Ինչպե՞ս հաղթահարել դեռահասության ճգնաժամը Մաս Ա)
Հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ դեռահասության շրջանը մարդու կյանքում ամենադժվարին, հակասական և բեկումնային իրադարձությունների ժամանակահատվածն է: Դեռահասության տարիքը համարվում է մարդու կյանքի և ընդհանուր զարգացման ամենագլխավոր շրջանը, որը նաև մասնագետները անվանում են «ճգնաժամային տարիք»: Այս թողարկման ընթացքում խոսելու ենք դեռահասության ճգնաժամը հաղթահարելու մասին։ Ընկերակցեք մեզ։
Դեռահասության շրջանը բնորոշվում է ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման բազմաթիվ առանձնահատկություններով: Դեռահասի անձի զարգացման հիմնախնդիրը ոչ միայն հոգեբանամանկավարժական, այլև սոցիալական կարևորագույն խնդիր է: Հենց այս տարիքում է մարդն անցնում իր զարգացման կարևորագույն ուղին` հաղթահարելով ներքին և արտաքին բազմաթիվ կոնֆլիկտներ, ձեռք բերելով անձնավորություն լինելու զգացողություն: Դեռահասի հաղորդակցման հիմնախնդիրը բազմիցս ուսումնասիրել են բազմաթիվ հոգեբաններ: Նրանցից շատերի կարծիքով դեռահասի հետագա սոցիալականացման և ժամանակակից հասարակությանն ինտեգրվելու գործընթացը մեծապես կախված է վերջինիս հաղորդակցային ոլորտի զարգացման արդյունքներից: Գրեթե բոլոր հոգեբանները համակարծիք են, որ հաղորդակցումն անգնահատելի դեր ունի դեռահասի անձի զարգացման գործում, ուստիև սկզբունքորեն կարևոր է դառնում վերջինիս առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Հաղորդակցումը մարդկանց փոխազդեցության գործընթաց է: Դրա շնորհիվ արտահայտվում և ձևավորվում են միջանձնային հարաբերությունները:
Հասակակիցների հետ շփումը դառնում է դեռահասի ամենակարևոր պահանջմունքներից մեկը, քանի որ այս տարիքի երեխաներն ունեն մի շարք առանձնահատուկ հետաքըրքրություններ և հուզող հարցեր, որոնց բավարարումը հնարավոր է միայն անմիջական շփման միջոցով: Դեռահասի համար առանձնապես կարևորվում են հարաբերությունները համադասարանցիների հետ: Դասարանում դեռահասի ձեռք բերած կարգավիճակը կարող է վճռորոշ դեր ունենալ նրա հետագա սոցիալականացման, վարքի և ինքնագնահատականի համար:
Միմյանց հետ շփման կարևորությունն այն է, որ դեռահասները շփվում են իրավահավասարության սկզբունքով, ինչը մեծերի հետ շփման ընթացքում գրեթե անհնարին է: Շփման գործընթացում նրանց միջև ձևավորվում է ռեֆլեքսիայի ունակություն: Նրանք ակտիվորեն վերլուծում են և՛ սեփական, և՛ ընկերների գործողությունները, վարքը: Մյուս կարևոր պատճառը «ազատ» շփվելու հնարավորությունն է: Հասակակիցների հետ շփվելով` դեռահասը փորձում է կայանալ որպես անձնավորություն, պարզել սեփական հնարավորությունները, իսկ այդ ամենն իրականացնելու համար վերջինիս անհրաժեշտ են անձնական ազատություն և սեփական պատասխանատվություն: Ազատ ինքնաարտահայտվելու հնարավորությունն օգնում է դեռահասին ինքնահաստատվել, ընկերների շրջանում ձեռք բերել «մեծ» լինելու զգացողություն, որն էլ այս տարիքային խմբի կարևոր հատկանիշներից է: Դեռահասի համար էական նշանակություն ունի հասակակիցների կարծիքը սեփական անձի և գործունեության վերաբերյալ: Հետևելով հասակակիցներին և կրկնօրինակելով նրանց` դեռահասն սկսում է իր մեջ զարգացնել ընկերների շրջանում առավել գնահատված որակներ: Տեղի է ունենում այսպես կոչված արժեքների վերագնահատում, ձևավորվում է բարոյագեղագիտական արժեքների նոր համակարգ:Ընդ որում, շատ հաճախ այդ արժեքներն ավելի կարևոր նշանակություն են ստանում դեռահասի համար, քան մեծահասակների մեջ առկա արժեքները:
***
Դեռահասի հանդեպ ծնողների դիրքորոշումն ու դաստիարակության համապատասխան ոճերը կարող են մեծապես վնասել նրա հետագա հոգեկան և սոցիալական զարգացման գործընթացին: Չի խրախուսվում դաստիարակության ավտորիտար, գերհոգատար կամ խիստ վերահսկող դիրքորոշումը, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է բացասական ազդեցություն ունենալ հետագայում: Ավտորիտար դիրքորոշումը հանգեցնում է կամ չափազանց ամոթխածության, անհամարձակության կամ դաժան բնավորության ձեռքբերմանը: Խիստ հոգատար և վերահսկող վերաբերմունքի դեպքում երեխան դառնում է անվճռական, ինքնուրույնությունից զուրկ, անհամարձակ: Ուստի ամենաշահեկան դիրքորոշումը մեծահասակի կողմից ընկերոջ կարգավիճակի ձեռքբերումն է, որը և կօգնի երեխային հաղթահարելու դեռահասության ճգնաժամի դժվարությունները և բարենպաստ հարաբերություններ հաստատելու վերջինիս հետ: Դեռահասի հաղորդակցային ունակությունների զարգացման գործընթացում մեծ է նաև ուսուցչի դերը: Վերջինս պետք է օժտված լինի մասնագիտական և անձնային համապատասխան կարողություններով, տեղեկացված լինի աշակերտի տարիքային առանձնահատկությունների մասին: Հայտնի է, որ տարիքային այս փուլում առավել հաճախ են տեղի ունենում կոնֆլիկտներ ուսուցչի և աշակերտների միջև: Պատճառները բազմաթիվ են և բազմաբնույթ: Հիմնական պատճառներից են աշակերտի գործողությունների անսպասելիությունը, որը խախտում է դասի բնականոն ընթացքը, ուսուցչի և աշակերտների փոխհարաբերությունների բնույթը, ուսուցչի անձնային որակները (դյուրագրգիռ բնավորություն, վրեժխնդրություն, գոռոզություն), աշակերտի անձնային որակները, ուսուցչի կողմից իրավիճակը օբյեկտիվ գնահատելու կարողության բացակայությունը, մանկավարժական կարողությունների բացակայությունը, անձնական խնդիրները, տրամադրության անկումը և այլն: Կոնֆլիկտային իրադրությունը հարթելու կարևոր նախապայմանը ուսուցչի կողմից գրագետ հոգեբանական վերլուծության իրականացումն է: Դրա իրականացման համար անհրաժեշտ է, որ ուսուցիչը կարողանա պահպանել հետևյալ պահանջները` նայել իրավիճակին աշակերտի աչքերով, ցուցաբերել բարեհամբույր ջերմ վերաբերմունք յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ, ստեղծել ազատ ինքնաարտահայտման և քննադատության համար համապատասխան պայմաններ, կարողանալ կառավարել և՛ սեփական, և՛ խմբի տրամադրությունը և այլն: Սակայն այս ամենն իրականացնելը գործնականում չափազանց դժվար է և պահանջում է համալիր մոտեցում: Ծնողները պետք է հիշեն, որ իրենց երեխայի անձի ձևավորման գործընթացում շատ կարևոր է համագործակցությունը ուսուցչի հետ: Ակնհայտ է, որ դեռահասի սոցիալականացման կատարելագործմանը ներկայացված պահանջները մեծ են և խիստ բարդ, սակայն, ըստ էության, ոչ միշտ են լիարժեք օգտագործվում այն բոլոր հնարավորությունները, որոնք կնպաստեն երեխայի սոցիալականացման գործընթացի բարելավմանը: Ուստի և ուղղակի անհրաժեշտ է մշակել գործնական այնպիսի ծրագրեր և մեթոդներ, դպրոցում ստեղծել մանկավարժահոգեբանական այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն դեռահասին լուծելու հաղորդակցման հետ կապված դժվարությունները, դառնալու հաղորդակցման առումով մտահասու և կայուն անձնավորություն։
***
Այս տարիքում դեռահասի ամենաառաջնային խնդիրը իրեն «հասկացող ու սրտակից» մարդ գտնելն է, ում նա կվստահի իր բոլոր գաղտնիքները (հաճախ այդ մարդը լինում է օտար մեկը):
«Ես սուր կերպով եմ տանում այն ամենը, ինչ ասում են ծնողներս՝ որտե՞ղ էիր, ինչո՞ւ ուշացար, չէ՞ որ ես արդեն մեծ եմ և լավ գիտեմ, թե ինչ եմ անում...»,- այսպես է արտահայտվում 14-ամյա մի պատանի:
Դեռահասության տարիքում հատկապես շատ են անհանգստություն պատճառում մաշկի թերությունները, ավելորդ քաշը:
Աղջիկներն իրենց արտաքինին սկսում են ավելի մեծ նշանակություն տալ, օգտագործում են կոսմետիկա, հագնում են բարձրակրունկ կոշիկներ, որը սակայն նախընտրելի չի համարվում:
Իսկ ի՞նչ պետք է անել հնարավորին չափ օգնելու համար դեռահասին, զերծ պահելու նրան սխալ քայլերից ու շրջապատի վատ ազդեցությունից:
Սա շատ նուրբ հարց է, և որոշակի լուծում առաջարկելը ճիշտ չի լինի: Պարզապես ամեն մի ծնող, ունենալով դեռահաս երեխա, պետք է հիշի իրեն այդ տարիքում ու ըստ այդմ վարվի նրա հետ ճիշտ: Հարկավոր է "շահել" դեռահասի վստահությունը, չստիպել ու չզայրացնել նրան, չկպչել նրա հոգու նուրբ թելերին: Չէ՞ որ ամեն մի խոսքն ու ժեստը շատ սուր են ընկալվում այդ շրջանում: Փորձե՛ք խոսել նրա հետ, կիսե՛ք ձեր պրոբլեմները նրա հետ, ինչպես մեծի հետ, ցո՛ւյց տվեք, որ հարգում եք նրա «ես»"-ը:
Երբեք մի՛ համեմատեք ձեր երեխային որևէ մեկի հետ, օրինակ՝ "քո ընկերը(ուհին) այդպիսին չէ... նմանվի՛ր մի քիչ եղբորդ" և այլն: Այսպիսի արտահայտությունները հաճախ կարող են վատ անդրադառնալ դեռահասի ներքին պատկերի և ինքնագնահատականի վրա:
Կարողացե՛ք լինել ոչ թե ծնող, այլ լավ ընկեր դեռահասի համար, խոսե՛ք նրան հուզող թեմաներից, մի՛ ամաչեք, չէ՞ որ ցանկության դեպքում նա իր հարցի պատասխանը կարող է ստանալ սխալ աղբյուրներից: