Իրանահայ հանրահայտ գործիչներ (5.Դոկտոր Հարություն Դավթյան)
Իրանահայ համայնքը Իրանում ապրած դարերի ընթացքում ծնել, դաստիարակել և այս հողին ու ջրին է ընծայել նվիրյալ զավակներ: Զավակներ, որոնք ստացած դաստիարակության արդյունքում իրենք իրենց համարել են իրանական մեծ ընտանքի անքակտելի մասը:
Զավակներ, որոնք ինչպես իրանահայ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր մայեստրո Լորիս Ճգնավորյանն է ասում, իրենց ոչ թե փոքրամասնություն այլ մեծամասնություն են համարում և անում են ամեն ինչ Իրանի առաջադիմության ու բարգավաճման համար, քանի որ Իրանի առաջադիմությունը իրենց առաջադիմությունն է, Իրանի բարօրությունը իրենց բարօրությունն է, որովհետև եթե կա ընտանիքի հասկացություն այլևս իմաստազրկվում են փոքրամասնություն և մեծամասնություն հասկացությունները:

Հարգելի բարեկամներ այսօր ուզում ենք միասին խոսել Իրանահայ հանրահայտ մի այլ գործչի իրանահայ անվանի գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԻԻՀ բժշկագիտության ակադեմիայի անդամ, ԻԻՀ Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ազգային և հասարակական գործիչ Դոկտոր Հարություն Դավթյանի մասին: Գործիչ, ով իր կատարած աշխատանքի բերումով կոչվել է Իրանի նորագույն հոգեբուժության հայր:
Հարություն (Հարմիկ) Դավթյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 21-ին, Թեհրանում: 1936 թ. ավարտել է Թեհրանի «Հայկազեան» երկսեռ դպրոցը, իսկ 1942-ին` Թեհրանի ամերիկյան քոլեջը: 1948 թ. ավարտել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1950 թ. ստացել բժշկության դոկտորի կոչում: 1950-87 թթ. աշխատել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության բաժնում, որպես ասիստենտ, պոլիկլինիկայի վարիչ, պրոֆեսորի օգնական, պրոֆեսոր, բաժնի վարիչ: 1955 թ. Թեհրանի համալսարանի կողմից ստացել է «մասնագետ հոգեբույժի» գիտական կոչում: 1958 թ. նույն կոչումին արժանացել է նաև Լոնդոնի հոգեբուժության ինստիտուտի կողմից: 1967-72 թթ. Թեհրանի համալսարանի առողջապահական ֆակուլտետում դասավանդել է մտային առողջապահություն: 1970-74 թթ. եղել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետի վարչական խորհրդի անդամ, 1971-75 թթ.` գիտահետազոտական կոմիտեի անդամ: 1979-83 թթ. եղել է Թեհրանի «Ռուզբեհ» հոգեբուժական հիվանդանոցի կառավարիչ: 1959-73 թթ. հիմնադրել և հաջորդաբար եղել է Իրանի հոգեբուժական միության ատենադպիրը, իսկ 1996-ից` ԻԻՀ հոգեբուժական միության նախագահը: 1988-ից եղել է ԻԻՀ առողջապահության նախարարությանն առընթեր «Երկրի հոգեբուժական հոգեբանական կոմիտեի» նախագահը:
1993 թ. ընտրվել է ԻԻՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ: 1970-91 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հոգեկան առողջության բաժնի փորձագետ: 1971-83 թթ. եղել է Հոգեբույժների համաշխարհային ընկերության կոմիտեի անդամ, 1977-85 թթ.` էթիկայի հանձնաժողովի անդամ, 1989 թ-ից` ռազմական հոգեբուժության բաժնի անդամ: 1970 թ-ից եղել է Անգլիայի Թագավորական ընկերության բժշկական բաժնի անդամ: Անգլիայի Հոգեբույժների թագավորական քոլեջի 100 հիմնադիր անդամներից մեկը ընտրվելու առթիվ արժանացել է «Հոգեբույժների թագավորական քոլեջի գիտական ընկերության հիմնադիր անդամի» կոչումին:
1998 թ. արժանացել է ԻԻՀ ԳԱ պատվավոր անդամի կոչումին:
1999 թ. Համբուրգում կայացած Հոգեբույժների միջազգային 11-րդ համագումարում Համաշխարհային հոգեբուժական ընկերության կողմից արժանացել է «Հոգեբուժության առաջնորդ» տիտղոսին:
Կազմակերպել է Կլոր սեղաններ և միջազգային գիտաժողովներ: Բազմաթիվ փայլուն ելույթներ է ունեցել տարբեր երկրներում կայացած միջազգային ու համաշխարհային գիտաժողովներում:
Նրա գիտական աշխատությունները վերաբերում են հոգեկան հիվանդությունների կլինիկական տարատեսակների ուսումնասիրությանը, հոգեբուժության և բժշկական այլ մասնագիտությունների միջև եղած կապին, Իրանի հոգեբուժության պատմության հարցերին: Հեղինակն է ավելի քան 150 գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից են «Ընկճվածության ճանաչումը և բուժումը պարսկական մշակույթում» և «Իրանի հոգեբուժության պատմությունը» հիմնարար աշխատությունները:
Չնայած իր բազմազբաղ գիտական, մանկավարժական ու կլինիկական գործունեությանը, գիտնականը ակտիվորեն մասնակցել է իրանահայ համայնքի ազգային, մշակութային աշխատանքներին: Եղել է հայոց դպրոցների հոգաբարձության, Կենտրոնական հոգաբարձության (1970-74), Թեհրանի Հայոց թեմի, Թեմական խորհրդի (1986-88), Պատգամավորական ժողովի անդամ, հաճախ զբաղեցնելով ատենապետի պաշտոնը (1984-ից): Եղել է Հայ համալսարանականների ընդհանուր միության կենտրոնական վարչության և բժշկական բաժնի վարչության նախագահը, հայ բժիշկների միության հիմնադիր անդամներից մեկը: Բժշկական, հոգեբանական, մանկավարժական հոդվածներով հանդես է եկել տեղական և արտասահմանյան հայերեն պարբերականներում: Իրանի հայկական դպրոցներում Հայոց լեզվի դասավանդման համար կազմել է «Կարդա, գրիր» դասագրքերի շարքը, բաղկացած «Այբբենարան, մաս Ա», ՙ«Այբբենարան, մաս Բ» և «Գիրք առաջին» բաժիններից, որոնցով 1965 թ-ից ի վեր շուրջ 30 տարի դասավանդվել են Իրանի հայկական դպրոցներում:

Դոկտոր Դավթյանն արժանացել է բազում պարգևների ու տիտղոսների:
1999թ. Համբուրգում կայացած Հոգեբույժների միջազգային 11-րդ համագումարում Համաշխարհային հոգեբուժական ընկերության կողմից արժանացել է «Հոգեբուժության առաջնորդ» տիտղոսի:
2000 թվականին պարգևատրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի կողմից՝ Կիլիկիոյ ասպետի շքանշանով:
2002 թ. Իրանի ժամանակի նախագահ Դոկտոր Խաթամիի կողմից արժանացել է Իրանի նախագահի պատվոգրի:
2006 թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ պարգևատրվել է Մխիթար Հերացու շքանշանով և ՀՀ նախագահի պատվոգրով:
Դոկտոր Դավթյանը մեծ դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան փոխըմբռման ու մերձեցման գործում՝ միշտ հավատք տածելով երկու հարազատ ժողովուրդների պատմական բարեկամությանն ու դրանից բխող բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը:
Դոկտ. Հարություն Դավթյանի կենդանության օրոք վերջինիս համար կազմակերպված մեծարման երեկոյի ընթացքում Իրանում Պարսից լեզվի ու գրականության ակադեմիայի ժամանակի նախագահ Դոկտոր Հադադ Ադելը այսպես է արտահայտվել նրա մասին.«Ես շնորհավորում եմ Իրանի հայ համայնքին, որ կարողացել է այսպիսի զավակներ ծնել ու դաստիարակել: Դոկտոր Դավթյանի հետ ծանոթությունից երկար ժամանակ չի անցնում: Այս ընթացքը թեև կարճ է եղել, սակայն նա շատ խոր ազդեցություն է թողել ինձ վրա: Առաջին անգամ գիտության, գրականության և արվեստի առաջատարների մեծարման միջոցառման ընթացքում եմ ունկնդրել նրան: Հաջորդը եղել է Բառերի ընտրության սիմպոզիումի ընթացքում: Երկու անգամն էլ հասկացել եմ, որ գործ ունեմ ուրիշներից տարբերվող մարդու հետ: Մարդ, որ իր ազգությանն ու հավատին խոր հավատարմությամբ հանդերձ մեծ ընդհանրություններ ունի իրանցիների ու մուսուլմանների հետ: Այն, ինչը հատկապես տպավորեց ինձ նրա խոր և լայն ծանոթությունն էր իսլամական իրանական գրականության և մշակույթի հնագույն աղբյուրներին: Եվ ինչպես նշել են մյուս ընկերները, նրա գիտելիքները չեն սահմանափակվում լոկ իր գիտական մասնագիտաական բնագավառում, այլ շրջապատված են մշակույթի հստակ և լայն աուրայով, և սա այն հատկությունն է, որ նրան արժանացրել է յուրահատուկ հարգանքի»:
Նա կյանքից հեռացավ 2009 թ. նոյեմբերի 12-ի առավոտյան 86 տարեկան հասակում:
Դոկտոր Դավթյանի մահից հետո Իրանի հոգեբուժության երիտասարդ հոգեբույժների ասոցիացիան սահմանել է «Հարություն Դավթյանի անվան մրցանակ»: Այն դրամական պարգև է, որ շնորհվում է այլ հոգեբույժների հետ օգնականների և ներքին հոգեբույժների միջև կապի, նոր գաղափարների ներքին գործընկերների կարողությունների աջակցման և արտասահմանցի երիտասարդ հոգեբույժների Իրանում ներկայության հնարավորություն ստանալու և այս երկրում տարեկան համաժողովներին մասնակցելու և Իրանում հոգեբուժության հետ ծանոթանալու համար:
Դոկտոր Հարություն Դավթյանի կիսանդրին տեղադրվել է 2012 թվականի հունիս ամսին Թեհրանի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու շրջափակում:
Հագելի բարեկամներ երկար տարիներ առաջ Հայերեն ռադիոժամը պատիվ է ունեցել հյուրընկալել Դոկտոր Հարմիկ Դավթյանին և նրա հետ զրուցել տարբեր թեմաների շուրջ: Այժմ ներկայացնում ենք մի հատված նրա զրույցից: