Հունիս 23, 2021 12:49 Asia/Yerevan

Արվեստը մարդկային կյանքի այն երևույթն է, որ մարդուս մաքրում, ազնվացնում ու հաղորդակից է դարձնում հոգևորի հետ: Հնարավոր չէ լինել արվեստի սիրահար ու չծառայել Աստծուն և մարդկությանը: Արվեստագետը սիրվում ու միշտ հիշվում է այն պահին, երբ ողջ էությամբ նվիրվում և ապրում է այդ արվեստով: Այդպիսով նա հավերժանում է ու նրա ստեղծագործությունները դառնում են նրա մտքերի, ապրումների, գաղափարների ու աշխարհայացքի հավերժական վկաները:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք դոկտոր Սիմոն Այվազյանի կյանքն ու գործունեությունը:Ընկերակցեք մեզ։

---

Սիմոն Այվազյանը ծնվել է (Իրանական 1323թ.) 1944 թվականին Իրանի Անզալի նավահանգստային քաղաքում: Արվեստի նկատմամբ սերն ու ընդունակությունը նրա մեջ հայտնի դարձան հենց մանկության տարիներին: 14 տարեկանից նա սկսում է նվագել մանդոլին (լարավոր կսմիթային նվագարան), որի կատարողներից էր Սիմոն Այվազյանի պապիկը: Գեղանկարչության մեջ նրա ընդունակությունը բացահայտում է Այվազյանի մայրը, որը նրան քաջալերում է կատարելագործել այն: Նա այս ընդունակությունը ժառանգել է մորից: Սիմոնի մոր մորեղբայրը՝ Հարություն Զոհրաբյանը Ցարական Ռուսաստանի պալատական հայտնի գեղանկարիչներից էր:

Երբ Սիոնը 10 տարեկան էր նրա ընտանիքը տեղափոխվում է Թեհրան և նա իր միջնակարգ կրթությունը ստանում է Ադիբ ավագ դպրոցում: Ուսման հետ միաժամանակ նա պրոֆեսոնալ մակարդակով սովորում է նկարչություն ու երաժշտություն: Նա երկու անգամ մասնակցել  է ավագ դպրոցների արվեստի մրցույթներին ու երկրի մակարդակով գեղանկարչության  ճյուղում հանդես է եկել ջրաներկ աշխատանքներով և զբաղեցրել  երկրորդ պատվավոր տեղը: 1965 թվականին միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո նա ընդունվում է համալսարան և սովորում է ճարտարապետություն:

Սիմոն Այվազյան

14տարեկանում նա ծանոթանում է կիթառ երաժշտական գործիքին: Կիթառի դասական ոճի ուսուցման նախնական փուլերն անցկացնում է ինքնաշխատությամբ և 20 տարեկանից նա սկսում է սովորել պրոֆեսիոնալ մակարդակով  կիթառի կատարումը: Ավելի ուշ ուսանողության տարիներին 1966-1968թթ. նա մասնակցել է համալսարանների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպած երաժշտական մրցույթներին և ամեն անգամ զբաղեցրել է առաջին տեղը և արժանանացել ոսկե մեդալի։

1972թ. Այվազյանը ճարտարապետության ճյուղում Թեհրանի պետական համալսարանից ստանում է մագիստրոսի գիտական աստիճան գերազանց գնահատականներով: Ուսումն ավարտելուց որոշ ժամանակ անց նա որպես արհեստանոցի  ղեկավար ու նախագծի պլանավորող ճարտարապետ իր գործունեությունն է սկսում Խորհրդատու ճարտարապետների և ուսումնական ու մշակութային համալիրների նախագծման գրասենյակում, որը տևում է 5 տարի:

1976թ. նա թողնում է գործադիր աշխատանքները և դառնում է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ: Երեք տարի հետո նա ընտրվում է որպես ճարտարապետական խմբի տնօրեն և 5 տարի պաշտոնավարում է այդ բաժնում: Ուսումը կատարելագործելու ձգտումը պատճառ է դառնում Այվազյանը թողնի ճարտարապետական խմբի տնօրինության պաշտոնը և ուսումը շարունակելու համար մեկնի Ֆրանսիա:

Երկու տարի Սորբոնի համալսարանում սովորելուց հետո, Այվազյանը ստացել է ճարտարապետության մագիստրոսի կոչում` իսլամական քաղաքակրթությունների ճանաչում ճյուղում: Նրա ավարտաճառը Իրանի անապատների շրջակայքի իջևանատների ճարտարապետության ու տիպաբանության մասին 24 տարի տևած հետազոտությունների արդյունքն էր: Այվազյանը ճարտարապետության ու հնագիտության մասնագիտական դոկտորի աստիճանը նույնպես ստացել է հենց Սորբոնի համալսարանից 1990թ.: 1990-1991թթ.  Փարիզում նա կառավարել է Եվրոպայի Դիսնեյլենդի կառուցման նախագծի մի մասը, որից հետո էլ վերադառնում է Իրան:

Բարեկամներ Հայերեն Ռադիոժամը մի քանի տարի առաջ բախտ է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել Դոկտոր Սիմոն Այվազյանին: Այժմ ձեր ուշադրությանն ենք հանձնում նրա հետ վարած հարցազրույցից մի հատված:

Իրան վերադառնալուց հետո Այվազյանը շարունակում է որպես դասախոս աշխատել Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում: 1996թ. նա ընտրվում է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի լրացուցիչ կրթության բաժնի տնօրենի պաշտոնում, սակայն մեկ տարի անց հրաժարական է տալիս ու շարունակում է իր գործունեությունը իր նախասիրած դասավանդման ու հետազոտության ոլորտում դոսենտի մակարդակով:

2004թ. Այվազյանը վաստակում է պրոֆեսորի կոչում և 2006թ. Պրոֆեսորի կոչումով հանգստի է կոչվում, սակայն Թեհրանի պետական համալսարանի և Իսլամական Ազատ համալսարանի հրավերով կրկին զբաղվում է դասավանդմամբ:

Այվազյանը արվեստի տարբեր պարբերականներում բազմաթիվ հոդվածներ է տպագրել Իրանի ավանդական ճարտարապետության թեմայով և դրանից բացի մեծ թվով կոնֆերանսներում իրանական ճարտարապետության ու իջևանատների հետ ծանոթանալու համար ներկայացվել են այդ թեմայով նրա գրչին պատկանող հոդվածները:

Ուսանողության տարիներին 1966-1972թթ. Սիմոն Այվազյանը Թեհրանի պետական համալսարանի մշակութային գործունեության կենտրոնում նաև դասավանդում էր դասական կիթառ: Նա մի քանի համերգներ է ունեցել Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի համերգասրահում, որոնցից կարելի է հիշել 1966թ. կիթառի ռեսիտալը և 1968թ. Պագանինիի մեծարման միջոցառման ընթացքում կիթառի ու ջութակի դուետը: Այվազյանը 1975թ. մասնակցել է Մադրիդում արտասահմանցի ուսանողների կիթառի մրցույթին և արժանացել է իրավարարների հատուկ մրցանակին:

Սիմոն Այվազյան

Այվազյանը կիթառի դասեր է ստացել անվանի վարպետների մոտ: Նրա ուսուցիչներն են եղել՝ իսպանացի Խուան Ալբան, ում մոտ նա սովորել է ֆլամենկո ոճը, իսկ դասական ոճի ուսուցիչներն են եղել վենեսուելացի Ալերիո Դիազը և բրիտանացի Ջուլիան Բայզզենթինը: 1977թ. իր երաժշտական գիտելիքները կատարելագործելու համար նա 6 ամիս աշակերտել է ֆրանսիացի երաժշտագետ Ժան Դուրինգին: Ավելի ուշ նա 1993 և 1994թթ. Թեհրանի Ռուդաքի համերգասրահում ունեցել է կիթառի դասական և ֆլամենկո ոճի երկու ուսումնական համերգ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Այվազյանը ճարտարապետության դասավանդմանը զուգահեռ դասավանդել է դասական երաժշտություն գեղարվեստի համալսարանում և Թեհրանի կոնսերվատորիայում: 1994թ. նախ Իսլամական Ազատ համալսարանում և ապա արվեստի համալսարանում դասավանդել է դասական երաժշտություն: Այվազյանը ավելի քան 40 տարի է ինչ թե ուսումնական ու համալսարանական կենտրոններում և թե մասնավոր ռեժիմով պատրաստում է կիթառի կատարողներ: 2005թ. նա արժանացել է Ֆաջր երաժշտական փառատոնի ոսկյա տավիղ մրցանակին:

Դոկտոր Սիմոն Այվազյանին անկասկած կարող ենք անվանել Իրանի դասական կիթառի հայր և այս երկրում կիթառի կատարողական արվեստի հիմնական հիմնադիրներից մեկը:

Դոկտոր Այվազյանը բազմիս մասնակցել է երաժշտական փառատոների և դասական ու ֆլամենկո ոճի կիթառի կատարողական մրցույթների: Տարիների ընթացքում դոկտոր Այվազյանը դաստիարակել է բազում կատարողներ:

Ճարտարապետության ու երաժշտության ոլորտում իր գործունեությունից բացի դոկտոր Սիմոն Այվազյանը պատանի հասակից նաև զբաղվել է գեղանկարչությամբ ու լուսանկարչությամբ: Նրա գեղանկարները արվել են ջրաներկով: Իր նկարչական արվեստի ստեղծագործությունները ներշնչված են ծննդավայր Անզալիի ու Գիլան նահանգի բնությունից: Նա Իրանում ու արտերկրում մասնակցել է բազմաթիվ նկարչական ցուցահանդեսների:

Երկու տարի նախքան համալսարան ընդունվելը Դոկտոր Այվազյանը սիրողական մակարդակով սկսում է սովորել լուսանկարչություն: Ապա պրոֆեսիոնալ մակարդակով հետևում է նաև այդ արվեստին: Ուսանողության տարիներին նա ճարտարապետության ոլորտում օգտվել է լուսանկարչության տեխնիկայից և Իրանի տարբեր վայրեր կատարած ուղևորությունների ընթացքում հետաքրքիր լուսանկարներ ու սլայդներ է պատրաստել իրանական  ավանդական ճարտարապետությունից: Նրա լուսանկարները այժմ պահվում են Ռեզա Աբբասիի թանգարանում: 1993-1995թթ. նա եղել է Ալ-Զահրա համալսարանի լուսանկարչության ճյուղի դասախոս:

Վերջերս Սիմոն Այվազյանը Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության կողմից արժանացել է արվեստի առաջին աստիճանի շքանշանի: