Հուլիս 14, 2021 10:43 Asia/Yerevan

Ժողովուրդների միջև բարեկամությունը ձևավորվում է Սիրո և փոխադարձ հարգանքի ճանապարհով: Եթե չլինի միմյանց նկատմամբ ճանաչողություն այդ սերը կլինի ու կմնա մակերեսային մակարդակում:

Ճանաչողության համար անհրաժեշտ է ժողովուրդները շփվեն ու տեղեկություններ ունենան միմյանց մասին: Տարբեր ժողովուրդների մասին տեղեկությունները քաղում ենք առկա բազում աղբյուրներից, որոնք գրված են մեզ հասկանալի լեզվով: Իսկ եթե բացակայում են հասանելի լեզվով աղբյուրները մեզ հետաքրքրող որոշ հարցեր մնում են անպատասխան: Մնում են մթության մեջ այնքան ժամանակ, երբ գտնվում են մարդիկ որ իրենց աշխատանքով լույս են սփռում այս անորոշությունների վրա՝ մեզ հասանելի դարձնելով տարբեր ժողովուրդներին պատկանող գրական ու գիտական աղբյուրները:Մարդիկ,որոնց աշխատանքը կենսական նշանակություն ունի ժողովուրդների կյանքում: Նրանք այն անհատներն են, որ իրենց ուսերին են վերցրել քաղաքակրթությունների միջև բարեկամություն հաստատելու առաքելությունը:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք իրանահայ թարգմանիչ Գարուն (Կարո) Սարգսյանի մասին:

---

Գարուն Սարգսյանը ծնվել է Թեհրանում 1956 թվականին: Նախնական կրթությունն ստացել է Հայոց ազգային «Նայիրի» տարրական դպրոցում, իսկ միջնակարգը «Քուշեշ Դավթյան» դպրոցում: 1980թ. Գարունը ավարտել է «Ալլամե Թաբաթաբաի» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կիրառական հաշվիչ մեքենաներ» բաժինը: Ուսանողական տարիներին հոդվածներ է տպագրել թերթում: 1999-2002թթ. եղել է «Լույս» երկշաբաթաթերթի և «Ապագա» եռամսագրի խմբագրական կազմի անդամ և մի շարք հոդվածներում անդրադարձել է հայոց լեզվի պատմությանը, գրերի գյուտին և հայկական հարցին: Նույն թեմաներով նաև հոդվածներ է տպագրել պարսկալեզու «Համշահրի», «Ջամեեյե Մադանի» և «Շարղ» օրաթերթերում:

2001թ. պարսկերենի է թարգմանել Ագաթաղանգեղոսի «Հայոց պատմություն»-ը և Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքերը, որոնք հրատարակվել են «Նայիրի» հրատարակչության կողմից: 2003թ. թարգմանել է Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը և Ժասմեն Էլչիբեկյանի «Հայաստանը և Սելևկյանները» պատմագիտական աշխատությունը: 2004թ. Գարուն Սարգսյանը թարգմանել է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը», որ հրատարակվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Արք. Սարգսյանի հովանավորությամբ: Վերջին երկու աշխատանքները նույնպես լույս են տեսել Նաիրի հրատարակչության միջոցով:Սարգսյանը պարսկերենի է թարգմանել նաև «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» գիրքը:

Գարուն Սարգսյանի Թարգմանած գրքերից կարող ենք հիշել՝ «Հայոց ցեղասպանությունը արաբ պատմաբանների աշխատություններում»,  «Փաստաթղթերը խոսում են», «Հայ եկեղեցու տոները», «Շշուկների մատյան», «Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 20-ամյա հարաբերությունների օրագիր», «Իրան-ԱՄՆ հարաբերություններ (1942–1960)», «Թաթարների պատմությունը», «Արիստակես Լաստիվերտցու պատմությունը» և այլն:

Գարուն Սարգսյանի գրչին պատկանող հոդվածներից են՝ «Ո՞ր օրը ծնվեց Քրիստոսը», «Հայերի Իրան գաղթի 400-ամյակը», «Հայոց այբուբենի ծագումը», «Սեբեոս եպիսկոպոսի պատմությունը և դրա կարևորությունը Իրանի պատմության ուսումնասիրության մեջ», «Սուրբ Գրիգորի տոհմը և Հայաստանի առաջին հոգևոր առաջնորդները», «Աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը», «Արշակունյաց Հայաստանը Սասանյանների օրոք» և այլն:

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունը 2008 թ.-ին  Գրքի շաբաթվա առիթով Գարուն Սարգսյանին պարգևատրել է պատվոգրով:

--- 

Գարուն Սաարգսյան

 

Գարուն Սարգսյանի թարգմանական աշխատությունները ավելի շատ  կազմում են պատմական գրքեր մասնավորապես հայ մատենագրության գլուխգործոցները: Պատումթյան նկատմամբ հետաքրքրության մասին Գարուն Սարգսյանն ասում է, որ հենց դպրոցական տարիներին իր համար հետաքրքիր է եղել ու սիրել է պատմության առարկան և երբ ուսուցիչները խոսել են պատմական իրադարձությունների մասին ինքը լրջորեն ունկնդրել է դրանք:

Դեռահաս դպրոցական Կարոյին՝ ապագա հմուտ թարգմանչին հետաքրքրել է այն որ իր ուսուցիչները որտեղից գիտեն այդ ամենը և ինքը փորձել է գտնել ու ինքնուրույն կերպով սովորել այդ ամենը: Դա եղել է այն դրդապատճառը, որ նրան մղել է աշխատանքի ու իր հետ տարել պատմագիտության զարմանահրաշ ու խորհրդավոր աշխարհ: Սկզբում Սարգսյանը սիրողաբար սկսել է կարդալ  ցանկացած պատմական գիրք, սակայն հետագայում նա սկսել է գիտականորեն հետևել պատմագիտությանը, ինչը պատճառ է հանդիսացել նրա մեջ ավելի խորանա Հայոց պատմության, Իրանի պատմության ու հայկական մատենագիտության նկատմամբ դպրոցական տարիներին առաջացած սերն ու հետաքրքրությունը:

Թե ինչո՞ւ Գարուն Սարգսյանի թարգմանությունները գրեթե կենտրոնացած են հայ մատենագիտության վրա նա այսպես է բացատրել, որ միշտ ցավ է զգացել, երբ իրանցի ուսանողները կամ մտավորականները տեղյակ չեն եղել հայ ժողովրդի պատմության մասին ու հաճախ են հարցրել այն հարցերը, որ դուք ո՞ր ազգությանն եք պատկանում, ո՞րն է ձեր կրոնը ու հաճախ էլ կրոնն ու ազգությունը շփոթել են իրար հետ: Գարուն Սարգսյանին անհանգստացնում էր այն փաստը, որ Պարսկաստանում հարյուրամյակներ ապրող հայությունը ինչու անծանոթ է մնացել մտավորականությանն ու էլիտայի ներկայացուցիչներին: Դա առաջացրել է այն միտքը, որ նա սկսի թարգմանել հայ ժողովրդի պատմության երկերը։ Սարգսյանը  սկսել է թարգմանել հենց մատենագիրների գործերը, համոզված լինելով,որ  դրանք ավելի վաղ անցյալին են պատկանում ու ջինջ ու մաքուր աղբյուրներ են, որոնցում ոչ քաղաքական խնդիրներ են արծարծվում ոչ էլ առօրյա նկատառումներ ու լոկ սկզբնաղբյուրներ են, որոնք անհրաժեշտ են և՛ մեր ժողովրդի, և՛ պարսիկ հայրենակիցների համար:

 

Գարուն Սարգսյանի համոզմամբ հայ ժողովրդի ու Պարսկաստանի պատմությունները շաղախված ու միաձուլված են իրար հետ և Իրանի պատմությունը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրել հայ ժողովրդի պատմության սկզբնաղբյուրները: Ինչպես Գարուն Սարգսյանն է ասում պարսից պատմությունը ուսումնասիրող գիտնականները տեղացի գրողներից բացի իրենց ձեռքի տակ ունեցել և ուսումնասիրել են հունահռոմեական աղբյուրները: Բայց Պարսկաստանի մասին այդ աղբյուրներում եղած տեղեկությունները հռոմեացիների թշնամական մոտեցումների պատճառով անկողմնակալ չեն ու երբեմն էլ սխալ տեղեկություններ են նկատվում դրանցում: Մյուս կողմից հայկական սկզբնաղբյուրները հասանելի են եղել միայն որոշ գիտնականներին, որոնք գտել ու ուսումնասիրել են այլ լեզուներով, ուստի անհրաժեշտ էր թարգմանել պարսկերենի: Դրա պարզ պատճառն այն է, որ արևելյան՝ հայկական և ասորական աղբյուրներում պարսիկների հանդեպ թշնամական մոտեցումը չկա և ամեն ինչ ներկայացված է այնպես ինչպես եղել է:

---

Աջից՝ Գարուն Սարգսյան, Սեպուհ Արք. Սարգսյան, Արտույտ Զոհրաբյան

 

Թարգմանչության մասին Գարուն Սարգսյանն ասում է, որ դա և գիտություն է և արվեստ: Գիտություն է, քանի որ թարգմանիչը պետք է առհասարակ թարգմանվող գրքի կամ հոդվածի հեղինակի գիտելիքներին հավասար գիտելիքներ ունենա և տիրապետի նյութին, որովհետև հակառակ դեպքում չի կարողանա հասկանալ նրան ու թարգմանել: Բայց թարգմանությունը նաև արվեստ է, որովհետև թարգմանիչը այդ երկը նորից ստեղծում է, սակայն այս անգամ այլ լեզվով, կամ ավելի ճիշտ վերարտադրում է: Գարուն Սարգսյանը պատմական երկերի կողքին նաև թարգմանել է գեղարվեստական ստեղծագործություններ: Նա ասում է, որ գեղարվեստական երկեր թարգմանելիս թարգմանիչն ավելի ազատ է և կարող է իր մտքին թռիչք տալ, բայց պատմական երկերի թարգմանությունը այդպիսին չէ, քանի որ հնարավոր է մի բառի սխալ ընկալումն ու թարգմանությունը լիովին փոխել իմաստը:

Չմոռանանք ասել, որ  Գարուն Սարգսյանն իր առօրյա աշխատանքի՝ Հաշվիչ մեքենաների ծրագրավորման կողքին կատարում է այս պատասխանատու աշխատանքը և հետաքրքիրն այն է, որ նա միաժամանակ սկսում է մի քանի ստեղծագործության թարգմանություն:

Գարուն Սարգսյանը ապրում է Թեհրանում ու շարունակում է իր թարգմանչական առաքելությունը: Հայերեն ռադիոժամը ուժ ու կորով է մաղթում նրան:

----

Բարեկամներ Հայերեն ռադիոժամը պատիվ  է ունեցել իր հարկի տակ հյուրընկալել իրանահայ պատմաբան ու թարգմանիչ Գարուն Սարգսյանին: Այժմ ձեր ունկնդրությանն ենք ներկայացնում հայերեն ռադիոժամին նրա տված  հարցազրույցից մի հատված: