Օգոստոս 07, 2021 07:37 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։Ընկերակցեք մեզ։


 

Օգոստոսի 3-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում:

------------------------------------

Երեւանում սկսվեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։

Օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանում պատգամավորները գաղտնի քվեարկությամբ ընտրեցին խորհրդարանի նախագահին եւ նրա երեք տեղակալներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, որը նախկին գումարման խորհրդարանում փոխնախագահներից մեկն էր։ Ալեն Սիմոնյանը 71 ձայներով ընտրվեց այդ պաշտոնում:

Նոր խորհրդարանն ունի 107 պատգամավոր։ 71 մանդատ ստացել է «ՔՊ» կուսակցությունը, 29 մանդատ՝ «Հայաստան» դաշինքը եւ 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն Ալեն Սիմոնյանին ներկայացնելու պահին լքելով դահլիճը հայտարարեց, որ չի մասնակցելու ԱԺ խոսնակի ընտրությանը:

Ընդդիմությունը նաև հայտարարեց, որ չի մասնակցելու ԱԺ երկու փոխխոսնակներ՝ Ռուբեն Ռուբինյանի և Հակոբ Արշակյանի ընտրությանը:

------------------------------

ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստում, 47-ամյա Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետի պաշտոնում:

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը փորձեց տարածքներն Ադրբեջանին հանձնելով, օրակարգի մեջ մտցնել խաղաղության հաստատումը:

Իրականում, Հայաստանի վարչապետի այս ցանկությունը հնարավոր դարձավ պատերազմով: Այն պայմաններում, երբ վերջին տարիներին Փաշինյանը խոսում էր Ադրբեջանի հետ հակամարտությանը վերջ դնելու մասին:

Փաշինյանը արևմտամետ դիրքորոշում որդեգրելով, հեռացավ Ռուսաստանից: Սակայն Ղարաբաղի երկրորդ պատերազմում Հայաստանը ձախողեց: Այդ պարտությունը Հայաստանի կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյային հուշում է, որ այդ քաղաքականությունը շարունակելով հնարավոր չէ մնալ իշխանության ղեկին:

Վերջին ամիսների ընթացքում, Փաշինյանի Մոսկվա այցելությունները և Կրեմլի պաշտոնատարների հետ նրա հանդիպումները վկայում են այն մասին, որ Փաշինյանը դաս է քաղել իր սխալ քաղաքականություններից:

Այդպիսով, ակնկալվում է, որ Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականությունը և Մոսկվա-Երևան հարաբերությունների վերակառուցումը Երևանի նոր կառավարության օրակարգում է:

Այդպիսով հավանաբար փոխվելու են Փաշինյանի կառավարության քաղաքականությունները հարևան պետությունների նկատմամբ:

Հայաստանը միշտ հարգալից և հավասարակշռված վերաբերմունք է դրսևորել Իրանի նկատմամբ: Անկախությունից ի վեր, վերջին երեք տասնամյակներում, Հայաստանում իշխող բոլոր կառավարությունները ձգտել են ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները:

Սակայն թվում է, որ Երևանի նոր կառավարությունը շարունակելու է թշնամությունը Անկարայի հետ:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն՝ Ռուբեն Սաֆրաստյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է.«Թուրքիայի մարտավարական նպատակն էր ուժեր տեղակայել ադրբեջանա-հայկական շփման գծերում, սակայն նրան չհաջողվեց հասնել իր ամենակարեւոր նպատակին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Թուրքիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը վերածել իր ազդեցության գոտու՝ որպեսզի կարողանա ծանր հարվածներ հասցնել  Հայաստանի Հանրապետությանը և Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությանը, սակայն ռուսական կողմը դա թույլ չի տա»:

Այդպիսով հարկ է նշել, որ Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է մերձենալ Ռուսաստանին և վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ: Նաև կարելի է կանխատեսել, որ Հայաստանի նոր կառավարությունը ձգտելու է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ:

--------------------------------

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կանխատեսել է, որ նոր գումարման ԱԺ-ում կոնֆլիկտային իրավիճակների պակաս չի լինելու։

Քեռյանի խոսքով` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներն ընդդիմադիր են թե՛ ՔՊ-ի իշխանությանը, թե՛ նրանց ստեղծած քաղաքական վարչակարգին, թե՛ նրանց ներքին, և թե՛ արտաքին քաղաքական կողմնորոշումներին և դիրքորոշումներին։

-------------------------------

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Հուսով եմ, որ ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասվում է Պուտինի շնորհավորական հեռագրում:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», - ասվում է հեռագրում:

Պուտինը Փաշինյանին մաղթել է «հաջողություն, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»:

-----------------------

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։Ընդգծվում է, որ Հայաստանը հաստատակամ է իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցում օգտագործելու ինքնապաշտպանության օրինական իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմքով։ Հայաստանը հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և հարատև քաղաքական կարգավորումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ: