Իրանահայ հանրահայտ գործիչներ (18.Նորվան)
Իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ և ուսուցիչ Նորվան՝ բուն անունով Նորիկ Միքայելյան
Հազարամյակներ է ինչ մարդն ապրում է այս հողագնդում: Ինչերի միջով է անցել նա և ինչ ապրումներ է ունեցել նա, հստակ չենք կարող ասել, միայն մի մասն է մեզ հայտնի ու մնացածի մասին միայն կարող ենք ենթադրություններ անել: Բայց ինչ էլ որ եղած լինի նրա ճակատագիրը, ինչպիսի տխուր, ուրախ, հեշտ ու դժվար օրեր էլ ապրած լինի մարդը մեկ է դրանք անցել ու գնացել են և նա կարողացել է դիմակայել այդ ամենին ու շարունակել իր գոյությունը այս հողագնդում: Ուրեմն եթե այդպես է դա նշանակում է, որ նա սիրում է կյանքը, սիրում է այս աշխարհը, սիրում բնությունը, արևը, անձրևը, ծիածանը, ձյունը և ...
Եվ հիմա երբ նրա համար այսքան կարևոր է կյանքը, նա պիտի սկսի աշխատել ու իր աշխատանքով կերտել իր ներկան և ինչ-որ չափով գալիք սերունդների ապագան: Նա պիտի աշխատի իր շրջապատում տեսնել ամեն ինչ և փորձի լավ երևույթները արժևորելով նվազեցնել վատերի ազդեցությունը, լավ սերմեր ցանելով արմատախիլ անել վատի գոյությունը և մարդու մեջ արթնացնել ապրելու սերն ու եռանդը:
Բարև ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդումը նվիրված է իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ և ուսուցիչ Նորվանին՝ բուն անունով Նորիկ Միքայելյանին:
Բանաստեղծ, թարգմանիչ և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ Նորվանը, բուն անունով՝ Նորիկ Միքայելյան, ծնվել է 1963թ. Ատրպատականի հայաբնակ Ղարադաղ գավառում: Ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Երեք տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, վերադարձել է Իրան և հաստատվել Թեհրանում: 1987թ. Թեհրանում հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Արթնություն» անունով, դրանից հետո տպագրել է «Եւ դեռ չքաղված մի բուռ րնկույզներ» գրքույկը: Դրան հաջորդել է «Այս տողերը տառապում են ջերմախտով» բանաստեղծութիւնների ժողովածուն: Նորվանը թարգմանել է պարսիկ ժամանակակից բանաստեղծ՝ Ահմադ Շամլուի բանաստեղծությունները: Նորվանի թարգմանությունների ընտրանին տպագրվել է Երևանում 1992թ.։ Նորվանի գրչին է պատկանում «Այստեղ ձյուները չեն հալվում» վիպակը:
Նորվանը եղել է Իրանում տպագրվող «Հանդես» մշակութային պարբերականի խմբագրական կազմի անդամ: Նա տարիներ որպես թարգմանիչ, գրող ու հաղորդավար համագործակցել է հայերեն ռադիոժամի հետ: Ռադիոյում նրա հեղինակային հաղորդումներից են «Երգիծանքը պարսից գրականության մեջ», զրույցի աշխարհ հաղորդաշարը, որն այժմ որպես աղբյուր, օգտագործվում է Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի որոշ հաղորդումների պատրաստման համար: Նորվանը տարիներ շարունակ որպես գրականության դասախոս, դասախոսություններ է կարդացել Թեհրանի իսլամական Ազատ համալսատանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնում, Թեհրանի հայերենագիտական երեկոյան դասընթացներում:
Նորվանը ներկայումս որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ և դպրոցի փոխտնօրեն պաշտոնավարում է Հայոց ազգային Նայիրի-Սողոմոնյան դպրոցում: Չմոռանանք նշել, որ Նորվանը բազում տարիներ աշխատել է Հայաստանում անցկացվող Հայոց լեզվի ու գրականության ամենամյա օլիմպիադային մասնակցելու համար ընտրված աշակերտների հետ: Նորվանը այժմ ապրում ու ստեղծագործում է Թեհրանում:

Նորվանը ինքն իր մասին ասում է.«Ես Նորվանին այսինքն այն բանաստեղծին որ խոսում էր իմ մեջ սկսել եմ ճանաչել դպրոցական տարիներից»:
Նորվանը սկսել է գրել պատանի հասակից:
Նորվանի առաջին բանաստեղծությունը եղել է մի թարգմանություն, ինքն ասում է.«Մի աշնանային օր մեր նեղլիկ 9 քմ. մակերեսով սենյակում, որտեղ մի ռադիո էլ ունեինք հնչում էին Վիկտոր Հյուգոյի գրչին պատկանող սիրային բանաստեղծությունները: Ես այնքան տարվեցի դրանով որ գրի առա և դրա ազդեցության տակ սկսեցի գրել»:
Չմոռանաք ասել, որ այդ ժամանակ Նորվանը եղել է 12 կամ 13 տարեկան: Նորվանը միաժամանակ գրել է հայերենով ու պարսկերենով, բայց ինչպես ինքն է ասում առաջին տողերը գրել է պարսկերենով: Հետաքրքիր է ստեղծագործելու մասին Նորվանի փիլիսոփայությունը: Նա ասում է՝ գրելով ուզում է ասել որ գոյություն ունի, ուզում է ապացուցել իր «ես»-ը, ուզում է դրանով շփվել ամբողջ աշխարհի հետ նաև աշխարհին ճանաչեցնել տալ իր հոգին ու ներաշխարհը: Մի խոսքով ինչպես նա է ասում.«Իսկական գրողն ինձ թվում է չի կարող չգրել: Դա ներքուստ տրված պահանջ է: Ես դրա մասին երբեք էլ չեմ մտածել թե ինչու եմ գրում: Բանաստեղծի համար գրելը օդի նման պահանջ է: Եվ ընդհանրապես արվեստի իսկական գործչի համար ստեղծագործելը երևի թե այդպես է և ինչուներ չի ճանաչում»:
Ըստ Նորվանի բանաստեղծը կարողանում է բնության մեջ, իր շրջապատում ու առհասարակ կյանքում տեսնել ու բառերով նկարագրել ու պատկերել այն ինչ ուրիշները չեն տեսնում ու կամ տեսնում են, բայց չեն կարողանում այդպես ներկայացնել: Նորվանը ասում է, որ ամենահրաշալի բանաստեղծները մանուկներն են: Բոլորը սովոր են ասելու, որ միայն մեծերն են կարողանում ստեղծագործել ու իրենց շուրջը թռվռացող այդ փոքրիկ բանաստեղծներին չեն տեսնում: Բանաստեղծը՝ Նորվանի կարծիքով գրելու ունակություն ունի և բանաստեղծություն գրելու սերմը նրա մեջ կարծես թե ավելի է աճել: Նորվանը խուսափում է այս դեպքում օգտագործել տաղանդ բառը:
Աշխարհում բանաստեղծներն ու գրողները այն մարդիկ են, որոնք իրենց երկերում ներկայացնում են մարդկությանը հուզող թեմաները:
Նորվանը համոզված է, որ ցանկացած խնդիր ու դժվարություն պետք է հուզի բանաստեղծին ու գրողին առհասարակ: Բանաստեղծը սահմաններ չի ճանաչում և որևէ սահմանափակում չի կարող նկատի ունենալ, իսկ առավել ևս իրանահայ գրող բանաստեղծը: Նրա կարծիքով գրողները ուղղակիորեն պետք է ներկայացնեն իրենց շրջապատը այնպես ինչպես որ տեսնում են և այնպես ինչպես որ այն կա, քանի որ դա իր հերթին օգնում է հասարակությանը ավելի լավ տեսնել ու մոռացության չտալ իրողությունները և քայլեր կատարել սխալները շտկելու համար։
Ներկա ժամանակներում արվեստի, գիր ու գրականության նկատմամբ, շատերին անհանգստացնող ժողովրդի վերաբերմունքը Նորվանը այսպես է բացատրում․«Ուղղակի ժամանակներն են փոխվել ու հիմա գործածվում են նոր տեխնոլոգիաներ և մարդիկ արվեստի ու մշակույթի հետ շփվում են նոր միջոցներով»: Նրա ասելով դեռ Իսահակյանը իր ժամանակներում խոսում էր հոգու սով կոչվող երևույթի մասին:
Նորվանի կարծիքով ստեղծագործողը պետք է ունենա իր ուրույն ձայնը: Նա այսպես է մեկնաբանում, որ Թումանյանի, Իսահակյանի և Տերյանի ու Չարենցի ժամանակներում էլ եղել են բազմաթիվ ստեղծագործողներ, բայց մնացել են նրանք, որ իրենց գործի մեջ եղել են ինքնուրույն ու չեն կրկնօրինակել ուրիշներին: Մանցել են նրանք, ովքեր իրենց ճանապարհն են գծել արվեստի ոլորտում և ունեցել են իրենց ինքնուրույն ոճը:
Բարեկամներ ինչպես ասել էինք Նորվանը եղել է Հայաստանում, ԱՄՆ-ում և Իրանում, բայց նախընտրել է Իրանը,այդ մասին նա այսպես է ասել․․․․․
Ոմանք այն կարծիքի են, որ Նորվանը նորարար բանաստեղծ է, ինքը դրա մասին ու նաև նորի ու հնի մեկտեղելու մասին այսպես է ասել․․․․․
Բարեկամներ հաղորդման ավարտին Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Նորվանի ստեղծագործություններից ու թարգմանություններից մի քանիսը, որ կարդում է հենց ինքը Նորվանը, բայց նախքան դա չմոռանանք ասել, որ իր հարցազրույցներից մեկում երբ թղթակիցը Նորվանին հարցրել է՝ եթե հնարավորություն ունենա փրկելու մի գիրք ո՞րը կլինի դա,նա պատասխանել է․-«Չարենցի ստեղծագործությունները և Հովհաննես Թումանյանի հեքիաթները»։
Այժմ լսենք Նորվանին։