Գեղարվեստական հաղորդում (284)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևորագույն մշակութային իրադարձություններին: Ընկերակցեք մեզ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» ՀԿ-ն իրականացրել է «Արծաթապար» մշակութային ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել 3 արծաթյա գոտիների ցուցադրություն: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության աշխատակից Նաիրա Կիլիչյանը, Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, պարսկերեն ուսումնասիրող ուսանողներ, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Գոտիները կրկնօրինակված են պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի պատերի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Ծրագրի բուն առաքելությունն է պատրաստել 12 արծաթյա գոտիներ՝ խորհրդանշելով Քրիստոսի 12 աշակերտներին, և նրանց հանդերձներն ու գոտիները հանձնել Սուրբ Թադեոսի վանքին՝ մշտական ցուցադրության:
Ծրագրի նպատակն է նպաստել հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորման պահպանությանն ու նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ամբողջության ներկայացմանը: Միևնույն ժամանակ ծրագիրը միտված է խթանելու ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրերի հանրահռչակումը և հայ-իրանական մշակութային համագործակցությունը:
Սբ. Թադեոսի առաքյալի վանքը և նրա շուրջ ծավալված ուխտագնացությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական դարավոր մշակութային ներկայության ու շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի ու հաջողությունների առանձնահատուկ երկխոսության դրսևորումներ են:
ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանն ընդգծել է այն հանգամանքը, որ միջազգային ասպարեզում նմանօրինակ նախադեպ չի եղել, որ նյութական մշակույթը (հուշարձաններ) առնչվեր ոչ նյութական մշակութային ժառանգության հետ. «Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայկական մշակութային արժեքներին մեծ կարևորություն և հոգածություն է տրվում՝ մասնավորապես հնարավորություն ընձեռելով աշխարհի տարբեր կողմերից այցելելու Սբ. Թադեոսի վանք, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում»:
ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային իր հերթին նշել է, որ հայ-իրանական բարեկամությունը դարերի պատմություն ունի՝ խորը արմատներով, և կարիք չկա այն ներկայացնելու:
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նույնքան ուշադրության կենտրոնում է պահում իր տարածքում գտնվող եկեղեցիները, որքան մզկիթները: Մեր ժողովուրդները գիտեն, թե ինչ է մշակույթը, և նրանց հատուկ է փոխադարձ հարգանքը կրոնների և կրոնական մշակույթների հանդեպ»,- ասել է Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային:
Արծաթե գոտիների վարպետը Լևոն Պուչատյանն է: Նա ներկայացրել է պատկերները և դրանց խորհուրդները. օրինակ՝ արալեզ շները վերակենդանացնում էին զինվորներին, շունը լեզվով պահում է օձին՝ չարիքը, որպեսզի չարությունը չտարածվի աշխարհում և այլն:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ընդգծել է, որ 2022 թ. հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, և նախատեսվում են մի շարք միջոցառումներ:
Նշենք, որ հայ-իրանական մշակութային համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ տարեցտարի ընդլայնվում է: Այդ համագործակցության շրջանակում 2020 թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համատեղ հայտը գրանցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում:

Օգոստոսի 29-ին ամփոփվեց «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի շրջանակում՝ արտասահմանից ժամանած շուրջ 20 կինոգործիչ 8 օր ապրեց Արագածոտն մարզի Ուջան գյուղի հյուրընկալ բնակիչների տներում՝ ամեն օր հաց կիսելով նրանց հետ և երեկոյան ժամերին միասին ֆիլմեր դիտելով Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ։
Փակման արարողության ընթացքում հայտարարվեցին հաղթողները։
Ժյուրիի հատուկ մրցանակներին արժանացավ իրանցի կինոբեմադրիչ Աբդոլղադեր Խալեդի կարճամետրաժ «Բալորա» ֆիլմը, իսկ իրանական «Քալ Ֆաթմեհ» վավերագրությունը՝ Մարտուն Ադոյանի անվան Հատուկ մրցանակին։

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը:
«Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների: Այդ սերունդն այսօր սիրված և ճանաչված է ոչ միայն գրական շրջանակներում, այլև հասարակության լայն շերտերում:
Մեծ է Ա․ Թոփչյանի ներդրումը նաև կինոաշխարհում: Սցենարական մշակման ճգնաժամային մի ժամանակահատվածում, որպես գլխավոր խմբագիր աշխատելով «Հայֆիլմ»-ում, նա կարողացավ աշխատանքը բերել կանոնական հունի: Դիտելով 1975-85 թթ. նկարահանված ֆիլմերը՝ անհնար է չտեսնել նրա ձեռագիրը. «Երկունք», «Կյանքի լավագույն կեսը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»: Հաջողության գաղտնիքը գրականությունը կինոյի հիմքում պահելու նրա անխախտ սկզբունքն էր:
Ակնառու է Ա․ Թոփչյանի ավանդը նաև թարգմանության ասպարեզում։ Նրա շուրջ ութ տասնյակ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի և տասնյակ այլ ֆրանսագիր հեղինակների գրականությանը:
Անվանի գրաքննադատը, արձակագիրը, թարգմանիչը հայ ընթերցողներին է ներկայացրել նաև հայազգի օտարագիր և սփյուռքահայ գրողներին. Վահե Քաչա, Ժան-Բատիստ Բարոնյան, Վահե Գոդել, Վազգեն Շուշանյան, Զահրատ, Զարեհ Խրախունի և ուրիշներ:
Ա․ Թոփչյանն առանձնահատուկ սեր էր տածում արևմտահայ բանաստեղծ Ռուբեն Սևակի գրականության նկատմամբ, որն արտահայտվել է նրա երկերի հատորների հրատարակության պատրաստման ու լույսընծայման մասին։ Գրողի հանդեպ այդ սիրո շարունակությունն է նաև նրա «Եվ անգամ մահից հետո» վեպը, որն արժանացել է մրցանակի:
Հաջող էր նաև Ա․ Թոփչյանի ստեղծագործական գործունեության վերջին պտուղներից մեկի՝ «Բանկ Օտոման» վեպի համաշխարհային ճամփորդությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վեպն արտերկրում հրատարակվել է մի քանի լեզուներով: Նախարարության դրամաշնորհով ստեղծվել և վերջերս լույս են տեսել նրա «Որոգայթ» վեպը և Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ստեղծագործական ժողովածուն՝ ֆրանսերենից թարգմանությամբ:
Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշան»-ի:

54-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը «Visa pour l'image» միջազգային ֆոտոլրագրության փառատոնում արժանացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) «Visa d'Or» մրցանակի, որը հանձնվել է նրան՝ Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը։ Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 եվրո։
Ագուջյանը ներկայացրել էր ղառաբաղյան պատերազմում արված տպավորիչ լուսանկարները, որոնք ցույց են տալիս քաղաքացիական բնակչության վճարած ծանր գինը։
Լուսանկարների շարքը կոչվում է «Հայեր՝ վտանգված մարդիկ», որոնք հրապարակել են «Le Figaro» ամսագրում։
54-ամյա լուսանկարիչ Անտուան Ագուջյանը 20 տարի շարունակ լուսանկարելու նյութի որոնումներում շրջել է Մերձավոր Արեւելքում ու Կովկասում։ 2011 թվականին նա դարձավ Թուրքիայում արգելված թեմայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցահանդես ունեցած առաջին լուսանկարիչը։
Ինչպես գրում է «Ավրորա մրցանակաբաշխության» կայքը, 1961-ի փետրվարի 6-ին ծնված Անտուան Հարություն Ագուջյանը երեք երեխաներից կրտսերն է։ Նրա մայր Անգինեն եւ հայր Կլեմենտն աշխատում էին տեքստիլի արտադրությունում։ Անտուանը մեծացել ու մինչ օրս բնակվում է Ալֆորվիլում, որը հայտնի է որպես «Սենայի ափին փոքրիկ Հայաստան»։
Նա պատկանում է երրորդ (եւ վերջին) սերնդին, որ անձամբ ճանաչել է ցեղասպանությունը վերապրածներին։ 2000 թվականին լուսանկարիչը հայկական հիշողության թեմայով հավակնոտ մի ծրագիր նախաձեռնեց, որի առանցքում 1915-ի ցեղասպանությունն էր։ Նախագիծը նրան տարավ Երուսաղեմ, Լիբանան, Սիրիա, Իրաք, Իրան, Վրաստան եւ Լեռնային Ղարաբաղ։
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ 2015-ին Flammarion հրատարակչությունը լույս ընծայեց Անտուանի գրեթե 30 տարվա աշխատանքի արդյունքը՝ նրա «Լռության աղաղակ. հայոց հիշողության հետքերը» վերջին գիրքը, որի նախաբանը գրել էր ընկերը՝ կատակերգու դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանը։

Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր:
Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ Էր, վերջին օրերին նրա առողջությունը կտրուկ վատթարացել Է:
«Հունաստանն այսօր սգում Է: Այլեւս մեզ հետ չԷ մեծ կոմպոզիտորը եւ մարտիկը, որը կարեւորագույն պահերով կապված Էր նրա արդի պատմության հետ»,-հաղորդել Է հեռուստաալիքը, նշելով, որ Թեոդորակիսն իրենից հետո թողել Է անգին ժառանգություն:
Միկիս Թեոդորակիսը գրել Է բոլոր ժանրերով՝ օպերաներից, սիմֆոնիկ եւ կամերային երաժշտությունից, օրատորիաներից, բալետից եւ եկեղեցական խմբերգերից մինչեւ հին դրամայի, թատրոնի կինոյի համար երաժշտություն: Նրան համաշխարհային փառք բերած ստեղծագործությունների թվում Է «Սիրտակին»՝ «Հույն Զորբան» ֆիլմից, որն աշխարհում ամենաճանաչված հունական մեղեդին Է: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի խմբեր եւ արտիստներ, ինչպիսիք են՝ «Բիթլզ»-ը, Էդիտ Պիաֆը: Միկիս Թեոդորակիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել Է դիմադրության շարժմանը, գերի Է ընկել նացիստների մոտ, որտեղ ենթարկվել Է խոշտանգումների:
Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել Է Մակրոնիսոս կղզու համակենտրոնացման ճամբարում: Թեոդորակիսը «Հանուն ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման» միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր Է: 2020 թվականի ապրիլին կոմպոզիտորին շնորհել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակ» մեդալ, որով նա պարգեւատրվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:

Միջազգային ամենահին կինոստուգատեսը՝ Վենետիկի 78-րդ կինոփառատոնը, սեպտեմբերի 1-ին բացվեց Իտալիայի Լիդո կղզում:
Այս տարի կինոփառատոնը բացեց իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրեր» կինոնկարը:
Հիմնական մրցույթում ստուգատեսին կմասնակցեն 21 կինոնկարներ: «Ոսկե առյուծի» համար պայքարելու են Անա Լիլի Ամիրպուրի «Մոնա Լիզան եւ արյունոտ լուսինը», Ջեյն Քեմփիոնի «Շան ուժը», Գաստոն Դյուպերի «Պաշտոնական մրցույթ», Մեգի Ջիլենհոլի «Վերջին դուստրը» և Պեբլո Լարիանի «Սպենսեր» աշխատանքները: