Իրանահայ հանրահայտ գործիչներ (22.Լեոնի Թաշճյան)
Իրանահայ գեղանկարչուհի,արձանագործ,դիմահարդար, բեմահարդար և ուսուցիչ Լեոնի Թաշճյան։
Կյանքը շատ հեշտ թվացող երևույթ է այն մարդու համար, որ միշտ քայլել է հարթ ու ասֆալտապատ ճամփով: Նա երբ նայում է հմուտ արվեստագետներին կարծում է թե նրա մոտ ամեն ինչ շատ դյուրին է առաջ գնացել: Նա տեսնում է միայն կտավը և վարպետի ձեռքի յուրաքանչյուր զարկին հնազանդվող վրձինը ու չի կարողանում հասկանալ, որ վարպետի ձեռքով ստեղծվող ու հավերժ ապրող կտավները բազմաչարչար ու դժվարություններով լի կյանքի ուղիներից անցնելու արգասիքն են: Մի կյանքի, որ հավերժական խոսքեր ու հուշեր ունի պատմելու աշխարհին:
Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Այս հաղորդումը նվիրված է իրանահայ գեղանկարչուհի,արձանագործ,դիմահարդար, բեմահարդար և ուսուցիչ օրիորդ Լեոնի Թաշճյանին:
Լեոնի Թաշճյանը ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ 1926 թվականին, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Մարաղա քաղաքում: Նա Մկրտիչ Թաշճյանի և Արուսյակի առաջնեկն է: Մանուկ հասակում նա արվեստի լեզուն սովորել է ծնողներից և, ինչպես Լեոնի Թաշճյանն է ասում ավարտել է իր ծնողների համալսարանը: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Լեոնի Թաշճյանն ավարտեց նաև հայոց լեզվի քառամյա դասընթացը: Լեոնի Թաշճյանը նաև մասնակցել է պարսկերեն լեզվի երեկոյան դասընթացների և ավարտել այն: Նա մանուկ հասակից սիրել է նկարչությունը և զբաղվել այդ արվեստով: Թաշճյանի նկարչության վարպետը եղել է իր հայրը:
Նկարչություն սովորեցնելու և ստեղծագործելու նկատմամբ նրա սերն այնքան մեծ էր, որ նա 15 տարեկանում ուներ իր ուրույն ոճը: Հնդկաստանում երեխաների և դեռահասների համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, երբ Լեոնիի նկարներից մեկը ուղարկվեց ցուցահանդեսին մասնակցելու, ցուցահանդեսի պատասխանատուները հրաժարվեցին այն ընդունել: Նրանք պատճառաբանեցին, որ այս աշխատանքը պրոֆեսիոնալ նկարչի աշխատանք է և չի պատկանում 15 տարեկան դեռահասի: Ուստի հրաժարվեցին ընդունել:
Լեոնին Թավրիզից Թեհրան է եկել ընտանիքի հետ, երբ 5 տարեկան էր: Մեկուկես տարի Թեհրանում ապրելուց հետո նրանք մեկնեցին Սպահան: Այս քաղաքում Լեոնիի հայրը սկսում է զբաղվել թատերական գործունեությամբ: Այս ընթացքում երբ մի օր ռեժիսորի հետ զբաղված էին թատերասրահի վերանորոգման գործով, նա մրսում և ծանր հիվանդանում է,ինչը հանգեցնում է քրոնիկ հիվանդության։ Այնուհետև բժիշկները թույլ չեն տալիս նրան նորից բեմ բարձրանալ: Այս դեպքից հետո Լեոնիի մայրը և նրա կրտսեր քույրը գնում են տարբեր քաղաքներ՝ ներկայացումներ խաղալու և ապրուստի ծախսերը հոգալու համար: Այդ քաղաքներում նրանք թատերական ներկայացումներ էին բեմադրում հայկական դպրոցների համար: Իսկ այս աշխատանքից ստացված հասույթի մի մասը հատկացվում էր տվյալ դպրոցին: Այսպես շարունակվեց մոտ երկու տարի, այդ ընթացքում Լեոնին տանը խնամում էր հորը:
Մեկ ու կես տարի Սպահանում ապրելուց հետո Թաշճյանների ընտանիքը ստիպված տեղափոխվեց Արաք: Հայրը դեռ հիվանդ էր և բժիշկների խորհրդով նրան պետք է տեղափոխեին տաք քաղաք: Ի վերջո, Թաշճյանների ընտանիքը որոշեց գնալ Աբադան: Այս ընթացքում Լեոնիի մայրն աշխատանքի է անցնում Իրանի ազգային նավթային ընկերությունում:
Լեոնին հիմնականում դիմանկարիչ է, Աբադանում նա նկարում էր Իրանի ազգային նավթային ընկերությունում աշխատող օտարերկրյա ընտանիքների դիմանկարները, և միևնույն ժամանակ սիրողաբար աշխատում էր Աբադանի մշակույթի վարչությունում: Աբադանի մշակույթի վարչության պետը բարձր գնահատելով նրա գործունեությունը և Թաշճյանների ընտանքի կողմից արվեստին մատուցած ծառայությունների համար Լեոնի Թաշճյանին աշխատանքի է ընդունում այդ վարչությունում: Այսպիսով, 1944 թվականին, տասնյոթ տարեկան հասակում, նա անցնում է պետական ծառայության: Աբադանում նա մեծ հաջողությունների հասավ դասավանդման ոլորտում: Այնպես որ նրան հրավիրեցին դասավանդելու Ռազի ավագ դպրոցում, որտեղ նրա ուսուցիչները համալսարանի դասախոսներ էին: Դա Լեոնիի համար և՛ մեծ պատիվ էր, և՛ թանկարժեք փորձ:
Ի վերջո, Աբադանում տասնութ տարի ապրելուց և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Լեոնի թաշճյանն Աբադանից տեղափոխվում է Թեհրան: Լեոնիի մայրն էլ Թոշակի անցնելուց ու ամուսնու մահից հետո տեղափոխվում է Թեհրան: Մի քանի տարվա ընդմիջումից հետո Լեոնի Թաշճյանը նկարչություն է դասավանդել Թեհրանի Նոբար դպրոցում, ինչպես նաև ստանձնել է դպրոցի մշակութային և գեղարվեստական բոլոր գործերի պատասխանատվությունը:
1963 թվականին Լեոնի Թաճյանը նկարչություն է դասավանդել Նաիրիի դպրոցում և երկու այլ պարսկալեզու դպրոցներում։ 1974 թվականին թոշակի անցնելուց հետո, նա սկսում է համագործակցել Ֆրանկլինի ինստիտուտի հետ, որը զբաղվում էր դասագրքերի, արվեստի գրքերի և աշակերտական աշխատանքային տետրերի պատրաստմամբ և վերահսկողությամբ: Այդ ժամանակ Լեոնիի մայրը մի շարք այլ բարերարների հետ միասին հիմնում է Հայ մշակութային «Սիփան» միությունը, որը համախմբում էր մեծ թվով հայ երիտասարդների և որը աշխատում է մինչև այսօր: Հատկանշական է, որ Լեոնի Թաշճյանը տարիներ շարունակ համագործակցում էր պարոն Սուրեն Մնացականյանի ղեկավարությամբ Մկրտիչ Թաշճյանի անվան թատերախմբի հետ որպես դիմահարդար ու բեմահարդար: Նա նաև երկար տարիներ նկարչություն է դասավանդել այս միությունում:
Մոր մահից հետո Լեոնին դադարեց աշխատել Ֆրանկլինի ինստիտուտում և սկսեց լրջորեն և հետևողականորեն զբաղվել ստեղծագործությամբ:
Վարպետ Լեոնի Թաշճյանի կտավները սկզբում ազդվել են իր հոր ստեղծագործություններից: Նա աշխատել է ռուս-հայկական ռեալիզմի ոճով:
Հետևաբար, երբ Լեոնին ծանոթացավ գեղանկարչական կտավին, նկարեց իր շուրջը գտնվող առարկաների և բնության պատկերներ: Վարպետն իր կտավները նկարել է ջրաներկով, յուղաներկով, պաստելի և սեւ գրիչով նկարչության տեխնիկայով: Նրա ստեղծագործությունների թեման հաճախ դիմանկարներն ու բնությունն են, իսկ հիմնականում նա նկարում է տղամարդկանց և կանանց դիմանկարները Թբիլիսիի, Հայաստանի և Իրանի տեղական տարազներով: Բնության մեջ նրան ավելի շատ հետաքրքրում են շենքերն ու պատմական հուշարձանները: Այս հետաքրքրության պատճառներից մեկն այն է, որ նա հոր հետ մնացել է Պերսեպոլիսում երեք ամիս և նկարել այդ համալիրում գտնվող կոթողները: Լեոնին նաև պատրաստել է մոր արձանը գիրքը ձեռքին աթոռին նստած: Արձանը քանդակելու մասին նա ասում է.«Ես գնացի Խորասանի ճանապարհին գտնվող հայկական գերեզմանատուն՝ մորս քանդակը պատրաստելու համար, և տապանաքարերի վրա աշխատող քանդակագործներից սովորեցի, թե ինչպես հատիչ և մուրճ վերցնել քարի վրա աշխատելու համար»: «Նրանք ինձ սովորեցրին աշխատել քարի մի փոքր կտորի վրա, հետո ես քարը գնեցի և պատրաստեցի մորս արձանը»: Սա վարպետի ուշագրավ աշխատանքներից է: Հարկ է նշել, որ վարպետն իր կյանքի մեծ մասն անցկացրել է երիտասարդներին և դեռահասներին գեղանկարչության արվեստը սովորեցնելով:

Լեոնի Թաշճյանը մասնակցել է խմբային ցուցահանդեսների և նկարչական բիենալեների, իսկ 2001 թվականին Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության և Կանանց հարցերի կենտրոնի կողմից որպես առաջատար գեղանկարչուհիներից մեկը արժանացել է պատվոգրի: Նա նաև համոզված է, որ նկարչությունը պետք է ուսուցանել երիտասարդ ուսանողներին, որպեսզի նրանք կարողանան ծառայել երկրի գեղարվեստական հանրությանը:
Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ վարպետ Լեոնի Թաշճյանին առաջարկվեց նկարների միջոցով պատկերել Հայաստանի պատմությունը: Նա մեծ սիրով ու պատրաստակամությամբ ընդունեց այս պատասխանատվությունը և պատրաստեց այս հավաքածուն:
Հայաստանի պատմության վիզուալ աղբյուրների մասին ավելին իմանալու համար Լեոնի Թաշճյանը ծավալուն ուսումնասիրություններ է կատարել և ըստ այդ ուսումնասիրությունների փորձել է պատմական տեսարանները, ինչպես նաև ստեղծագործությունների այս հավաքածուի կերպարների զգեստները մոտեցնել տվյալ պատմական ժամանակաշրջանին: Գույների համադրությունը և տոնայնությունը նույնպես ազդված են հայկական պատմական հուշարձանների գույներից: Ընդհանուր առմամբ, այս նկարների թեման առնչվում է Ք.ծ.ա. երրորդից վեցերորդ դարերին:
Լեոնի Թաշճյանն ասում է.«Պատմական ստեղծագործությունների հանդեպ իմ սիրո և հետաքրքրության պատճառով ես աշխատում էի անդադար: 1994-ին ես սկսեցի կառուցել Հայաստանում Քրիստոնեության ընդունմանն հանգեցրած պատմական տեսարաններ և պատերազմների տեսարանները և ի վերջո նկարեցի երեսունվեց կտավ: Այս տեսարաններից յուրաքանչյուրի ստեղծումն այժմ հիշողություն է իմ մտքում, որը երբեք չեմ մոռանա»:
***
Հարգելի բարեկամներ Հայերեն Ռադիոժամը պատիվ է ունեցել իր հարկ տակ հյուրընկալել գեղանկարչուհի,արձանագործ,դիմահարդար, բեմահարդար և ուսուցիչ օրիորդ Լեոնի Թաշճյանին: Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայերեն Ռադիոժամին տված նրա հարցազրույցից հատվածներ: