Փետրվար 22, 2022 02:18 Asia/Yerevan

Բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ ունենում են ալարկոտության պահեր, երբ ուզում ես միայն նստել կամ պառկել և ոչինչ չանել (բացի հեռուստացույց դիտելուց կամ հեռախոսով զբաղվելուց): Այս հաղորդման ընթացքում կներկայացնեմ հոգեբանների խորհուրդներն ալարկոտությունը հաղթահարելու վերաբերյալ։

 

Ժամանակ առ ժամանակ կարելի է թույլ տալ մի քիչ ծուլանալ, չլարել ուղեղը և պարզապես ոչինչ չանել ու հանգստանալ: Ինչևէ, դա կարելի է թույլ տալ հազվադեպ և չդարձնել վատ սովորություն:

Մեր առօրյա կյանքում հանդիպող շատ խնդիրների և անհաջողությունների հիմքում ընկած է հենց ծուլությունը: Դրան հետևում են հուսալքությունը, մոտիվացիայի կորուստը, անգործությունը: Բոլորին հայտնի է, որ երբ պետք է գնալ դասի կամ աշխատանքի, դու ինքդ քեզ ստիպում ես վեր կենալ անկողնուց կամ բազմոցից, քեզ կարգի բերել, շարժվել, քանի որ պետք է: Իսկ եթե չունես զբաղմունք կամ կարևոր գործ, հատկապես արձակուրդներին, քեզնից անկախ ալարկոտանում ես …

---

Ինչ խոսք բոլորը նախատում են ալարկոտությունը, պայքարում նրա դեմ, քննադատում այն: Ինչու՞ են մարդիկ ձգտում հաղթահարել ալարկոտությունը: Որովհետև այն խանգարում է մարդկանց հասնել իրենց առջև դրված նպատակներին: Եթե վերհիշենք մարդկության առաջացման պատմությունը, ապա կարելի է բացահայտել, որ ալարկոտության սկզբնական նշանակությունը եղել է էներգետիկ ռեսուրսների տնտեսումը, որն այդքան չէր բավականացնում նախամարդուն: Այդ պատճառով էլ հոգեկանի անգիտակցական մասը սահմանափակել է գիտակցության ավելորդ ակտիվությունը՝ հորինելով ամեն տեսակ պատճառներ և արդարացումներ, տնտեսելով ուժերը և թողնելով չնչին ռեսուրսներ միայն ամենաանհրաժեշտի՝ պայքարի, սննդի հայթայթման, և հիմնական պահանջների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք այլ ֆունկցիաների համար: Մեզնից յուրաքանչյուրն ունի ալարկոտության իր տեսակը: Ահա նրանցից մի քանիսը. Ալարկոտությունը որպես ինքնպաշտպանական մեխանիզմ Ի՞նչ անել: Հարցրեք ինքներդ Ձեզ, թե ի՞նչ եք զգում, երբ Ձեզ պատում է ալարկոտությունը և որոշում կայացրեք անել կամ չանել այս կամ այն բանը՝ հենվելով միայն Ձեր իրական զգացմունքների վրա: Այդժամ ալարկոտությունը ստիպված չի լինի պաշտպանել Ձեզ անցանկալի գործունեությունից:Դուք կարող եք պաշտպանել ինքներդ Ձեզ գիտակցաբար և նույնիսկ՝ ստեղծագործաբար: Օրինակ՝ մտածեք այն բանի շուրջ, թե ինչպես կարելի է ամենօրյա գործողությունը դարձնել Ձեզ համար առավել հետաքրքիր կամ էլ պարզապես կատարեք Ձեզ դուր չեկող բանն ավելի արագ, որպեսզի շուտ ազատվեք այդ ծանր պարտականությունից:

Ալարկոտությունը որպես ցածր ինքնագնահատականի արդյունք

Այս դեպքում մարդն իր վրա վստահ չէ, կասկածում է, որ կհաղթահարի ծագած դժվարությունները, չի համարձակվում պատասխանատվություն ստանձնել և հաճախ իրեն նախատում է իր ալարկոտության համար: Ի՞նչ անել: Չհանձնվել ժամանակից շուտ: Տալ ինքն իրեն սխալվելու իրավունք: Չէ՞ որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Մի՛ շտապեք ինքներդ Ձեզ գնահատել, ստուգեք Ձեզ և կհամոզվեք, որ անարդար եք եղել ինքներդ Ձեր նկատմամբ:

Ալարկոտությունը որպես քրոնիկական հոգնածության հետևանք

 Դուք կարողանու՞մ եք հանգստանալ: Ինչպիսի տարօրինակ հարց, այնպես չէ՞: Թվում է, թե հանգստանալ կարողանում են բոլորը: Ցավոք, դա այնքան էլ այդպես չէ, եթե համարենք, որ հանգիստը դա կա՛մ ամբողջովին թուլացումն է, կա՛մ էլ փոխակերպումը մեկ այլ գործունեության: Եվ ահա մշտական լարվածությունից բավականին արդյունավետորեն ազատվել մեզ օգնում է հենց ալարկոտությունը: Ի՞նչ անել: Նկատել, թե որքան հաճախ եք աշխատանքի մասին մտածում հանգստի ժամանակ: Ինչի՞ մասին եք անհանգստանում: Փորձեք ապրել այստեղ և հիմա: Ընդունեք Ձեր հանգստի իրավունքը: Ձեր ուժերը անսպառ չեն: Սովորեք հոգ տանել ինքներդ Ձեր մասին: Երբեք մի նախատեք Ձեզ ալարկոտության համար, այլ պարզապես մտածեք, թե ի՞նչ է հիմա կատարվում, ինչու՞ հիմա ոչինչ չեք ցանկանում անել: Ինչո՞վ դա կարող է պայմանավորված լինել: Միգուցե արժե հանգստանալ կամ գտնել որևէ առավել հետաքրքիր զբաղմունքի տեսակ: Դա այն է, ինչը Ձեզ համար շատ ավելի կարևոր կլինի: Երբեք մի նախատեք Ձեր մտերիմներին այն բանի համար, որ նրանք ալարում են ինչ-որ բան անել, այլ մտածեք, թե ինչով կարող եք նրանց օգտակար լինել: Միգուցե կողքից ավելի տեսանելի՞ է, թե ինչը նրանց ավելի կոգեշնչի, միգուցե այդ մասին խոսե՞ք նրանց հետ: Եվ այսպես, հավանաբար Ձեզ համար արդեն պարզ է, որ ալարկոտությունը ոչ միշտ է այնպիսին, ինչպիսին մենք ենք այն ընկալում: 

---

Եվ վերջում ամփոփ կերպով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  հոգեբանների խորհուրդներն ալարկոտությունը հաղթահարելու վերաբերյալ։

Իհարկե, պետք է կամքի ուժ դրսևորել: Հաստատ նկատած կլինեք, որ ինչքան երկար եք անգործ մնում և ալարկոտությանը տեղի տալիս, այնքան շատ է այն խորանում։ 

 

Եվ այսպես.

  • Որպես ամենակարևոր խորհուրդը  նոր սովորություններ ձեռք բերելն է: Առօրյա նույն գործերը ձանձրացնում են և առաջացնում են մոտիվացիայի կորուստ: Սակայն, եթե կարողանաք մի քիչ ջանք գործադրել և դուրս գալ ձեր անձնական կոմֆորտի գոտուց, ապա կարող եք սկսել լրիվ նոր կյանք։
  • Մյուս խորհուրդը ֆիզիկական ակտիվությունն է՝ որևէ հաճելի սպորտաձևով կամ պարով զբաղվելը: Ֆիզիկական վարժանքները ոչ միայն օգտակար են գեղեցիկ կազմվածքի և առողջության համար, այլ նաև տալիս է դրական լիցքեր: Եթե կանոնավոր, բայց առանց ավելորդ լարվածության հաճախում եք պարապմունքների, , ավելի կարգապահ եք դառնում և օգնում է ճիշտ կառավարել ժամանակը:

 

  • Շատ կարևոր է ժամանակին հայտնաբերել և բուժել ընկճվածությունը, չի՛ կարելի անտեսել հոգեկան խնդիրները: Երբեմն ալարկոտությունը լուրջ խնդրի արտահայտություն է, հատկապես երբ ուղեկցվում է անտարբերությամբ և կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստով: Եթե խոսքը գնում է լուրջ և տևական ախտանշանների մասին, պարտադիր պետք է դիմել բժշկի, հետազոտվել և ընդունել համապատասխան բուժում:
  • Շատերին օգնում է առօրյա գործերի ցուցակի և աշխատանքային պլանի կազմելը: Շատ հաճախ կարևոր գործերը և օրինակ՝  պարապմունքի գնալու անհրաժեշտությունը ստիպում են մոռանալ ալարկոտության մասին: Երբեմն մարդկանց օգնում է արտաքին տեսքին կանոնավոր հետևելու անհրաժեշտությունը, որը ժամանակի հետ դառնում է առօրյա սովորություն:
  • Որոշ մարդիկ պարգևատրում են իրենք իրենց արած գործի կամ արդյունքի համար՝ լինի դա փոքրիկ նվեր կամ համեղ ուտելիք։

Պիտակ