Շաբաթվա ամփոփում
Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին հանդիպել ու բանակցել է Հայաստանի Հանրապետության նախագահի հետ:
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին մարտի 23-ին հանդիպել ու բանակցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ողջունելով դեսպանին՝ ՀՀ նախագահը շնորհավորել է Նոռուզի՝ իրանական Նոր տարվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Իրանի ժողովրդին հղել իր լավագույն բարեմաղթանքները:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը և Իրանի դեսպանը երկուստեք կարևորել են բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված Իրան-Հայաստան հարաբերությունների շարունակաբար խորացումն ու ամրապնդումը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրան-Հայաստան փոխգործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:
-------------------------------
Հայաստանի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան։
Արտաշես Թումանյանը Թեհրանում կլինի մարտի 27-ից 30-ը՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով:
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նա պետք է Հայաստանի վարչապետի աշխատակազմին ներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
--------------------------------
Իրավիճակը աշխարհում եւ տարածաշրջանում լարված է, եւ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու եւ հիմնարար լուծումներ գտնելու հարցում:
Մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առումով, այո, մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:
Ընդ որում, պետք է արագացնել նաեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները՝ սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի եւ Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ բացի ամբողջական հետքաշումից Հայաստանը հանդես է եկել նաեւ տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում է Ադրբեջանի արձագանքին.
«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:
Վարչապետը տարակուսեց՝ վերջին մի շարք իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ:
«Մենք այդպես էլ լավ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ: Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ եւ մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»,- ընդգծեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին մի քանի անգամ ասել է, հիմա մանրամասնելու կարիք չի տեսնում:
--------------------------
Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ, ՀՀ ԱԳՆ-ն միաժամանակ ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար:
Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում:
«Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից վերջին օրերին տարածված հայտարարությունները ևս մեկ անգամ բացահայտ կերպով վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է»,-ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Գերատեսչությունից հիշեցրել են՝ մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի ներխուժմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը, ինչպես նաև Փառուխ գյուղի հարևանությամբ գտնվող Խրամորթ գյուղի բնակչությանը ադրբեջանական կողմից օրեր շարունակ բարձրախոսներով հնչեցրած և հայկական բնակչությանն ուղղված սպառնալիքները՝ լքելու բնակավայրը։
«Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը զուգահեռ աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Ադրբեջանն արդեն մի քանի շաբաթ շարունակ խափանել է կենսական նշանակություն ունեցող գազատարի աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կանգնեցնելով հումանիտար աղետի շեմին: Ավելին՝ էթնիկ զտումների իր ուղեգիծն ամբողջացնելու և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելու համար Ադրբեջանն իր հայտարարություններով պահանջում է դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը»,-նշել են ԱԳՆ-ից:
Նախարարությունից ընդգծել են, որ Ադրբեջանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունները փաստում են նաև, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ:
«Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ»,-ասված է հայտարարությունում:
------------------------
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը սխալ հաշվարկեր է արել։
----------------------
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում Հայաստանի ներգրավվածությամբ, կասկած չկա, որ դեպի Ռուսաստան և Եվրոպա Իրանի հաղորդակցության ուղիների բազմազանությունն էլ ավելի կավելանա։
Փաստորեն, պետք է ասել, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի կառուցման ծրագրում Հայաստանի ներգրավվածությամբ մի քանի կարևոր իրադարձություններ տեղի կունենան Ռուսաստանը Պարսից ծոցի տաք և բաց ջրերին, Օմանի ծովին, Հնդկական օվկիանոսին, Ասիայի հարավ-արևելքին, արևմուտքին ու հարավին միացնող ճանապարհին և հակառակը Իրանի տարածքով անցնող ճանապարհին։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը Երևանին և անդամ մյուս երկրներին հնարավորություն է ընձեռել ավելի լավ օգտագործել Իրանի աշխարհագրական ներուժը՝ սեփական ազգային շահերի ուղղությամբ:
Հատկապես Ղարաբաղյան հակամարտությունից հետո, Իրան-Հայաստան հարաբերությունների գործընթացը ցույց է տալիս, որ երկու երկրները, բացի երկկողմ համագործակցությունից, պետք է նաև առավել քան երբևէ օգտվեն տարածաշրջանային՝ ներառյալ Եվրասիական միության, առևտրի և ազատ գոտիների հնարավորություններներից։
Այս առումով, անխուսափելի անհրաժեշտություն է դարձել կապի և տարանցման կարևորությունը աշխարհի հետագա միջազգային հարաբերություններում և տարածաշրջանային համագործակցության նպատակով Թեհրանի ու Երևանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը ։
Այս կապակցությամբ Իրանի և Հայաստանի որոշ տնտեսական հարցերի փորձագետներն ասում են. «Հայաստանում և Իրանի սահմանամերձ տարածքում Գորիս-Կապան նոր ճանապարհի կառուցումը, Իրանի և Հայաստանի միջև ազատ գոտիների ստեղծումն ու շահագործումը, Հայաստանի Սյունիքի մարզում Իրանի կողմից տնտեսական և արդյունաբերական միավորների կառուցումը և այս գործում Երևանի աջակցությունը, անվտանգության ոլորտում երկու հարևան երկրների համագործակցության ընդլայնումը, նաև Ռուսաստանի, Վրաստանի և դեպի Սև ծով ու Եվրոպա տանող Պարսից ծոցի միջանցքի կառուցման համար Հնդկաստանի հետ համագործակցությունը վեց կարևոր և առաջնահերթ քայլեր են, որոնք Իրան-Հայաստան համագործակցության ընդլայնման շրջանակում պետք է ուշադրություն կենտրոնում լինեն»։
Թեհրանի և Երևանի միջև փոխանակումների աճի միտումը ցույց է տալիս, որ Իրանի և Հայաստանի մասնավոր հատվածը և գործարարները մեծապես հետաքրքրված են առևտրատնտեսական հարաբերությունների և փոխադարձ ներդրումների ընդլայնմամբ, հատկապես արտադրության ոլորտում։ Ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը, որպես կովկասյան տարածաշրջանի երկիր և Եվրասիական տնտեսական միության անդամ, դառնում է Իրանի համար կարևոր առևտրային գործընկեր։ Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է․- «Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային երթուղու ձևավորման շուրջ»։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է․-«Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման նպատակով 2021 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիին, հանդիպում է տեղի ունեցել նաև սեպտեմբերի 17-ին Դուշանբեում: Այդ հանդիպումներում քննարկվել են հայ-իրանական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր»:
ՀՀ ԱԳ նախարարն ի դեպ հստակեցրել է․ «Տարեվերջին Իրանի կառավարությունն ընդունել է որոշում՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ, հայկական կողմից քննարկվում է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»:
Փաստորեն, տարանցիկ, տնտեսական ու առևտրային շահեկան նախագծերի իրականացումը, բխում է ոչ միայն Իրանի և Հայաստանի այլ նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և Կովկասի այլ երկրներից։ Չնայած այս երկկողմ և տարածաշրջանային կառուցողական նախագծերի իրականացմանը, թվում է, որ մի շարք նախագծեր, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի նկատի առած միջանցքի կառուցումը տարածաշրջանում, անօգուտ կլինեն և այդ երկրները դրանք կյանքի կոչելու պատճառ չեն ունենա։