Հոկտեմբեր 02, 2022 15:33 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։

 

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև` ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, հատկապես՝ վերջին շրջանի շփումների ակտիվացման կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին: Համոզմունք է հայտնվել, որ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի, Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրանական կողմից արտահայտվող վճռական ու հստակ դիրքորոշումները:

----------------------------------

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել էր նաև Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը։

Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ–ն բավական էլեկտրաէներգիա է արտահանում դեպի Իրան։

«Սկզբից կարող է թվալ, որ պատահաբար է այն հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և կրկին վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և կիսով չափ այն աշխատեցնել, ինչպես նաև Երևանի ՋԷԿ–ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ»,–ասաց Սանոսյանը։

Նրա խոսքով` դիտավորյալ խախտվեց Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգը։ Սա, ըստ նախարարի, տիպիկ նկարագրում է, որ հստակ թիրախավորվում էին քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սանոսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն թիրախավորել էր նաև Կեչուտի ջրամբարը, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան, քանի որ արկերը հայտնվել էին ջրամբարի մեջ։

Նախարարը հավելեց, որ կան ենթակառուցվածքներ, որ վերականգնվել են՝ ճանապարհները, գազն ու հոսանքը։ Իսկ հիմա փորձում են վերականգնել քիչ վնասված տները։

------------------------------------

Բացի Հայաստանից միակ երկիրը, ում համար Սյունիքը կարևոր է, Իրանն է, ինչը դժվար չէր պատկերացնել և Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր անել։ Սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դժվա՞ր էր կռահել, որ պետությունը, որը բացի հայտարարություններից, կարող է գործնական քայլերի դիմել, միայն Իրանն է։ Այս 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չարվեց` առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Իրանի հետ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար։ Հարցն այն է, որ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»,–ասաց Քոչարյանը։

Նա նշեց, թե տեղյակ է` 2021-ի մայիսին Իրանի հետ նման խոսակցություն է եղել` Իրանի առաջարկով, սակայն հայկական կողմն  իրավիճակը սառեցրել է։

Քոչարյանի խոսքով` հիմա էլ ուշ չէ գործընթաց սկսելու համար և պետք է վճռական քայլերի գնալ։ Այդպիսով, ըստ նրա, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ գործիքակազմը համալրելու։ ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ հնարավոր է «համոզել» ինչպես ՌԴ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին։

----------------------------

2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ արած համատեղ հայտարարությունում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։

Նա նշել է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների առաջին իսկ ամիսներին դարձել են պետական սահման, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ստորագրել ու վավերացրել են ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը և դրանով փաստացի ճանաչել են միմյանց սահմանները։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանի գործողությունները այլ կերպ, քան գիտակցված ագրեսիա, չի կարելի գնահատել։ Ադրբեջանական օկուպացիայի արդյունքում մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված»,– ասել է նա՝ հավելելով, որ միջազգային դիտորդական առաքելությունը կկարողանա ուղիղ և ոչ թե միջնորդավորված ուսումնասիրել ստեղծված իրավիճակը Հայաստանում։

Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես պետք է հարցը պահի ուշադրության կենտրոնում և այդ հարցում ակնկալում է ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի աջակցությունը։

«Գալով երկարաժամկետ լուծումներին՝ կարծում եմ՝ անհրաժեշտ է 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը և նոր կոմունիկացիաների կառուցմանը համաձայն այն ներկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։ Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, որ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել»,– ասել է նա՝ ընդգծելով Ֆրանսիայի դերն այս հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։

-------------------------

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են  ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:

---------------------------------

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգության հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վաշինգտոնյան հանդիպմանը։

---------------------------

Մենք հանդես ենք գալիս բոլոր այն պայմանավորվածությունների խստիվ կատարման օգտին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից՝ ձգձգվող հակամարտությունը լուծելու համար, որը բազմիցս վտանգավոր արյունալի պիկեի վերածվել։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու կոչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 18:00-ից ադրբեջանական զինուժն ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էր գնդակոծել հայկական դիրքերը սահմանի արեւելյան ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել։

Դրանից հետո Փաշինյանը Twitter-ում գրառում էր կատարել, որում նշել էր, որ ադրբեջանական ներխուժումը պետք է դադարեցնել, սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել։ «Ադրբեջանական զորքերի դուրսբերումը եւ օկուպացիայից տուժած հայկական տարածքներում միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն է»,- ասել է նա։

-------------------------------

Անցած 2 տարիների ընթացքում Կովկասում տեղի ունեցող զարգացումները Հայաստանում և Իրանում քաղաքացիներին հետաքրքրող նորություններից են։ Այս զարգացումները կարևոր են, քանի որ վերջին 3 տասնամյակների ընթացքում կարևոր փոփոխություններ են արձանագրվել Հարավային Կովկասի աշխարհագրական իրավիճակում, և մտավախություն կա, որ այդ փոփոխությունները կշարունակվեն և կազդեն նաև Հայաստանի և Իրանի սահմանների վրա, ինչը Թեհրանի ու Երեւանի համար կունենա լուրջ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական հետեւանքներ:

Վերջին երկու ամիսների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև երկու երկրների սահմանային կետերում տեղի ունեցած բախումները հանգեցրել են Հայաստանի տարածքի մի մասի (ավելի քան 10 քառակուսի կիլոմետր) օկուպացման։ Բաքվի հակամարտությունների քաղաքական նպատակները անորոշության են մատնել այն խնդիրը, թե արդյո՞ք Ադրբեջանն ընդամենը պատասխանում է Երևանի սադրանքներին, թե՞ կառուցվածքային փոփոխություններ է փնտրում Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ օկուպացնելով Հայաստանի հարավային տարածքը, ինչը կհանգեցնի Իրան-Հայաստան սահմանների փակմանը և Նախիջեւանի ու Ադրբեջանի միացմանը։

Այդ կապակցությամբ Իրանի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ Թեհրանի կարմիր գիծը աշխարհաքաղաքական փոփոխություններն ու միջազգային սահմաններն են Հարավային Կովկասում, և այդ դիրքորոշումը հայտարարվել է մեր երկրի բարձրագույն պաշտոնյաների մակարդակով, փոխանցվել նաև Բաքվին ու Երևանին։

Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հակամարտության շարունակմանը ղարաբաղյան զինադադարի համաձայնագրից հետո 2020թ. Կովկասի հարցերով փորձագետ, դոկտոր Հասան Բեհեշթիփուրը կարծում է, որ պատերազմի հիմնական խնդիրն այն է, որ հրադադարը արագորեն կազմակերպվեց և ընդհանուր և առանց մանրամասների տեքստ կազմվեց, որ պատերազմը ավարտվի ամենակարճ ժամանակում տեքստի ստորագրման հարցում նվազագույնի հասցվի տարաձայնությունները:

Անդրադառնալով Կովկասում տեղի ունեցած վերջին բախումերին  Թուրքիայի դերին, նա հավելել է.«Թուրքիան ձգտում է  էքսպանսիոնիզմի և հետապնդում է թուրքական հողերի միացմանը Թուրքիայից մինչև Չինաստանի Սինցզյան: Ազդեցության գոտու ընդլայնումն ու էքսպանսիոնիզմը Թուրքիայի քաղաքականություններից մեկն է կովկասյան տարածաշրջանում»։