Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-9-ը աշխատանքային այցով գտնվում էին Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:
Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել են հարևան երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային ու մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը:
Նախարար Խաչատրյանը ուրախությամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր առաջին այցի ընթացքում ծավալվել են արդյունավետ և կառուցողական քննարկումներ: Իր խոսքում նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը. «Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»։
Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին, նախարարը ընդգծել է, որ այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։
Հանդիպման ժամանակ Էհսան Խանդուզին ընգծել է. «Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա, և ես հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։
Պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ:
-------------------------
Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանն IQNA-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև առեվտրափոխադրումները մինչեւ 1 մլրդ. դոլարի հասցնելու անհրաժեշտությանը:
Արա Շահվերդյանը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջեւ առեվտրափոխադրումներն այժմ գտնվում են 700 մլն. դոլարի սահմաներում, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այն մինչև1 մլրդ. դոլարի հասցնելու համար:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին կորոնավիրուսի բռնկումը էական ազդեցություն չի ունեցել երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա, այլ երկու երկրների պատասխանատուները դրսևորել են առավելագույն վճռակամություն՝ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Արա Շահվերդյանը նաեվ շեշտել է, որ Հայաստանը մասնավորապես կարեւորվում է իր ունեցած աշխարհաքաղական նշանակության և դեպի ԵԱՏՄ երկրներ ճանապարհ-կամուրջ լինելու առումով:
--------------------------
Էներգետիկայի և նավթի համաշխարհային շուկայի նորությունները հրապարակող Oil Price կայքը գրում է, որ Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև 2030 թվականը դեպի Հայաստան Իրանի գազի արտահանումը կկրկնապատկվի։
Oil Price-ը, հաղորդում է, որ Հայաստանը, որն իր գազի մեծ մասը ներկրում է Ռուսաստանից, շուտով կգտնի այլընտրանք, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատանում են:
Կայքը գրում է, որ Երևանը Թեհրանի հետ պայմանավորվել է երկարաձգել գազի առևտրի պայմանագիրը մինչև 2030 թվականը՝ կրկնապատկելով ներկրվող գազի ծավալը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ։ Փոխըմբռնման հուշագիրը նոյեմբերի 1-ին ստորագրել են Իրանի նավթի փոխնախարար, գազի հարցերով փոխնախարար և ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Մաջիդ Չեգինին և Հայաստանի տարածքային կառավարման և էներգետիկ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Այս կապակցությամբ Մաջիդ Չեգինին ասել է. «Ներկայումս Իրանը օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Հայաստան, իսկ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ այդ ծավալը կկրկնապատկվի»։
---------------------
Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ,գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, այդ թվում՝ երկկողմ համագործակցությունն իրավապահ բնագավառում, որն իրականացվում է 2012 թվականին Իրանի Ներքին գործերի նախարարության և Հայաստանի ոստիկանության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա։
ՀՀ ոստիկանության պետը խոսեց թմրամիջոցների դեմ պայքարի մասին։ Նա նշեց, որ քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։ Վահե Ղազարյանը շեշտեց, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում։
ՀՀ ոստիկանության պետը խոսեց նաև համագործակցության մյուս ուղղությունների մասին և մատնանշեց այս տարի Հայաստանում կատարված առանձնապես ծանր հանցագործության բացահայտման մասին, որի աշխատանքներին ներգրավված են եղել նաև Իրանի իրավապահներն ու դեսպանատունը։
Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորեց հայ-իրանական սերտ հարաբերությունները, որոնք օրըստօրե ավելի են զարգանում։ Ողջունելով Մեղրիում ոստիկանական մասնագիտական ստորաբաժանման ստեղծումը՝ նա նշեց, որ այն առավել կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին, և այդ ուղղությամբ հայտնեց իրանական կողմի աջակցությունը։ Դեսպանը խոսեց նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեմ Իրանի իրավապահների պայքարի մասին։
Հանդիպմանը քննարկվեցին նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։
--------------------------
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացի է համարում Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները եւ զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաեւ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից:
Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստում ունեցած ելույթում:
ՀՀ վարչապետի խոսքով ԼՂ բնակչության նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսեւորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը եւ դրա վերականգնման տեւական խոչընդոտումը:
«Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով ՝բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից: Եւ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքը աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը»»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ-ն նոր ճանապարհների կառուցման պարտավորություն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն կամ այլ փաստաթղթով պարզապես չունի:
Ինչո՞ւ է Ադրբեջանն ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. մի պարզ պատճառով՝ շարունակելու ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին ուղղված այն մեղադրանքներին, ըստ որոնց ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի: Վարչապետը շեշտեց՝ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: «Խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
------------------------------
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփման իմաստը Ռուսաստանին բանակցություններից ու միջնորդի դերից հեռացնելն է: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը` անդրադառնալով ամերիկյան կողմի միջնորդությամբ նոյեմբերի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը։
-----------------------
Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ։
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Ադրբեջանի ԶԼՄ-ների և պաշտոնական անձանց կողմից հակաիրանական քարոզչության շարունակության ֆոնին, հինգշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանը: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անբարյացակամ հայտարարությունների և այս երկրի ԶԼՄ-ների ապատեղեկատվության նկատմամբ Իրանի դժգոհությունը և խիստ բողոքն է հաղորդվել Ադրբեջանի դեսպանին։
Ափսոսանք հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանը հայտարարեց, որ անմիջապես Իրանի բողոքը կփոխանցի Բաքվին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, անդրադառնալով ԻԻՀ-ի սկզբունքային քաղաքականությանը՝ ղարաբաղյան տարածաշրջանում երկու հյուսիսային հարեւանների միջև երկարատև հակամարտության վերաբերյալ, հավելել էր.«Թեհրանը մշտապես ընդգծել է տարածքային ամբողջականության պահպանումը և Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքին համապատասխան և դատապարտել է Ադրբեջանի տարածքների օկուպացիան և ամենաբարձր մակարդակով աջակցել դրա ազատագրմանը»: