Փետրվար 22, 2023 11:34 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։Ընկերակցեք մեզ:

Ավելի քան երկու հազար արվեստագետների մասնակցությամբ, թվականիս փետրվարի 17-ից Իրանում մեկնարկել է Ֆաջր 38-րդ երաժշտական փառատոնը: փառատոնը կտևի վեց օր և դրա շրջանակներում ելույթ կունենա 2126 երաժիշտ:

Փառատոնի առաջին օրը ժամը 18:30-ին Վահդաթ սրահը կհյուրընկալի Իրանի ազգային երաժշտական նվագախմբին, իսկ 21:30-ին՝ Հունգարիայից ժամանած ջութակի և դաշնամուրի դուետին:

Ժամը 18:30-ին  Ռուդաքի սրահում տեղի կունենա Իրանի երաժշտական դպրոցների տղաների երգչախմբի համերգը, իսկ 21:30-ին կներկայացվի Ղեշմի երաժշտական ծրագիրը:

Ամեն օր ժամը 16:00-ից  20:00-ն իմամ Ալիի թանգարանում  կներկայացվի Ֆաջր երաժշտական փառատոնի  ժամանակացույցը, ինչպես նաև նախորդ շրջանների կատարումների  մասին պատմող ֆիլմը:

Բեհզադ Աբդիի ղեկավարությամբ, Ֆաջր երաժշտական 38-րդ փառատոնը կանցկացվի մրցութային   և արտամրցութային բաժիններում։

Ֆաջր միջազգային երաժշտական 38-րդ փառատոնի առաջին օրը, առաջին անգամ Թեհրանում կայացավ Ղեշմի ավանդական երաժշտական երեկոն:

Փառատոնի բացման կապակցությամբ հղված ուղերձում, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին գրել է. «Իրանի երաժշտությունն ունի հարուստ պատմություն և ինքնություն:

Այն ինքնատիպ է: Իսկ արժեքավոր ու մնայուն ստեղծագործությունների և հայտնի ստեղծագործողների շնորհիվ, այն մշտապես եղել է միջազգային ասպարեզում մշակութային դիվանագիտության լավագույն և արդյունավետ ուղիներից մեկը»:

Փառատոնի այս շրջանում տեղի կունենա երգի մրցանակաբաշխություն, կշնորհվեն մրցանակներ երաժշտական և մեդիա ոլորտներում, կկայանան տարբեր մասնագիտական հանդիպումներ։

Գյումրու դրամատիկական թատրոնում փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Բովանդակություն» ներկայացման առաջնախաղը: Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի հիման վրա ստեղծված նախագիծը  նվիրված է մեծ բանաստեղծի ծննդյան 125-ամյակին։ Բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի, պլաստիկան՝ Մարինկա Դովլաթբեկյանի, իսկ բեմական խոսքը՝ Տաթև Ղազարյանի: Նախագիծն իրականացվում է համատեղ՝  Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի և տվյալ ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ջանքերով՝ Գյումրու թատրոնի հետ համատեղ։ Ներկայացման մեջ ներգրավված են միայն ուսանողները:  

Բեմում ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ՝ առանց դեկորների, գլխավոր  հերոսը՝ մեծ դասականի ստեղծագործությունն է: Ներկայացման ողջ ընթացքում գերիշխում է խոսքը, շարժումն ու երաժշտությունը: Մեծ գրողի ստեղծագործություններին հատուկ նոր շունչ են տալիս բեմադրական համարձակ լուծումները` ուսանողները խոսքով ու պլաստիկայով ավելի քան մեկ ժամ ու կես հանդիսատեսին են փոխանցում  չարենցյան ոգին: Երաժշտական ձևավորումը ևս հատուկ այս նախագծի համար է արվել:

«Կարծում եմ՝ աշխատանքը հետաքրքիր է ստացվել։ Հիմքում Չարենցի գլուխգործոցն է ու տարբեր բանաստեղծություններ, որոնք ավելի հյութեղ են դարձնում գործը: Միշտ էի մտածում իմ սիրած հեղինակին անդրադառնալ, 125-ամյակը առիթ հանդիսացավ Չարենցի տուն-թանգարանի հետ այս ներկայացման փոքր տարբերակը ստեղծելու և ես հասկացա, որ դա քիչ է ու որոշեցինք մեծագույն  պոետին ավելի մեծ վրձնահարվածներով անդրադառնալ», նշեց Գոռ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ ընթացքը ևս հետաքրքիր է եղել. չի եղել նախնական սցենար, ամեն ինչ տեղում է ստեղծվել: «Անշուշտ, տեխնիկական առումով բավական բարդ էր, բայց մեզ աջակցեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը, իսկ Գյումրու դրամատիկ թատրոնը ջանք ու եռանդ չխնայեց, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ծրագրել էինք»,- նշեց Գոռ Մարգարյանը՝ ընդգծելով, որ սա հրաշալի փորձ ու հնարավորություն է ուսանողների համար:

Գրքի տոնին ընդառաջ մեկնարկեց Newmag Winter Fest-ը. արդեն 2-րդ տարին  հրատարակչությունը գրքատոն է նվիրում ընթերցասերներին։ 2023-ին լրանում է Newmag-ի հրատարակչական գործունեության 5-րդ տարին ու այդ առիթով փառատոնն էլ ավելի բացառիկ է իր մասշտաբով՝ նոր գրքերի հրատարակություններով և նոր գործակցություններ ազդարարող հուշագրերով:  

Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ: 

«Փառատոնը տոնական միջավայր ու տրամադրություն է, բայց չմոռանանք՝ Արցախի մեր հայրենակիցները ավելի քան 2 ամիս շրջափակված են: Մենք բոլորս մտքով, հոգով և սրտով մեր արցախցի եղբայրների և քույրերի հետ ենք: Կարծում եմ, որ հումանիտար օգնության հետ պետք է նաև գիրք փոխանցենք մեր հայրենակիցներին»,- ասաց Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:Փառատոնին հրատարակչությունը ներկայացնում է 5 նոր գիրք: Newmag-ը թարգմանել ու հրատարակել է Ռիչարդ Օսմանի «Սպանությունների ակումբ ամեն հինգշաբթի» վեպը։ Հայերենով ևս արդեն հասանելի է Յուվալ Նոյ Հարարիի «Սափիենս» բեսթսելերի մանկական պատկերազարդ տարբերակը՝ «Sapiens. Մարդկության պատկերազարդ պատմությունը» գիրքը։ Ցանցային ամենագիտության ու մարտնչող տգիտության մասին է Թոմ Նիկոլսի «Վտանգավոր ամենագետներ. Ի՞նչ է գուժում փորձագիտական մտքի վախճանը» գիրքը։ Կներկայացվի նաև Մինասյան մատենաշարի 3-րդ աշխատության շնորհանդեսը՝ Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը. 1917-ի հեղափոխություններն ու Հայաստանի ապագան հայ մտավորականության ընկալմամբ» գիրքը։ 

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն հնգյակը: հնգյակը ներկայացվում է հունվարի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է Ագաթա Քրիստիի «Եվ ոչ ոք չմնաց...» վեպը: Այն հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց...» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի:

Ագաթա Քրիստիի «Սպանություն գոլֆի դաշտում» գիրքը երկրորդ տեղում է։ «Սպանություն գոլֆի դաշտում» վեպը Ագաթա Քրիստիի երրորդ գիրքն է և նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկը: Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին Մեծ Բրիտանիայում: Մեծահարուստ Պոլ Ռենոյի նամակը Լոնդոնում հաստատված և արդեն մասնավոր գործեր հետաքննող Էրքյուլ Պուարոյին բերում է Ֆրանսիա: Սակայն տեղ հասնելով՝ բելգիացի հռչակավոր խուզարկուն պարզում է, որ իր հաճախորդը սպանված է, իսկ նրա դիակը հայտնաբերվել է գոլֆի դաշտում՝ թիկունքից դաշունահար: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։

Երրորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» գիրքը։ Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերիկիզակետում: Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանականմեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: Թարգմանությունը՝ Գոհար Մադոյանի։

Ագաթա Քրիստիի «Սպանություն Միջագետքում» վեպը չորրորդ տեղում է։ «Սպանություն Միջագետքում» վեպը Ագաթա Քրիստիի՝ դետեկտիվ ժանրի հերթական գլուխգործոցն է: Առաջին անգամ հրատարակվել է 1936թ. Մեծ Բրիտանիայում, նույն տարում՝ ավելի ուշ, Միացյալ Նահանգներում: Վեպն Ագաթա Քրիստին նվիրել է Իրաքի և Սիրիայի իր հնագետ ընկերներին: Իրադարձությունները պտտվում են Իրաքում հնագետների արշավախմբի ղեկավարի կնոջ՝ Լուիզ Լեյդների շուրջը: Վերջինս ժամանակ առ ժամանակ մահվան սպառնալիքներով լի անանուն նամակներ է ստանում: Ի վերջո, ամուսինը գտնում է նրան իր սենյակում՝ սպանված: Հերթական անգամ սպանության առեղծվածի հանգուցալուծումը հանձն է առնում բոլորին արդեն քաջ հայտնի բելգիացի մասնավոր խուզարկու Էրքյուլ Պուարոն, որ տարօրինակ պատահականությամբ հայտնվում է Իրաքում: Առաջին սպանությանը, սակայն, հաջորդում է երկրորդը՝ մարդասպանի մասին կարևոր տեղեկություններ հայթայթած վկայի սպանությունը: Եվ Էրքյուլ Պուարոն, գործի դնելով իր փոքրիկ գորշ բջիջները, առանց որևէ փաստի առկայության կարողանում է բացահայտել սպանության առեղծվածը՝ ապավինելով իր հարուստ փորձին ու մարդկային հոգեբանության մասին գիտելիքներին: Թարգմանությունը` Տաթևիկ Թումանյանի։

Հինգերորդ տեղում է Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր»-ը։ Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր» վեպն առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին։ Վերնագրի ընտրության հարցում հեղինակին ոգեշնչել են անգլիացի բանաստեղծ Ուիլյամ Բլեյքի «Անմեղության երգեր» բանաստեղծության տողերը։ Քրիստին մի առիթով խոստովանել է, որ «Անվերջանալի գիշերն» իր ամենասիրելի ստեղծագործությունն է, և թեպետ իր վեպերը սովորաբար գրում է երեք-չորս ամսում, այս մեկն ավարտին է հասցրել վեց շաբաթվա ընթացքում։ Թարգմանությունը՝ Արփինե Վարդանյանի։

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Բրյուս Ուիլիսի մոտ ճակատաքունքային դեմենցիա է ախտորոշվել։ Այս մասին հայտնել է նրա ընտանիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ «թեև սա ցավալի է, սակայն հստակ ախտորոշումը թեթևացում է»։

«Այսօր այս հիվանդությունը բուժում չունի, բայց մենք հուսով ենք, որ այս իրողությունը կարող է փոխվել առաջիկա տարիներին», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 67-ամյա Ուիլիսի մոտ անցյալ տարվա գարնանը ախտորոշվել է աֆազիա, որը խոսքի դժվարություններ է առաջացնում, սակայն հիվանդությունը զարգացել է, և այժմ նրան ավելի հստակ ախտորոշում են տվել:

Ընտանիքը նաև երախտագիտություն է հայտնել դերասանի երկրպագուների ցուցաբերած աջակցության համար:

Ուիլիսի ընտանիքը, այդ թվում՝ նրա կին Էմմա Հեմինգ Ուիլիսը, նախկին կին Դեմի Մուրը և նրա հինգ դուստրերը նրա հիվանդության մասին հայտնել էին դեռ անցյալ տարի: Այդ ժամանակ նրանք հայտնել էին, որ Ուիլիսի մոտ առկա հիվանդությունն ազդում է նրա ճանաչողական ունակությունների վրա, և նա կդադարեցնի դերասանական կարիերան:

Բրյուս Ուիլիսը հայտնի է դարձել 1980-ականներին և 90-ականներին՝ նկարահանվելով «Պինդ ընկույզ» (Die hard), «Վեցերորդ զգայարան», «Արմագեդոն», «Հինգերորդ տարրը» և այլ ֆիլմերում:

Դերասանը նկարահանվել է շուրջ հինգ տասնյակ ֆիլմերում: