Փետրվար 14, 2024 09:45 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային կցորդությունը կազմակերպել է Իսլամական հեղափոխության հաղթանակի տոնակատարությունը, միաժամանակ Երևանում կազմակերպելով Համադան նահանգի մշակութային շաբաթ։

Իսլամական հեղափոխության 45-րդ հաղթանակի մեծարման և Ֆաջրի տասնօրյակի օրերին, կայանալու է Համադան նահանգի ձեռագործ արվեստի ու արհեստի աշխատանքների ցուցահանդես, որի ընթացքում լինելու են երաժշտական կատարումներ և ներկայացվելու են հմուտ արվեստագետների աշխատանքները։

Փետրվարի 7-ից մինչև փետրվարի 16-ը Երևանում կանցկացվեն Համադանի մշակութային օրեր։

Իրանական ավանդական մշակույթի, սովորույթների ու ծեսերի հետ հայաստանյան հանրությանը ծանոթացնելու նպատակով՝ Համադանի արվեստագետների խումբը Հայաստանում կայանալիք շրջագայության ծրագրի շրջանակներում Երևանի մշակութային կենտրոններում հանդես կգա մի շարք հետաքրքիր միջոցառումներով։ 

Հաշվի առնելով ձեռագործ արվեստի ու արհեստի ոլորտում Համադան նահանգի բացառիկ կարողությունները՝ փետրվարի 7-ից Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում անցկացվում են ձեռագործ իրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվում են աշխատանքներ արվեստի ու արհեստի հետևյալ ճյուղերից՝ կողովագործություն, խեցեգործություն-ակնագործություն, կաշեգործություն, գորգագործություն։

Ավանդական երաժշտական կատարումներով հանդես կգա Համադան նահանգի մշակույթի և իսլամական առաջնորդության գլխավոր վարչության կողմից ներկայացված «Ային» երաժշտական համույթը։

Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու՝ հայոց մեծերի պանթեոնում փետրվարի 9-ին տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 139-ամյակին նվիրված խնկարկման արարողություն՝ «Տերյանի հետ» խորագրով։

Արդեն ավանդական դարձած միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին մեծ պոետի շիրմաքարին և հարգանքի տուրք մատուցեցին։

Միջոցառման համակազմակերպիչ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն իր խոսքում կարևորեց Տերյանի հայրենանվեր հասարակական-քաղաքական գործունեությունը՝ ընդգծելով, որ նա բավականին բարձր պաշտոն զբաղեցնելով  խորհրդային Ռուսաստանում, մեծ ջանքեր է գործադրել հայանպաստ որոշման նախագծերի մշակման ու որոշումների կայացման համար։

Ըստ բանախոսի՝  բանաստեղծը մեծ հիասթափություն ապրեց  Արևմտյան Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ բոլշևիկյան իշխանության վարած քաղաքականությունից և որոշեց հեռանալ կուսակցությունից ու Ռուսաստանից, սակայն ճանապարհին վախճանվեց։

«Տերյանը, որպես խոհեմ մարդ շատ մեծ գործ է կատարել հայ-վրացական բարեկամություն հաստատելու առումով։Նա սովորել է վրացերենը և հայերեն թարգմանել  վրացի մեծ պոետ Շոթա Ռուսթավելու հանրահայտ «Ընձենավորը» պոեմի նախերգանքը, ինչը հսկայական նշանակություն է ունեցել հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման համար»,-ասաց Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական փոխադարձ թարգմանությունների նախատիպը եղել է հենց այդ նախերգանքի թարգմանությունը։

«Ջավախք» հայրենակցական միության նախագահի դիտարկմամբ՝ Տերյանն այն համարձակ ու ոգեղեն կերպարն էր, որ Թումանյանի ու Իսահակյանի ժամանակաշրջանում, կարողացավ ասել իր նոր ու ինքնատիպ խոսքը՝ բարձր գնահատվելով հենց նրանց կողմից։

«Տերյանի պոեզիայի հենքի վրա հայ պոեզիայի տաղաչափության նոր կանոններ են առաջ եկել։ Նա ջարդուփշուր արեց դասական տաղաչափությունը և նոր կանոններ դրեց»,- նշեց Թորոսյանը։

Անդրադառնալով ժամանակակից սերնդի համար մեծ պոետի արդիականությանը, նա նշեց, որ անհնար է պատկերացնել սիրո գեղեցիկ զգացողությունն առանց Տերյանի պոեզիայի, որը լցնում է հիասթափության դատարկությունն ու բազմապատկում սերը։

Միջոցառման մասնակիցներն ասմունքեցին  նաև բանաստեղծի սիրված գործերից, ինչպես նաև հնչեցին երգեր՝ ստեղծված նրա բանաստեղծությունների հիման վրա։

Միջոցառմանը ներկա էին  Հայաստանի գրողների միության, մշակույթի և արվեստի, կրթության և գիտության բնագավառների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ, պոեզիայի երկրպագուներ:

Փետրվարի 6-ին 58 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։

Երկար տարիներ զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Գրի է առել բազում պարերի նկարագրություններ և վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» համույթը։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Գագիկ Գինոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։ Մասնակցել էր Արցախյան պատերազմին։

2006 թվականին լույս է տեսել Գագիկ Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜ւյն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը՝ Արցախյան պատերազմի մասին։

Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական պարգևների:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է: 

Երկրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ: 

Երրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: 

Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ Արմեններս» գիրքը չորրորդ տեղում է։ Այս վեպը հեղինակի երկրորդ գիրքն է: Վեպն իր կառուցվածքով հիշեցնում է խճճված և խճճող մի լաբիրինթոս, որից էլ փորձում են դուրս գալ հերոսները: 

Հինգերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը. հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: 

Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը վեցերորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ 

Յոթերորդ հորիզոնականում է Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ –1» գեղարվեստական վեպը, որը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ 

Ութերորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ 

Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուն իններորդն է: Ընտրանին նվիրվում է բանաստեղծի 150-ամյա հոբելյանին: Այս ընտրանին ներառում է մեծ լոռեցու լավագույն քառյակները: 

Տասներորդ տեղում է Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է  «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառը։

Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ն իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ 

«Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝  Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։

Բացման շրջանակում տեղի կունենա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կպարգևատրվեն գրադարանի՝ 2023 թվականի լավագույն ընթերցողները:

Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները կմասնակցեն գրքերի ցուցադրությանը, երեխաները ներկա կլինեն շնորհանդեսների, կհանդիպեն ժամանակակից մանկագիրների և նկարազարդողների հետ, հնարավորություն կունենան հոգեբանի հետ խոսելու մանկական ընթերցանության կարևորության և առանձնահատկությունների մասին։ Երեք օր շարունակ երեխաների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, թեստ-առաջադրանքներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, երաժշտական ունկնդրումներ: 

Գրադարանի հարկի ներքո  իրենց  մանկապատանեկան գրականության հավաքածուներով կներկայանան  հայաստանյան հրատարակչություններն ու գրատները: Այցելուները հնարավորություն կունենան  ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝ հատուկ  զեղչերով:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս տարի ևս կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող «Քո առաջին գիրքը»  գրական արշավը․ գրադարանի աշխատակիցները տոնավաճառի օրերին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին կնվիրեն գրքեր