Նոյեմբեր 07, 2016 16:44 Asia/Yerevan

Այսօրվա զրույցում խոսելու ենք ձկնկիթի սննդարար և բուժիչ հատկությունների և Կասպից ծովում թառափային ձկների պահպանման ուղղությամբ Իրանի ջանքերի մասին:

Ձկնկիթն արժեքավոր և սննդարար ծովամթերք է: Ասվում է, թե ձկնկիթի մանրածախ առևտուրը տարեկան կազմում է մեկ միլիարդ դոլար: Այդպիսով կարելի է պատկերացնել, թե ինչպիսի եկամուտ ունեն այս առևտրով զբաղվող երկրները: Ձկնկիթն ամենաթանկարժեք ծովամթերքն է, որ սովորաբար օգտագործվում է նախաճաշին: Յուրաքանչյուր 100 գրամ ձկնկիթը պարունակում է 25000 կիլոկալորիա և ոչ մի այլ սննդամթերք այդ չափ կալորիա չի պարունակում:

Ձկնկիթը սովորաբար օգտագործվում է հում վիճակում: Ոմանք այն վայելում են հավկիթի դեղնուցի հետ, ոմանք էլ բուրավետ կանաչիների, լիմոնի կամ մի կտոր հաց ու կարագի հետ։ Այս էներգետիկ ու օգտակար սննդանյութը պարունակում է տարատեսակ վիտամիններ՝ այդ թվում E,D,A,B12,B6,B2, C վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, Ճարպային թթուներ, հակաօքսիդանտներ եւ Օմեգա-3։ Ձկնկիթի օգտագործումը կանխում է արյան խոլեստերինի բարձրացումը, ինչպես նաև սրտանոթային հիվանդությունների, հոդերի բորբոքումների, աղեստամոքսային հիվանդությունների և մի շարք քաղցկեղների առաջացումը։ Ձկնկիթի օգտագործումը թարմացնում  է դեմքի մաշկը և նպաստում  մկանների ամրացմանը։ Ձկնկիթի օգտակար ճարպը կարող է բուժել նյարդային խանգարումները։ Ինչպես ջրում ապրող մյուս կենդանիները, թառափային ձկներն առաջարկվում են տարբեր ձևերով, այդ թվում ֆիլեի ու սթեյքի տեսքով, կամ էլ վերամշակված՝ աղադրված ու պահածոյացված տեսքով։  Ոսկոր չունենալու և ցածր յուղայնության պատճառով, թառափային ձկների միսը տեղական ու արտասահմանյան շուկաներում առաջարկվում է խմորանման մթերքների, այդ թվում երշիկի, նրբերշիկի ու կոտլետի տեսքով։

Թեև ձկնկիթը համարվում է թառափային ձկների կարևորագույն արտադրանքը, այնուամենայնիվ միջազգային առևտրում թառափային ձկներից ստացված շահույթը չի սահմանափակվում միայն նրա ձկնկիթով ու մսով։ Այսօր տեխնիկական գիտելիքների ու վերամշակման արդյունաբերության միջոցով փորձում են նաև թառափային ձկների այլ անդամներից, այդ թվում աղեստամոքսային համակարգից, մաշկից, աճառից, ողնաշարի լարից ու այլնից օգուտ քաղել սնունդի, դեղորագործական և կոսմետիկայի արդյունբերություններում։ Օրինակ՝ թառափային ձկների մաշկը կիրառվում է կաշվե արտադրության համար, իսկ աճառը՝ ժելատինի ու դեմքի կրեմի արտադրման համար։ Թառափային ձկների կողմնակի արտադրանքներից ևս մեկը ձեռք է բերվում նրա լողապարկից, որն օգտագործվում է ձկնասոսնձի և կիսաթափանց ապակու (isinglass, որը կիրառվում է ըմպելիքների թափանցիկացման համար) արտադրման և ատամնաբուժական ոլորտում։  Ձկան լողակներն ու թափոնները կիրառվում են ձկնափոշու պատրաստման համար, որն էլ որպես կողմնակի արտադրանք ուշադրության է արժանանում  թառափային ձկների բուծման ֆերմաներում և համարվում նրանց եկամտի մի մասը։ Թառափային ձկների բուծման ու բազմացման ֆերմաների մեկ այլ եկամտի աղբյուր է հանդիսանում նաև կենսաբանական (կենդանի) արտադրանքների վաճառքը։

Ներկայումս  թառափային ձկնատեսակներն իրենց գեղեցիկ ու հնաոճ տեսքի շնորհիվ բարձր նշանակություն են ստացել նաև դեկորատիվ ձկների շուկաներում, այնպես որ ՄԱԿ-ին կից CITES-ի կողմից ամենամյա հրապարակվող զեկույցում, թառափային ձկների բիզինեսում նրանց մսի ու ձկնկիթի արտահանման քվոտայից բացի, անդրադարձ է կատարվում նաև ֆերմայում աճեցվող կամ առաջին սերնդի մատնաչափ ձկան ձագերի արտահանման քվոտային։ Թառափային ձկների բիզինեսի բարձր արդյունավետությունն ու եկամտաբերությունը պատճառ է դարձել, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իտալիան, Ճապոնիան, Ուրուգվայը և Մեքսիկան սկսել են զբաղվել թառափային ձկների արտադրման, բուծման և արհեստական բազմացման ոլորտով։ Սակայն անգամ ֆերմայում աճեցված իրանական ձկնկիթը գերազանցում է այլ երկրների ֆերմայում աճեցված ձկնկիթներին։ Դրա պատճառներն են Իրանի բազմաթիվ շրջաններում այս ձկնատեսակների արդյունավետ աճի համար անհրաժեշտ նպաստավոր ջերմաստիճանը, Բելուգայի պես արագ աճող ձկնատեսակների առկայությունը, ոլորտի մասնագետների գիտատեխնիկական կարողությունը, թառափային ձկների արտադրման ցածր գինը դրանց աճեցման լողավազանների կառուցման ցածր ծախսերի և թառափային ձկների արտադրման ու բուծման ֆերմաներում աշխատող  բանվորների աշխատավարձի շնորհիվ։

Այսօր աշխարհում  աճեցվող թառափային ձկների մսի ու ձկնկիթի մեծ ծավալի առկայությամբ հանդերձ, միջազգային բիզինեսում իր դիրքն ու նշանակությունը պահպանել են բնական միջավայրերում որսացվող տեսակների միսն ու ձկնկիթը։ Ջրային կենդանիների մի շարք մասնագետների ու հետազոտողների կարծիքով, Կասպից ծովի իրանական տարածքի խոր լինելն և համեմատաբար առողջ ու բնական միջավայրը պատճառ են դարձել, որ իրանական ձկնկիթի հատիկները լինեն ավելի բարձր որակի քան այն ձկնկիթը, որը ձեռք է բերվում Կասպից ծովի հյուսիսային մասից։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կասպից ծովի հյուսիսային մասում գտնվող երկրների, այդ թվում Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի տարածքում թառափային ձկների անխնա որսն ու ձկնկիթի մաքսանենգումը  նշված ծովում թառափային ձկնատեսակների քանակի էական նվազման պատճառ է դարձել։ Այս խնդրի կողքին, գործարանների թափոնների, քաղաքային ու արդյունաբերական կեղտաջրերի և գյուղատնտեսական թունաքիմիկատների մուտքը Կասպից ծովում բնապահպանական աղտոտումներ է առաջացրել ։ Թառափային ձկների բնական ձվադրման վայրերի ոչնչացումը, Կասպից ծովի ավազանի գլխավոր գետերի վրա ջրամբարների ու կամուրջների կառուցումը և նավթահանքերի զարգացումը մեծացրել են այս ծովում թառափային ձկնատեսակների անհետացման վերաբերյալ մտավախությունը։ Այդ իսկ պատճառով այս արժեքավոր ձկնատեսակների սերնդի պահպանման համար մասնագետների կողմից առաջարկվող կարևորագույն լուծումներից է թառափային ձկների աճեցման ֆերմաներում ամբողջական ժամանակով դրանց բուծումը՝ վերարտադրումից մինչև բազմացում, ինչպես նաև դրանց մսի ու ձկնկիթի արտադրումը։ Իրանի հյուսիսային  Ռաշտ քաղաքում գտնվող Դոկտոր Դադմանի անվան թառափային ձկների միջազգային հետազոտական ինստիտուտը (IRANIAN FISHERIES SCIENCE RESEARCH INSTITUTE) աշխատում է Կասպից ծովի այս արժեքավոր ջրային կենդանիների բնական ռեսուրսների պահպանման ու վերանորոգման և նրանց կենսունակության ուղղությամբ։

Իրանի թառափային ձկների  միջազգային հետազոտական ինստիտուտ

Այս ընկերությունն իր աշխատանքը սկսել է 1995 թվականին, որպես Կասպից ծովում թառափային ձկների մասին միջազգային հետազոտությունների անցկացման կենտրոն: Այս ընկերությունը միշտ ձգտել է հետազոտական նախագծեր և ազգային, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով գիտաժողովներ կազմակերպելով, գիտական գործեղանակներ ներկայացնել թառափային ձկների պահպանման ուղղությամբ: Հիշյալ ընկերությունում ակտիվ գործունեություն են ծավալում ռեսուրսների կառավարման, բուծման ու աճեցման, գենետիկայի ու բիոտեխնոլոգիայի, ֆիզիոլոգիայի ու բիոքիմիայի և ծովամթերքների արտադրման տեխնոլոգիաների ոլորտում:

Իրանի թառափային ձկների  միջազգային հետազոտական ինստիտուտ

 

Թառափային ձկների հետազոտական միջազգային ինստիտուտը կարճ ժամանակահատվածում յուրահատուկ դիրք է ձեռք բերել ծովամթերքների հետ առնչվող հետազոտական կենտրոնների միջև: Քանի որ ձկնկիթի անվան հետ է կապված նաև Իրանի անունը, ձկնաբուծության տնտեսության Իրանի պատասխանատուները վերահսկելով թառափային ձկների որսը և Կասպից ծովում տարբեր տեսակի միլիոնավոր թառափային ձկներ բաց թողնելով, փորձում են Կասպից ծովը կանգուն պահել որպես այդ ձկների կենսամիջավայր: