Իրանական շուկա (11) Հանքային նյութեր և արտադրանքներ (2) Կարմիր մետաղ՝ պղինձ
Իրանը գտնվում է աշխարհի պղնձի գոտու վրա։ Կատարված ուսումնասիրությունների համաձայն, Իրանում է գտնում աշխարհում առկա պղնձի պաշարների ավելի քան 3 տոկոսը:

Հնագետները գտնում են, որ պղինձը մարդու կողմից հայտնաբերված առաջին մետաղներից է։ Հազարավոր տարիներ առաջ մարդը սովորեց, թե ինչպես տարրական գործիքներով պղինձն օգտագործել արդյունաբերական գործիքներ, մետաղադրամներ, ռազմական գործիքներ ու թուր, զարդեղեն, դեկորատիվ իրեր և այլն ստեղծելու համար։ Պղնձի ու դրա հատկությունների հայտնաբերմամբ նոր ժամանակաշրջան սկսվեց մարդկային կյանքի պատմության մեջ։

Դեռևս պարզ չէ, թե երբ և որտեղ է մարդն առաջին անգամ օգտագործել պղինձը։ Եգիպտոսի բուրգերի շինություններից մեկում պղնձից պատրաստված ջրամատակարարման համակարգի հայտնաբերումը խոսում է այն մասին, որ հին եգիպտացիները հազարավոր տարիներ առաջ ճանաչել են այս մետաղը։ Միջագետքում՝ մարդկային առաջին քաղաքակրթությունների բնօրրանում հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ նշված տարածաշրջանում պղնձի կիրառման պատմությունը վերաբերում է Մթ. 10 հազար տարի առաջ ժամանակաշրջանին։ Միջագետքի այն շրջանում, որն այսօր Իրաք է կոչվում, հայտնաբերվել է Մթա. 8 տարվա պատմություն ունեցող պղնձե մի վզնոց, որն աշխարհում ամենահին պղնձե իրերից է։
Եվրոպացիները Մթ. 4 հազար տարի առաջ ևս ծանոթ էին պղնձի հետ։Այս կապակցությամբ կարելի է մատնանշել 1991թ. Իտալիայի ու Ավստրիայի սահմանում՝ Ալպյան լեռների սառույցներում հայտնաբերված, «Սառցե մարդ» (Oetzi) կոչվող ամենահին բնական մումիան։ 5300 տարվա պատմություն ունեցող այս սառցակալած մարդու կողքին հայտնաբերվեց նաև 99 տոկոսի մաքրությամբ պղնձե ծայրով մի կացին։ Որոշ լատինամերիկյան քաղաքակրթություններում, ինչպիսիք են Մայաները, Ացտեկներն ու Ինկերը, ոսկուց ու արծաթից բացի, պղինձ էին օգտագործում։

Իրանը գտնվում է աշխարհի պղնձի գոտու վրա։ Ուստի այստեղ պղնձի ու պղնձե արտադրանքների օգտագործումն ունի բավականին հին պատմություն։ Պղնձի հալեցման հին ու տարրական հնոցների մոտակայքում հայտնաբերված պղնձե և պղնձի համաձուլվածքից պատրաստված իրերը վկայում են այն մասին, որ հին իրանցիները ծանոթ են եղել այս մետաղի արդյունահանման ու հալեցման արդյունաբերությանը։ Իրանի Ղազվինի շրջանի Թափե-Զաղե բլուրում հայտնաբերված, Մթ մոտ 5 հազար տարի առաջվա վաղեմիություն ունեցող պղնձի զանգվածներն ու հնոցները խոսում են այն մասին, որ այս տարածաշրջանում իրականացվում էին պղնձի ձուլում։ Իրանի Քաշանի շրջանի Թափե-Սիլքի բլուրում հայտնաբերվել են մոտ 6 հազար տարվա պատմություն ունեցող պղնձե գործիքներ։ Այս շրջանում խարամների ու ձևափոխված իրերի առկայությունը վկայում է այն մասին, որ քարի արդյունահանումից ու հալեցումից հետո, այս տարածաշրջանի ժողովուրդը յուրացրել էր մետաղների ձուլման ու մուրճով ծեծելու արհեստն ու տեխնիկան։ Իրանում հին ժամանակներից մեզ հասած պղնձե իրերն ու ամանեղենը կարելի է տեսնել Իրանի ու աշխարհի որոշ թանգարաններում։

Հին ժամանակներում վարպետները հնոցն ու թորանոթն (մետաղի հալեցման հատուկ աման) էին օգտագործում պղնձե դետալները պղնձե թիթեղների վերածելու համար։ Հալեցված պղինձ պարունակող թորանոթը հնոցից դուրս էին բերում հատուկ աքցանի միջոցով և դրանում եղած պղինձը լցնում էին ձուլակտորի կաղապարների մեջ։ Նրա հիմնական գործը կայանում էր նրանում, որ ձուլակտորը ծեծեր ու թիթեղի վերածեր։ Դա իրականացվում էր երկու հոգու կողմից մուրճով հերթականությամբ ծեծելու միջոցով։ Որոշակի գործընթացի միջոցով ձեռք էր բերվում պղնձագործի արտադրանքը՝ հիմնականում տարբեր ձևերով ու չափսերով ամանեղենի տեսքով։ Ժամանակի ընթացքում պղնձի ու նրա հատկությունների վերաբերյալ մարդկանց գիտելիքների մեծացմամբ պղնձի ու պղնձե արտադրանքների արտադրման գործընթացն էապես փոխվեց։ Այսօր շուկայում պահանջարկի մեծացման ու արտադրանքի ինքնարժեքի իջեցման պատճառով պղնձե ամանների պատրաստման փուլերը հիմնականում իրականացվում են էլեկտրական սարքավորումների միջոցով։ Այդուհանդերձ պատրաստված ամանների նրբագեղության հարցում դեռևս գլխավոր դերակատարություն ունի վարպետի ստեղծագործական ճաշակը։ Իրանի պատմական քաղաքներում՝ Քերմանում, Յազդում, Սպահանում ու Քաշանում հին շուկաներում քայլող մարդկանց համար պղնձագործ վարպետի մուրճի ձայնը, որն առաջանում է գեղեցիկ նախշեր ստեղծելու նպատակով պղնձի թիթեղներին հարվածելու արդյունքում, ականջ շոյող ու հրապուրիչ ձայն է։
Պղնձագործության արվեստը Իրանի Յազդ քաղաքում
Կատարված ուսումնասիրությունների համաձայն, Իրանում է գտնվում աշխարհում առկա պղնձի պաշարների ավելի քան 3 տոկոսը։ Իրանի պղնձի հանքերն ու պաշարները տարածված են երկրի տարբեր վայրերում հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք։ Այդ շրջաններից է Քերման նահանգը՝ Իրանի հանքարդյունաբերության կարևորագույն բևեռներից մեկը, որը կարելի է անվանել Իրանի հանքարդյունաբերության դրախտը։ Նշված նահանգը գտնվում է Իրանի հարավ-արևելյան հատվածում և երկրի ամենաընդարձակ նահանգն է։ Այդ շրջանի երկրաբանական կառուցվածքը այնպիսին է, որ այդ նահանգի տարբեր հատվածներում առկա են մետաղյա և ոչ մետաղյա հանքային հարուստ պաշարներ, ինչպիսիք են պղինձը, երկաթաքարը, կապարը, ցինկը, քրոմիտը, ոսկին, ֆոսֆատը, կրաքարը, գիպսը, քվարցը, մարմարը, գրանիտը, տրավերտինը, քարածուխը և այլն։

Պղնձի հարուստ հանքերով Քերմանը համաշխարհային համբավ է վայելում: Քերմանի Սարչեշմե կոչվող պղնձի հանքը համարվում է աշխարհի ամենախոշոր բաց հանքերից մեկը, իսկ Մերձավոր Արևելքի խոշորագույն բաց հանքը, որը գտնվում է Զագրոսի լեռնաշղթայի կենտրոնական հատվածում։ Պղնձից բացի, այդ հանքում առկա են նաև մոլիբդենի ու ոսկու արժեքավոր տարրեր։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սարչեշմեի պղնձի հանքը որպես Իրանի ամենահին հանքային միավոր, արտադրում է Իրանում արտադրվող պղնձի շուրջ կեսը:

Սարչեշմեի պղնձի համալիրը աշխարհի հանքարդյունաբերության ամենախոշոր համալիրներից մեկն է, որը կազմված է մի շարք արտադրական բաժիններից,ինչպիսիք են՝ հանքը, հարստացման, հալեցման, զտման, ձուլարանի ու տարրալվացման բաժինները։ Հաշվի առնելով, որ նշված հանքը մոտ է գտնվում Մեյմանդի հանրահայտ աշխարհագրական գոտուն և այնտեղից հնարավոր է տեսնել արդյունահանման ու շահագործման տարբեր փուլերը, ուստի զբոսաշրջության տեսակետից այն հայտնի է որպես գեոտուրիստական համալիր։
Իրանի պղնձի մեկ այլ հանք է Արևելյան Ատրպատականում գտնվող Սունգունի պղնձի բաց հանքը։ Բարձր տոկոսայնությամբ արժեքավոր հանքային նյութերի առկայության շնորհիվ այդ հանքը Իրանի կարևորագույն կապիտալներից մեկն է։ Հանքարդյունաբերության փորձագետների կարծիքով, Սունգունի պղնձի հանքը աշխարհի ամենախոշոր պղնձի հանքերից է և կատարված գնահատումների համաձայն, այնտեղ է գտնվում Իրանում հայտնաբերված պղնձի պաշարների 40 տոկոսը։

Իր յուրահատկությունների պատճառով պղինձը աշխարհում ամենակարևոր սպառողական մետաղներից է համարվում։ Այս կարմրագույն մետաղի հատկություններից կարելի է նշել ճկունությունն ու մուրճի հարվածներով ձև ընդունելու ունակությունը, քիմիական կայունությունը, կոռոզիայի և կենսաբանական աղտոտոումների նկատմամբ դիմացկունությունը։ Պղինձը բավականին լավ հաղորդիչ է էլեկտրական հոսանքի ու ջերմության համար և այլ մետաղների համեմատ ավելի վերականգնվող մետաղ է։ Այսօր պղինձը լայն կիրառություն ունի տարբեր արդյունաբերություններում, այդ թվում էլեկտրոնային, էլեկտրաէներգիայի, էլեկտրական հաղորդագծերի, կապի, շինարարության, սանտեխնիկայի, մեխանիզացիայի, արդյունաբերական ու կենցաղային սարքավորումների, տրանսպորտի և ռազմական արդյունաբերություններում։ Հաշվի առնելով պղնձի ու դրանից բխող համաձուլվածքների լայն կիրառությունը տարբեր արդյունաբերություններում, արդյունաբերական ու տնտեսական ակտիվությունների հետ դրա անմիջական կապի պատճառով այս արժեքավոր մետաղի սպառման ծավալը համարվում է աշխարհի տարբեր հասարակություններում կենսամակարդակի որոշման և տնտեսական աճի ցուցանիշներից մեկը։

Հաշվի առնելով պղնձի տնտեսական արժեքն ու կենսամակարդակի բարձրացման հարցում դրա նշանակությունը, Իրանում պղնձի արդյունաբերության գործիչները ջանում են նորագույն մեթոդներով կատարելագործեն դրա արտադրման տարբեր հատվածները, այդ թվում հանքերը, հարստացման ու կոնցենտրատի արտադրման, հալեցման ու մշակման (անոդի ստեղծման), էլեկտրոլիզի ու վերջնական մշակման (կաթոդի ստեղծման), ձուլման (սալիկների, մետաղալարի ու խողովակի արտադրման) բաժինները։ Ներկայումս Իրանի տարբեր հատվածներում իրականացվում են հետախուզական գործողություններ՝ պղնձի հանքերի բացահայտման ու դրանց ներուժի շահագործման հնարավորության ուսումնասիրման նպատակով։

Իրանում պղնձի հիմնական սպառողներն են մետաղալարերի ու մալուխների, պղնձե ու դրա համաձուլվածքից պատրաստված արտադրանքների գործարանները, ռազմական արդյունաբերությունը, ջերմային փոխակերպիչների, շինարարական սարքավորումների և ձեռարվեստի ոլորտները։ Ներքին սպառման կողքին, պղնձից և դրա համաձուլվածքից պատրաստված արտադրանքների մի մասը արտահանվում են տարբեր երկրներ, այդ թվում Չինաստան, Հնդկաստան, Թայվան, Օման, Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։