Իրանական շուկա (16) Գիտելիքահենք ընկերություններ (1)
Վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունն առնչվում է գիտելիքահենք տնտեսություն կոչվող նոր երևույթի հետ։ Շատերը գտնում են, որ մարդկային հասարակությունները հենց ի սկզբանե գիտելիքահենք են եղել և գոյատևելու և կյանքը շարունակելու համար մշտապես գիտելիքներից են օգտվել։

Պատմության ընթացքում մարդկանց աշխատանքի ու բիզնեսի հիմնական էությունն են կազմել բնական ռեսուրսները, սարքավորումներն ու տեղեկությունները։ Մեր օրերում գիտելիքն է, որ ընկերությունների հիմնական էությունն է կազմում և ընկերությունների մրցակցությունը կայանում է գիտելիքների տեսակի ու մակարդակի վրա։ Այլ կերպ ասած ներկայիս ընկերությունները հարստություն են ձեռք բերում գիտելիքների շնորհիվ։ Իրականում գիտելիքը բաղկացած է մարդու տեսական ու գործնական կարողությունից, հմտությունից ու փորձառությունից և կիրառական է դառնում առևտրականացվելուց հետո։ Գիտելիքի առևտրականացումը մի շարք գործողություններ են, որոնք իրականացվում են մտահղացումները, հայտնագործություններն ու նորամուծությունները շուկայում վաճառվող արտադրանքի (ապրանքի և ծառայության) արտադրման ուղղությամբ օգտագործելու համար։ Առևտրականացումը կարող է իրականացվել նոր արտադրանք տալու կամ որոշակի աշխարհագրական տարածքում առաջին անգամ ներկայացվող արտադրանքի համար։

Գիտելիքահենք ընկերությունների ու հաստատությունների սահմանման մեջ ասվում է, որ դրանք ընկերություններ են, որոնք կազմավորվում են գիտելիքների ու հարստության սինգերիան, գիտելիքահենք տնտեսության զարգացման, գիտատնտեսական նպատակների իրագործման (այդ թվում հայտնագործությունների ու նորամուծությունների կիրառման ու տարածման), գիտահետազոտությունների արդյունքների առևտրականացման, և վերջապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում (այդ թվում ապրանքների ու ծառայությունների նախագծման ու արտադրման բնագավառում) զարգացում ապահովելու նպատակով և ստեղծում են բարձր ավելացված արժեք։ Վերջին տարիներին պետությունները ձգտում են գիտելիքահենք ընկերությունների արտադրանքների բարձր ավելացված արժեքից բխող գիտելիքահենք տնտեսական համակարգի ձևավորմանը։ Այսօր պետությունների համար առավելություն է համարվում տեխնոլոգիական հետազոտությունների հետ կապված փոքր նորարարական նախաձեռնություններում մարդկանց համար աշխատանքի պայմանների ապահովումը։
Ենթակառուցվածքներն ու մարդկային կապիտալը կարևոր դեր են խաղում գիտելիքահենք տնտեսություն ունենալու համար։ Փորձագետները համարում են, որ գիտելիքահենք տնտեսությունը հիմնված է տարբեր գործոնների, այդ թվում բարենպաստ կրթական ու դաստիարակչական համակարգի,արհեստավարժ աշխատուժի հասանելիության, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավման ու հասանելիության, համալսարաններին ու մասնավոր հատվածին նշանակություն տալով նորամուծությունների ոլորտի բարելավման և այլ գործոնների վրա։ Ենթակառուցվածքները՝ ինտերնետի հասարակ կապից ու տրանսպորտից սկսած մինչև համալսարաններն ու տեխնոլոգիական ու գիտահետազոտական կենտրոնները, ինչպես նաև մասնագետ ու արհեստավարժ մարդկային ուժի ռեսուրսը ներգործում են գիտելիքահենք ընկերությունների ձևավորման հարցում։

Գիտելիքահենք ընկերությունների առաջացման ու ձևավորման վրա ազդող գործոններից է օրենսդրության բարելավումը, որպեսզի խրախուսվեն ձեռնարկությունների առևտրային ու տնտեսական ակտիվությունները գիտելիքահենք դարձնելու համար։ Ապահով, առողջ ու մրցակցային մթնոլորտի ստեղծումը կարող է բարենպաստ օրենսդրության առավելություններից լինել գիտելիքահենք ընկերությունների համար։ Բազմաթիվ աջակցությունների ներգրավումը հնարավոր է միայն բարենպաստ ու զարգացած օրենսդրության պայմաններում։

Գիտելիքահենք ընկերությունները սովորաբար մտածում են գլոբալ մակարդակում։ Նման ռազմավարություն ունենալը նպաստում է, որ ձեռնարկությունները զարգացնեն իրենց հայացքները և դասեր քաղեն համաշխարհային տարբեր փորձառություններից։ Գլոբալ մտածելու ժամանակ ի հայտ են գալիս նոր հնարավորություններ ու ներուժ և գիտելիքահենք ձեռնարկությունները առավել շահագրգռված են լինելու դրանցից օգտվելու և շահույթ ստանալու համար։ Այստեղ հասարակության մշակույթն ակնհայտորեն ազդող գործոն է գիտելիքահենք ընկերությունների առաջացման հարցում։ Գիտելիքահենք ընկերությունների աճը չի սահմանափակվում միայն պետությունների քաղաքական ղեկավարության տնտեսական ճշգրիտ պլանավորմամբ, այլև հասարակության մշակույթը շարժիչ ուժի պես առաջ է մղում այդ ծրագրերը։
Իրանում առաջին գիտահետազոտական ավանի ստեղծման նախնական ուսումնասիրությունները սկսեցին 1992թ. Սպահանի Զոբահան բաժնետիրական ընկերության կողմից այդ քաղաքի արդյունաբերական համալսարանի գիտահետազոտական դեպարտամենտի վերահսկողության ներքո։ Հետագայում 2007թ. Իրանի գիտական ու տեխնոլոգիական գծով փոխնախագահի աշխատակազմում մշակվեց գիտելիքահենք ընկերությունների ու դրանց օրենսդրական աջակցման մասին օրինագիծ, որն օրենքի ուժ ստացավ, ընդունվելով Իրանի Իսլամական Խորհրդարանում։

Ներկայումս Իրանում հարյուրավոր ընկերություններ են գործում գիտատեխնոլոգիական պարկերում ու զարգացման կենտրոններում։ Այդ ձեռնարկությունների ակտիվություններն ընդգրկում են բավականին լայն ու բազմազան ոլորտներ, ինչպիսիք են՝ կենսաբանական տեխնոլոգիաները, նանոտեխնոլոգիաները, մշակված նյութերը (պոլիմերները, կերամիկաները, մետաղներն ու կոմպոզիտային նյութերը), օպտիկայի եւ ֆոտոնիկայի (նյութերը, մասերը և համակարգերը), համակարգչային սարքաշարերի, էլեկտրաէներգիայի, էլեկտրոնիկայի, հսկողության ու հեռահաղորդակցության, կապի, համակարգչային ծրագրերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների,լաբորատորային կատարելագործված սարքավորումների արտադրման, բարդագույն դեղերի, բժշկական գործիքների ու սարքավորումների, ավիտիեզերական տեխնոլոգիաների (թռչող սարքերի, արբանյակների ու հրթիռների), նավթի, գազի ու նավթաքիմիական սարքավորումների ոլորտները։
Իրանի գիտելիքահենք ընկերությունները
Իրանում գիտելիքահենք ընկերությունների գործունեության բնագավառներից է դեղորայքային արտադրանքների արտադրման ոլորտը։ Մաքենզի հաստատությունը ապագայի տեսլականում Իրանի տնտեսական ներուժի, այդ թվում դեղորայքի արտադրության ոլորտի վերաբերյալ իր հետազոտության արդյունքում այսպես է գրում. «Նշված շուկան (Իրանը) ունի բազմաթիվ ուժեղ կողմեր, որոնք դեղորայքային արտադրանքների արտադրությունը դարձնում են հուսադրող արդյունաբերություն։ Տեղական արդյունաբերությունը զարգացրել է առաջադեմ գիտական կարողությունները մասնավորապես բիոտեխնոլոգիայի ու ցողունային բջիջների հետազոտությունների բնագավառում, ինչի արդյունքում մեծանալու է դեղորայքի բազմաթիվ տեսակների պահանջարկը։ Ենթադրում ենք, որ մինչև 2035թ. Իրանի տնտեսության մեջ յոթ անգամ մեծանալու է դեղորայքային արտադրանքների արտադրման մասնաբաժինը և դրա արժեքը 2014թ. մեկ միլիարդ դոլարից հասնելու է մոտ 7 միլիարդ դոլարի։ Դա նշանակում է տարեկան ավելի քան 9 տոկոսի աճ և Իրանի արտադրության ծավալները նշանակալից կերպով գերազանցելու են տարածաշրջանային մրցակիցներին»:

Բիոտեխնոլոգիաները բժշկության, գյուղատնտեսության ու սննդային ռեսուրսների ոլորտների զարգացման կարևորագույն բնագավառներից են։ Այս բնագավառում Իրանը մեծ առաջադիմություն է ունեցել։ Պատասխանատուների խոսքերով, Իրանում բիոտեխնոլոգիաների ոլորտում գործում են մոտ 500 գիտելիքահենք ընկերություններ։ Այս ոլորտը կարողացել է ներկայացնել ամենաշատ նախագծերն իրագործելու համար։ Այս բնագավառում արտահանումների ամենամեծ ծավալն ունեցել է բիոտեխնոլոգիական դեղորայքը։ Բիոտեխնոլոգիական դեղորայքի արտահանումների ցուցանիշով Իրանը տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցրել։ Այս բնագավառում կատարվել են տարբեր ներդրումներ մարդկային ուժի դաստիարակման և հետազոտական կենտրոնների ստեղծման համար։ Հրապարակված վիճակագրության համաձայն, վերջին 15 տարում շուկա մուտք են գործել ավելի քան 20 տեսակ կոմբինացված դեղորայք և 40 ախտորոշման հավաքածուներ։ Վերջին երկու տասնամյակում արտադրվել են պարկելահարուքների, դիաբետիկ խոցերի ու այրվածքների քսուքներ, տարբեր տեսակ հեմոֆիլիայի և քրոմոսոմային անկանոնությունների ախտորոշման հավաքածուներ և STR-ի օգտագործմամբ սեռը որոշելու միջոցներ։

«Հերցեպտին» և «ութ ֆակտոր» կոչվող դեղորայքները գենետիկական դեղորայքներ են, որոնք արտադրվել են Իրանում բիոտեխնոլոգիական ոլորտում գործող գիտելիքահենք ընկերությունների կողմից և ստացել են շուկա ներկայացվելու թույլտվություն։ Հերցեպտինը քիմիաթերապիայում կրծքի քաղցկեղի դեմ կիրառվող դեղորայքներից է և արդյունավետ է հատուկ հիվանդների համար։ Նշված դեղը արտադրվել է երկու գիտելիքահենք ընկերությունների համագործակցության շնորհիվ։

«Ութ ֆակտոր»-ը հեմոֆիլիայի հիվանդների համար նախատեսված դեղորայք է։ Ութ ֆակտորը արյան մակարդման հարցում ներգործող սպիտակուցներից է, որն ակտիվանալուց հետո մի շարք անընդմեջ ռեակցիաների հետևանքով անհրաժեշտության դեպքում նպաստում է արյան մակարդմանը։

Սիլվոսեպտի (Silvosept ) խոցի ախտահանիչ լուծույթը նանո ոլորտի գիտելիքահենք արտադրություններից մեկն է և ստացել է նանո մասշտաբի հավաստագիրը։ Արտադրող ընկերությունը «գիտությունից իրագործում. Տեխնոլոգիաներն ու առևտրականացումն ազգային ասպարեզում» խորագրով երկրորդ ազգային փառատոնում ստացել է պատվոգիր՝ ներկայացնելով վերքը վերականգնող վիրակապերի, արյունահոսությունը դադարեցնող միջոցների և ախտահանիչների արտադրման առևտրային նախագիծը։ Դեղորայքային արտադրանքներից կարելի է մատնանշել RPA հակամակարդման դեղորայքը, որը նախատեսված է MI-ով կամ սրտի կաթվածով տառապող հիվանդների համար։ Նշված դեղը արտադրվել է տեղական տեխնոլոգիաներով մի դեղորայքային ընկերության կողմից և ներկայացվել իրանական շուկայում։ Որոշ ժամանակ առաջ դեղորայքն արտադրող ընկերությունը ներքին և արտաքին շուկաներ էր ներակայացրել «զիֆրոն» ապրանքանիշային անվամբ «Ինտերֆերոն բետա-1» դեղը, որը մեծ նշանակություն ունի MS-ով տառապող հիվանդների համար։
