Մարտ 06, 2017 15:49 Asia/Yerevan
  • ​​​​​​​Ճանաչենք իսլամը (127)

Մեր այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք մեծ մարգարեի գերդաստանի վայելած դիրքն ու պատիվը հիմք ընդունելով «Հադիս Սաֆինա»-ն:

Ճանաչենք իսլամը

 

 Իսլամի ծանոթացմանը նվիրված մեր հաղորդաշարի այս թողարկման ընթացքում  կշարունակենք Իմամաթի թեմայի քննարկումը: Եթե հիշուք  եք նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք մեծ մարգարեի գերդաստանին և վերլուծեցինք Ղուրանի «Ահզաբ» սուրայի 33-րդ այան, որի համաձայն մեծ մարգարեի գերդաստանը անաղարտության ու մաքրության տեսակետից բարձր դիրքի տեր է համարվում:

Ղուրանի մեկ այլ այան, որտեղ ներկայացված է մեծ մարգարեի գերդաստանի դիրքը «Ալե Օմրան» սուրայի 16-րդ այան է, որտեղ անդրադարձ կա «Մոբահելե»-ի կամ փոխադարձ անեծքի հարցին: Շիա և սուննի շատ մեկնաբաններ ու մոհադեսներ ընդգծել են որ «Մոբահելե»-ի դեպքն ու այդ կապակցությամբ հայտնված այան մարգարեի իրավացիությունը հաստատելուց բացի նաև ընդգծում է նրա գերաստանի իրավացիությունը: Քանի որ մարգարեն «Մոբահելե»-ի օրը միայն նրանց է իր հետ ժամադրավայր տանում, որոնք ամենամոտիկն էին իրեն,որոնք էին ՝Հազրաթ Ալին, Հազրաթ Ֆաթիման և նրանց որդիները՝ Հասանն ու Հոսեյնը: Սուննիների հայտնի դեմքերից համարվող և «Քաշշաֆ» մեկնաբանության հեղինակ Զամախշարին այս այաի մասին գրել է. «Այս այան մարգարեի գերդաստանի առաքինության մասին վկայող ամենահզոր ապացույցն է»: Քանի որ նախապես մանրամասն անդրադարձել ենք այս պատմությանը, հրաժարվում ենք դա կրկնելուց:

Իսլամի մեծ  մարգարեից իր գերդաստանի դիրքի ու պատվի մասին վկայող մեկ այլ հադիս գոյություն ունի, որը հայտնի է «Հադիս Սաֆինա» անունով: Այս հադիսը վկայում է մեծ մարգարեի գերազանց դիրքի մասին: «Հադիս Սաֆինա»-ն բերվել է սուննիների ու շիաների հայտնի ու վավերական աղբյուրներում: Որոշ սուննի մոհադեսներ այդ հադիսին անդրադարձել են հղում կատարելով մարգարեի մի քանի աջակիցներին, այդ թվում Ալի Իբն Աբիթալեբին, Աբդոլլահ Իբն Զոբայրին, Իբն Աբբասին, Աբուզար Ղաֆարիին, Աբու Սաիդ Խեդրիին ու Օնս Իբն Մալաքի:

Միր Համեդ Հոսեյն Հենդին իր գրքում այս հադիսին անդրադարձել է հղում կատարելով սուննի 92 խոշոր դեմքերի, այդ թվում Իմամ Շաֆեիին, Ահմեդ Իբն Հանբալին և Մոսլեմին:

Բացի այդ Թաբարանին՝ «Մոաաջամ-ալ-քաբիր»-ում, Հաքեմ Նեյշաբուրին՝ «Մոսթադրաք»-ում, Իբն Քասիրն իր մեկնաբանության, Սիվաթին՝ «Խալիֆաների պատմության», Իբն Հաջար Հեյսամին՝ «Սվաըղ-օլ-մոհարաղե»-ում, Աբու Նաըիմ Էսֆահանին «Հելլիաթ-օլ-օլիա»-ում և Ալուսին՝ «Ռուհ-ալ-մաանի»-ում անդրադարձել են այս այաին:

«Հադիս Սաֆինա»

 

Այս բացատրություններից հետո տեսնենք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այս հադիսը և ինչի՞ մասին է պատմում: Մեծ մարգարեն ասում է. «Իմ գերդաստանը ձեզ համար Նոյի տապանի նման է, որտեղ տեղ գտածները փրկվեցին, իսկ դրանից երես թեքածները՝ խորտակվեցին»:

Այս այաի մեջ մարգարեն իր գերդաստանին նմանեցնում է Նոյան տապանին ու ընդգծում է որ նրանք ովքեր դրան ուղեկցեն ապահով ափեր են դուրս գալու, իսկ նրանք ովքեր հրաժարվեն այդ տապանը նստելուց վստահաբար խորտակվելու են:

Այս հադիսի իսկական իմաստը լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերհիշել Նոյի ջրհեղեղի պատմությունը: Ղուրանը «Ղամար» սուրայի 11-րդ և 12-րդ այաներում հետևյալ կերպով է բացատրում Նոյի ջրհեղեղը. «Ապա երկնքի դռները հորդ ու տեղացող ջրով բացեցինք և գետնից աղբյուրներ հոսեցրինք, ուրեմն երկինք ու երկիրը վճռված գործի համար իրար միաձուլվեցին»:

Նոյի պատմության մեջ երկնքի դռները բացվում են և հորդ անձրև է տեղում: Միևնույն ժամանակ Երկրի ընդերքից էլ ջուր է բխում ու միանալով Երկրի վրա հոսող ջրերին, ամեն տեղ պատվում է ջրով: Երբ ջրհեղեղի պահը մոտենում է Նոյն իր աջակիցներին հրահանգում է նստել տապանը: Ջուրը պատում է ամենուր և Երկիրը վերածվում է անծայրածիր օվկիանոսի: Նոյի տապանն իր ուղևորներով ճեղքում է ալիքները: Այս հսկա ջրհեղեղում հույսի մեկ նշույլ գոյություն ուներ և դա Նոյի տապանն էր, որի ուղևորներին Աստված փրկում է խորտակումից:

Նոյը դառնալով իր որդուն ասում է. «Որդիս մեզ հետ տապանը նստիր և հավատուրացներին մի ընկերակցիր, քանի որ կործանվելու ես»: Սակայն հոր խրատը չի ազդում որդու կարծր սրտին: Նոյի որդին ասում է. «Հայր, ես շուտով կապաստանեմ մի լեռ, որն ինձ կպաշտպանի ջրի վտանգից»: Նոյը կրկին խրատում է որդուն և նրան ասում է. «Որդիս, այսօր Աստծո կամքի դիմաց քեզ համար որևէ ապաստարան ու պահապան գոյություն չունի, բացի նա ում Աստված ողորմել է»: Այդ պահին հսկա մի ալիք տանում է Նոյի որդուն և նրան հեռացնելով հորից դասում է խորտակվածների շարքը:

Այո առանց տապանի օգնության հնարավոր չէ փրկվել փոթորկոտ ու ալեկոծ օվկիանոսից: Այդ տապանը կարող են լինել նաև հավատավոր ու մեծ անձինք ովքեր ապավինելով միակն Աստծուն դեմ են կանգնում նեխածության կործանիչ ալիքներին, որպեսզի ապահով ափերը դուրս գան: Հետևաբար շիաների ու սուննիների գրքերում մարգարեից կատարված վկայություններում մարգարեի գերդաստանի անդամները նմանեցվել են Նոյան տապանին: Մարգարեի այս ընդգծումն արժեքավոր կետեր է պարունակում:

Մարգարեն նման ընդգծում կատարելով տեղեկացնում է ապագայի մասին, երբ իսլամը հանդիպելու է ծանր փոթորիկների, որոնք շատերին են կործանելու: Ժողովրդի կրոնն ու հավատքը, նաև հասարակության հիմքը և դրա բարոյական ու գաղափարական ենթակառույցները սպառնացող վտանգներից փրկվելու համար հույսի մի դուռ գոյություն ունի և փրկության այդ նավը մարգարեի գերդաստանն է, որից անջատվելը կործանման պատճառ է դառնալու:

Մյուս կետն այն է, որ Նոյան տապանը նստելու անհրաժեշտ պայմանը Աստծո հանդեպ հավատքն է: Այդ պատճառով էլ Նոյն իր որդուն կոչ է անում հեռու մնալ հավատուրացներից ու հավատք բերելով նստել տապանը: Հետևաբար ժողովրդի փորձանքներից փրկվելու և ապահով ափեր դուրս գալու նախապայմանը Աստծո հանդեպ հավատքն ու փրկության նավը նստելն է:

Քանի որ մարդկությունը կյանքի ալեկոծ ծովում շարունակ սպառնալիքների ու վտանգների է հանդիպում, փրկության նավին նրա կարիքը մշտական է: Հետևաբար մարգարեի գերդատանին հետևելն էլ մշտական անհրաժեշտություն է համարվում և առանց դրան որևէ մեկը չի կարող նպատակին հասել: Նոյան տապանը փրկեց նրանց ովքեր հավատք էին բերել իրեն, սակայն նրանք ովքեր տապանը չնստեցին, բոլորն էլ խորտակվեցին: Նույնն է մեծ մարգարեի գերդաստանի պարագային: Այսինքն նրանք ովքեր մեծ մարգարեի գերդաստանի հետևորդը լինեն և նրանց ուսուցումներին հետևեն փրկվելու են:

 

Խորհելով «Հադիս Սաֆինա»-ի բովանդակության մասին, նկատում ենք, որ այս հադիսը նաև վկայում է մեծ մարգարեի գերդաստանի անդամների անաղարտության, ինչպես նաև սայթաքումներից զերծ լինելու մասին: Մուսուլման գիտնականներ՝ սուննի, թե շիա, տարբեր մեկնաբանություններով ընդգծում են այն կետը, որ եթե մեծ մարգարեի գերդաստանը նավի նման իր ուղևորներին փրկում է խորտակումից ու կործանումից, հետևաբար ինքն էլ լինելով այդ նավը, հեռու է խորտակումից ու կործանումից: Գերդաստանը, որ մարգարեի կողմից նավի է նմանեցվում, եթե մեղավոր լինի, ոչ կարող է իրեն փրկել խորտակումից և ոչ էլ կարող է մյուսներին փրկել:

Միևնույն ժամանակ մուսուլմանները Ղուրանն ու կրոնի ուսուցումները սերտելու համար շարունակ վստահելի աղբյուրի կարիք ունեն: Աստծո մարգարեից հետո նրա գերդաստանը կրոնական գիտելիքների վճիտ աղբյուր և Աստծո պատվիրանները ճանաչելու համար վստահելի ու վավերական աղբյուր են համարվում: Նրանք Ղուրանի իրական մեկնաբաններ, մարգարեների գիտելիքների ժառանգորդ ու աստվածային գիտելիքների գանձարան են համարվում: Հետևաբար այն վկայությունը, թե մարգարեի գերդաստանը փրկության նավ է համարվում նաև վկայում է այն մասին, որ նրանք գաղափարական ու կրոնական տեսակետից աղբյուրի դեր են կատարում: Նաև վկայում է այն մասին, որ բացի մարգարեից նրանք գերազանցում են բոլորին: Այլապես ուրիշները փրկության նավ կներկայացվեին: Այս ճշմարտությունն ընդգծված է շատ վկայություններում և դրա ընդհանրությունից այնպես է հասկացվում, որ Աստծու և նրա առաքյալի կամքն այն է, որ մարդիկ Ղուրանի և կրոնի ուսուցումներն ընկալելու, ճշմարիտ ճանապարհով ընթանալու և բարոյականության բնագավառում առաջադիմելու համար պիտի առաջնորդվեն մարգարեի գերդաստանի փայլող լույսով: Հետևաբար օրինակ պիտի ծառայեցնեն ու հետևեն նրանց, որպեսզի ըմբռնեն կրոնի ճշմարտությունը և նրանց գործերը բարու առանցքի շուրջ կենտրոնացած լինեն:

Մարգարեի գերդաստանի գիտելիքներն ակունք են առնում աստվածային անհատնում գիտությունից, որտեղ որևէ շեղում կամ սայթաքում գոյություն չունի: Քանի որ մարգարեի գերդաստանը դաստիարակվել են աստվածային գիտությամբ, ճշմարտացի ուսուցումների համար նրանց պիտի հետևել: Դա է հանձնարարված նաև տարբեր վկայություններում: Այդ թվում Իմամ Բաղերն ասում է. «Գնացեք արևելք ու արևմուտք: Որևէ ճշմարիտ գիտություն չեք կարող գտնել բացի նրանից, որն ակունք է առնում մարգարեի գերդաստանից»:

Մարգարեի գերդաստանը բարու հիմնասյունը և առաջնորդության ճշմարիտ ցուցանիշն են: Ալին մի տեղ մարգարեի գերդաստանը բարու չափանիշ է ներկայացրել և ասել է. «Նայեք ձեր մարգարեի գերդաստանին, ուղեկցեք նրանց ու նրանց հետևեք: Նրանք ոչ ձեզ կհեռացնեն առաջնորդությունից և ոչ էլ մոլորության մեջ կգցեն»:

Եզրափակելով զրույցը պիտի ասել, հենց այնպես որ Նոյան տապանն ահեղ ջրհեղեղի ժամանակ փրկության միակ միջոցն ու ապաստարանն էր համարվում, իսլամի ժողովուրդն էլ մարգարեից հետո առաջացող ահեղ փոթորիկներից փրկվելու համար միայն կարող է ապավինել մարգարեի գերդաստանին: Քանի որ ինչպես մարգարեն է ասել, նրանք ժողովրդի փրկության նավն են: