Իրանական շուկա (24) Ձկնաբուծություն. Դեկորատիվ ձկներ
Դեկորատիվ ձկների բուծման ու բազմացման արդյունաբերությունն աշխարհում հայտնի արդյունաբերություններից մեկն է։ Ասիայի հարավարևելյան մի շարք երկրներ այս ոլորտում ակտիվ գործունեություն են ծավալում ջրային կենդանիների հարուստ պաշարների շնորհիվ։ Վերջին տարիներին Իրանը ևս ներդրումներ է կատարել ջրային կենդանիների տնտեսության բնագավառում՝ հաշվի առնելով ջրային ռեսուրսների իր պոտենցիալ ներուժը, այս ոլորտում աշխատատեղերի ստեղծման բարձր հնարավորությունը և արտարժութային եկամտաբերությունը։
Ամբողջ աշխարհում դեկորատիվ ձկները համարվում են տնային սիրելի կենդանիներ։ Արտաքին տեսքի ու գույնի առումով նրանց խիստ բազմազանության պատճառով մեծանում է նրանց սիրվածությունը: Հոգեբանները գտնում են, որ բնական միջավայրերը համատեղելի են մարդկանց հոգեբանության հետ և հանգստացնում են նրանց նյարդերը։ Նրանցից ոմանք համարում են, որ 15 րոպե ակվարիումին նայելը հավասար է 48 ժամ կենսուրախության։ Գեղագիտական, գույների ու նախշերի բազմազանության առումով դեկորատիվ ձկները առանձնանում են մյուս ջրային կենդանիներից։ Այս ձկները պահվում են հիմնականում զվարճանքի ու հաճույքի, կենսազանգվածի պահպանության, տեղանքի գեղեցկացման ու զբոսաշրջիկների գրավման նպատակներով։ Ներկայումս տասնյակ երկրներում տարածված է դեկորատիվ ձկների առևտուրը։ Ասում են, որ այս արդյունաբերության ապրանքաշրջանառության ծավալը միլիարդավոր դոլարների է հասնում։

Ապրելու միջավայրից ելնելով, դեկորատիվ կամ ակվարիումային ձկները բաժանվում են երկու ընդհանուր խմբերի. Աղի ջրերում և քաղցրահամ ջրերում ապրող ձկները։ Այս երկու խմբերը իրենց հերթին ևս բաժանվում են երկու խմբի. Արևադարձային կամ տաք ջրերում ապրող և սառը ջրերում ապրող կենդանիները։ Աշխարհում դեկորատիվ ջրային կենդանիների գերակշիռ մասը արևադարձային են։ Սնվելու առումով, ձկները լինում եմ բուսակեր, մսակեր և ամենակեր։ Բնավորության առումով դեկորատիվ ձկների մի մասը, այդ թվում «Լոչ-Կոլի» ձուկը, խաղաղասեր են, իսկ ոմանք էլ, ինչպիսին «ակավոր Սիքլիդգաբի» ձուկն է, հայտնի են որպես ագրեսիվ խառնվածքով դեկորատիվ ձուկ։

Դեկորատիվ ձկները դասակարգվում են նաև ըստ նրանց վերարտադրման եղանակի։ Այս տեսակ ջրային կենդանիները, այդ թվում «Մոլի» տեսակի խաղաղասեր ձուկը, կենդանածին (ovoviviparous) են, իսկ որոշ տեսակներ, այդ թվում աշխույժ ու ճարպիկ «Զեբրադանիո» ձուկը, բազմանում են ձվադրմամբ (oviparous)։
Ներկայումս դեկորատիվ ձկների 90 տոկոսը ապրում են քաղցրահամ, իսկ 10 տոկոսը աղի ջրերում։ Աշխարհում քաղցրահամ ջրերում ապրող դեկորատիվ ձկների 10 տոկոսը ձեռք են բերվում որսի եղանակով, իսկ մնացած 90 տոկոսը արհեստական բուծման ու բազմացման եղանակով։ Իսկ ինչ վերաբերում է աղի ջրերի դեկորատիվ ձկներին, ի հեճուկս քաղցրահամ ջրերի տեսակներին, 90 տոկոսը որսվում են ծովերից ու օվկիանոսներից, իսկ 10 տոկոսը բուծվում ու բազմացվում են արհեստական եղանակով։
Իրանում հնուց ի վեր ուշադրության են արժանացել դեկորատիվ ձկները։ Իրանցիների մոտ ամենաճանաչված դեկորատիվ ձկան տեսակն է ոսկե ձկնիկը։ Հին ժամանակներից մինչ այժմ յուրաքանչյուր իրանցու բնակարանում եղել է մի ջրավազան, որի մեջ անպայման եղել են մի քանի ոսկե ձկնիկներ։ Հետաքրքիր է իմանաք, որ հազարավոր տարիների սովորության համաձայն, իրանցիները իրանական նոր տարին դիմավորելու ժամանակ «Հաֆթ-Սին» կոչվող սփռոցին դնում են ոսկե ձկնիկ ի նշան կյանքի և շարժունության։

Իրանն ունի ջրային կենդանիների և ձկնաբուծության յուրահատուկ արդյունաբերություն՝ իր ընդարձակ ջրային սահմանների՝ հյուսիսում Կասպից ծովի, հարավում Պարսից Ծոցի ու Օմանի ծովի շնորհիվ։ Իրանի հարավային ջրերը հարուստ են դեկորատիվ ձկնատեսակների պաշարներով, որոնք հիմնականում արտահանվում են։ Աշխարհում դեկորատիվ ձկների 25 տոկոսն ապրում է մարջանային խութերում։ Իրանի հարավային ծովափնյա տարածքներում, այդ թվում Քիշ և Խարք կղզիների, Սիրիի, Բուշեհրի, Հորմոզգանի և Գենավեհի որոշ ծովափնյա շրջաններում առկա են մարջանային խութեր։ Այդ ափերը ցանկալի ապաստան և բնակավայրեր են դեկորատիվ ձկների համար։ Իրանն իր տրամադրության տակ ունի աշխարհում գոյություն ունեցող հարյուրավոր դեկորատիվ ձկնատեսակների 80 տեսակը, որոնք տեղական են, և ամեն տարի Իրանի հարավային շրջաններից այլ երկրներ են արտահանվում քաղցրահամ և աղի ջրերում ապրող տասնյակ տոննա դեկորատիվ ձկներ։ Օրինակ՝ կարելի է մատնանշել Քիշ կղզու գեղատեսիլ ափերը, որոնք բնական ակվարիում են և այնտեղ հանդիպում են դեկորատիվ ձկների տարբեր տեսակներ։ Դրանցից կարելի է նշել «Առյուծ ձուկ» կոչվող թունավոր ձուկը, որը որսվելուց հետո պահվում է երկու երրորդով ջուր և մեկ երրորդով վակում պարունակող պլաստմասե պարկերում և արտահանվում Իտալիա։
Քիշ Կղզին՝ բնական ակվարիում
Դեկորատիվ ձկների սիրահարների ու դրանց հավաքող մարդկանց զվարճանքներից է ակվարիումի ստեղծումը։ Աշխարհում բազմաթիվ մարդիկ սիրում են, որ օվկիանոսի հրաշալիքների մի մասն ունենան իրենց տներում, թեև այս սիրելի զվարճանքի համար ստիպված են լինելու ծախսել բավականին գումար և ժամանակ որոշ թանկարժեք դեկորատիվ ձկների ձեռքբերման և պահպանման նպատակով։ Այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ աշխարհում տարեկան միլիարդավոր դոլարների է հասնում դեկորատիվ ձկների շուկայի տնտեսական արժեքը։ Դեկորատիվ ձկները կարելի է բուծել և բազմացնել հողային, մետաղյա, պլաստմասե, բետոնե և ապակյա տարաներում, որոնցից յուրաքանչյուրն ունի թերություններ ու առավելություններ։ Ներկայումս մարդկանց՝ ակավարիում և դեկորատիվ ձկներ ունենալու ցանկությունը մեծանալով, ձևավորվել է նրանց բուծման տարբեր եղանակներ՝ ընտանեկան բիզինեսի, կենտրոնացված արդյունաբերական բուծման, ինչպես նաև դեկորատիվ ձկների բուծման ձեռնարկությունների ստեղծման տեսքով։ Այսպիսով հող է պատրաստվել դեկորատիվ ձկների բուծմամբ ու բազմացմամբ հետաքրքրվող անձանց ակտիվության համար։

Իրանում դեկորատիվ ձկների բուծման ու բազմացման արդյունաբերությունն ունի կես դարվա պատմություն։ Այս ոլորտի իրանցի ակտիվիստներին հաջողվել է բուծել և բազմացնել դեկորատիվ ձկների տարբեր տեսակներ՝ ձկնաբուծության հարմար արհեստանոցների ստեղծմամբ և անվտանգության ու մասնագիտական նորմերի պահպանմամբ։ Մինչ օրս իրանցի մասնագետների կողմից բազմացվել են ոչ տեղական մոտ 200 ձկնատեսակներ։ Բազմացված տեսակների հիմնական մասը կազմում են ոսկե ձկնիկը, կենդանածին, Սիչլայդ, Գվարեմի, Տետրա և Բարբ տեսակները։ Իրանը տարեկան արտադրում և ներքին ու արտաքին շուկա է արտահանում 200 միլիոն դեկորատիվ ձուկ։ Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իրաքը իրանական դեկորատիվ ձկների արտահանման շուկաներն են։
Իրանը քաղցրահամ ջրերում ապրող ձկնատեսակների, այդ թվում «Ծաղրածու» ձկան (Clown Loach) տեսակի բազմացնող պետություններից է։ Ծաղրածու ծածանը ծածանակերպների տեսակի ամենհայտնի ու ամենագունավոր ձուկն է։ Այս տեսակ ջրային կենդանիներն ունեն բավականին գեղեցիկ գունային երանգներ և բավականին հետաքրքիր են լողալու և բնավորության առումով։ Եթե ծանոթ չլինեք այս տեսակ դեկորատիվ ձկան վարքագծին, ապա դուք կարող եք մտածել, որ նա այլևս ողջ չէ, երբ իրեն կիսամեռ է ձևացնում կամ կողքի վրա պարկում է ջրի հատակին։ Նրա լողալու ձևը ևս հետաքրքիր է։ Ծաղրածու ծածանը լողում է տարբեր ձևերով, այդ թվում ուղղահայաց կամ ոլորապտույտ հետագծով։

Ջրային զարմանահրաշ աշխարհի նկատմամբ հետաքրքրասիրությունը չի սահմանափակվում միայն ակվարիումների զարդարման նպատակով դեկորատիվ ձկների օգտագործմամբ։ Մարջանային խութերը ևս ջրային աշխարհի գեղեցիկ երևույթներից են, որոնցից օգտվում են հարուստները իրենց տները կամ մեծ խանութսրահները զարդարելու նպատակով։ Ասում են, որ մոտ 540 միլիոն տարի առաջ մարջանները երկրի երեսին հայտնվեցին որոշ բաղադրյալ էակների մարմնում առկա միաբջիջ բույսի և «Թութիա» կոչվող կենդանու միաձուլվելուց։ Յուրաքանչյուր մարջանային խութի կտոր, կախված նրա մեծությունից, արժևորվում է մինչև 350 դոլար։
Իրանի ներուժի մաս են կազմում նաև տնտեսապես բարձր արժեք ունեցող ծովային բույսերը։ Աշխարհում տարեկան ցանվում և մշակվում են ավելի քան 4 միլիոն տոննա ջրային բուսատեսակներ։ Այս առումով Իրանի ծովային մուռի տեսակները հատուկ դիրք են գրավում աշխարհի դեղագործական ու սննդի շուկաներում։ Իրանի ծովային մուռի տեսակների լուրջ գնորդներից են Չինաստանն ու Ճապոնիան։
Դեկորատիվ ձկնատեսակների բուծման, բազմացան և արտադրման ոլորտում ներդրումը հայտնվել է Իրանի ձկնաբուծական ոլորտի ղեկավարության օրակարգում աշխատատեղեր ստեղծելու բարձր ունակության և արտարժութային ցանկալի եկամտաբերության պատճառով։ Վերջին տարիներին Իրանի աղի ջրերում ապրող մի շարք դեկորատիվ կենդանիներ, այդ թվում մարջանային խութերը և Ծաղրածու ձկնատեսակները հայտնվել են բուծման ու բազմացման գործընթացում։ Ունենալով 80 տեղական և 200 ոչ տեղական տեսակներ, դեկորատիվ ձկների իրանական արդյունաբերությունը օժտված է այն ներուժով, որ ներդրումների իրականացմամբ համաշխարհային առևտրում ավելի լայն ներկայություն ունենա ձկնաբուծության այս հատվածը։