Մայիս 15, 2017 15:13 Asia/Yerevan
  • Իրանական շուկա (28) Չրեղեն. Ընկույզ

Ընկուզենին բարձր տնտեսական արժեքով ծառ է, որի տարբեր մասերը՝ տերևը, կեղևը, պտուղը, արմատը, ցողունն ու իրանը օգտագործվում են արդյունաբերության տարբեր հատվածներում, այդ թվում սննդի, փայտագործության, դեղագործության և բժշկության ոլորտներում։ «Իրանական շուկա» հաղորդաշարի այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք այս արտադրանքը։

Ընկույզ

Աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ ազգերի ժողովրդական մշակույթում առկա հավատամքների ուսումնասիրությունը վկայում է մարդկանց կողմից ծառերի, մասնավորապես հնամենի ընկուզենու անձնավորման մասին։ Այս հավատամքներում ընկուզենին հիշատակվում է որպես ծպտյալ խոհեմության, բերրիության, երկարակեցության, և դժվարին պահերի տոկունության խորհրդանիշ։

Ընկուզենու աճման  պատմությունը մեզ հայտնի չէ։ Ոմանք գտնում են, որ ընկուզենին գոյություն է ունեցել մինչև մարդու հայտնվելը։ Հնամենի արձանագրություններն ու փաստաթղթերը վկայում են մեր թվարկությունից  հարյուրավոր տարիներ առաջ ընկուզենու ցանքի մասին։ Փոքր Ասիան, արևմտյան Ասիան, Հիմալայանների շրջակայքը և Չինաստանը այն տարածքներն են, որոնք հիշատակվում են որպես ընկուզենու բնօրրան։

Ընկուզենի

Սովորական ընկույզը ծառի տեսքով բույս է, որի բարձրությունը փոփոխական է և տարբեր աղբյուրներում 10-40 մետր է նշվում։ Ընկուզենին ունի արծաթագույն հարթ իրան, որը որոշ տեսակներում լինում է մոխրագույն անուշահոտ տերևներով։ Ընկուզենին միահիմք և առանձին ծաղիկներով ծառ է, այն իմաստով, որ միևնույն ծառի (հիմքի) արական և իգական սեռի ծաղիկները առանձին են ի հայտ գալիս։ Այդ իսկ պատճառով ընկուզենին թե ինքնափոշոտվող և խաչաձև փոշոտող բույս է։ Ընկուզենու փոշոտումը կատարվում է քամու միջոցով և միջատները դերակատարություն չունեն այս գործընթացում։ Ընկուզենու պտուղը հատապտուղ տեսակի է, որի ներքին շերտը կարծր ու փայտից է և դրա մեջ է գտնվում յուղային նյութերով հարուստ, երկշաքիլավոր սերմը։

Ընկուզենին ամռանն ու ձմռանը զգայուն է չափազանց ցրտի ու տաքության նկատմամբ։ Ընկուզենու հասունացման շրջանը անմիջական կապ ունի նրա ցեղատեսակի, բնակլիմայի ու աճման վայրի հետ։ Այս շրջանը տևում է 3-20 տարի, այնուհետև սկսվում է պտղաբերության շրջանը։ Ընկուզենու պտղաբերության շրջանի գագաթնակետն է նրա կյանքի հինգերորդ ու վեցերորդ տասնամյակը։ Ընկուզենու պտղի ճաքելը, միջուկի երկու կեսերի միջև առկա հյուսվածքի և դրա շրջակայքի գույնի փոփոխությունը (շագանակագույն դառնալը) վկայում է պտղի հասունացման մասին։ Միջուկի հասունացումից հետո պտղաքաղի ուշացումը նպաստելու է նրա որակի իջեցմանը և ընկուզենին՝ տարբեր հիվանդություններով ու վնասատուներով վարակվելու հավանականության մեծացմանը։  

Խակ ընկույզը

Ընկուզենին բարձր տնտեսական արժեքով ծառ է, որի տարբեր մասերը՝ տերևը, կեղևը, պտուղը, արմատը, ցողունն ու իրանը օգտագործվում են արդյունաբերության տարբեր հատվածներում, այդ թվում սննդի, փայտագործության, դեղագործության և բժշկության ոլորտներում։

Ընկույզը այն պտուղներից է, որը օգտագործվում է թարմ կամ չորացված տեսքով և էական դեր է խաղում մարդկանց սննդային առողջության ու անվտանգության հարցում։ Այս անուշահամ սննդարար նյութը սննդային, յուղային ու չրեղեն կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Ընկույզի միջուկը պարունակում է սպիտակուցներ, շաքար, ջուր, վիտամիններ, հանքային նյութեր և ճարպ։ Ընկույզը հայտնի է որպես ուղեղի սնունդ և հանգամանքը պայմանավորված չէ նրա և ուղեղի նմանությամբ։ Ընկույզը մեծացնում է գիտակցության ու բանականության ունակությունը և կանխարգելում է Ալցհեյմեր և Պարքինսոն հիվանդությունները։ Ընկույզը այն եզակի սնունդներից է, որը պարունակում է օմեգա-3։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարմնի համար անհրաժեշտ այս թթուն (օմեգա-3) դրական ազդեցություն ունի միգրենի, սթրեսի, նյարդային լարվածության ու դեպրեսիայի բուժման գործում։ Ընկույզի ճարպի 15 տոկոսը սրտի առողջության համար օգտակար, ոչ հագեցած ճարպերի տեսակից է։ Ընկույզը իջեցնում է արյան վատ խոլեստերինը (LDL) և բարձրացնում լավ խոլեստերինը (HDL)։

Բերքահավաքին պատրաստ ու հասած ընկույզը

Ընկույզը բուժում է թոքերի տարբեր հիվանդությունները։ Այս սննդարար նյութը կանխում է միզաքարերի, լեղաքարերի գոյացումը և սրտի նոպայի առաջացումը։ Ասում են, որ թուզի և բանանի հետ ընկույզ ուտելը ուժեղացնում է ուղեղի ու զգայարանների գործունեությունը։ Ընկույզի մեջ առկա պղինձը նպաստում է մարմնում երկաթի կլանմանը։ Ընկույզում առկա ֆոսֆորի քանակը հավասար է ձկան, բրնձի և նույնիսկ հավկիթի մեջ առկա այդ նյութի քանակին։

Ընկույզը հակաինֆեկցիոն հատկություն ունի։ Ընկույզի կեղևը հարուստ է տանիններով, որը օգտակար է Անեմիայի եւ քրոնիկ փորլուծության բուժման համար։ Ընկույզի մյուս դեղորայքային հատկություններից  կարելի է մատնանշել նրա օգտակարությունը շնչառական խանգարումների և հոդացավերի բուժման, իմունային համակարգի պահպանման, արյան մակարդման կանխման, մարմնի նյութափոխանակության, արյան ճնշման ու շաքարի կարգավորման հարցերում։ Ընկույզ պարունակող սննդակարգը նվազեցնում է արյան ճարպի օքսիդացումը և կանխում աթերոսկլերոզը։ Հակաօքսիդանտներ պարունակելու պատճառով, այն օգտակար է քաղցկեղի առաջացման նվազեցման գործում։ Քաշից ազատվելու, մազերի և մաշկի առողջության պահպանման ու թարմության համար դուք կարող եք հույս դնել ընկույզի վրա։

Ընկուզենու տերևը պարունակում է յուրահատուկ բույրով բնահյութ, որը մանրեասպան հատկություն ունի։ Ընկուզենու փայտը աշխարհում գոյություն ունեցող ամուր և թանկարժեք փայտերից է, որը դիմացկուն է ճնշման, ճգման և ձգման նկատմամբ։ Փայտի այս տեսակն ունի մանր հյուսվածք, հղկվող ու ներկվող է և ունի փորագրման ու գեղեցիկ նախշեր ստեղծելու հնարավորություն։ Երբեմն ընկուզենու փայտի վրա առաջանում են մեծ և փոքր հանգույցներ, որոնց ճիշտ քանդակման դեպքում կարելի է ստանալ հրաշագեղ պատկերներ։ Այս մասերը իրենցից մեծ արժեք են ներկայացնում դեկորատիվ ու ստեղծագործական արդյունաբերության ոլորտում։ Այս թանկարժեք փայտի կիրառություններից են ծածկոցի պատրաստումը, կահույքի, երաժշտական գործիքների, հրացանի խզակոթի ստեղծումը, ինչպես նաև  փայտագրության, խճանկարչության և խառատագործության ոլորտներում։

Ընկույզի փայտի վրայի պատկերներն ու նախշերը

Մեր օրերում ընկույզի արժեքավոր ծառը ցանվում կամ աճում է աշխարհի բազմաթիվ կետերում։ Այս ծառը լավագույն գենոտիպներից է, որը բարձր գնից բացի, քաշի միավորում բերքատվության առումով աշխարհում ամենաեկամտաբեր տնտեսական արտադրանքներից է։ Վերջին տարիներին աշխարհում ընկույզի ցանքի տակ գտնվող մակերեսը հասել է ավելի քան մեկ միլիոն հեկտարի։ Ամեն հեկտարից ձեռք է բերվում մոտ 3400 Կգ ընկույզ։ Իրանը այն պետություններից է, որը երկար պատմություն ունի ընկույզի արտադրման ոլորտում։ Ոմանք գտնում են, Իրանը ընկույզի աճման բնօրանն է և այս երկրամասից է ընկուզենին տարածվել այլ երկրներ։ Այդ մասին են վկայում արևելյան Եվրոպայում գտնվող Կարպատյան լեռնային տարածաշրջանում (Carpathian mountains), Թուրքիայում, Իրաքում, հարավային Ռուսաստանում, Աֆղանստանում, Հիմալայանների հյուսիս-արևմուտքում իրանական վայրի ընկուզենիների առկայությունը։

Ընկույզի բաշխման քարտեզն աշխարհում

Այսօր Իրանում մոտ 150 հազար հեկտար հողամաս գտնվում է ընկուզենու ցանքի տակ։ Տարեկան ավելի քան 200 հազար տոննա ընկույզի արտադրությամբ Իրանը ընկույզ արտադրող պետությունների շարքում զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը։ Իրանում ընկույզի արտադրումը մեկ շնչի հաշվով  կազմում է մոտ 3 Կգ և 6 անգամ գերազանցում համաշխարհային համապատասխան ցուցանիշը։ Իրանի արտադրած ընկույզի տնտեսական արժեքը կազմում է ավելի քան 1.5 միլիարդ դոլար, որի մեծ մասը ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար է։ Իրանական ընկույզի համի ու յուղայնության շնորհիվ այն դասվում է աշխարհի ամենաորակյալ ընկույզների շարքում։ Մեկ տոննա իրանական ընկույզը պարունակում է մոտ 640 Կգ սննդային յուղ։

Ընկուզենին աճում է Իրանի տարբեր վայրերում՝ հանրապետության հյուսիսում գտնվող Մողանի ու Գեզի կիրճից սկսած մինչև հարավում գտնվող Ֆարս նահանգի Օղլիդում, Ուրմիայի հարավ-արևմուտքի բարձունքներից սկսած մինչև հարավ-արևելքում գտնվող Թաֆտանի լեռներում։ Իրանի Քերման, Քերմանշահ, Համադան, Լորեստան, Քոհքիլույե ու Բույերահմադ, հարավային Խորասան, Արևելյան ու Արևմտյան Ատրպատական, Չհարմահալ-Բախտիարի, և Մարքազի նահանգները հանրապետության առաջատար նահանագներն են ընկույզի արտադրման ոլորտում։ Բարձր որակի շնորհիվ իրանական ընկույզը արտահանվում է աշխարհի 30 երկրներ, այդ թվում Իրաք, Թուրքիա, Գերմանիա և Անգլիա։

Իրանում ընկուզենու ցանքի տարածքները

Իրանի բարենպաստ շրջաններում ցանված ընկուզենիները սովորական ընկույզի (juglans) սորտից են և հիմնականում հայտնի են իրենց աճման վայրի անվամբ, ինչպիսիք են Թույսերքանի, Շահմիրզադի, Ղազվինի, Թալեղանի, Շահրեքորդի, Ատրպատականի, և Դամավանդի ընկույզները։ Իրանական ընկույզի այլ տեսակներից են թղթե, քարե, մակույի ասեղնային, ագռավակտուցի և Զիա-Աբադի սորտերը։

Թույսերքանի ընկույզը

Բնակլիմայական պայմանների առումով Իրանի Համադան նահանգը ընկուզենու ցանքի ու աճեցման գլխավոր շրջաններից է, այնպես որ, բավականին ուշագրավ ու էական է նահանգի տարածքում այս արտադրանքի բաշխումը։ Այս նահանգի տարբեր շրջանների շարքում Ալվանդ լեռների փեշերում գտնվող Թույսերքանը բարենպաստ շրջան է ընկուզենու ցանքի համար։ Ցանքի տակ գտնվող մակերեսի առումով այս շրջանում է աճում նահանգում արտադրվող ընկույզի մեկ երրորդը։ Յուղի քանակության, պտուղի ամբողջ ծավալի նկատմամբ միջուկի մեծ ծավալի, միջուկի ճերմակության ու խոշորության առումով, աշխարհի լավագույն ընկույզներից է համարվում Համադան նահանգում, մասնավորապես Թույսերքանում արտադրված ընկույզը։