Մայիս 25, 2017 20:30 Asia/Yerevan

Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս շաբաթ Իրանից Բաղդադ մեկնեց մի տնտեսական պատվիրակություն: Նախ` այդ մասին:

Իրանի Արդյունաբերության, առևտրի և հանքերի նախարարի տեղակալ` Մոջթաբա Խոսրոթաջի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բաղդադ` Իրան-Իրաք տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով: Այցի ընթացքում Խոսրոթաջին հանդիպում ունեցավ Իրաքի Արդյունաբերության և հանքերի նախարար Մաքի Ալբադիրի հետ: Հանդիպման ընթացքում Մոջթաբա Խոսրոթաջին հույս հայտնեց, որ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկու երկրների միջև տեխնիկական ծառայությունների և փորձի փոխանակման համար: Իրանի և Իրաքի տնտեսական համագործակցության զարգացման համար նախ անհրաժեշտ են համատեղ ներդրումներ ու նաև երկու երկրների գործարարների համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Վերջերս Իրանում տեղի ունեցավ համատեղ նիստ, որին ներկա էին երկու երկրների գործարարները և դեսպանատան փորձագետները: Իրանը 2016թ. Իրաք արտահանումների առումով զբաղեցրել է երրորդ տեղը և այսօր այդ տեղը բարձրացել է: Անցած երեք տարիների ընթացքում Իրաքն արդյունավետ համագործակցություն է  ունեցել Իրանի որոշ նահանգների հետ: Իրանում Իրաքի առևտրատնտեսական կցորդ` Շաքեր Ռազաղ Ալդամիի ասելով. "Իրաքում արտասահմանյան ներդրումների օրենքը փոփոխության է ենթարկվել և ավելի դյուրին է  դարձել": Նրա ասելով, Իրաքը փորձում է  լավ պայմաններ ստեղծել արտաքին ներդրողների համար: Իրանի և Իրաքի միջև առևտրային կապերը, Իրաքում գոյություն ունեցող բոլոր  խնդիրներով հանդերձ, զարգանում են: Երկու երկրները ստորագրել են մի շարք համաձայնագրեր: Ներկա դրությամբ, Իրանի առևտուրն Իրաքի հետ կազմում է 13 միլիարդ դոլար: Իսկ նախորդ տարիների ընթացքում այս առևտրի 6 միլիարդ դոլարը կազմել են Իրանից դեպի Իրաք նավթային արտահանումները:

Իրանի և Իրաքի սահմանին, որը կազմում է մոտավորապես 1400 կմ, գործում են 18 պաշտոնական և ոչ պաշտոնական անցակետեր: Այս երկիրը վերածվել է Իրանի ոչ նավթային արտահանումների գլխավոր կետերից մեկին: Երկկողմանի համաձայնությունների արդյունքում, երկկողմանի տնտեսական համագործակցությունները բավականին զարգացել են: Իրաքը  պատրաստակամություն է  հայտնել քայլեր կատարել համատեղ արդյունաբերության ոլորտում, հատկապես`պարարտանյութի, կաբելների,բուսական յուղի  ու շինանյութի և պետրոքիմիայի արտադրության ոլորտներում: Ներկայումս այս համագործակցությունները զարգանում են և Իրանը պատրաստ է Իրաքի ենթակառուցվածքների ուղղությամբ որոշակի համագործակցություն ծավալել այդ երկրի հետ:

--- 

Իսկ այժմ խոսենք Իրանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունների մասին:

Իրանի և Թուրքիայի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են զարգացնել առևտրատնտեսական կապերը: Անցած շաբաթ Թուրքիայում տեղի ունեցավ "Իրան-Թուրքիա ներդրումների հնարավորություններ" համաժողովը, որին ներկա էր նաև Թուրքիայում ԻԻՀ դեսպանը և թուրք գործարարներ: Համաժողովի ընթացքում Թուրքիայում Իրանի դեսպան  Մոհամմադ Էբրահիմ Թահերյան Ֆարդը խոսեց այն մասին, որ բազմաթիվ հնարավորություններ գոյություն ունեն` առևտրատնտեսական համագործակցության համար: Պետք է ասել, որ Իրանին և Թուրքիային բաժանում է  600 կմ սահման: Սահմանամերձ շրջանները մեծ նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման գործում: Նման համաժողովները բնականաբար շատ են կարևորվում երկու երկրների տնտեսական զարգացման ուղղությամբ: Անկարայի առևտրատնտեսական պալատի տնօրեն Գորսել Բարանն այդ  համաժողովում ասաց, որ Իրանը և Թուրքիան տարածաշրջանի կարևոր երկրներն են և նրանց հարաբերությունների զարգացումը կհանգեցնի տարածաշրջանի կայունությանը: Նրա խոսքերով, Անկարայի տնտեսական պալատը կարող է հարմար պայմաններ  ստեղծել` երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար: Հենց այդ նպատակով էլ որոշվել է կազմակերպել տուրեր` երկու երկրների գործարարներին միմյանց  առևտրատնտեսական հնարավորություններին ծանոթացնելու նպատակով: Թեհրանը և Անկարան ԷԿՕ-ի տնտեսական համագործակցության, ինչպես նաև Զարգացող իսլամական երկրների` (D8)  խմբի անդամ են: Իսկ դա կարող է հարմար պայմաններ  ստեղծել, որպեսզի երկու երկրները զարգացնեն իրենց կապերը հատկապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Երկու երկրները Մետաքսի զարգացման ճանապարհի ուղղությամբ նույնպես կարող են լավ համագործակցություն ունենալ: Այս պատմական ճանապարհի վրա գտնվում են բազմաթիվ ուղղություններ, որոնք Եվրոպան ու Ասիան Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի միջոցով միացնում են իրար:

Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի Իրանի հետ ցամաքային սահման: Իսկ Իրանը տարածաշրջանի  մի շարք երկրների, այդ թվում նաև Թուրքիայի հետ քննարկում է տրանսպորտի և ազատ առևտրի գոտիներում ներդրումների հնարավորությունները:

----

Այս շաբաթվա կարևոր իրադարձություններից էր նաև Իրանի գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի  գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հրավերով: Քառօրյա այցի ընթացքում Հոջջաթին հանդիպեց Իգնատի Առաքելյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և այցելեց մի քանի գյուղատնտեսական ենթակառույցներ: Իրանը և Հայաստանը ոչ մի ջանք չեն խնայում հատկապես գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում  համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ: Այս ուղղությամբ երկու երկրները օգտվում են միջազգային բոլոր հնարավոր տրանսպորտային փոխադրումներից:

Թեհրանում բացվել է Գյուղատնտեսության արդյունաբերության միջազգային ցուցահանդես: "Իրան ագրոֆուդ 2017" ցուցահանադեսին մասնակցել են 17 արտասահմանյան և 30 իրանական ընկերությունները, ինչը շատ կարևոր է տնտեսական համագործակցությունների առումով: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին 2016թ. դեկտեմբերին այցելեց Հայաստան: Այցի ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, տրանզիտի, էներգետիկայի ոլորտների, առևտրի ազատ գոտիների ստեղծման հետ կապված մի շարք հարցեր և Իրան-Հայաստան-ԵՏՄ համագործակցության խնդիրը: Այս ուղղությամբ քննարկումները շարունակվում են:

Եվրամիության վիճակագրական կենտրոնն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Իրանի և Իտալիայի առևտրատնտեսական համագործակցությունների մակարդակը 2017թ. առաջին երեք  ամիսներին հասել է 1 միլիարդ 200 միլիոն եվրոյի, որից 800 միլիոն եվրոն վերաբերում է Իրանի արտահանումներին դեպի Իտալիա, իսկ 400 միլիոնը` ներմուծումներին: Այս տվյալների համաձայն` Իտալիան, որպես ԵՄ անդամ երկիր, համարվում է  Իրանի առաջին առևտրական գործընկերը: Ֆրանսիան և Գերմանիան զբաղեցնում  են երկրորդ և երրորդ տեղերը: Իրանի և ԵՄ առևտրատնտեսական համագործակցությունների ծավալն աճել է անցած երկու տարիների ընթացքում: Իրանի և Իտալիայի առևտրատնտեսական հարաբերություններում գրանցվել է 200 տոկոսանոց աճ: Վերջին տասը տարիների ընթացքում այս հարաբերություններից ավելի շատ շահել է Իտալիան: Իսկ 2017թ. առաջին երեք ամիսներին կշեռքի նժարը թեքվել է դեպի Իրան: Եվրոպան նախապես նույնպես ունեցել է Իրանի հետ տնտեսական հարաբերություններ: Պետք  է ասել, որ Իրանը և եվրոպական երկրները տարիներ ի վեր եղել են գործընկերներ: Սակայն այսօր այդ համագործակցության մեջ նկատելի են խոչընդոտներ: Թերևս հնարավոր է, որ երբ արևմտյան երկրները կատարեն իրենց ֆինանսական ու բանկային հանձնառությունները, այս հարաբերություններն ավելի կընդլայնվեն: ԵՄ Արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ն ցանկանում է  զարգացնել Իրանի հետ իր հարաբերությունները: Սակայն խոսքից գործի անցնելու  համար  անհրաժեշտ է ժամանակ: Իրանի և եվրոպական երկրների միջև համագործակցությունների գործընթացը դանդաղ է ընթանում: Պատճառն այն է, որ ԵՄ-ն հետևում է ԱՄՆ-ի միակողմանի օրենքներին, որոնցից եվրոպական երկրները որևէ շահ չունեն: Վերջերս շվեյցարական UVS բանկի խոսնակ Գրեգ Ռոզենբերգը "Al-Monitor"-ին  տված հարցազրույցում հայտարարեց, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը և փոփոխություն չի նկատվում հատկապես Իրանի հետ առևտրային շփումներում առկա սահմանափակումները վերացնելու ուղղությամբ:

Իսկ Գերմանիայի առևտրի պալատի տնօրեն` Էրիկ Շվայցերի ասելով, եվրոպական բանկերի մեծ մասը, վախենալով ԱՄՆ-ի պատժամիջոցներից, խուսափում են Իրանի հետ առևտրական կապեր ստեղծել: