Ճանաչենք իսլամը (140)
Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Իմամ Ալիի տնտեսական գաղափարներն ու ուղեգիծը:
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում քննարկելու ենք Իմամ Ալիի իշխանական որոշ տեսակետները: Ինչպես նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, Հազրաթ Ալին իր անձնական կյանքում կարևորում էր աշխատանքն ու ջանադրությունը: Իր իշխանության շրջանում էլ երբեմն օրվա հացը վաստակելու համար զբաղվում էր հողագործությամբ, և այգիներ էր տնկում: Հարց է ծագում, թե խոշոր մասշտաբով ի՞նչ ուղղվածություն ունեին Իմամի տնտեսական ծրագրերը:
Իմամ Ալիի տնտեսական գաղափարները սերում են նրա ուղեգծից և կենտրոնացած են անհատական ու հասարակական բոլոր հարցերում արդարությունը հարգելու առանցքի շուրջ: Հետևաբար հակառակ նախկին խալիֆաների օրոք ընդհանրացած աշխարհակալության ու տարածքներ գրավելու ուղեգծին, Իմամ Ալիի իշխանության շրջանում օրակարգում ներառվեց անարդարության դեմ պայքարը, չքավորության վերացումը, ժողովրդի բարեկեցության ու հանգստի հանդեպ ուշադրությունը և տնտեսական կառույցի բարեփոխումը: Նա իր տնտեսական ծրագրերը հետապնդեց չքավորության դեմ պայքարի և շինարարության ու զարգացման երկու բաժիններում:

Իմամ Ալիի դիտանկյունից հասարակության մեջ արդարության ու հավասարության հաստատումն աստվածային պարտականություն է և իշխանության գոյատևումը պայմանավորված է նրանով, որ իշխանավորները հրաժարվեն բռնությունից ու անարդարությունից: Նրա դիտանկյունից արդարության հիմքերի ամրապնդման համար անհրաժեշտ են թե արդար իշխանավորների գոյությունը և թե գործակատարների աշխատանքի վերահսկողությունը: Այդ պատճառով էլ նա առաջին քայլով փորձում է իշխանության կառույցը մաքրել նեխած ուժերից և ապա զգայուն պաշտոններում նշանակելով արժանավոր ու ազնիվ անձանց փորձում է բարեկարգել ու շենացնել իսլամական երկրի տարբեր քաղաքներն ու տարածքները:
Իր տնտեսական քաղաքականությունների գործադրման շրջագծում Ալին կոռուպցիան ու շեղումը կանխելու համար օգտվում է տարբեր միջոցներից: Նրա կողմից որոշ անձանց պարտականություն է տրվել վերահսկել ժողովրդին անհրաժեշտ ապրանքների գները: Բացի այդ ինչպես արդեն հիշեցրել ենք Իմամ Ալին անձամբ գնում էր Քուֆեի շուկան և վերահսկում էր այդտեղ տիրող վիճակը: Նա ժողովրդին կոչ էր անում հավատարիմ մնալ բարոյական արժեքներին, առևտրի ժամանակ արդար լինել և հեռու մնալ բռնության, ապրանքները թանկ վաճառելու և կամ դրանք կուտակելու նման հանցանքներից: Ալին ընդգծում էր, որ առևտրական գործարքը պիտի իրականացվի հեշտ պայմաններով, հարգելով արդարությունն ու նաև այնպիսի գներով, որը ոչ վաճառողին ու ոչ էլ գնորդին վնաս չի պատճառի:
Ալին արդարության գործադրման շրջագծում նաև հաշվեքննության էր ենթարկում կառավարության գործակատարներին: Իրականության մեջ նրա իշխանության սահմաններում, որևէ մեկը քաղաքական կամ դատական անձեռնմխելիություն չուներ: Հետևաբար բոլոր գործակատարներն ու կառավարիչները պարտավոր էին լինել արդար, ճշտապահ ու ազնիվ և որևէ մեկը բացառություն չէր համարվում:

Հանրային գույքի սպառման հարցում ուշադրությունն էլ հատուկ տեղ էր գրավում Իմամ Ալիի արդարության առանցքի վրա հիմնված ծրագրերում: Այս կապակցությամբ Իմամը որևէ խտրականություն նկատի չէր ունենում հասարակության անդամների միջև և հանրային հարստության օգտագործման համար որևէ հատուկ արտոնություն չէր շնորհում իր բարեկամներին ու հարազատներին: Նահանգապետերին ու գործակատարներին կոչ էր անում հրաժարվել շռայլությունից, պճնամոլությունից և հանրային գույքի մսխումից և կանխել հասարակության նյութական ու բարոյական կապիտալի ոչնչացումը: Անկասկած հասարակության մեջ արդարության հաստատման համար Ալիի որդեգրած ուղին տնտեսական առողջ աշխատանքի համար անհրաժեշտ հող էր նախապատրաստում: Քանի որ Իմամ Ալիի դիտանկյունից հասարակությունն այն ժամանակ է իրական աճ, զարգացում ու առաջադիմություն արձանագրում, երբ այդտեղ տիրում է առողջ և բռնությունից ու անարդարությունից զերծ մթնոլորտ:
Չքավորության վերացման և չքավորներին ցավից ու տառապանքից փրկելու ուղղությամբ ջանքն Իմամ Ալիի կարևոր քայլերից են: Իմամ Ալիի գաղափարներում չքավորությունն իր էությամբ անցանկալի ու անընդունելի է: Նրա համոզմամբ չքավորությունը հանգեցնում է կրոնի թերության, մոլորեցնում է միտքը և թշնամության հող է պատրաստում: Ալին չքավորությունից փրկվելու համար բարձրյալն Աստծուց հայցում է. «Տեր Աստված, իմ պատիվը պահպանիր ինձ կարիքից զերծ դարձնելով և չքավորությամբ իմ անհատականությունը մի արատավորիր»:
Չքավորությունը խաթարում է մարդու անհատականությունը: Չքավորությունն ու դասակարգային բացահայտ տարբերությունը խանգարում է հասարակության հավասարակշռությունն ու կարգը: Իմամ Ալիի տնտեսական քաղաքականության մեջ չքավորության դեմ պայքարի և հանրային բարեկեցության ստեղծման ուղղությամբ վերցված առաջին քայլը հարստության արդար բաժանումը և հասարակական ու տնտեսական արդարության գործադրումն էր:
Անկասկած հասարակության մեջ չքավորության վերացման ուղղությամբ իրականացվող քայլերն ուշագրավ ազդեցություն են գործելու երկրի շենացման և դրա աճի ու զարգացման վրա: Նույն այդ քաղաքականությունները հանգեցնում են արտադրության ծաղկման, նվազեցնում են գործազրկությունը և գործազուրկ կամ քիչ եկամուտ ունեցող մարդկանց կյանքի մակարդակը մոտեցնում են հասարակության այլ խավերի կյանքի մակարդակին:

Իմամ Ալիի դիտանկյունից հասարակության բոլոր անդամները պիտի աշխատեն իրենց օրվա հացը վաստակելու համար, որպեսզի այդպիսով հանրային բարեկեցություն ստեղծվի: Հետևաբար նա չքավորներին աշխատելու և ջանք գործադրելու կոչ է անում, նույնիսկ եթե դրա համար պահանջվի հեռանալ տնից ու հայրենի քաղաքից: Նա ասում է. «Օտարության մեջ և հայրենիքից հեռու ապրելն ամոթալի չէ: Ամոթալին այն է, որ քո հայրենիքում չքավոր լինես»: Իմամ Ալիի դիտանկյունից նա ով ջրի ու հողի պես նախնական հնարավորություն ունենալով, ծուլության ու անգործության պատճառով չքավորության է մատնվում, ինքն է դրա պատճառը համարվում և իրականության մեջ իրեն զրկում է աստվածային մեծ շնորհից: Հետևաբար ասում է. «Նա ով հող ու ջուր է գտնում ու շարունակում է չքավոր մնալ, Աստված նրան զրկում է իր շնորհներից»:
Իմամ Ալիի տեսակետից հասարակության հարուստներն էլ չքավորության ու զրկվածության դիմակայման ուղղությամբ որոշ պարտականություններ ունեն: Չպիտի թույլ տալ, որ հարստությունը կուտակվի հասարակության որոշակի մեկ խավի մոտ և հարուստների մոտ գտնվող կապիտալը հասարակության մեջ շրջանառության մեջ դրվելով աճի ու զարգացման համար հող պիտի նախապատրաստել: Կապիտալի սպառման հարցում չափավորությունը, հարստությանը լուրջ կախվածություն չունենալը, համեստությունը, բարիքների համար երախտագիտությունը, առատաձեռնությունն ու ազնվությունը հարուստներին կատարված Ալիի հանձնարարություններից են: Նրան հարցնում են, ի՞նչն է մարդուն ամենաառաջինը փորձանքի մատնում: Նա պատասխանում է. «Այն որ հարուստը կարիքավորի դիմաց պարծենա»:
Նա մի այլ տեղ ասում է. «Իրենց սակավ համբերատարության համար բարի եղիր չքավորների հանդեպ»:
Իրենց կրած տառապանքների ու ցավերի պատճառով կարիքավորներն ընդհանրապես անհամբերատար են լինում: Հետևաբար Իմամը հարուստներին կոչ է անում նրանց հանդեպ բարի ու հոգատար լինել և աշխատել վերացնելու նրանց կարիքները:

Իմամ Ալին չքավորության դիմակայման համար որոշ պարտականություններ է սահմանում նաև պետության համար: Նրա տեսակետից հասարակության մեջ չքավորության առաջացման գործոններից մեկը նեխած ու բռնակալ իշխանություններն են, որոնք բռնությամբ յուրացնում են ժողովրդի հարստությունը: Նա երկրների անբարեկարգ վիճակի և ժողովրդի չքավորության ու թշվառության մասին ասում է. «Որևէ երկրի ավերման պատճառը դրա ժողովրդի չքավորությունն ու թշվառությունն է, իսկ ժողովրդի չքավորության ու թշվառության պատճառը կառավարիչների ընչաքաղցությունն ու իրենց իշխանության գոյատևման հանդեպ անվստահությունն է, և նրանք անցյալից դասեր չեն առնում»: Բնական է, որ հանրային հարստության որոշ մասն, այդ թվում հարկերը, պատերազմական ավարն ու այլ եկամուտները գտնվում են իսլամական իշխանության վերահսկողության ներքո և իշխանությունը հանրային գույքի գանձապահն է: Հետևաբար պետության պարտականությունն է իր հնարավորությունների ու եկամուտների որոշ բաժինը ծախսել հասարակության խոցելի խավերի չքավորության դիմակայման ուղղությամբ: Այդ քայլերից մեկը չքավորների համար աշխատատեղերի ստեղծումը և կամ նրանց նվազագույն կարիքների ապահովումն է:
Իմամ Ալին սոցիալական ապահովության գաղափարի առաջատարներից է: Նրա դիտանկյունից դա վերաբերում է հասարակության բոլոր անդամներին՝ մուսուլման լինեն նրանք, թե ոչ-մուսուլման: Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք քրիստոնյա ծերունու պատմությանը, որի համար Իմամ Ալիի հրահանգով հանրային գույքից թոշակ է նշանակվում, որպեսզի ծերության տարիներին կարողանա իր կյանքը կառավարել: Իմամը հասարակության զրկված ու ցածր դասակարգի անդամների հանդեպ ուշադրության անհրաժեշտության մասին Մալեք Աշթարին հղած նամակում գրում է. «Հասարակության զրկված ու ցածր դասակարգի կապակցությամբ, նրանք՝ որոնց համար որևէ ելք գոյություն չունի, չքավորների, կարիքավորների ու ընչազուրկների, նրանց մեջ էլ կան համեստ մարդիկ, որոնք պահանջելու համարձակություն չունեն և կան պահանջատերեր, որոնք պահանջ են ներկայացնում: Ուրեմն եղիր այն իրավունքի պահապանը, որ Աստված սահմանել է նրանց համար: Քո պետական գույքի մի բաժինը հատկացրու նրանց և նրանց բաժին հանիր իսլամական տարածքներում ձեռք բերված հացահատիկի բերքի մի բաժինը: Քանի որ նրանցից ամենահեռավորի բաժինը հավասար է ամենամոտիկին: Ամեն դեպքում քեզանից պահանջվում է հարգել նրանցից յուրաքանչյուրի իրավունքը: Բարիքների մեջ մխրճվելով նրանց անուշադրության չմատնես: Ուշադիր եղիր նրանց հանդեպ ովքեր քեզ հասանելիություն չունեն և հետաքրքրվի նրանց վիճակով որոնց ուրիշների նվաստացնում են... Հետամուտ եղիր այն որբերի ու ծերերի վիճակին, որոնք որևէ ելք չունեն ու իրենց ձեռքն ուրիշների դիմաց չեն մեկնել: Իհարկե դա չափազանց դժվար է կառավարիչների համար»:
Հիշենք, որ այս արտահայտությունները կատարել է հզոր մի իշխանավոր, որը տիրապետում էր ընդարձակ մի տարածքի վրա: Դա միևնույն ժամանակ արտահայտում է Իմամ Ալիի հումանիտար հայացքներն ու նաև հասարակության զրկված ու կարիքավոր խավի հանդեպ նրա հոգատարությունը: Հետաքրքիր է, որ այդ արտահայտություններում Ալին առաջ է քաշում սոցիալական ապահովության և հասարակության խոցելի խավին օժանդակելու հարցը: Նա ընդգծում է, որ կարիքավոր ու անկարող անձինք պիտի արժանի դառնան իշխանության գործակատարների հոգատար վերաբերմունքին, որպեսզի չքավորության ու զրկվածության ճիրաններում չկործանվեն: