Իրանական շուկա (32) Տեքստիլի և հագուստի արտադրանքներ 2. Հագուստ
Այս շաբաթ «Իրանական շուկա» հաղորդաշարում ներկայացնելու ենք բարձր ավելացված արժեք ունեցող, տեքստիլի արդյունաբերության ենթաբաժիններից մեկը՝ հագուստի արդյունաբերությունը։
Ժամանակակից կյանքում մեծ նշանակություն ունի հագուստի արդյունաբերության արտադրանքների դերը որպես տեքստիլի արդյունաբերության վերջնական արտադրանքներից մեկը։ Բացի այն, որ հագուստը բավարարում է մարդկանց բնական կարիքներից մեկը, այսինքն մարմնի ծածկելը, այն նաև հանդիսանում է յուրաքանչյուր հասարակության մշակութային խորհրդանիշը։ Համաշխարհային տնտեսության մեջ հագուստի արդյունաբերությունը տարբեր պատճառներով՝ այդ թվում աշխատատեղեր ստեղծելու շնորհիվ պետությունների, հատկապես զարգացող պետությունների կարևորագույն արդյունաբերություններից է։ Հաշվի առնելով տեքստիլի ու հագուստի արդյունաբերությունում առկա արտադրության երկար ու ձիգ շղթան, որը սկսվում է գյուղատնտեսության ու նավթաքիմիայի ոլորտից և ավարտվում վերջնական ապրանքներով, այն աշխատատեղեր ստեղծելու մեծ պոտենցիալ ունի։ Հագուստի արդյունաբերությունն ունի բարձր ավելացված արժեք։ Այս արդյունաբերության մեջ հնարավոր է 2 դոլարից էլ պակաս արժեք ունեցող մանրաթելից արտադրել 80 դոլար արժողությամբ հանրահայտ ապրանքանիշի մի շապիկ։ Այս արդյունաբերության ուժեղ կողմերից է նաև արտահանելու և արտարժութային եկամտաբերության պոտենցիալը։

Այսօր աշխարհում բազմաթիվ երկրներ ներդրումներ են կատարում հագուստի արտադրության ոլորտում ներքին շուկան բավարարելու և այլ երկրներ արտահանելու համար։ Մի շարք պետությունների, այդ թվում Իսպանիայի, Իտալիայի, Թուրքիայի, Չինաստանի, Բանգլադեշի, Թայվանի, Թայլանդի, Վիետնամի ու Շրի Լանկայի տեքստիլի արդյունաբերության արտահանումների ավելի քան 50 տոկոսը պատկանում է հագուստի արտահանումներին։ Առևտրի համաշխարհային կազմակերպության զեկույցների համաձայն, 2013թ. հագուստի արդյունաբերության արտահանումների արժեքը եղել է ավելի քան 400 միլիարդ դոլար, ինչը կազմում է տեքստիլի արտահանումների ավելի քան 55 տոկոսը և աշխարհում ամբողջ արտահանումների 2.5 տոկոսը։ Ներկայումս աշխարհում հագուստի շուկայի արժեքը կազմում է 1100 միլիարդ դոլար և հագուստի սպառման առյուծի բաժինը պատկանում է Եվրամիության երկրներին, ԱՄՆ-ին, Չինաստանին, Ճապոնիային, որոնցում ապրում են աշխարհի բնակչության մեկ երրորդը։ Նրանք օգտագործում են հագուստի համաշխարհային արտադրության 75 տոկոսը։ Աշխարհի բնակչության մնացած՝ 65 տոկոսը սպառում են արտադրված հագուստի ընդամենը 25 տոկոսը։
Կանխատեսումների համաձայն, 2025թ. աշխարհում զգալի աճ է ունենալու տեքստիլի ու հագուստի արդյունաբերությունը։ Աշխարհում մեկ շնչի հաշվով հագուստի սպառման միջին ցուցանիշը 83 տոկոս աճով 153 դոլարից հասնելու է 280 դոլարի ցուցանիշին։ 2025թ. աշխարհում հագուստի սպառման շուկայի արժեքը անցնելու է 2 տրիլիոն դոլարի սահմանը։ Սա նշանակում է, որ մոտ մեկ տրիլիոն դոլարով մեծանալու է այս շուկայի ներկայիս արժեքը, ինչպես նաև այս արդյունաբերությունում զբաղվածության մակարդակը։ 2025թ. աշխարհում հագուստի սպառողական շուկաների աճի գլխավոր կենտրոնները լինելու են Չինաստանն ու Հնդկաստանը։ Չինաստանում ներքին պահանջարկի մեծացմամբ, նվազելու են արտադրանքների ներկայացման տեմպերը՝ արտադրության ծախսերի մեծացման և ավելացված արժեքի աճի նվազման պատճառով։ Այս հանգամանքը հանգեցնելու է հագուստի համաշխարհային առևտրի շուկայում Չինաստանի մասնաբաժնի նվազմանը, ինչը նշանակում է այս շահավետ շուկայում այլ պետությունների մասնակցության մեծացումը։ Աշխարհի բնակչության մեծացմանը զուգահեռ, այս հանգամանքը պայծառ հորիզոն է ուրվագծում մյուս պետություններում հագուստ արտադրողների համար։

Ներկայումս Ասիան աշխարհում տեքստիլի ու հագուստի ամենախոշոր արտադրողն ու մատակարարողն է։ Ասիան գտնվում է այս արտադրանքների ներքին սպառման նոր փուլ թևակոխելու սեմին։ Ասում են, որ 2025թ. հագուստի բնագավառում Ասիայի ներքին ապրանքաշրջանառությունը 2 անգամ գերազանցելու է ներկայիս ցուցանիշը՝ հասնելով 350 միլիարդ դոլարի համարժեք տնտեսական արժեքին։
Հաշվի առնելով Իրանում հագուստի արդյունաբերության պատմական անցյալը և հազարավոր արտադրական օբյեկտների ու արհեստավարժ աշխատուժի առկայությունը, իրանական սպառողական շուկան բարենպաստ հեռանկար ունի արդյունաբերության այս ոլորտում։ Ներկայումս Իրանում տեքստիլի ու հագուստի արդյունաբերության ամբողջ օբյեկտների քանակը կազմում է արդյունաբերության 11 տոկոսը։ Արդյունաբերության այս բնագավառում անմիջականորեն աշխատում են 280 հազար մարդ։ Այս բնագավառում ակտիվությունների տնտեսական արժեքը կազմում է մոտ 14-15 միլիարդ դոլար, որը կանխատեսվում է կկրկնապատկվի մինչև 2025թ.։ Ներկայումս Իրանում մեկ շնչի հաշվով հագուստի սպառման ցուցանիշը կազմում է մոտ 150 դոլար։

Գինը, որակը և ապրանքանիշը հանդիսանում են ազդեցիկ գործոններ՝ ցանկացած պետության հագուստի արդյունաբերության զարգացման հարցում։ Հեղինակավոր ապրանքանիշը հաճախորդին օգնում է ընտրության ու գնման հարցում՝ նրան ծանոթացնելով արտադրողի կամ վաճառողի հետ։ Գնելով հեղինակավոր ապրանքանիշի մի արտադրանք, գնորդը համոզված է, որ իր վճարած գումարի դիմաց ձեռք է բերել արժեքավոր արտադրանք։ Բրենդը կամ ապրանքանիշը, ինչպես կապիտալը, տեխնոլոգիան ու հումքը, տնտեսական արժեք է ներկայացնում ձեռնարկատիրոջ համար և ստեղծում է ավելացված արժեք։ Աշխարհում հագուստի արդյունաբերության բնագավառում ապրանքանիշը հանդիսանում է կապիտալային առավելություն։ Ապրանքանիշի նշանակությունը այն աստիճանի է, որ հագուստի բնագավառում հեղինակավոր ապրանքանիշերի սեփականատերերը, այլ պետություններում իրենց արտադրանքն արտադրելով հանդերձ, տվյալ պետություններին չեն հանձնում իրենց առևտրային ապրանքանիշը։ Այս հանգամանքը խոսում է բրենդի միջոցով հագուստի գնի մեջ առաջացած ավելացված արժեքի ու նշանակության մասին։
Իրանում գոյություն ունեն հագուստի տարբեր ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Բրեքը, Հակոբյանը, Ջամե-ն, Գրադը, Փաթանջամեն, Դենիս-տերիկոն, Թինփուշը, որոնց մի մասի գործունեությունն ունի կես դարվա պատմություն։ Դրանցից ոմանք, ինչպիսին Հակոբյանն է, նախագծման, արտադրման ու տեղաբաշխման հատվածների զարգացմամբ, գիտական կենտրոնների հետ համագործակցությամբ, աշխարհում հագուստի հանրահայտ կենտրոնների հետ հաղորդակցությամբ, և հաճախորդակենտրոն նորագույն համակարգերի տիրապետմամբ, կարողացել են ցանկալի շուկա ձեռք բերել իրենց արտադրանքների համար Իրանի ներսում և Իրանի սահմաններից դուրս։ Հակոբյան հագուստի արդյունաբերական խումբը, որը գործունեություն է ծավալում տղամարդկանց հագուստի ոլորտում, որակյալ արտադրանքների արտադրմամբ մինչ այժմ արժանացել է մի քանի միջազգային պարգևների։ Իրանում հագուստի բնագավառում գործող տնտեսական ձեռնարկությունների շարքում որոշ արտադրական միավորումներ, այդ թվում Թանդորոստը (Tanedorost) կենտրոններ են, որտեղ բնական մանարթելերի ու իրանական նախշերի կիրառմամբ շուկա են դուրս հանել նոր սերնդի իրանական ապրանքանիշեր։ Այս ձեռնարկության հիմնադիրները բնության հետ համատեղվող արտադրանքների արտադրմամբ պարզությունը դարձրել են իրենց գործունեության նպատակ այս ասպարեզում։

Արտահանման ասպարեզում իրանական հագուստը ներառում է բազմազան տեսակի տղամարդկային, կանացի և մանկական հագուստ։ Վերջին տարիներին արդյունաբերության այս հատվածի արտադրանքները գրավել են Իրանի ոչ նավթային արտահանումների սանդղակի երրորդ տեղը։ Տեքստիլի ու հագուստի բնագավառում Իրանի արտահանումների գլխավոր նպատակային շուկաներն են Իրաքը, Աֆղանստանը, կենտրոնական Ասիան և մի շարք արևելյան Ասիայի երկրներ։ Իր աշխարհագրական դիրքի և տարածաշրջանի 300 միլիոնանոց շուկան նրան հասանելի լինելու շնորհիվ, Իրանը համարվում է տնտեսական ռազմավարական ծանրակշիռ միավորում։ Իրանի տնտեսության տարբեր հատվածներում, այդ թվում հագուստի արդյունաբերությունում ներդրումները կարող են բարձր արդյունավետություն ապահովել։ Հագուստի արդյունաբերությունում Իրանի ռազմավարական քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմում 150 հեկտար մակերեսով, 307 արտահանման միավորումների համար նախատեսված հագուստի տնտեսական ավանի հիմնադրման նախագիծը, որի գործունեությունը ներառելու է տարբեր տեսակ հագուստի արտադրումը, ապրանքի անմիջականորեն ներկայացման կենտրոնների ստեղծումը (outlet), դիզայնի ու կարի տեխնոլոգիաների միջազգային դպրոցի հիմնադրումը։ Ամբողջ Իրանի տարածքում փոքր ձեռնարկությունների մասշտաբով հագուստի արտադրման 500 անկախ օբյեկտների ստեղծման նախագիծը, Իրանի նահանգներում սպասարկող ընկերությունների ստեղծումը ուսուցման, արհեստանոցների գործարկման և հումքի ապահովման նպատակով ևս գործողություններ են, որոնք իրականացվում են Իրանի հագուստի արդյունաբերության որակական մակարդակը բարձրացնելու համար։

Հագուստի բնագավառին առնչվող մարմինները ձգտում են տարբեր փառատոնների ու մրցաշարերի կազմակերպմամբ և տեքստիլի ու հագուստի ոլորտում աշխատող գիտական կենտրոնների օժանդակությամբ իրանցի մասնագետների համար հնարավորություն ստեղծել ծանոթանալու այս բնագավառում առկա ներուժի, այդ թվում հագուստի ու կտորի նախագծմանը հագուստի արդյունաբերության նկատմամբ գիտական մոտեցման միջոցով կատարելագործել դիզայնի որակը, դիզայներական բնագավառում ներկայացնել նորովի գաղափարներ, և իրանցի երիտասարդ մասնագետների պոտենցիալ կարողությունների օգտագործմամբ զարգացնել ստեղծագործական միտքն ու բարձրացնել արտադրանքների ավելացված արժեքը: