Իրանական շուկա (34) Դեկորատիվ ծաղիկներ և բույսեր
Իրանում դեկորատիվ ծաղիկների ու բույսերի ցանքի տակ է գտնվում մոտ 4 հազար հեկտար տարածք, որը կազմում է աշխարհում դեկորատիվ բույսերի ու ծաղիկների ցանքի տակ գտնվող տարածքների մոտ մեկ տոկոսը։ Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք այս երկրամասի նշված տնտեսական գրավչությանը։
Աշխարհում դեկորատիվ բույսերի ու ծաղիկների առևտուրը ամենաշահավետ առևտուրներից մեկն է։ Նախորդ տասնամյակներում աշխարհում աճել է այս արդյունաբերության ֆինանսական շրջանառությունը։ Դեկորատիվ բույսերի ու ծաղիկների միջազգային կենտրոնի (aiph) վիճակագրության համաձայն, 1950-ական թվականներին միջազգային շուկաներում բույսերի ու ծաղիկների առևտրի արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար։ 2010թ. այդ ցուցանիշը հասել է մոտ 100 միլիարդ դոլարի։ Ասում են, որ ներկայումս աշխարհում դեկորատիվ բույսերի ու ծաղիկների առքուվաճառքի ֆինանսական շրջանառությունը կազմում է ավելի քան 150 միլիարդ դոլար։ Արդյունաբերության այս ոլորտում հսկայական ֆինանսական շահույթի պատճառով, տասնյակ պետություններ սկսել են առևտրային մասշտաբներով զբաղվել դեկորատիվ բույսերի ու ծաղիկների աճեցմամբ։
Որպես եկամտաբեր արդյունաբերություն ծաղիկների աճեցման պատմությունը սկիզբ է առել 18-րդ դարավերջից։ Այդ ժամանակ որոշ եվրոպական պետություններ, այդ թվում Անգլիան, սկսեցին աշխարհի բոլոր կետերից հավաքել տարբեր տեսակի բույսեր և բուսաբանական այգիների ու ընդարձակ ջերմոցների հիմնադրմամբ սկսեցին զբաղվել նրանց բուծմամբ ու պահպանմամբ։ Երբ հնարավորություն ստեղծվեց մարդկանց համար այցելելու այդպիսի վայրեր և դրանք ուշադրության արժանացան հանրության կողմից, դեկորատիվ բույսերի ու ծաղիկների աճեցումը ներկայացվեց որպես համաշխարհային մակարդակով մի առևտուր և արդյունաբերություն, որը մինչ այսօր աճել ու ընդլայնվել է։
Իրանում դեկորատիվ բույսերի ու ծաղիկների ցանքի ու աճեցման պատմությունը գալիս է հին ժամանակներից։ Հնադարյան իրանցիները բույսերն ու ծաղիկները օգտագործում էին կանաչապատ տարածքները նախագծելու համար։ Հետաքրքիր է իմանաք, որ կապույտ նունուֆարը հնադարյան իրանական մշակույթում եղել է սուրբ ծաղկի խորհրդանիշը։ Այդ ծաղկի պատկերը կարելի է տեսնել Պերսեպոլիսի պալատների և Աքեմենյան թագավորների ձմեռային պալատն համարվող, Շուշ հնադարյան քաղաքում գտնվող Ափադանայի պալատի պահպանված պատերի փորագրություններում։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում պարսկական հին ու հմայիչ այգիների համբավը, նախագծման արվեստի կողքին, սերում է դրանցում կիրառված ծաղիկների ու բույսերի գեղեցկությունից։ Ճարտարապետությունից բացի, արվեստի ու ձեռարվեստի ոլորտներում, այդ թվում պարսկական գեղեցիկ ձեռագործ գորգերում ծաղիկների ու բույսերի դաջերի ու նախշերի կիրառումը էական դեր է խաղացել։ Պարսկերեն գրականությունում ծաղիկների ու բույսերի առկայությունը եղել է բազմաթիվ պարսկախոս իրանցի պոետների ներշնչանքի աղբյուրը։ Պարսիկ պոետը փոխաբերական իմաստով օգտագործել է մի շարք ծաղիկների, այդ թվում բրաբիոնի, հասմիկի, նարգիսի, հողմածաղկի, կակաչի ու վարդի անունները՝ ընթերցողի մտքում սրբադասելով որոշ հասկացություններ, ինչպիսիք են առաքինությունը, անմեղությունը, նվիրվածությունը, նահատակությունը, սերը և ընկերությունը։
Բազմաթիվ մարդիկ գարունը, մանավանդ ապրիլի վերջերը, համարում են ամենահարմար ժամանակը Իրանի տարբեր քաղաքներ, այդ թվում Շիրազ այցելելու համար, քանի որ նրա փողոցներում մարդկանց հոգին է շոյում նարնջի ծաղկունքի անուշահոտ բույրը։ Այս եղանակում տարբեր տեսակի գույնզգույն ծաղիկների բացվելու շնորհիվ Իրանի դաշտերն աչքի են ընկնում ինչպես գեղեցիկ մի նկար։ Տարբեր քաղաքներում, այդ թվում Մահալաթ և Խոմեյն քաղաքներում գտնվող ջերմոցները լցվում են խայտաբղետ ծաղիկներով ու կանաչ բույսերով, իսկ Իրանի արևմտյան ու կենտրոնական դաշտերը ծածկվում են հողմածաղկի ու կակաչի, հատկապես գլխիվայր կակաչի ծաղիկներով։ Դամասկոսյան վարդից պատրաստված օծանելիքն ու վարդաջուրը համարվում են Քաշան, Ղամսար և Ֆարս նահանգում գտնվող Մեյմանդ քաղաքների զբոսաշրջության գրավչությունները։ Իրանի տարբեր մասերում հիասքանչ ու գույնզգույն ծաղիկների ինքնուրույն աճին զուգահեռ, դեկորատիվ բույսեր ու ծաղիկներ աճեցնողների ջանքերը նպաստել են Իրանի արդյունաբերության այս հատվածում առևտրի բարգավաճմանը։
Իրանում ծաղիկների արտադրման տնտեսության նախապատմությունն ունի մեկ դարից էլ պակաս վաղեմիություն։ Օժտված լինելով բազմապիսի բնակլիմայով, բուսական ծածկույթի՝ ծառերի, դեկորատիվ ու այգեգործական թփերի և տարատեսակ ծաղիկների առատության առումով, Իրանն աշխարհի հարուստ երկրներից է համարվում։ Այս աշխարհագրական շրջանում՝ Իրանում է գտնվում տարբեր դեկորատիվ ծաղիկների, կակաչի, հակինթի, հիրիկի, ցիկլամենի, մի շարք թփերի և բազմաթիվ պտղատու ծառերի բնօրանն ու ծննդավայրը։ Այս երկրում հնարավորություն է ստեղծվել ազատ մթնոլորտում և պաշտպանված պայմաններում (ապակյա ու պլաստմասե ջերմոցներում) ցանել և աճեցնել դեկորատիվ բույսեր ու ծաղիկներ։
Դեկորատիվ բույսերն ու ծաղիկները դասակարգվում են ճյուղահատված ծաղիկների, ծաղկամանային ծաղիկների, ծառերի ու թփերի, սեզոնային ու սածիլային եղանակով աճեցվող բույսերի չորս խմբերում։ Նրանց ցանքն իրականացվում է ազատ մթնոլորտում կամ ջերմոցներում։ Իրանում գործող ամենահին ջերմոցներն ունեն ավելի քան 70 տարվա պատմություն։ Նախկինում ջերմոցների սեփականատերերը բույսերի բուծումն ու բազմացումն իրականացնում էին զուտ զվարճանքի ու ժամանցի համար և մինչև 1979թ. Իրանի դեկորատիվ բույսերի ու ծաղիկների սպառման զգալի մասը դրսից էր ապահովվում։ Նշված թվականին Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ծաղիկների ներմուծման արգելմամբ զարգացում ապրեց հանրապետության ներսում դրա արտադրությունը։ Վերջին տասնամյակներում, երբ ժողովրդի կողմից ուշադրության արժանացան աճեցվող բույսերն ու ծաղիկները, սկսեցին հիմնադրվել բարձր արդյունավետությամբ համալրված ջերմոցները՝ առևտրային մասշտաբներով դեկորատիվ բույսերի աճեցման ու բազմացման համար, որոնց հիմնադրման նպատակը եղել է տնտեսական շահույթ ստանալը։ Դրանցով պատրաստվում են նաև ծաղիկների բնահյութեր և վարդաջրեր, որոնք լայն կիրառություն ունեն դեղորայքի, օծանելիքների, կոսմետիկայի ու հիգիենայի պարագաների, սննդի, այդ թվում նաև հրուշակեղենի ու պաղպաղակի արդյունաբերություններում։
Դեկորատիվ ծաղիկների ու բույսերի արտադրման բնագավառում Իրանը մրցակցային առավելություն ունի իր հարևանների նկատմամբ։ Բազմաթիվ գետերի, բազմապիսի բնակլիմայի, արևաշատ ու երկարատև ցերեկների առկայությունը, որը նպաստում է ջերմոցներում ջեռուցման, լուսավորության ու էներգիայի հետ կապված ծախսերի նվազմանը, Իրանում ծաղիկների ու բույսերի տնտեսության առավելություններից են։ Իրանում էժան աշխատուժի ու մասնագետների առկայությունը ևս այն պատճառներից մեկն է, որը շահագրգռում է ներքին ու արտաքին ներդրողներին տնտեսության այս բնագավառում ներդրումներ կատարելու համար։ Իրանի հյուսիսային ու հարավային հարևան պետությունները բարենպաստ շուկա են համարվում Իրանի այս արտադրանքների համար՝ այդ երկրներում դեկորատիվ բույսերի ու ծաղիկների մեծ սպառումների պատճառով։ Հարկավոր է նշել, որ դեկորատիվ բույսերի ու ծաղիկների ոլորտի բարձր տնտեսական արժեքն ու եկամտաբերությունը պատճառ է դարձել, որ այս բնագավառում արտաքին ներդրողները ներդրումներ կատարեն Իրանի կենտրոնական ու հյուսիսային շրջաններում։ Այդ ներդրողներից է հոլանդական մի ընկերություն, որն Սպահան նահանգում ընդարձակ այգի ունենալով, զբաղվում է կակաչների աճեցմամբ և իր արտադրանքը արտահանում է հոլանդական կակաչներ անվան տակ։
Իրանում դեկորատիվ բույսերի ու ծաղիկների ոլորտում ներդրումների մեծ մասն իրականացվում է մասնավոր հատվածի կողմից։ Հանրային հատվածը ևս իր հսկայական անմիջական ներդրումներով ներգրավված է դեկորատիվ բույսերի, ծաղիկների ու թփերի աճեցման ու բազմացման աշխատանքներում հանրային վայրերում, այդ թվում զբոսայգիներում, քաղաքային հարդարանքներում, հիվանդանոցների ու պետական հիմնարկությունների շենքերի շրջակայքերում, փողոցներում, հրապարակներում և բուսաբանական այգիներում շահագործելու նպատակով։
Օգտագործելով դեկորատիվ ծաղիկների արտադրման ու արտահանման իր ներուժի ընդամենը 10 տոկոսը, Իրանը յոթերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում 10 ամենախոշոր՝ դեկորատիվ բույսեր ու ծաղիկներ արտադրողների շարքում։ Մինչդեռ գոյություն ունեն անհրաժեշտ պայմանները ծաղիկների ու բույսերի համաշխարհային շուկայում Իրանի ավելի բուռն ներկայության համար։ Փորձագետները գտնում են, որ բարենպաստ պայմաններ ստեղծելով ու ներդրումներով, Իրանը ի զորու է տարեկան արտահանել առնվազն 300-500 միլիոն դոլար արժողությամբ դեկորատիվ ծաղիկներ, ծառեր ու թփեր (հատած ծաղկի ճյուղի կամ ծաղկամանային բույսերի տեսքով)։ Դեկորատիվ բույսերի ու ծաղիկների ցանքին ու աճեցմանը հատկացված մոտ 5 հազար հեկտար հողատարածքներից արտադրվում են տարեկան մոտ չորս միլիարդ տեսակի ծաղիկներ, այդ թվում հատած ծաղկի ճյուղի, ծաղկամանային բույսի, պարտեզային տարածքի և բնակարանային պայմաններում պահվող ծաղիկների տեսքով։ Թեհրան, Մարքազի (Մահալաթ և Խոմեյն), Մազենդերան, Խուզեստան (Դեզֆուլ), Սպահան, Շիրազ, Չհարմահալ-Բախթիարի և Գիլան նահանգները Իրանում ծաղիկների աճեցման գլխավոր կենտրոններն են։ Իրանի կողմից ամենաշատ արտահանվող ծաղիկներն են՝ Թրաշուշանը, վարդը, Մեխակը, քրիզանթեմը, Մարիամը, Անթուրիումը, կակաչը, նարգիզը, Շուշանը, երիցուկը, եդեմական թռչունը, գերբերան և ալստրոմերիան։

Վերջին տարիներին Իրանի դեկորատիվ բույսերի ու ծաղիկների արտահանման կարևորագույն շուկաներն են եղել Իրաքը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ռուսաստանը, որոնցից մի քանիսը, այդ թվում Վրաստանը, Ռուսաստանը և Բելառուսը նաև տարանցման երկրներ են հանդիսանում Իրանի կողմից արտահանվող ծաղիկների համար։ Այդ երկրներ մուտք գործելուց հետո իրանական ծաղիկները վերափաթեթավորվում և այդ երկրների անվան տակ վերարտահանվում են այլ երկրներ։