Իրանական շուկա (35) Դեղորայքային բույսեր 1. Քիմիոն և Դամասկոսյան վարդ
Բուսական աշխարհի, այդ թվում երկրագործական բույսերի, ծառատեսակների, դեկորատիվ թփերի, դեղորայքային ու դեկորատիվ ծաղիկների ու բույսերի տեսակների առումով Իրանը աշխարհի հարուստ երկրներից մեկն է համարվում։
Համաշխարհային վիճակագրությունը վկայում է վերջին տասնամյակներում դեղաբույսերի օգտագործման աճի և դրանց առևտրի բարգավաճման մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, աշխարհի հեղինակավոր դեղագրքերում նշված դեղերի առնվազն 25 տոկոսը բուսական ծագում ունի։ Աշխարհում դեղագործության արդյունաբերության մեջ կիրառվում են ավելի քան 120 տեսակ բուսական ներգործող նյութեր։ Բուսական ծագումով դեղորայք են համարվում ավելի քան 250 տեսակի դեղեր, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ներկայացվել են որպես անհրաժեշտ ու հիմնարար դեղորայք։ Սինթետիկ տեսակի դեղերի զգալի մասը ևս բնական ծագում ունեն։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մարդու կողմից օգտագործվող դեղերի մեկ երրորդը բուսական ծագում ունի։ Աշխարհում բուսական դեղորայքի օգտագործման մասին վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհի 6 միլիարդ բնակչության 80 տոկոսն օգտագործում է բուսական ծագումով դեղորայք։ Թվում է, թե դեղաբույսերի օգտագործման նկատմամբ մարդկանց ցանկությունը և դեղորայքային մթերքների քանակի աճող միտումը վկայում է աշխարհում բուսական և բնական միացություններով արտադրանքների օգտագործման նկատմամբ զանգվածային ձգտման առաջացման մասին։ Դեղորայքային բույսերով տարբեր տեսակ թեյերի պատրաստումն ու օգտագործումը կամ կոսմետիկ և հիգիենայի արտադրանքներում, այդ թվում շամպուներում և քսուքներում բուսական նյութերի կիրառումը խոսում են այս տեսակ բույսերի տնտեսական արժեքի մասին։
Դեղորայքային արժեքի և վերամշակման մակարդակի կողքին, շուկայի պահանջարկը ևս ցանկացած բույսերի կարևոր տնտեսական ցուցանիշներից է։ Ներկայումս դեղաբույսերի արտադրումն ու արտահանումը գյուղատնտեսության ամենաշահավետ բնագավառներից մեկն է։ Նկատի ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդգծումը քիմիական նյութերի օգտագործումը բնական նյութերով փոխարինելու վերաբերյալ, տարբեր պետություններ ձեռնամուխ են եղել արդյունաբերական մակարդակում դեղաբույսերի զանգվածային ցանքի և արտադրության վերաբերյալ պլանավորմամբ ու ներդրումային ծրագրերով։ Բուսական աշխարհի, այդ թվում երկրագործական բույսերի, ծառատեսակների, դեկորատիվ թփերի, դեղորայքային ու դեկորատիվ ծաղիկների ու բույսերի տեսակների առումով Իրանն աշխարհի հարուստ երկրներից մեկն է։ Իրանում գոյություն ունեն մոտ 8 հազար բուսական տեսակներ, որոնցից մոտ 2000 տեսակը դեղորայքային հատկություններ ունեն։ Հաշվի առնելով Իրանի բնակլիմայի բազմազանությունը, այս երկիրն ունի անաղարտ ու պարարտ բնություն դեղաբույսերի աճեցման ու արտադրման համար։
Իրանում 140 հազար հեկտար տարածք գտնվում է տարբեր տեսակ դեղաբույսերի ցանքի տակ, որոնցից մեկն էլ քիմիոնն է։ Հնուց ի վեր քիմիոնը օգտագործվել է որպես դեղորայքային ու համեմունքային բույս։ Այս բույսի ծագման վայրը մեզ հայտնի չէ։ Ոմանք դրա բնօրրանը համարում են հարավային Միջերկրական ավազանը, իսկ ոմանք էլ Եգիպտոսն ու Նեղոսի ափամերձ տարածքները։ Հաշվի առնելով Իրանում քիմիոնի վայրի սորտերի բազմազանությունը, ցանքի ընդարձակությունն ու դրա հնամենիությունը, հատկապես դրա «cuminum setifolium» տեսակը, շատերը Իրանն են համարում այս բույսի էվոլյուցիայի ու ընտելացման վայրը։
Քիմիոնը պատկանում է մաղադանոսի ընտանիքին։ Բույսերի այս խումբը մեծ նշանակություն ունի դեղորայքային ու սննդային բույսեր պարունակելու շնորհիվ։ Դեղորայքային ու բժշկական հատակությունների առումով, քիմիոնը օժտված է ցավազրկող, հակաբորբոքային, հակավքնածության, ախտահանիչ, հակասպազմային և հակաբեղմնավորման հատկություններով։ Այս բույսը նաև անզգայացնող, հակաօքսիդանտ, մարսեցնող, ստամոքսը ուժեղացնող, վերքը բուժող հատկություն ունի։ Քիմիոնը նաև բարձր տնտեսական արժեք ունի։ Էկոլոգիական հատուկ պայմանների պատճառով, Քիմիոնը ցանվում և արտադրվում է աշխարհի սահմանափակ շրջաններում։ Իրանն աշխարհում Քիմիոնի ամենախոշոր արտադրողներից ու արտահանողներից մեկն է։ Աշխարհում արտադրվող քիմիոնի շուրջ 40 տոկոսն Իրանին է պատկանում։ Իրանում այս բույսն արտադրվում է ինքնաբույս կերպով կամ ցանքով։ Իրանում Խորասան, Քերման, Սեմնան, արևելյան Ատրպատական նահանգները այս բույսի արտադրման խոշոր կենտրոններն են։ Իրանական քիմիոնը բավականին բարձր որակ ունի, այդ իսկ պատճառով միջազգային շուկաներում դրա գինը 5-10 անգամ ավելի թանկ է քան այլ պետություններում աճեցված քիմիոնը։ Պարսկական քիմիոնի հատկություններից է նաև դրա մաքրության բարձր աստիճանը։ Բնահյութ ստանալու առումով, պարսկական քիմիոնը ուղղակի աննման է և արտադրվում է 99 տոկոս մաքրության աստիճանով։ Ասիական ու եվրոպական մի շարք երկրներ իրանական քիմիոնի նպատակային շուկաներն են։ Ամեն տարի իրանական քիմիոնն արտահանվում է Պարսից Ծոցի երկրներ, Ճապոնիա, Սինգապուր, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Հունգարիա, Բելգիա, Անգլիա, Ուկրաինա և Ռուսաստան։
Դամասկոսյան վարդը ևս իրանական դեղաբույսերից մեկն է։ Այս ծաղիկը վարդերի տեսակից է և պատկանում է «Rosaceae» ընտանիքին։ Աշխարհում դամասկոսյան վարդի ցանքի տակ գտնվող մակերեսի 70 տոկոսը գտնվում է Իրանում։ Մոտ 30 հազար տոննա դամասկոսյան վարդի արտադրանքով Իրանը աշխարհում այս ծաղկի խոշոր արտադրողներից մեկն է։ Իրանում դամասկոսյան վարդի արտադրանքներից են ծաղիկը, ծաղկաթերթիկը, կոկոմը, բնահյութը և վարդաջուրը։ Իրանում տարեկան արտադրվում է մոտ 22 հազար տոննա վարդաջուր, որից 40 տոկոսը ներքին սպառման համար է, իսկ մնացած 60 տոկոսը արտահանվում է այլ երկրներ։ Աշխարհում բավականին լավ համբավ և բարձր որակ ունի պարսկական վարդի բույրն ու վարդաջուրը՝ բարենպաստ բնակլիմայի պատճառով։ Պարսից ծոցի ավազանի երկրներից բացի, իրանական վարդաջրի նպատակային շուկաներ են համարվում Լիբանանը, Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան և ԱՄՆ-ը։
Հանրահայտ բուսաբանները, այդ թվում՝ Ջալինուսը, Դիոսկորիեն և Փելինը, բժշկական մեծ նշանակություն էին տալիս դամասկոսյան վարդին, այնպես որ նրանք փաստել են դամասկոսյան վարդի թորած (վարդաջուր) տարբերակը ականջի, մարսողական համակարգի, մաշկային և ոսկրային խնդիրների բուժման հարցում։ Իրանցի աշխարհահռչակ բժիշկ Ավիցեննան (980-1037թթ.) իր գրառումներում մատնանշել է տուբերկոլյոզի բուժման հարցում վարդի մուրաբայի դեղորայքային արժեքի ու օգտակարության մասին։ Այս բույսը հակադիաբետային ու հակածերության հատկություն ունի։ Այն վերացնում է սրտի ուժեղ բաբախումը և արդյունավետ է դեպրեսիայի, թոքային ու երիկամային խանգարումների բուժման հարցում։ Դամասկոսյան վարդը հանգստացնող ու քնաբեր է։ Բժշկության մեջ վարդաջուրը օգտագործվում է որպես հորմոնային փոխարինող մարմնի հորմոնային հավասարակշռությունը վերականգնելու համար։ Վարդաջրով բերանի ողողումը օգտակար է բերանի ու լինդերի խոցերի և նշագեղձերի բորբոքման համար։
Իրանի տարբեր վայրերում, այդ թվում Ղամսարում, Նիասարում և Բարզաքում ծաղկաքաղի ու վարդաջրի պատրաստման միջոցառումը այդ քաղաքների հետաքրքիր ծեսերից են։ Ամեն տարի մայիսից հունիս ամիսներին մեծ թվով իրանցի ու արտասահմանցի զբոսաշրջիկներ նշված շրջաններ են այցելում հազարամյա այդ միջոցառումը տեսնելու համար։ Զբոսաշրջիկները անմոռանալի ճամփորդության հուշեր են կերտում՝ քայլելով դամասկոսյան վարդի այգիներում, այցելելով վարդաջրի արտադրման արհեստանոցներ, գնելով տարբեր տեսակի թորվածքներ։