Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (145)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրիի մասին:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսի և 11 դարի սկզբի իրանցի բանաստեղծ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրի մասին: Նա պարսից պոեզիայի յուրահատուկ ոճ ունեցող բանաստեղծներից է, ով խոր ազդեցություն է գործել իր ժամանակակից ու նաև հետագա սերնդի շատ բանաստեղծների վրա: Նազիրին այդ դարի ամենաժողովրդական բանաստեղծներից է և նրա երկտողներից շատերը առածի են վերածվել հանրության կողմից»:
-----------------
Ասացինք, որ Մոհամմեդ Հոսեյն Նազիրի Նեյշաբուրին ծնվել է լուսնային հիջրեթի 10-րդ դարի երկրորդ կեսին Նեյշաբուրում: Ծննդավայրում նա ծանոթացավ գրականությանն ու պոեզիային: Երիտասարդ տարիքում նրա բանաստեղծական համբավը հատում է Խոռասանի սահմանները: Երիտասարդ տարիքում իր բանաստեղծական ձիրքը փորձելու համար մեկնում է Քաշան և ապա Իրաք և բանաստեղծական վիճարկումների մասնակցելով առավել մեծ հռչակի է տիրանում ու ի վերջո իր համար հանգիստ ու ապահով կյանք ապահովելու նպատակով ուղևորվում է Հնդկաստան: Ագրա քաղաքում արժանանում է Թեյմուրյան Ջահանգիրի կառավարիչներից՝ Խաների Խան կոչումին արժանացած Աբդոլռահիմ Խանի ուշադրությանը: Խաների Խանը նրան ընդունում է իր արքունիքում: Նա որ նման առիթի էր սպասում սիրով ընդառաջում է հրավերը և համալրում է նրա մերձավորների շարքը: Գրականասեր այս կառավարիչի արքունիքում Նազիրին բարձր դիրքերի է տիրանում և Խաների Խանին ու Ջահանգիր Շահին ներբողներ նվիրելու պատճառով առասպելական հարստություն է կուտակում: Նազիրին այդ հարստությունը չի կուտակում իրար վրա և ինքն էլ իր հերթին փոքրիկ արքունիք ստեղծելով իր համար այդտեղ իրար շուրջ է հավաքում տարբեր իրանցի գաղթական բանաստեղծների և հովանավորում է նրանց: Նազիրին լուսնային հիջրեթի 1021 թվականին վախճանվեց Գոջարաթում և նույն քաղաքում էլ հողին հանձնվեց:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Նազիրի Նեյշաբուրիի պոեզիայի որոշ յուրահատկություններին, այդ թվում լեզվի առողջությանը, կենդանի խոսակցական լեզվի օգտագործմանը, բանաստեղծության անկեղծությանն ու սահունությանը և մարդկային կյանքի զգացական ամենաանկեղծ պահերի նկարագրմանը:
Նազիրի Նեյշաբուրիի պոեզիայի յուրահատկություններից մեկն էլ բանաստեղծական նեղ կացություններից ձերբազատվելն է: Պարսից պոեզիայում կարևոր փորձաքարերից մեկը բանաստեղծի կարողությունն է ձերբազատվելու բանաստեղծական տարբեր բարդ իրավիճակներից: Երբեմն այնպես է պատահում, որ բանաստեղծության առաջին տողի հանգը նկատի առնելով ընթերցողն այնպիսի տպավորություն է ունենում, որ բանաստեղծն անկարող է լինելու առաջ տանել բանաստեղծությունը և մի քանի երկտող անց բանաստեղծությունն անկում է ապրելու և հանգելու է թույլ երկտողերի: Նման բանաստեղծություններում ընդհանրապես բանաստեղծն առաջին երկու կամ երեք երկտողերում ուշագրավ հաջողությամբ է հանդես գալիս և առաջ է տանում իր բանաստեղծական նախագիծը, սակայն գազելի կեսից հայտնվում են թույլ երկտողեր, որոնք որևէ առնչություն չունեն ընդհանուր գազելի հետ և դրա պատճառը բանաստեղծության համար ընտրված հանգավորումն է: Այս հարցը պարսից պոեզիայում մարտահրավեր է նետել շատ բանաստեղծների: Ոմանք դրանից պարզերես են դուրս եկել, իսկ որոշներն էլ մեծ հաջողություն չեն արձանագրել: Դա պատճառ է դառնում, որ միայն սկզբնական մի քանի երկտողերը հաճելի լինեն, ու մյուսները որևէ տեղ չեն գտնում ընթերցողի հոգում: Որոշ բանաստեղծներ այդ բարդությունից խույս տալու համար կրճատել են իրենց բանաստեղծության երկտողերը: Օրինակ Սեֆևյան շրջանում մեծ տարածում գտավ հինգ երկտողերից բաղկացած գազելը: Երբեմն էլ բարդությունն առաջանում է բանաստեղծության բովանդակության մեջ: Այսինքն բանաստեղծն անդրադառնում է մի թեմայի, որն ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն է առաջացնում, թե բանաստեղծն անկարող է լինելու հարմար հանգեր գտնել այդ բովանդակության համար: Նման բարդություն ու հարց առավելապես առաջանում է հնդկական ոճի բանաստեղծների ստեղծագործություններում, որտեղ բանաստեղծի ամբողջ ուշքն ու միտքը կենտրոնացած է բովանդակության վրա: Այս խմբի բանաստեղծներն իրենց նկատի ունեցած թեման արծարծելու համար փոփոխություն են մտցրել պարսից լեզվի կառուցվածքում և դրանով դեպի կործանում են տարել բանաստեղծական լեզուն:
Նազիրի Նեյշաբուրիին թե հանգերի և թե բովանդակության հետ կապված բանաստեղծական նման բարդությունների շրջանցման վարպետ են համարում: Երբեմն Նազիրի մի գազելի առաջին երկտողն ու այդտեղ օգտագործված հանգն ընթերցելով կամ ունկնդրելով, ընթերցողի մոտ այնպիսի ենթադրություն է առաջանում, որ դա կարճ բանաստեղծություն է լինելու: Սակայն նա լիարժեք վարպետությամբ շարադրում է տասնյակ երկտողեր: Թեմաների մշակման և դրանց հետ կապված որոշակի բարդությունների պարագային էլ Նազիրիի դիվանում դժվարությամբ կարելի է գտնել մի երկտող, որի բովանդակությունը չհամապատասխանի ընդհանուր լեզվին ու պատկերին: Գրաքննադատների համոզմամբ բանաստեղծության մեջ վարպետությունն ու լեզվին տիրապետությունն այն աստիճանի է եղել, որ նա երբևե իրեն պարտավորված չի զգացել ուշագրավ փոփոխություններ առաջացնել լեզվի կառուցվածքում: Նրան հաջողվել է նկատի ունեցած թեման վարպետորեն կապել հանգին և միևնույն ժամանակ պահպանել լեզվի առողջությունը, խոսքի ներդաշնակությունը, սահունությունն ու յուրահատուկ անկեղծությունը:
Նազիրիի մյուս յուրահատկությունն այն է, որ նա համապարփակ բանաստեղծ է, ինչը հատկապես պարսից պոեզիայի վաղ շրջանում եզակի յուրահատկություն է համարվում: Մինչև Հաֆեզ Շիրազիի երևան գալը պարսից պոեզիայում հայտնվել են մեծ բանաստեղծներ, որոնք համապարփակ են եղել: Այդ բանաստեղծներն, ինչպես Ռուդաքին, Սանային ու Սաըդին բանաստեղծական բոլոր և կամ շատ կաղապարներում ու մինչևիսկ արձակի բնագավառում հաջող ստեղծագործությունների հեղինակ են դարձել: Այդուհանդերձ պարսից պոեզիայի բանասերների համոզմամբ Հաֆեզի երևան գալով վերջանում է համապարփակ բանաստեղծների ժամանակաշրջանը: Գազելի բնագավառում Հաֆեզի հրաշալի ու միակողմանի հաջողությունը պատճառ դարձավ, որ շատ բանաստեղծներ Հաֆեզի արձանագրած հաջողությունը կրկնելու հույսով նրա նման կենտրոնանան գազելի վրա: Հաֆեզին հաջորդած բանաստեղծների կենտրոնացումը գազելի վրա ոչ միայն որևէ արդյունք չի ունենում, այլև պարսկագիր բանաստեղծներին զրկում է համապարփակ լինելու յուրահատկությունից: Ջամին համարվում է Հաֆեզին հաջորդած բանաստեղծներից, ով իր կարողությունը փորձել է խոսքի տարբեր բնագավառներում, սակայն նրա համապարփակությունն է միայն փակված է մնացել բազմազանության ու բազմատեսակության սահմաններում: Բացի այդ Ջամին այդ բնագավառներից որևէ մեկում չի կարողացել կրկնել Սանայիի կամ Սաըդիի նման համապարփակ բանաստեղծների հաջողությունը: Նրանից հետո համապարփակությունը լուրջ ու անխուսափելի կերպով չքանում պարսից պոեզիայից:
Սակայն Նազիրի Նեյշաբուրին հանդես է եկել, որպես համապարփակ բանաստեղծ: Նազիրիին կոչել են պարսկերեն գազելի կանաչ փիրուզը, սակայն նա անվիճելի հաջողություն է արձանագրել նաև բանաստեղծական այլ կաղապարներում: Նրա «թարջիե բանդ»-ը Սաադիի «թարջիե բանդ»-ից հետո այս կաղապարի ամենահաջող օրինակներից է:
Գազելի վարպետները, նույնիսկ Հաֆեզ Շիրազին էլ կասիդաներ են գրել, սակայն նման բանաստեղծների կասիդաների քննարկման ժամանակ հիշատակվում է այն կետը, որ նրանք գազելագիր են և կասիդայի դեպքում նրանցից մեծ ակնկալիքներ չկան: Սակայն Նազիրի Նեյշաբուրին իր կասիդաներն էլ կրկնել է գազելում արձանագրած հաջողությունը՝ բանաստեղծական արվեստի գագաթնակետում պահպանելով լեզվի առողջությունն ու անկեղծությունը: