Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (146)
Այս հաղորդման ընթացքում Դուք կծանոթանաք լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի իրանցի բանաստեղծ ու բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի հետ:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարում ձեզ կծանոթացնենք իրանցի հանրահայտ գործիչ՝ լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի բանաստեղծ և բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի հետ:
---------------------------
Մոինեդդին Մոհամմեդի որդի Թաղիեդդին Մոհամմեդ Օհադի Դաղաղի Բալիանի Քազերունին սերում է Բալիանի հայտնի գերդաստանից, որի բոլոր անդամները միստիկ շեյխեր են եղել: Այդ գերդաստանի որոշ անդամներ ժամանակակից են եղել Հաֆեզին ու Սաադիին և ժամանակին մեծ հռչակ են վայելել: Շեյխ Աբդոլլահ Բալիանին Սաադիի ժամանակաշրջանում ապրել է Շիրազում, համարվել է այդ քաղաքի մեծ շեյխերից և Ջամին «Նաֆահաթ-օլ-Օնս» արժեքավոր գրքում անդրադարձել է Շեյխ Սաադիի հետ նրա հարաբերությանը: Օհադի Բալիանին մի քանի միջնորդներով սերում է լուսնային 4-րդ և 5-րդ դարերի մեծ սուֆի Շեյխ Աբուալի Դաղաղ Նեյշաբուրիից: Այս գերդաստանի արմատները գտնվում են Ֆարս նահանգում և նրա անդամներն այդտեղից գաղթել են այլ քաղաքներ ու երկրներ: Օհադիի հայրը՝ Մոինեդդինը, լինելով հոգևորական Ֆարսից գաղթում է Սպահան քաղաքը, որտեղ էլ ամուսնանում է և լուսնային 973 թվականի մոհառամ ամսվա 3-ին Թաղիեդդին Օհադին ծնվում է այդ քաղաքում:
Օհադին մանուկ հասակում կորցնում է հորը: Օհադիի մանկությունն ու պատանեկությունը անց է կենում Սպահանում, որտեղ էլ ստանում է իր տարրական ուսումը և 9 տարեկան հասակից սկսած բանաստեղծություններ է գրում Այդ ժամանակաշրջանում, երբ Օհադին դեռ մանուկ էր, Շահ Թահմասբը «Դար-օլ-իթամ» կոչվող հաստատություն է հիմնում, որտեղ այն որբ երեխաները, որոնք սերում էին ազնվական ընտանիքներից կարող էին ուսում ստանալ: Օհադին մի առ ժամանակ այդ որբանոցում աշակերտում է ժամանակի մեծ ուսուցիչներին, այդ թվում Շեյխ-օլ-էսլամ Ալի Մանշարին: Ինչպես Օհադին ինքն է վկայում է «Արաֆաթ-ալ-Աշեղին» գրքում իր ժամանակի մեծ մասը հատկացրել է ուսմանը: Նա մինչև 12 տարեկան դառնալը արդեն սերտել էր ժամանակին ընդունված գիտությունները, այդ թվում արաբերեն լեզվի քերականությունը, տրամաբանությունը, մաթեմատիկան ու Ղուրանը, որից հետո իմաստասիրության ու բարոյականության դասեր է առնում: Օհադին մանուկ հասակից սկսում է բանաստեղծություններ գրել, սակայն հանդիպելով մոր հակառակությանը ժամանակավորապես դրանից հրաժարվում է և մինչև այնքան ժամանակ երբ մայրը ողջ էր բանաստեղծություն չի գրում: Սակայն մի առ ժամանակ անց նրա մայրը մահանում է: Նա մի քառյակում այսպես է բնութագրում իր ապրումները:
Այսօր ես սիրահարների կենտրոնում հայտնված Թաղին եմ,
Բալիանին, Դաղաղն ու Օհանդին եմ:
Ժամանակի Եղիան ու Խեզրը ես եմ,
Այս աշխարհում որբացած մարգարիտը ես եմ:
Թաղիեդդինը մոր վախճանումից հետո գնում է Յազդ և մեկ տարի մնում է այդ քաղաքում բնակվող ազգականների մոտ: Այդ ժամանակ մահանում է Շահ Թահմասբ Ա-ն և Իրանը մի քանի տարի շարունակ մատնվում է խռովության: Օհադին այդ ժամանակ վերադառնում է Սպահան և մինչև 16 տարեկան դառնալը Սպահանում կատարելագործում է ուսումը: Այնուհետև մեկնում է Շիրազ և չորս տարի այդ քաղաքում բնակվելով աշակերտում է «Անիս-ալ-Աղելին» արժեքավոր գրքի հեղինակ Մոլանա Միր Ղարի Գիլանիին, որը նրա ազգականներից էր համարվում: Միր Ղարին տղա զավակ չունենալով նրան ընդունում է իր որդու տեղը և դստերն ամուսնացնում է նրա հետ: Այդ ժամանակ նա հակվում է միստիցիզմին ու սուֆիզմին: Ժամանակին տարածված տարբեր գիտություններում որոշ առաջադիմություններ արձանագրած երիտասարդ Թաղիեդդինը որոշում է ուղևորության մեկնել: Նա 20 տարեկան էր երբ վերադառնում է Սպահան և միանում է Սպահանում հաստատված Սոլթան Մոհամմեդ Խոդաբանդե Սաֆավիի բանակատեղիին: Մի առ ժամանակ անց երբ իշխանության ղեկն իր ձեռքն է վերցնում Շահ Աբբաս Ա-ն իր զորքով Խոռասանից շարժվում է դեպի Ղազվին, Օհադին էլ իշխանների հետ Քաշանի ու Ղոմի ճանապարհով միանում է թագավորական զորքին:
Օհադին մեկ տարի բնակվում է այդտեղ և պոետական վիճարկումներ է կատարում Շահ Աբբասի պալատական բանաստեղծների հետ: Այնուհետև վերադառնում է Շիրազ և հինգ տարի մնալով այդ քաղաքում մասնակցում է Շիրազի բանաստեղծների հավաքներին: Նա չնայած իր երիտասարդ տարիքին ընթերցում է իր բանաստեղծություններն ու հիացմունք է պատճառում հավաքներին մասնակցողներին: Ոմանք նկատի առնելով նրա երիտասարդ տարիքը կասկածում են դրանց հեղինակը Օհադին է և այդ պատճառով էլ շարունակ նրան քննության են ենթարկում: Օհադին այդ քննություններից պարզերես է դուրս գալիս և հեղինակում է իրեն հանձնարարված ցանկացած բանաստեղծությունը և բոլորին հիացմունք է պատճառում Բաբաֆեղանիի ընդօրինակմամբ հեղինակած իր բանաստեղծություններով:
Լուսնային հիջրեթի 1000 թվականին երբ Շահ Աբբասը ուզբեկների դեմ մղած պատերազմում հաղթելով Խոռասանից Սպահան է վերադառնում Օհադին էլ նրա հետ ժամանում է Սպահան և մասնակցում է այդ առիթով կազմակերպված տոնախմբությանը: Օհադին այդ հանդիսության ժամանակ մի քառյակ է գրում, որն արժանանում է Շահ Աբբասի ուշադրության: Օհադին մի առ ժամանակ անց թագավորական բանակի հետ մեկնում է Ղազվին և մի առ ժամանակ անց կրկին վերադառնում է Սպահան: Այդ ժամանակ հայտնվելով Շահ Աբբասի ուշադրության կենտրոնում մերձավորների կողմից ստանում է «Շահ Փասանդ» կոչումը:
Օհադին այդ տարիներին ճամփորդում է տարբեր քաղաքներ և 1005 թվականին սրբավայրերն այցելելու նպատակով մեկնում է Իրաք և չորս տարի բնակվում է Քյարբալա, Նաջաֆ, Քազեմեյն և Բաղդադ քաղաքներում: Բաղդադում շփվում է պարսկագիր մի շարք բանաստեղծների, այդ թվում Մոլանա Թարազի Շուշթարիի հետ: Օհադին իր «Արաֆաթ-ալ-Աշեղին» արժեքավոր գրքում հիշատակել է նրա և Իրաքում բնակվող մի շարք իրանցի բանաստեղծների անունները:
Սրբավայրերից վերադառնալուց հետո Օհադին մինչև լուսնային հիջրեթի 1014 թվականի ավարտը մնում է Սպահանում և գրում ու ստեղծագործում է, մինչև որ ընկերների հետ որոշում է Հնդկաստան մեկնել: Այդ ուղևորության ընթացքում, որի ընթացքում նրան ընկերակցում էին մի շարք պարսկագիրներ ու բանաստեղծներ, այդ թվում Միր Աբոլղասեմ Ֆենդերեսկին և Միր Թորաբի Մաշհադին, նա Շիրազի, Քերմանի ու Կանդահարի ճանապարհով մեկնում է Լահուր: Մեկ տարի ու կես մնում է Լահուրում ու երբ Ջահանգիր Շահի բանակը հասնում է Ագրա, անցնում է նրա ծառայությանը: Մի առ ժամանակ այդ քաղաքում բնակվելուց հետո գնում է Գոջարաթ և մի քանի տարի շփվում է այդ տարածքի բանաստեղծների ու գիտնականների հետ:
Օհադին լուսնային 1020 թվականին որոշում է Հաջի ուխտագնացության մեկնել, սակայն դրա բախտին չի արժանանում և ճանապարհի կեսից վերադառնում է Ագրա ու մի քանի տարի բնակվելով այդ քաղաքում 1022 թվականին նույն քաղաքում սկսում է գրել «Արաֆաթ-ալ-Աշեղին» արժեքավոր գիրքը, որն ավարտին է հասնում երկու տարի անց: Օհադին Իրանի տարբեր քաղաքների նման նաև շրջագայում է Հնդկաստանի տարբեր քաղաքներում և յուրաքանչյուր քաղաքում շփվում ու բարեկամություն է անում քաղաքի բանաստեղծների ու գիտունների հետ: Օհադին «Արաֆաթ-ալ-Աշեղին» աշխատասիրության մեջ պատմել է Գոջարաթում Նազիրի Նեյշաբուրիի և Աջմիրում Թալեբ Ամոլիի հետ շփումների մասին:
Հնդկաստանում ապրած տարիները Օհադիի համար անդորրի ժամանակաշրջան էին, որի ընթացքում նա «Արաֆաթ-ալ-Աշեղին» գրքից բացի գրում է բազմաթիվ պոեմաներ ու հեղիանկում է աշխատություններ, որոնցից յուրաքանչյուրն առանձին արժեք է ներկայացնում:
Նրա կյանքի վերջին տարիների և վախճանման վայրի մասին հստակ տեղեկություն գոյություն չունի: Սակայն հաստատված է, որ նա 1038-ից 1039 թվականներին ողջ է եղել, քանի որ պահպանվել են այդ թվականներին նրա հեղինակած բանաստեղծությունները: Ղանիի «Թազքարաթ-օլ-Շոարա»-ի վկայությամբ նա վախճանվել է լուսնային հիջրեթի 1050 թվականին: Սակայն այդ վկայության աղբյուրն էլ պարզ չէ: