Սեպտեմբեր 05, 2017 20:20 Asia/Yerevan

Առողջապահական բնույթի զբոսաշրջությունը զբոսաշրջության տեսակներից է և կարող է Իրանի ոչ նավթային, եկամտաբեր ու շահավետ արտադրանքներից մեկը համարվել։

Վերջին տասնամյակներում հսկայական զարգացումներ են տեղի ունեցել բժշկության բնագավառում, ինչը մարդկանց համար կարող է խոստումնալից լինել կյանքի բարձր որակին հասնելու համար։ Ներկայումս բժշկության գիտությունը թևակոխել է իր պատմության մի աննախադեպ շրջան, որտեղ հիվանդությունների բուժման համար սովորական ու տարածված երևույթներ են ոսկրածուծի, սրտի, լյարդի ու երիկամների պատվաստումը, ԴՆԹ-ի եւ մարդկային գենոմի հայտնաբերումը, լաբորատորային նորածինների հետ կապված նորագույն մեթոդները, կենդանիների ցեղի բարեփոխումը և ցողունային բջիջներով բուժումները։ Այսօր խոսքը ոչ թե  բժշկական հեղինակավոր գիտահետազոտական կենտրոններում դեղորայքային թերապիայի, այլ օրգանաբուժության և մարդկային տարատեսակ հյուսվածքների ու օրգանների ստեղծման մասին է։ 

Ցողունային բջիջները

Թերևս լսած կլինեք ցողունային բջիջների մասին։ Ցողունային բջիջներն (Stem Cell) այն տարրական բջիջներն են, որոնք ի զորու են մարդու մարմնում ստեղծել ցանկացած տեսակի բջիջ։ Գիտահետազոտողների ուսումնասիրությունները վկայում են, որ մարմնի բոլոր հյուսվածքներում առկա է մի տեսակ ցողունային բջիջ, որը կարող է փոխվել և դառնալ հենց այդ հյուսվածքին բնորոշ բջիջը։ Հյուսվածքներում խանգարումների առաջացման դեպքում այդ բջիջները բազմանում և վերականգնում են վնասված հյուսվածքը։ Նրանք կարող են մուտք գործել բջիջների մեծ մասը ոչնչացված վնասված հյուսվածքներում, պատվաստվել, փոխարինել վնասված բջիջներին և վերականգնել տվյալ հյուսվածքը։ Նշված կարողության և ընդունակության համար դրանք կոչվում են ցողունային բջիջներ։ Հարկավոր է նշել, որ մարդու մարմնի բջիջների առյուծի բաժինը ի զորու չէ բաժանվելու և անձի ծնունդից մինչև մահը գոյատևում է առանց բաժանման։ Մարմնի որոշ հյուսվածքները, այդ թվում արյունը, մաշկը և աղեստամոքսային տրակտը օժտված են արագ վերականգնման ցիկլով և օրական արտադրվում են միլիոնավոր աղեստամոքսային  և մաշկային բջիջներ։

Ցողունային բջիջները կարելի է բոլոր բջիջների մայր բջիջը համարել, որը ի զորու է վերանորոգվել և երբեմն վերածվել տարբեր տեսակ բջիջների, ինչպիսիք են արյան, սրտային, նյարդային, աճառային ու մաշկային բջիջները։ Որոշ ֆիզիոլոգիական կամ լաբորատորային պայմանների դեպքում նրանք կարող են վերածվել հատուկ գործունեությամբ օժտված բջիջների, ինչպիսիք են՝ սրտի մկանային բջիջները կամ պանկրեասում էնսոլին արտադրող բջիջները։

Ներկայումս բջիջների թերապիան այն մեթոդներից է, որը մի շարք գիտահետազոտական փուլեր անցնելով թևակոխել է հիվանդությունների բուժման ցիկլ։ Բջիջների թերապիան վերականգնողական բժշկության այն բաժինն է, որտեղ արտամարմնային մշակված բջիջների սրսկումը կիրառվում է հիվանդի մարմնի հյուսվածքների կամ օրգանների վերականգնման համար։ Բջջային թերապիայի բնագավառում բժշկական հետազոտությունների ձեռքբերումները մի շարք հիվանդություններին դիմակայելու համար լուրջ արդյունքների է հասել։ Պատվաստման գիտության բնագավառում ցողունային բջիջների կիրառումը հանգեցրել է զարմանալի արդյունքների։ Գենետիկական առումով նրանց կարելի է փոխել այնպես, որ պատվաստումից հետո ընդունվեն մարմնի կողմից։ Օրինակ՝ կարելի է մատնանշել սրտի մկանային բջիջները, որոնց բջիջները վնասվելու դեպքում պասիվ հյուսվածքը փոխարինվում է սրտի ակտիվ մկանային բջիջներով։ Սաղմնային ցողունային բջիջները կարող են վերածվել սրտի մկանային բջիջների, որոնց կարելի է օգտագործել սրտի ի ծնե խանգարումների, ինչպես նաև սրտի մկանների վնասման գլխավոր պատճառն հանդիսացող սրտի կաթվածի բուժման դեպքերում։ Արյուն արտադրող ցողունային բջիջները կարելի է կիրառել ոսկրածուծի պատվաստման գիտության մեջ մի շարք արյան հիվանդություններ, այդ թվում թալասեմիան, ինչպես նաև  մեծահասակների ու մանկահասակների քաղցկեղը բուժելու համար։ Նշված գործողությունը Իրանում իրականացվում է Թեհրանի և Շիրազի բժշկական համալսարաններին կից Շարիաթիի անվան հիվանդանոցի «արյունաբանության, ուռուցքաբանության եւ ոսկրածուծի փոխպատվաստման» կենտրոնում։

Բջջային թերապիան Իրանում

Առողջապահության բնագավառում կարևորագույն խնդիրներից է համարվում գտնել մի ելք՝ հիվանդությունների կողմնակի ազդեցությունները, ինչպես նաև մարդու մարմնի մաշկում ուժեղ ու ավերիչ փոփոխությունները վերացնելու համար։ Ճերմակ լաքաները կամ Վիտիլիգոն (Vitiligo) մաշկային այն հիվանդություններից է, որի դեպքում խափանվում է մելանոսիտների կողմից պիգմենտների արտադրումը։ Դեռևս անհայտ են նշված հիվանդության պատճառները։ Մաշկային Վիտիլիգո հիվանդության ախտանիշներից է մաշկի տարբեր հատվածներում սպիտակ բծերի առաջացումը։ Վիտիլիգոյով տառապող մարմնի շրջաններում աճող մազը սովորաբար սպիտակ է։ Աշխարհի բնակչության մոտ 1-2 տոկոսը տառապում է նշված հիվանդությամբ։ Մարդկանց 95 տոկոսի մոտ այդ հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս մինչև 40 տարեկան։ Այդ հիվանդությունը հանդիպում է  բոլոր ցեղերի մոտ։ Հիվանդանում են թե՛ կանայք և թե՛ տղանարդիկ։ Թվում է, թե Վիտիլիգո հիվանդությունը ավելի տարածված է իմունային հիվանդություններով (Autoimmune disease) , այդ թվում վահանագեղձի գերակտիվությամբ, մակերիկամային գեղձի անբավարարությամբ, հատվածային մազաթափությամբ և սակավարյունությամբ տառապող հիվանդների շրջանում։ Ռոյան բջջային թերապիայի կենտրոնը այն կենտրոններից է, որտեղ բուժվում են դժվար բուժվող հիվանդությունները, ինչպիսիք են՝ որոշ քաղցկեղները, որոշ ոսկրային ու աչքի հիվանդությունները, Վիտիլիգո հիվանդությունը կամ մաշկային պիգմենտների գույնը խամրող հիվանդությունը։ Վիտիլիգոն բուժելու համար կան տարբեր եղանակներ, ինչպիսիք են՝ դեղորայքային թերապիան, ճառագայթային թերապիան և իմունոթերապիան։ Սակայն նշված մեթոդները երբեմն ցանկալի արդյունքի չեն հանգեցրել։ Ռոյան բջջային թերապիայի կենտրոնում մինչ այժմ իրանցի մասնագետները  յուրահատուկ եղանակներով բուժել են 1500 հիվանդի։ Այդ եղանակում իրանցի մասնագետները ցողունային բջջի փոխպատվաստման միջոցով մարմնի առողջ հատվածից առանձնացնում են մելանոսիտային բջիջները՝ դրանք ներարկելով սպիտակավուն հատվածներ։ Իրանցի մասնագետների կողմից ստեղծված բուժման մեթոդում վիտիլոգոյով տառապող հիվանդին անհրաժեշտ չէ հանգստանալ և նա բուժվում է վնասված բջիջներին առողջ բջիջների ներարկման  միջոցով՝ առանց նրա մաշկի վրա վերք  կամ բշտիկներ առաջանալու։

Իրանի Ռոյան բջջային թերապիայի կենտրոնի գործունեության մի մասը վերաբերում է ցողունային բջիջներին։

Իրանի Ռոյան բջջային թերապիայի կենտրոնը

Գիտական հաջողությունների առումով այս կենտրոնը դասվում  է աշխարհի տաս առաջատար կենտրոնների շարքում: Այս կենտրոնում մաշկի ու ոսկորի հետազոտություն ու բուժում իրականացվելուց բացի, նաև ուսումնասիրություններ են անցկացվում մի շարք հիվանդությունների, այդ թվում ցրված սկլերոզի կապակցությամբ: Այս կենտրոնում Օսթեոարթրոզ հիվանդության մասին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վնասված  հատվածում առողջ աճառների բջիջների ներարկման միջոցով կարելի է բուժել այդ հիվանդությունը։