Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (148)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք իրանցի բանաստեղծ ու բառարանագիր հեղինակ Թաղիեդդին Օհադիի գլխավոր ստեղծագործությունը համարվող «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին» վերտառությամբ գիրքը:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք իրանցի պանծալի դեմքերի ծանոթացմանը նվիրված մեր զրուցաշարի հերթական համարը: Այս հաղորդման ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթներում սկսած մեր զրույցը լուսնային հիջրեթի 10-րդ և 11-րդ դարերի բանաստեղծ և բառարանագիր Թաղիեդդին Օհադի Բալիանիի մասին:
---------------------------
Ասացինք, որ Թաղիեդդին Մոհամմեդ Օհադի Դաղաղի Բալիանի Քազերունին ծնվել է լուսնային հիջրեթի 973 թվականի մոհառամ ամսվա 3-ին՝ Սպահանում: Բալիանի հայտնի գերդաստանի բոլոր անդամները միստիկ շեյխեր են եղել: Օհադին տարրական ուսումն ստանում է Սպահանում և իր հոր վախճանումից հետո Շահ Թահմասբի միջոցով ազնվական ընտանիքի երեխաների համար հիմնադրված որբանոցում աշակերտում է ժամանակի հայտնի ուսուցիչների: Նա մինչև 12 տարեկան սերտում է ժամանակի տարածված գիտություններ, այդ թվում արաբերեն լեզվի քերականությունը, տրամաբանությունը, մաթեմատիկան ու Ղուրանը, այնուհետև հակվում է իմաստասիրությանն ու բարոյագիտության կողմը: Նրա պատանեկության ու երիտասարդության տարիների որոշ մասն անց է կենում Յազդում ու Շիրազում օրվա մեծ ուսուցիչներին աշակերտելով: Այդ տարիներին էլ նա մուտք է գործում միստիցիզմի ու սուֆիզմի բնագավառները: Շիրազում ու Սպահանում մասնակցում է բանաստեղծական հավաքույթների և հիացմունք է պատճառում բոլորին: Օհադին ուզբեկների դեմ Շահ Աբբասի տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ ընթերցած քառյակով ստանում է «Շահ Փասանդ» կոչումը: Այդ տարիների ընթացքում Օհադին ճամփորդում է տարբեր քաղաքներ և չորս տարի մնում է Քյարբալա, Նաջաֆ, Քազեմեյն ու Բաղդադ քաղաքներում: Լուսնային հիջրեթի 1014 թվականի վերջերին իր բարեկամների հետ մեկնում է Հնդկաստան: Այդ ուղևորության ընթացքում մի խումբ պարսկագետների ու բանաստեղծների ընկերակցությամբ Շիրազի, Քերմանի ու Ղանդահարի ճանապարհով մեկնում է Լահուր: Օհադին մի քանի տարի շրջագայում է Հնդկաստանի բազմաթիվ քաղաքներում: Նրա կյանքի վերջին տարիների և վախճանման վայրի մասին որևէ տեղեկություն գոյություն չունի: Այդուհանդերձ հստակ է, որ նա 1038-1039 թվականներին դեռ ողջ է եղել, քանի որ պահպանվել են այդ թվականներին գրված նրա բանաստեղծությունները:
Օհադիից հիշատակ են մնացել «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին», «Քյաբե-ե Էրֆան», «Ֆերդոս-ե Խիալ» և «Սորմե-ե Սոլեյմանի» գրքերն ու բանաստեղծությունների ժողովածուն:
Իրանցի բանաստեղծ ու բազմաշխատ հեղինակ Թաղիեդդին Օհադիի գլխավոր ստեղծագործությունը «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ն է: Կենսագրությունների հավաքածու համարվող այս գիրքը մինչ այսօր երկու անգամ և երկու տարբեր խմբագրությամբ հրատարակվել է, իսկ դրա ձեռագիր օրինակը պահվում է «Մալաք»-ի ազգային գրադարանում: 8 հատորներից բաղկացած այս գիրքը պարսկերեն լեզվով գրված կենսագրականների ամենաստվարածավալ ու կարևոր հավաքածուն է, որը գրվել է լուսնային հիջրեթի 1022-ից 1024 թվականների ընթացքում:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը կենսագրականների ընդարձակ հավաքածու է, որտեղ ներկայացված են պարսից գրականության վաղ շրջանի պարսկագիր ավելի քան 3400 բանաստեղծների կենսագրականներն ու բանաստեղծությունների ընտրանին: Գիրքը այբբենական կարգով դասակարգված է 28 «Արսե»-ների կամ բաժինների և յուրաքանչյուր բաժինը հատկացված է այբուբենի մեկ տառին: Յուրաքանչյուր տառ բաժանված է երեք «Ղորֆե»-ների կամ գլուխների: Առաջինը վերաբերում է վաղ շրջանում, երկրորդ գլուխը՝ միջին շրջանում, իսկ երրորդ գլուխը՝ մոտիկ անցյալում ապրած բանաստեղծներին:
Բացի այդ բաժիններից «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը պարունակում է ընդարձակ մի նախաբան և հեղինակի համեմատաբար ծավալուն կենսագրականը:
Թաղիեդդին Օհադին մինչև «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ը մշակում է «Ֆերդոս-ե Խիալ» կոչվող գիրքը, որը միայն պարունակում է բանաստեղծների ստեղծագործությունների ընտրանին և այդտեղ կենսագրականներ չկան: Լուսնային 1022 թվականին, Ագրաում բնակության տարիներին, քաղաքի երեցներից մեկը նրան առաջարկում է լրացնել «Ֆերդոս-ե Խիալ»-ը և դրան համալրել կենսագրականներով: Այդպիսով Թաղիեդդինը սկսում է աշխատել նոր գրքի վրա և անվանում է «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»: Այդ օրերին տարածված սովորություն էր, որ գրավոր ստեղծագործությունները նվիրվում էին որևէ մեծ դեմքի և նրա անունը հիշատակվում էր գրքում: Սակայն Օհադին իր այդ գիրքը որևէ մեկի չի նվիրել: Օհադին գրքի նախաբանում այս կապակցությամբ ասել է, քանի որ իր նպատակը բանաստեղծների անվան ու նրանց բանաստեղծությունների հավերժացումն է եղել գիրքը որևէ մեկին չի նվիրում: «Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ի վրա աշխատանքը տևում է երկու տարի: Սակայն իրականությունն այն է, որ 1024 թվականին ավարտին է հասել գրքի իսկական կմախքը և հեղինակը մինչև այնքան ժամանակ երբ ողջ է եղել շարունակ դրան նյութեր է ավելացրել և որևէ բանաստեղծի մասին նոր տեղեկություն ստանալու դեպքում դա արձանագրել է նրա անվան ներքո, այնպես որ Միր Ալի Ղազվինի կենսագրականում հիշատակված է, որ դա գրվել է 1025 թվականին, սակայն այդտեղ նկատվում է 1041 և 1042 թվականներին վերաբերող նյութեր: Օհադին այս աշխատասիրության ժամանակ շատ հաճախ հիշատակել է տվյալ նյութը գրելու թվականն ու վայրը, որն ընդհանրապես Հնդկաստանի քաղաքներից որևէ մեկն է:

«Արաֆաթ-ալ-Աշեղին վա Արասաթ-ալ-Արեֆին»-ը սկսվում է Ռուդաքիի կենսագրականով: Հեղինակի ընդգծմամբ Ռուդաքիի անունը վստահորեն արձանագրված է, որպես պարսից լեզվի առաջին ականավոր բանաստեղծը և մի այլ տեղ՝ այսինքն Ռուդաքիի անվան ներքո «Ռ» տառի «Արսե»-ում մանրամասնորեն անդրադարձել է նրա կենսագրությանը: Դոկտ. Նաղավին «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ում ներկայացված բանաստեղծների թիվը 3195, իսկ մյուսները շուրջ 3200 են նշում: Սակայն «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ի հրատարակված ութ հատորանոց հավաքածուի մանրակրկիտ քննարկումը պարզում է, որ հեղինակը ներկայացրել է ավելի քան 3500 պարսկագիր բանաստեղծների կենսագրությունները:
«Արաֆաթ-ալ-Աշեղին»-ը գրելիս, հատկապես ավելի վաղ և միջին շրջանների բաժիններում Թաղիեդդին Օհադիի համար աղբյուր են ծառայել Ուֆիի «Լոբաբ-օլ-Ալբաբ», Ամի Ալիշիր Նավաիի «Մաջալես-ալ-Նաֆայրես»-ը, Դոլաթշահ սամարղանդիի «Թազքարաթ-օլ-Շոաարա»-ն, Ջամիի «Նաֆահաթ-օլ-Օնս»-ը, «Թարիխ-ե Հոմայունի»-ն և Նեզամի Աըրուզիի «Չհար Մաղալե»-ն: Օհադին իր աշխատասիրության մեջ անգամներ հիշատակել է Ուֆիի անունւ և մի դեպքում Հանզալե Բադղեյսիի կենսագրականում հղում կատարելով «Թարիխ-ե Հոմայունի»-ին անդրադարձել է Սամանյաններին: Նաև Շամսեդդին Ջովեյնիի մասին մեջբերումներ է կատարել «Թարիխ-ե Ալֆի»-ից: Դա ի տես այն բանի, որ մոտ անցյալի և ժամանակակից շրջանի բանաստեղծների պարագային առավելապես օգտվել է իր անձնական տեղեկություններից և բնականաբար որևէ աղբյուր չի հիշատակել:
Թաղիեդդին Օհադին հանդիպել է իրեն ժամանակակից շատ բանաստեղծների և նրանցից ստացել է հարմար բանաստեղծություններ և համաձայն «Արաֆաթ-ալ-Աշեղին»-ում կատարված բազմաթիվ ակնարկներին շարունակ մասնակցել է բանաստեղծական հավաքույթներին: Օրինակ Մահմուդ Աըյանիի կենսագրականում ասել է. «Նրա մի քանի արձակ ու չափածո աշխատասիրություններն ինձ մոտ են» և մեջբերումներ է կատարել նրա «Հալ-ալ-Ռոմուզ»-ից և «Ասար-ալ-Աթվար»-ից: Մի խումբ այլ բանաստեղծների ու գրողների մասին էլ ասել է, որ թեև նրանց հանդիպելու և նրանց զրուցակիցը դառնալու բախտը չի ունեցել, սակայն նրանց կենսագրության ու ստեղծագործությունների մասին ընդարձակ ուսումնասիրություն է կատարել:
«Արաֆաթ»-ի ոճը միատարր չէ և դրա տարբեր բաժիններում որոշ տարբերություններ են նկատվում: Հեղինակը բանաստեղծի կեղծանվանը նմանող եզրույթների օգտագործման մեջ չափազանցության գնացել։ Նրա արձակը մի տեսակ արհեստական է և հատկապես բանաստեղծներին նկարագրելիս ընդհանրապես մոտենում է չափածո արձակին:
Թաղիեդդին Օհադին լինելով գրականագետ ծանոթ է եղել տարբեր ոճերին և «Արաֆաթ-ալ-Աշեղին» գրքում քննադատի դերում հանդես գալով որոշ դեպքերում չի հրաժարվել մասնագիտական տեսակետ հայտնելուց և հմուտ գրաքննադատի նման տեսակետ է հայտնել բանաստեղծության մասին: Օրինակ Նասիրիի և Էսմաթ Բոխարայիի որոշ գազելների շուրջ տարաձայնությունների կապակցությամբ ասում է. «Դրանք ընդհանրապես պատկանում են Էսմաթին և իրավամբ խոսքի ոճը ու բանաստեղծության մեջ նկատվող սուֆիզմը սազական են Էսմաթին: Ասես Էսմաթը երկու գրչանուն է ունեցել»: Կամ մի այլ տեղ Նազարի Հերավիի կենսագրականում գրում է. «Որոշներն այս գազելը վերագրում են Նազարի Հերավիին և ասում են թե դա նույնը չէ: Սակայն ոճը բացականչում է, թե ես ով եմ: Կարող է պատահել, որ նույն Նազարի Ղահեսթանին լինի, որը հասակ է նետել Հարաթում»: